ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԱՏԵԱՆ
![]()
Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարին կից ատեանը ստեղծուել է Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան 2008 թուականի դեկտեմբերի 25-ի N 1553-ն որոշմամբ: Ատեանի աշխատակարգի օրինակելի ձեւը հաստատուել է ՀՀ կառավարութեան 2008 թուականի նոյեմբերի 20-ի թիւ 47 նիստի թիւ 46 արձանագրային որոշմամբ:
Ատեանը ՀՀ սփիւռքի նախարարին կից խորհրդակցական մարմին է: Ատեանը բաց քուէարկութեամբ, ձայների պարզ մեծամասնութեամբ կարող է ընդունել խորհրդակցական բնոյթի որոշումներ: Ատեանը իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարւում են ամիսը մէկ անգամ:
Սփիւռքի նախարարութեան ատեանն ունի առանձնայատկութիւն, այն իր կազմում ընդգրկում է հեղինակաւոր եւ ճանաչուած հայաստանցի անհատներից բացի, նաեւ սփիւռքահայերի, մի հանգամանք, որը հնարաւորութիւն է ընձեռում աշխարհի բոլոր անկիւններում գտնուող հայերի խնդիրներն ու հոգսերը համատեղ քննարկել եւ լուծումներ գտնել:
Հայաստանում մշտապէս չբնակուող ատեանի անդամ սփիւռքահայերը մասնակցում են ատեանի նիստերին հեռակայ կարգով` քննարկուող հարցերի վերաբերեալ համացանցի միջոցով ուղարկելով իրենց առաջարկութիւններն ու դիտողութիւնները:
Ատեանի նպատակն է օժանդակել նախարարութեան գործունէութեան ռազմավարական պլանաւորման, քաղաքական որոշումների ընդունման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին, ինչպէս նաեւ մշակել եւ ներկայացնել նախարարութեան կառավարման արդիւնաւէտութեան բարձրացմանն ուղղուած առաջարկութիւններ, նպաստել ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը եւ այդ գործընթացներում քաղաքացիական հասարակութեան, սփիւռքահայ անհատների եւ կազմակերպութիւնների մասնակցութեանը:
Ատեանի գործունէութեան հետ կապուած հարցերով կարող էք դիմել հետեւեալ հասցէով`
ք.Երեւան, Վազգէն Սարգսեան փ. 26/1,
զանգահարել (010) 58-56-01 (107) հեռախօսահամարով,
կամ գրել մեզ secretariat@mindiaspora.am էլ. հասցէով:




