ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ


Օտարերկրացիների իրավունքները Հայաստանի Հանրապետությունում

 

1. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում oտարերկրացիներն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավաuար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, oրենքներով և միջազգային պայմանագրերով այլ բան նախատեuված չէ:


2. Օտարերկրացիներն ունեն սեփականության, աշխատանքի, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, կրթություն ստանալու և այլ իրավունքներ: Առանձին դեպքում (տեղական ինքնակառավարման մարմիններում) նրանք կարող են ունենալ նաև ընտրելու իրավունք: Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիները պարտավոր են հարգել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, իրավական այլ ակտերը, ազգային սովորույթներն ու ավանդույթները:


3. Օտարերկրյա քաղաքացին իր իրավունքները պաշտպանելիս օգտվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների իրականացման համար սահմանված բոլոր երաշխիքներից, ինչպես նաև օգտվում է իր քաղաքացիության պետության դիվանագիտական պաշտպանությունից:


4. Հայաստանի Հանրապետության տարածքում oտարերկրացիները կրում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար պատասխանատվություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:


5. Օտարերկրացին չի կարող՝

  • առանց վիզայի մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում,
  • ընտրել և ընտրվել համապետական ընտրություններում,
  • մասնակցել հանրաքվեի,
  • ընդունվել հանրային ծառայության,
  • ստեղծել կուսակցություն և/կամ անդամագրվել դրան,
  • բոլոր տեսակի հողերի նկատմամբ ձեռք բերել սեփականության իրավունք:

6. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը 60-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող հողի նկատմամբ ունենալ սեփականության իրավունք: Նրանք կարող են լինել միայն հողի օգտագործողներ: Բացառություն են կազմում միայն Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձինք:


7. Ազգությամբ հայ քաղաքացիները և ճամփորդական փաստաթղթեր ունեցող` ազգությամբ հայ անձինք Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր (վիզա) կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր:


8. Ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու, Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր ձևակերպելու հետ կապված ծառայությունների համար ազատվում են պետական տուրքի վճարումից:


9. Սիրիայի Արաբական Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիների`1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող սիրիական վարորդական վկայականների հիման վրա` առանց որակավորման քննություններ հանձնելու և առանց այդ վարորդական վկայականները հանձնելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 15-ի N389-Ն որոշմամբ սահմանված կարգով հատկացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականներ՝ մեկ տարի ժամկետով՝ պայմանով, որ այդ ժամանակահատվածում այդ անձինք հանձնեն որակավորման քննություններ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1055-Ն որոշմամբ ժամկետը երկարաձգվել է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը:


Հավելյալ տեղեկությունների համար դիմել.

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն, Աշխատակազմի իրավաբանական վարչություն, հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կառավարական տուն 2, Վ. Սարգսյան փող. 3, թեժ գիծ՝ +374 (10) 58-56-01, կամ այցելել նախարարության վեբ կայք՝  http://www.mindiaspora.am

 

Կացություն 


1. Օտարերկրացուն կարող է տրվել ժամանակավոր` մինչև 1 տարի ժամկետով, մշտական` 5 տարի ժամկետով և հատուկ' 10 տարի ժամկետով կացության կարգավիճակ` յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ:


2. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝


1) դիմում.

2) 35 x 45 մմ չափսի վեց գունավոր լուսանկար.

3) անձնագիրը, անձնագրի պատճենը և անձնագրի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.

4) Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր.

5) առողջական վիճակի մասին տեղեկանք.

6) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 

3. Հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումը Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, իսկ այլ պետությունում' Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝


1) Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալու վերաբերյալ լրացված դիմում-հարցաթերթիկ.

2) Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվելը հավաստող փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր (վիզա), կացության քարտ, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի մուտք գործելու իրավունք ունեցող պետությունների քաղաքացիների համար` սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից անձի` միջազգայնորեն ճանաչված` անձը հաստատող ճամփորդական փաստաթղթում Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու մասին կատարված նշումը (միայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն դիմելու դեպքում).

3) ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթերից որևէ մեկը`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1390-Ն որոշման N 4 հավելվածում նշված եկեղեցական կառույցների` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Հայ Ավետարանական եկեղեցու, Հայ Կաթողիկե եկեղեցու կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթ` հաստատված վերոնշյալ որոշմամբ նախատեսված կարգով, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով,

բ. օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված և ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ` ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթ,

գ. ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված վերոնշյալ որոշմամբ նախատեսված կարգով,

դ. ծնողի (պապի, տատի, հարազատ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում: Համահայր կամ համամայր, եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթն անձի համար կարող է հանդիսանալ ազգությունը հաստատող փաստաթուղթ, եթե եղբոր կամ քրոջ ազգությամբ հայ լինելը պայմանավորված է նրանց համատեղ ծնողի ազգությամբ.

4) Հայաստանի Հանրապետությունում տնտեսական կամ մշակութային գործունեություն իրականացնելը հիմնավորող փաստաթուղթ (միայն ազգությամբ ոչ հայերի համար).

5) անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ և դրա նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունքը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).

6) 35 x 45 մմ չափսի վեց գունավոր լուսանկար.

7) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր:

 

Հավելյալ տեղեկությունների համար դիմել.

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն, Աշխատակազմի իրավաբանական վարչություն, հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կառավարական տուն 2, Վ. Սարգսյան փող. 3, թեժ գիծ՝ +374 (10) 58-56-01, կամ այցելել նախարարության վեբ կայք՝ http://www.mindiaspora.am

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ. 17/10 կամ այցելել կամ այցելել վեբ կայք՝  http://www.passportvisa.am


Քաղաքացիություն


1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 47-րդ հոդվածի համաձայն` ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք: 

 

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 47-րդ հոդվածի 2-4-րդ մասերով, ինչպես նաև 5-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, ինչպես նաև այլ հանրային շահերի պաշտպանության նպատակով:


3. Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ձեռք բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով:


Անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար փաստաթղթերը ներկայացնում է՝ 

  • Հայաստանի Հանրապետությունում՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն,
  • այլ պետությունում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձը քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն' անձամբ: Օտար լեզվով փաստաթղթերը ներկայացվում են նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունների հետ միասին:

 

Փաստաթղթերը ներկայացնելիս` անձը լրացնում է սահմանված ձևի հարցաթերթիկ:


Հարցաթերթիկը լրացվում է հայերենով` ընթեռնելի, առանց ուղղումների և ջնջումների: Հարցաթերթիկը ստորագրում են անձը և դիմումն ընդունող պաշտոնատար անձը:


5. Վարչությունը կամ դեսպանությունը, կամ հյուպատոսական հիմնարկը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ համեմատելուց անմիջապես հետո վերադարձնում է անձին:


Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1390-Ն որոշման N2 հավելվածում նշված հետևյալ փաստաթղթերը`


1) դիմում.

2) անձնագիրը և դրա պատճենը.

3) 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր).

4) ծննդյան վկայականը և դրա պատճենը (կամ ընտանեկան գիրքը).

5) ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթերից որևէ մեկը`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1390-Ն որոշման N 4 հավելվածում նշված եկեղեցական կառույցների` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Հայ Ավետարանական եկեղեցու, Հայ Կաթողիկե եկեղեցու կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթ` հաստատված վերոնշյալ որոշմամբ նախատեսված կարգով, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով,

բ. օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված և ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ` ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթ,

գ. ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված վերոնշյալ որոշմամբ նախատեսված կարգով,

դ. ծնողի (պապի, տատի, հարազատ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում: Համահայր կամ համամայր, եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթն անձի համար կարող է հանդիսանալ ազգությունը հաստատող փաստաթուղթ, եթե եղբոր կամ քրոջ ազգությամբ հայ լինելը պայմանավորված է նրանց համատեղ ծնողի ազգությամբ.

6) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը (նույնականացման քարտ՝ 3000 ՀՀ դրամ, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր (առանց կենսաչափական տվյալների)՝ 1000 ՀՀ դրամ, կենսաչափական անձնագիր՝ 25000 ՀՀ դրամ, անձնագրի գումարին ավելանում է բանկային և փոխանցման միջնորդավճարը):


6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N1231-Ն որոշման համաձայն եթե չհաշվառված կամ բնակության վայրը փոխելու կապակցությամբ հաշվառվող անձը չի կարող ներկայացնել տվյալ տարածքում բնակվելու իր իրավունքը հավաստող փաստաթուղթ, ապա անձի` դիմումում նշված հասցեում բնակվելու փաստն ստուգվում է ոստիկանության կողմից, դիմումը ստանալուց հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում: Դիմումում նշված հասցեում անձի բնակվելու փաստն ստուգելուց հետո նույն աշխատանքային օրը, բայց ոչ ուշ քան հաջորդ աշխատանքային օրվա ժամը 10:00-ն, ոստիկանության կողմից տեղական ռեգիստր է ուղարկվում փաստացի բնակվելու փաստը հավաստող կամ հերքող տեղեկանք:


Սույն կետով նախատեսված անձանց հաշվառումն իրականացվում է փաստացի բնակվելու փաստը հավաստող տեղեկանքը տեղական ռեգիստր ստացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Փաստացի բնակվելու փաստը հերքող տեղեկանք ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղական ռեգիստրը գրավոր մերժում է դիմումատուին:


7. Այն դեպքերում, երբ նախապես հայտնի է բնակելի տարածության սեփականատիրոջ առարկությունն իր բնակելի տարածության հասցեում դիմումատուին հաշվառելու վերաբերյալ, կամ դիմումատուն բնակվում է (գտնվում է) բնակելի տարածություն չհանդիսացող տարածքում, ապա ռեգիստրում կատարվում է նշում փաստացի բնակվելու (գտնվելու) վայրի մասին:


Քաղաքացիություն չունեցող անձը ներկայացնում է կացության վկայականը և դրա պատճենը կամ ճամփորդական փաստաթուղթը և Հայաստանի Հանրապետության կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները:


8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N951-Ն որոշմամբ Լիբանանի Հանրապետության, Իրաքի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կարող են ստանալ այդ պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում:

 

Հավելյալ տեղեկությունների համար դիմել.

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն, Աշխատակազմի իրավաբանական վարչություն, հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կառավարական տուն 2, Վ. Սարգսյան փող. 3, թեժ գիծ՝ +374 (10) 58-56-01, կամ այցելել նախարարության վեբ կայք՝ http://www.mindiaspora.am

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ. 17/10 կամ այցելել վեբ կայք՝  http://www.passportvisa.am

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կառավարական տուն 2, Վ. Սարգսյան փող. 3, թեժ գիծ՝ hotline@mfa.am +374 (60) 620-111, կամ այցելել նախարարության վեբ կայք՝ http://www.mfa.am

 

Կրթություն


1. Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 38-րդ հոդվածի Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ այլ պետության քաղաքացիների կրթության իրավունքը: Հայաստանի Հանրապետության և այլ պետության քաղաքացիներին հնարավորություն է տրվում Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում և գիտական, գիտակրթական և գիտահետազոտական հիմնարկներում կրթություն ստանալ` անկախ նրանց ազգությունից, ռասայից, սեռից, տարիքից, լեզվից, կրոնից կամ դավանանքից, այլ հանգամանքներից: 

 

2. Պետությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում' երկքաղաքացիների, համար երաշխավորում է պետական ուսումնական հաստատություններում' 

  • անվճար ընդհանուր միջնակարգ կրթություն,
  • մրցութային կարգով' անվճար նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն:

3. Հայաստանի Հանրապետությունում սովորող բոլոր օտարերկրացիներն օգտվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից ու ազատություններից և կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված որոշակի պարտավորություններ:


4. Հայաստանի Հանրապետությունում պարտադիր է հիմնական ընդհանուր կրթությունը: Հիմնական ընդհանուր կրթության պարտադիր լինելու պահանջը պահպանվում է մինչև սովորողի 16 տարին լրանալը: 16 տարին լրանալուց հետո սովորողը ծնողների (որդեգրողների կամ հոգաբարձուների) համաձայնությամբ կարող է թողնել դպրոցը:


5. Միջին մասնագիտական կրթության նպատակն առնվազն հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա միջին մասնագիտական որակավորմամբ մասնագետներ պատրաստելն է: Այն իրականացվում է քոլեջներում և ուսումնարաններում:


Ուսուցման տևողությունը, կախված ուսանողի հիմնական կրթության աստիճանից և ընտրված մասնագիտությունից, 2 տարուց մինչև 5 տարի է: Շրջանավարտներին շնորհվում է «մասնագետ» որակավորման աստիճան:


6. Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն ուսումնական հաստատությունների տարատեսակներն են' համալսարանը, ինստիտուտը, ակադեմիան և կոնսերվատորիան:


Բարձրագույն ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության միջնակարգ դպրոցի ծրագրի մակարդակին համապատասխանող կրթություն: Բացի այդ, բուհերում անհատական պլանով ուսանելու համար կարող են ընդունվել գիտությունների (արվեստների) բակալավրի աստիճան ունեցող անձինք:


7. Այն օտարերկրացիները, որոնք չեն տիրապետում կամ վատ են տիրապետում հայերենին, ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական ֆակուլտետներ՝ (բաժիններ) մեկ տարի ժամկետով, որտեղ նրանք ուսումնասիրում են հայերենը (կամ այլ լեզու)՝ հաշվի առնելով հետագա ուսուցման լեզուն և ընտրած մասնագիտությանը համապատասխան հանրակրթական առարկաներ (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, գծագրություն, աշխարհագրություն, պատմություն և այլն) ինչպես նաև ծանոթանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

 

Հավելյալ տեղեկությունների համար դիմել.

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն, Աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչություն, հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կառավարական տուն 2, Վ. Սարգսյան փող. 3, թեժ գիծ՝ +374 (10) 58-56-01, կամ այցելել նախարարության վեբ կայք՝ http://www.mindiaspora.am:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, հասցե' Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կառավարության տուն 2 Վ. Սարգսյան փող. 3, թեժ գիծ՝ +374 (10) 52-73-43, կամ այցելել նախարարության վեբ կայք՝ http://www.edu.am:

3. Երևանի քաղաքապետարան, Աշխատակազմի հանրակրթության վարչություն, հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Արգիշտիի փող. 1, թեժ գիծ՝ +374(11) 514-000 ,կամ այցելել քաղաքապետարանի վեբ կայք՝ https://www.yerevan.am:

 

Աշխատանքային գործունեություն

 

1. Համապատասխան վիզա և կացության թույլտվություն ստանալու դեպքում' օտարերկրացին իրավունք ունի Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու աշխատանքային գործունեություն, նույն պայմաններով և կարգով, ինչ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:


2. Օտարերկրացիներն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունում ազատորեն տնօրինելու իրենց աշխատանքային ունակությունները, ընտրելու մասնագիտության և գործունեության տեսակը, զբաղվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված տնտեսական գործունեությամբ:


3. Աշխատողի աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ ներառող հիմնական փաստաթուղթը աշխատանքային գրքույկն է:


4. Աշխատանքային օրենսդրությանը և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան աշխատանքային և դրա հետ անմիջականորեն կապված հարաբերությունների կարգավորումն իրականացվում է աշխատողների և գործատուների կնքած աշխատանքային պայմանագրերի միջոցով: 

 

Հավելյալ տեղեկությունների համար դիմել.

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն, Աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչություն, հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կառավարական տուն 2, Վ. Սարգսյան փող. 3, թեժ գիծ՝ +374 (10) 58-56-01, կամ այցելել նախարարության վեբ կայք՝ http://www.mindiaspora.am:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություն, հասցե' Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 3 կամ այցելել գործակալության վեբ կայք՝ http://www.employment.am:

 

Բժշկական օգնություն

 

1. Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր ոք, այդ թվում' օտարերկրացին ունի օրենքին համապատասխան առողջության պահպանման իրավունք:


2. Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները պարտավոր են յուրաքանչյուր մարդու (այդ թվում' օտարերկրացու) ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն' անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից:

 

Հավելյալ տեղեկությունների համար դիմել.

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն, հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կառավարական տուն 2, Վ. Սարգսյան փող. 3, թեժ գիծ՝ +374 (10) 58-56-01, կամ այցելել նախարարության վեբ կայք՝ http://www.mindiaspora.am:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, հասցե' Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 3 կամ այցելել նախարարության վեբ կայք՝ http://www.moh.am:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, հասցե' Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 3 կամ այցելել նախարարության վեբ կայք՝ http://www.mss.am:


Գործարարություն


1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 59-րդ հոդվածի համաձայն' յուրաքանչյուր ոք (այդ թվում' օտարերկրացին) ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք:


2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 59-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով: Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը և հակամրցակցային համաձայնություններն արգելվում են:


3. Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար անձը կարող է գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր, կամ ստեղծել առևտրային իրավաբանական անձ: Իրավաբանական անձանց համար մեկ այլ տարբերակ է նաև ստեղծել առանձնացված ստորաբաժանում (ներկայացուցչություն կամ մասնաճյուղ):

 

4. Գործարարությամբ զբաղվելու համար օրենսդրությամբ սահմանվում են հետևյալ կազմակերպաիրավական ձևերը՝ անհատ ձեռնարկատեր, տնտեսական ընկերություններ (լիակատար ընկերակցություններ և վստահության վրա հիմնված), սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, բաժնետիրական ընկերություններ (բաց և փակ), կոոպերատիվներ, ներկայացուցչություններ և մասնաճյուղեր:


5. Կազմակերպությունների գրանցման համար դիմումը պետք է ներկայացվի պետական ռեգիստր: Անհատ ձեռնարկատերերի գրանցման համար պետական տուրքը կազմում է 3000 դրամ: Իրավաբանական անձանց պետական գրանցման ընդհանուր ծախսերը կազմում են 17000 դրամ: Պետական ռեգիստրը բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո, ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում, պետք է կատարի կամ մերժի համապատասխան գրանցումը: 


Հավելյալ տեղեկությունների համար դիմել.

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն, հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կառավարական տուն 2, Վ. Սարգսյան փող. 3, թեժ գիծ՝ +374 (10) 58-56-01, կամ այցելել նախարարության վեբ կայք՝ http://www.mindiaspora.am

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, հասցե' Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կոմիտասի պող., 49/3 շենք կամ այցելել վեբ կայք՝ https://www.e-register.am

3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, հասցե' Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Մ.Մկրտչյան փող. 5, թեժ գիծ՝ +374 (11) 597-539, կամ այցելել նախարարության վեբ կայք՝ http://www.mineconomy.am

4. Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն, հասցե' Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Մ.Մկրտչյան փող. 5 ա, հեռ. +374 (12) 54-16-48, 56-37-14, 58-32-61, Էլ․ փոստ՝ info@smednc.am կամ այցելել ազգային կենտրոնի վեբ կայք՝ http://smednc.am/

 

Ներդրումներ

 

1. Օտարերկրյա ներդրումների և դրանց հետ կապված իրավական ռեժիմը Հայաստանի Հանրապետությունում չի կարող նվազ բարենպաստ լինել, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գույքի, գույքային իրավունքների և ներդրման գործունեության ռեժիմը:


2. Սոցիալական և տնտեսական զարգացման կարևորագույն բնագավառներում օտարերկրյա ներդրումների խրախուսման նպատակով կարող են սահմանվել լրացուցիչ արտոնություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


3. Օտարերկրյա ներդրումները կարգավորող` Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության դեպքում ներդրման պահից սկսած 5 տարվա ընթացքում, օտարերկրյա ներդրողի ցանկությամբ, կիրառվում է ներդրումների իրականացման պահին գործող օրենսդրությունը: Օտարերկրյա ներդրումները Հայաստանի Հանրապետությունում ազգայնացման ենթակա չեն:


4. Պետական մարմինները չեն կարող նաև բռնագրավել օտարերկրյա ներդրումները: Առգրավումը որպես բացառիկ միջոց թույլատրվում է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտակարգ դրության պայմաններում` դատարանի վճռով և լրիվ փոխհատուցմամբ:


5. Օտարերկրյա ներդրումները կարգավորող` Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության դեպքում ներդրման պահից սկսած 5 տարվա ընթացքում, օտարերկրյա ներդրողի ցանկությամբ, կիրառվում է ներդրումների իրականացման պահին գործող օրենսդրությունը:


6. Օտարերկրյա ներդրողներն ունեն նյութական և բարոյական այն վնասների, ներառյալ բաց թողնված օգուտի դատական կարգով փոխհատուցման իրավունքը, որոնք հասցվել են Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող գործողությունների, ինչպես նաև օտարերկրյա ներդրողի կամ օտարերկրյա ներդրումներով ձեռնարկության նկատմամբ նշված մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով:


7. Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկության կողմից իր կանոնադրական հիմնադրամի համալրմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված ապրանքների ներմուծումն ազատվում է մաքսատուրքերի վճարումից: Սույն արտոնությունից օգտվելուց հետո երեք տարվա ընթացքում այդ ապրանքների օտարման դեպքում մաքսատուրքի գումարը, ներառյալ` դրա վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գանձումը, իրականացվում է մաքսային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:


8. Միջազգային պայմանագրերի հիման վրա, որպես օտարերկրյա ներդրում, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող գույքը ազատվում է մաքսատուրքերից այն ժամկետներում, որոնք սահմանված են համապատասխան պայմանագրերով:


9. Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների օտարերկրյա աշխատողների կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` անձնական կարիքների համար նախատեսված գույքն ազատվում է մաքսատուրքերից:


10. Oրենքով սահմանված արտոնությունները տարածվում են օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների վրա, որոնցում այդ ներդրումները հիմնադրման պահին կազմում են առնվազն 30 տոկոս:


11. Հաշվեկշռային գնահատման և հաշվառման նպատակով օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունն իրականացնում է օտարերկրյա արժույթի վերահաշվարկ Հայաստանի Հանրապետության դրամի այն փոխարժեքով, որը որոշվում է ներդրման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից ոչ բարձր փոխարժեքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:

 

Հավելյալ տեղեկությունների համար դիմել.

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն, հասցե՝  Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կառավարական տուն 2, Վ. Սարգսյան փող. 3, թեժ գիծ՝ +374 (10) 58-56-01, կամ այցելել նախարարության վեբ կայք՝ http://www.mindiaspora.am

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, հասցե' Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Մ.Մկրտչյան փող. 5, թեժ գիծ՝ +374 (11) 597-539, կամ այցելել նախարարության վեբ կայք՝ http://www.mineconomy.am

 

Հարկեր

 

1. Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում կիրառվող հիմնական  հարկատեսակներն են՝


շահութահարկ՝ 20%,

եկամտային հարկ՝ 24.4-36%,

ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ)՝ 20%:


Այլ հարկեր և պարտադիր վճարներ՝ գույքահարկ, ակցիզային հարկ (յուղեր, ալկոհոլ, գինիներ, գարեջուր և այլն), հողի հարկ, սոցիալական ապահովության վճարներ:


2. Շահութահարկը՝ դա շահութահարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է:


3. Շահութահարկ վճարող են հանդիսանում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կազմակերպությունները: Հարկվող շահույթը հարկատուի համախառն եկամտի (հաշվետու տարում հարկատուի բոլոր եկամուտների հանրագումարի` անկախ ստացման աղբյուրներից) և օրենքով նշված նվազեցումների դրական տարբերությունն է: Ընդ որում` նվազեցումների միևնույն գումարը համախառն եկամտից հանվում է միայն մեկ անգամ:


4. Եկամտային հարկը՝ բյուջե վճարվող ուղղակի հարկ է, որը գանձվում է ֆիզիկական անձանցից հաշվետու ժամանակաշրջանի հարկվող եկամտից:


5. Ֆիզիկական անձը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, օտարերկրյա քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը, այդ թվում որպես անհատ ձեռնարկատեր Հայաստանի Հանրապետությունում գրանցվածը, Հայաստանի Հանրապետությունում եկամտահարկ է վճարում, եթե նա՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է՝ հարկային տարում սկսվող կամ ավարտվող տասներկուամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի կամ Հայաստանի Հանրապետությունում է գտնվում նրա կենսական շահերի կենտրոնը և Հայաստանի Հանրապետության տարածքում կամ նրա սահմաններից դուրս ստացել է հարկվող եկամուտ, ոչ ռեզիդենտ է և հայաստանյան աղբյուրներից ստացել է հարկվող եկամուտ:


6. Ավելացված արժեքի հարկը անուղղակի հարկ է, որը գանձվում է ապրանքների ներմուծման դեպքում, մատակարարի կողմից մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների դիմաց և վերականգնվում է գնորդի կողմից առևտրային շղթայի յուրաքանչյուր էտապում մինչև վերջնական սպառողը:


7. 2017 թվականի հունվարի 1-ից ավելացված արժեքի հարկից ազատվում է օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ունեցող հարկ վճարողի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների խմբի կողմից ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծումը, եթե այդ ապրանքները կամ դրանց վերամշակման արդյունքում ստացված ապրանքները ներմուծման օրվանը հաջորդող 180 օրվա ընթացքում արտահանվում են (Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 37-րդ կետ):


Հավելյալ տեղեկությունների համար դիմել.

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն, Աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչություն, հասցե՝  Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կառավարական տուն 2, Վ. Սարգսյան փող. 3, թեժ գիծ՝ +374 (10) 58-56-01, կամ այցելել նախարարության վեբ կայք՝ http://www.mindiaspora.am

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, հասցե' Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Խորենացի փող. 7/1 թեժ-գիծ՝ +374 (60) 544-444, կամ այցելել կոմիտեի վեբ կայք՝  http://www.taxservice.am   

 

Մաքսային  արտոնություններ


1. Հայաստանի Հանրապետության մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսային վճարների վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը: Այս արտոնությունից կարելի է օգտվել 5 տարվա ընթացքում մեկ անգամ:


2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտապես բնակված է համարվում այն անձը, որը դիտարկվող ժամանակահատվածի յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ բնակվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 184 օր և ավելի:


3. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքը կարող է ներմուծվել մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանման օրվանից ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում:


4. Հայաստանի Հանրապետության հաշվառում չունեցող ֆիզիկական անձանց համար Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանման օր է համարվում Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության նպատակով ժամանելուց հետո՝ 180 օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու օրը:


Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելիս Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող ֆիզիկական անձանց համար Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանման օր է համարվում Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության նպատակով ժամանելու օրվան հաջորդող 180 օրվա ընթացքում մաքսային մարմին գրավոր դիմելու օրը:


5. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ավտոմեքենան պետք է նախքան Հայաստանի Հանրապետություն ներմուծվելը վերջին անգամ հաշվառումից հանվելուց առաջ առնվազն 6 ամիս հաշվառված լինի Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի անունով այն երկրում, որտեղ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող անձը վերջին անգամ մշտապես բնակվել է նախքան ֆիզիկական անձի՝ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու օրը:


6. Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2015 թվականի հուլիսի 30-ի N 865-Ն որոշմամբ սահմանել է նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների չափաքանակներն՝ համաձայն հավելված N1-ի և հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևը՝ համաձայն հավելված N2-ի, վեբ կայք՝ http://www.arlis.am/


7. Մաքսավճարից ազատվում են`


1) Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքները: Օրենսդրությամբ (այդ թվում` միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի տարբերակումն ըստ բնույթի որոշում է մարդասիրական օգնությունը համակարգող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը.

2) միջազգային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները` այդ փոխադրումների իրականացման ժամանակ.

3) ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող՝ մաքսատուրքի և հարկերի արտոնություն ունեցող ապրանքները.

4) ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող` Միության անդամ պետություններում հաշվառված թեթև մարդատար տրանսպորտային միջոցները.

5) ցուցադրման նպատակով «Ժամանակավոր արտահանում» կամ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպված, ինչպես նաև դրանց ժամկետի ավարտից հետո համապատասխանաբար «Վերաարտահանում» և «Վերաներմուծում» ընթացակարգերով վերաձևակերպված Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքները:

6) մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող՝ ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքները:

 

Հավելյալ տեղեկությունների համար դիմել.

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն, Աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչություն, հասցե՝  Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կառավարական տուն 2, Վ. Սարգսյան փող. 3, թեժ գիծ՝ +374 (10) 58-56-01, կամ այցելել նախարարության վեբ կայք՝ http://www.mindiaspora.am

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, հասցե' Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Խորենացի փող. 7/1 կամ այցելել վեբ կայք՝ http://www.taxservice.am, թեժ-գիծ հեռ.՝ 060 544444:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Հուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

 

Մեծահարգ պարոն Նախագահ,


Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները Արցախի Հանրապետութ­յան Նախագահ ընտրվելու առիթով:

25.04.2017  |  Ելույթներ

Երուսաղեմի Հայոց Պատրիարք

Ամենապատիվ Տ. Նուրհան

արքեպիսկոպոս Մանուկյան 

Հարգարժան Ռուվեն Ամիթայ,

Հարգելի մասնակիցներ,

 

Երեկ  Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ մեր հայրենակիցներն ու աշխարհի հարյուրավոր երկրների առաջադեմ ներկայացուցիչներն իրենց խորին հարգանքի և անկեղծ խոնարհումի տուրքը մատուցեցին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։