|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

Ելոյթներ

2017-10-24 00:00:00
ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի ողջոյնի խօսքը «Վենետիկի Մխիթարեան միաբանութիւն - 300» միջազգային գիտաժողովին

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում:


Երեք դար առաջ հայ հոգեւոր մտքի հսկան` Մխիթար Սեբաստացին օտար ափերում` Իտալիայի Սուրբ Ղազար հայոց կղզում ստեղծեց մի հաստատութիւն, որը տարիների ընթացքում վերածուեց հայ հոգեւոր, ուսումնակրթական, գրական, գիտամշակութային եւ գիտահետազօտական խոշորագոյն հաստատութեան:


Մխիթարեան միաբանութիւնն անցել է դժուարին, սակայն հետաքրքիր ու բազմաբեղուն ուղի: Դեռեւս 1700 թուականին Պոլսում Մխիթարեան միաբանութեան հիմնադրումից յետոյ Մխիթար Սեբաստացի աբբահայրը նախ հարկադրուած  էր ապաստանել Վենետիկի Հանրապետութեան տիրապետութեան ներքոյ գտնուող Մեթոն բերդաքաղաքում (Յունաստան), ապա 1715 թուականին` Վենետիկում եւ 1717թ. հաստատուել Սուրբ Ղազար կղզում, որտեղ էլ կեանքի կոչեց դեռեւս Սեւանայ կղզում Միաբանութիւն հիմնադրելու իր տեսիլքը` կառուցելով իր մենաստանը վանական համալիրով, որը հիմնադրման օրուանից դարձաւ համայն հայութեան հոգեւոր եւ մշակութային վերածննդի փարոս, ազգի լուսաւորութեան եւ զարթօնքի նշանաւոր կենտրոն:


Անհնար է գերագնահատել Մխիթար Սեբաստացու եւ Մխիթարեանների առաքելութիւնը հայ գիտամշակութային կեանքի զարգացման գործում: Շարունակելով Սեբաստացու գրական-հայագիտական ազգանուէր գործը` նրա յաջորդները ջերմեռանդ աշխատասիրութեան, զոհաբերութիւնների եւ զրկանքների գնով անվերապահօրէն զարգացրին ու խորացրին դրանք` Սուրբ Ղազարը վերածելով կրթութեան եւ մշակոյթի վերածննդի, համամարդկային եւ հոգեւոր քրիստոնէական արժէքների պահպանման եւ հայ յետագայ սերունդներին փոխանցելու իւրօրինակ հանգրուանի:


Մխիթար Աբբահայրն ու նրա հետեւորդները երբեք չնահանջեցին խոչընդոտների եւ դժուարութիւնների առաջ եւ չշեղուեցին իրենց առաքելութիւնն իրականացնելու ճշմարիտ ուղուց: Մխիթարի ու նրա գործի հետեւորդ վանականների ջանքերով իրագործուեցին եւրոպացի նշանաւոր գիտնականների աշխատութիւնների հայերէն թարգմանութիւններ, հնագոյն ձեռագրերի առաջին տպագրութիւններ, հայագիտական ուսումնասիրութիւններ, ստեղծուեցին գիտական ընդհանուր ու ճիւղային բառարաններ, կրօնական, պատմական, լեզուաբանական, բնագիտական, տնտեսագիտական եւ այլ բնոյթի աշխատութիւններ, որոնք հարստացրին ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային քաղաքակրթութեան գանձարանը:


Անգնահատելի է Մխիթարեան հաստատութեան դերը հայագիտութեան եւ հայապահպանութեան գործում: Մեր հոգեւոր հայրերը դարեր շարունակ տքնել են հայ ազգին մեծագոյն նուիրումով եւ արդիւնքում ստեղծել են ազգային այնպիսի մեծ արժէքներ, որոնք դարեր շարունակ ոչ միայն չեն անհետացել, այլեւ դարձել են ազգային հպարտութեան խորհրդանիշեր:

 


Մխիթար Սեբաստացի Աբբահոր ընտրած ուղու, այն է` «հայկաբանութեան» շնորհիւ, Մխիթարեան միաբանութիւնը դարձաւ մշակութային ժառանգութեան եւ մշակոյթի կենտրոն, հայկական մնայուն հաստատութիւն: Այն նաեւ հայագիտութեան կենտրոն է, որտեղ մեր հոգեւոր հայրերը ուսումնասիրել եւ նպաստել են լեզուաբանութեան, գրականութեան, պատմութեան, աշխարհագրութեան, ազգագրութեան, կրօնագիտութեան զարգացմանը:


Մխիթարեան միաբանութիւնը նաեւ գիտական կենտրոն է, որտեղ հայագիտութիւնից բացի ուսումնասիրւում են նաեւ տարբեր գիտութիւններ: Հեղինակաւոր այս կենտրոնում անգամ օտարերկրացիներն են սովորել հայերէն, բնագրերից ուսումնասիրել մեր գործերը եւ գրել մնայուն աշխատութիւններ:


Մխիթարեանների նպաստը ակնառու է նաեւ բառարանագրութեան ոլորտում: Մխիթարեան կենտրոններում կատարուած բառաստեղծման վիթխարի աշխատանքի վկաներն են այսօր գիտական ընդհանուր ու ճիւղային բառարանները, թարգմանական եւ ինքնուրոյն աշխատութիւնները:


Բազմաբեղուն է Մխիթարեան հայրերի գործունէութիւնը. անսահման մեծ է նրանց նուիրումը գիտութեան տարբեր ճիւղերի զարգացման գործում: Գնահատման եւ արժեւորման են արժանի բոլոր այն հրատարակութիւնները, որոնք փոխանցուել են մինչեւ մեր օրերը եւ անգնահատելի են իրենց բովանդակութեամբ եւ գիտական կշիռով: Մխի­թա­րեան հայ­րե­րը հայ մա­տե­նա­գիր­նե­րի հրա­տա­րա­կու­թիւն­նե­րով, թարգմանութիւն­նե­րով եւ հայ մշա­կույ­թի նուի­րու­մով, շա­րու­նա­կե­ցին Մաշ­տո­ցեան աւանդը: Իր արդիականութեամբ եւ գիտական արժէքով հայագիտութեան, հայ եւ համաշխարհային բառարանագրութեան մէջ աչքի է ընկնում Մխիթար Սեբաստացու` ժամանակի ձեռագիր եւ տպագիր բառագանձն ընդգրկող «Բառգիրք հայկազեան լեզուի» երկհատոր կոթողային աշխատութիւնը, որը մինչ օրս շարունակում է մնալ բազմաթիւ ուսումնասիրողների ուշադրութեան կենտրոնում:


Այսօր էլ հայ գիտական մտքի գանձարանում իրենց մեծ արժէքն ունեն Միքայէլ Չամչեանի «Պատմութիւն հայոց» եռահատորեակը (18-րդ դար), Ստեփանոս Ագոնցի եւ Ղուկաս Ինճիճեանի «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի» (11 հատոր, 19-րդ դար), Մկրտիչ Աւգերեանի «Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց...» (12 հատոր, 19-րդ դար), Յարութիւն Աւգերեանի «Բառարան անգղիերէն եւ հայերեն» (19-րդ դար) ու «Բառարան հայերէն եւ անգղիական» (19-րդ դար), Գաբրիէլ Աւետիքեանի, Խաչատուր Սիւրմելեանի եւ Մկրտիչ Աւգերեանի «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» երկհատորեակը (19-րդ դար), Գաբրիէլ Այվազովսկու «Համառօտ պատմութիւն Ռուսաց» (19-րդ դար) եւ «Պատմութիւն օսմանեան պետութեան» երկհատորեակը (19-րդ դար), Յովսէփ Գաթըրճեանի «Տիեզերական պատմութիւն...» երկհատորեակը (19-րդ դար), Ղեւոնդ Ալիշանի «Քաղաքական աշխարհագրութիւն» (1853 թ.), «Շիրակ» (1881 թ.), «Սիսուան» (1885 թ.), «Այրարատ» (1890 թ.), «Սիսական» (1893 թ.) եւ այլ աշխատութիւններ, «Մատենագիրք նախնեաց», «Ընտիր մատենագիրք», «Սոփերք հայկական» մատենաշարերը:


19-րդ դարի վերջից գիտական, գրական, մշակութային կարեւոր գործունէութեամբ աչքի ընկան այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Գրիգորիս Գալեմքեարեանը, Յակոբոս Տաշեանը, Արսէն Ղազիկեանը, Վարդան Հացունին, Սուքիաս Էփրիկեանը, Մկրտիչ Պոտուրեանը, Ներսէս Ակինեանը, Համազասպ Ոսկեանը, Վահան Յովհաննիսեանը, Մեսրոպ Ճանաշեանը, Պօղոս Անանեանը, Պողոս-լեւոն Զեքիյեանը, Յարութիւն Պզտիկեանը եւ ուրիշներ: 


Մխիթարեանների եւ առհասարակ հայ գիտական մտքի կեանքում շարունակում է իր ծանրակշիռ դերն ունենալ 1843 թուականից հրատարակուած «Բազմավէպ» հայագիտական, բանասիրական, գրական հանդէսը, որը հայ ամենահին պարբերականն  է, միեւնոյն ժամանակ ամենատարեց հանդէսն է Իտալիայում հրատարակուող պարբերականների մէջ եւ չորրորդը` աշխարհի հնագոյն հանդէսների շարքում:


Հանդէսը նոր եւ խօսուն էջ է հայ գիտական կեանքում եւ  մեծ ճանաչում ունի ընթերցասէր լայն շրջանակներում: Նրա էջերում լոյս տեսած պատմական, բանասիրական, եկեղեցական, լեզուական, գրական եւ հայ արուեստի վերաբերեալ ուսումնասիրութիւններն ու այլ բնոյթի նիւթերն իրենց բովանդակութեամբ եւ խորքային տարողութեամբ հերթական վկայութիւնն են երեքդարեայ այս հաստատութեան հայապահպան գործունէութեան: 175-ամեայ այս գիտական ամսագիրն այսօր էլ շարունակում է իր բեղմնաւոր ուղին:


Մխիթարեանների լուսաւորչական, կրթական գործունէութիւնն իր հերթին արտայայտուել է տարբեր վայրերում բացուած դպրոցների միջոցով, որոնք երիտասարդ սերնդի շրջանում տարածեցին հայոց լեզուն, հայ մշակոյթը, հայ դպրութիւնը: Այսօր էլ Մխիթարեանների դպրոցները շարունակում են դաստիարակել հայրենասէր, հայկական ինքնութեանն ու արմատին նուիրուած, իր հայութեամբ, իր ազգային պատկանելութեամբ հպարտ երիտասարդ սերունդ:


Հոգեւոր կենտրոն լինելուց զատ` Միաբանութիւնը նաեւ թանգարանային արժէք է ներկայացնում: Այստեղ գտնուող հոգեւոր-մշակութային արժէքները ոչ միայն հայկական մշակոյթի անգնահատելի կոթողներ են, այլեւ համաշխարհային մշակոյթի արժէքներ: Այսօր էլ իրենց ուսումնասիրողներին են սպասում Միաբանութեան վանական համալիրում պահուող աւելի քան 150.000 միաւոր գրքերն ու 5000 հայկական ձեռագիր մատեանները:


Սիրելի՛  ներկանէր,


Սուրբ Ղազարի հայոց կղզին բոլոր ժամանակներում երբեւէ չխամրող, հայ ազգային արժէքների վրայ հիմնուած մշակութային լոյս ճառագող իւրօրինակ կենտրոն է մեզ եւ օտարների համար, որը համայն հայութեան համար դարձել է հոգեւոր-մշակութային վերածննդի փարոս եւ ուխտատեղի:


Մեր օրերում էլ Մխիթարեան միաբանութիւնն իր ստեղծած գիտական վիթխարածաւալ մնայուն արժէքներով մեծապէս շարունակում է զարգացնել հայ բազմադարեան բեղմնաւոր միտքը: Պահպանելով եւ հարստացնելով միաբանութեան գիտահետազօտական եւ մշակութային հսկայական ժառանգութիւնը` Մխիթարեան հայրերը մուտք են գործում իրենց ծաղկուն մենաստանի եւ հայկական գիտամշակութային կենտրոնի փառահեղ պատմութեան չորրորդ հարիւրամեակը` նոր վերածննդի յոյսով եւ ակնկալիքներով: Անշուշտ, նոր դարաշրջանն իր հետ բերում է նորանոր մարտահրաւէրներ ու խոչընդոտներ, սակայն Մխիթարի հետեւորդները, հաւատարիմ իրենց ուխտին, վճռական են դիմակայելու եւ յաղթահարելու իրենց առջեւ ծառացած բոլոր արգելքները: Աւելին` հայրենանուէր առաքելութեան համար նրանք նոր հերթափոխ են պատրաստում` կրթելով հայրենասէր եւ գրագէտ հոգեւոր սերունդ:


Հայ ժողովրդի, հայոց պետութեան առաջնահերթութիւններից է գիտամշակութային այս կարեւորագոյն օջախի պահպանումն ու զարգացումը, որպէսզի այն շարունակի իր յաւէրժական ընթացքը` ի նպաստ հայ մշակութային ժառանգութեան հզօրացման եւ  համաշխարհային քաղաքակրթութեան ներկապնակի հարստացման:


Դարեր շարունակ նուի­րուած լինելով հայ ժո­ղո­վր­դի հո­գեւոր եւ  մշակու­թային կեանքի լու­սաւորման սրբազան գործին, Մխիթարեան հայրերն այ­սօր էլ շա­րու­նա­կում են նախնիներից պատգամ մնացած նուի­րեալ գոր­ծը` ծաւալելով համաեւրոպական եւ համահայկական գործունէութիւն, ապրելով եւ տքնելով Աստուածային սիրով` ի շահ Հայրենիքի, ի շահ հայութեան:


Փառք ու պատիւ Մխիթարեան բոլոր հոգեւոր հայրերին, ովքեր դարերի ընթացքում կուտակուած հայկական պատմամշակութային հարուստ ժառանգութիւնը սերնդեսերունդ սրբօրէն պահեցին, պահպանեցին եւ փոխանցեցին մեզ եւ միեւնոյն ժամանակ դարձան իւրօրինակ կամուրջ Հայաստանի եւ Եւրոպայի միջեւ:


Փառաբանելով Մխիթար Սեբաստացու աստուածահաճոյ գործը մինչ այսօր սրբօրէն շարունակող նրա արժանաւոր յետնորդների` Մխիթարեան հոգեւոր հայրերի հայկական արժէքների պահպանութեան գործում անձնուրաց նուիրումը` մաղթում եմ Միաբանութեան անդամներին երկար եւ արգասաբեր տարիներ, իրականացնելու Մխիթար Սեբաստացու հետեւեալ բանաձեւումը` «Օտարները Հայոց կղզի կը կոչեն. հոն ամէն ինչ հայկական է եւ հայ անունին համար: Աղօթքի հետ` աշխատանք, առաքինութեան հետ` հայրենասիրութիւն, հաւատքի հետ` գաղափարական սեւեռակէտ, եւ միշտ Հայաստան, ամէն ինչ Հայրենիքին համար, հայ ժողովուրդին համար...»:


Խոնարհում եւ խնկարկում բոլոր ժամանակների մեր հոգեւոր հայրերին, ովքեր կարողացան պահել ու պահպանել հայկական արժէքները, շարունակել եւ տարածել հայկական աւանդոյթները եւ դառնալ հայկական մշակոյթի ներկայացուցիչները համաշխարհային մշակոյթի կենտրոններում, դառնալ իւրօրինակ կամուրջ Հայաստանի եւ Իտալիայի, Հայաստանի եւ Արեւմուտքի միջեւ:


Հպարտութեան անփոխարինելի զգացումով կրկին անգամ շնորհաւորում եմ բոլորիս Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեակի առթիւ, իսկ գիտաժողովի աշխատանքներին մաղթում եմ արգասաբեր, հետաքրքիր եւ արդիւնաւէտ ընթացք:

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Դեկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: