Տեսաժողովներ2010թ.

 

Նոյեմբերի 8-ին անցկացվեց տեսակոնֆերանս ՀՀ սփյուռքի նախարարության եւ Ուկրաինայի հայ համայնքի միջեւ:


ՀՀ սփյուռքի նախարարությունից մասնակցում էր նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալներ Ստեփան Պետրոսյանը, Վարդան Մարաշլյանը, վարչության պետեր եւ աշխատակազմի այլ ներկայացուցիչներ:

 

Կիեւի հայ համայնքից մասնակցում էր Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ, Կիեւի հայ համայնքի նախագահ Տիգրան Ղարագյոզյանը, Ուկրաինայում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Մուշեղ Կարապետյանը, համայնքի զանազան մշակութային, կրթական եւ հոգեւոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Հր. Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերն ու աշխատանքները:

 

Ներկայումս Ուկրաինայում ապրում է մոտ 400 հազար հայ: «Ուկրաինայի հայերի միությունը հզոր կառույց է եւ պետք է հայկական համայնք եւ զանազան համահայկական կառույցներ բերի այն  հայ երիտասարդներին, որոնք ընդգրկված չեն եւ չեն զբաղվում հայկական  հարցերով», - նշեց տիկին Հակոբյանը` հավելելով, որ նախարարության ծրագրերը հիմնականում ուղղված են հենց երիտասարդությանը: «Արի տուն» ծրագրով այս 2 տարիների ընթացքում Ուկրաինայից Հայաստան են ժամանել 45 պատանի եւ երիտասարդ: Ծրագրի մասնակիցները, հետ վերադառնալով,  պետք է ավելի ակտիվ լինեն եւ ըստ ամենայնի ներկայացնեն Հայաստանում անցկացրած ժամանակը: Այդ դեպքում ավելի մեծ թվով պատանիներ եւ աղջիկներ կցանկանան այցելել Հայրենիք: Իսկ հայանալու եւ Հայաստանի հետ կապվելու ամենաիրական ձեւը Հայրենիք այցելելն է» – ընդգծեց նախարար Հակոբյանը:

 

Նշվեց, որ Սփյուռքի կրթօջախների եւ լրատվամիջոցների համահայկական մրցանակաբաշխության ընթացքում մրցանակի են արժանացել 3 դպրոց եւ 1 լրատվամիջոց:

 

ՀՀ սփյուռքի նախարարն իր գոհունակությունը հայտնեց համայնքի ներկայացուցիչներին` ամենազանազան համահայկական ծրագրերին ակտիվ մասնակցելու համար:

 

Շնորհակալություն հայտնելով տեսակոնֆերանս անցկացնելու եւ միմյանց հետ հաղորդակցվելու նախարարության նման նախաձեռնության համար` Միության նախագահը ներկայացրեց համայնքի խնդիրները: Նշվեց, որ լեզվական խնդիրը ամենաարդիականն է, հայկական ընտանիքներում հայերենը համարյա չի օգտագործվում եւ արագ մոռացվում է:

 

Առաջարկություն եղավ համակարգչային հայերեն սովորելու նոր ծրագիրը` Վիրտուալ քոլեջը, հնարավորինս լայնորեն ներկայացնել համայնքում եւ  ներգրավել երիտասարդներին` այս ծրագրով հայերեն սովորելու համար:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաեւ համատեղ ուժերով գրի առնել Ուկրաինայի հայերի պատմությունը եւ նկարահանել ֆիլմ նրանց մասին:

 


 

Օգոստոսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարության և ԱՄՆ Գլենդել քաղաքի Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության նախաձեռնությամբ կազմակերպվեց տեսակոնֆերանս:

 

Հայաստանից տեսակոնֆերանսին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Տ.Հարությունյանը, Ամերիկայի հայ համայնքների վարչության Հյուսիսային Ամերիկայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Գ.Դաբաղյանը, համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Ս.Համբարյանը, «Անանիա Շիրակացի» ճեմարանի տնօրեն Ա.Ալիխանյանը և նույն դպրոցի ուսուցիչներ:

 

Լոս-Անջելեսից տեսակոնֆերանսին մասնակցում էին Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության վարչության նախագահ Վահիկ Ծատուրյանը, վարչության անդամաներ, հայոց լեզվի ուսուցիչներ, ինչպես նաև Գլենդելի պետական դպրոցների կրթաշրջանի կրթական խորհրդի նախագահ Գրեգ Գրիգորյանը և խորհրդի մի քանի անդամներ, «Թոմաս Ջեֆերսոն»-ի անվան դպրոցի տնօրեն Գրեգ Մուշեղյանը և այլք:

 

Տեսակոնֆերանսը նվիրված էր Միացյալ Նահանգների հայ համայնքի կրթական խնդիրներին: Ներկայումս Միացյալ Նահանգներում մեծ թվով հայ աշակերտներ, հիմնականում ֆինանսական դժվարությունների և հայկական կրթօջախների անբավարարության պատճառով, հաճախում են ամերիկյան պետական և մասնավոր դպրոցներ, ուստի զրկված են իրենց մայրենի լեզուն, պատմությունը սովորելու հնարավորությունից: Կալիֆորնիայի նահանգում 70-75 հազար, իսկ միայն Գլենդելում` ավելի քան 10 հազար հայ աշակերտ այցելում է ամերիկյան դպրոցներ: Նրանց ձուլման վտանգը առավել մեծ է: Դավթյան և Մարիամյան կրթական հաստատությունը 1987 թվականից Միացյալ Նահանգների 10 տարբեր քաղաքների 33 ամերիկյան դպրոցների հայ աշակերտների համար շաբաթական երկու օր կազմակերպում է չորս ժամ տևողությամբ հայոց լեզվի և պատմության դասընթացներ:

 

Տեսակոնֆերանսի ընթացքում քննարկվեցին Հայաստանում ամերիկյան չափանիշներով և կրթական համակարգին համապատասխան հայոց լեզվի և պատմության երիտասարդ և որակավորված ուսուցիչներ պատրաստելու, հեռավար ուսուցում կազմակերպելու, նախանշված ծրագրերի իրականացման համար ֆինանսական միջոցներ հայթայթելու, հայրենագիտական անհրաժեշտ գիտելիքների պակասը լրացնելու համար ճամբարներ, մրցույթներ կազմակերպելու և նմանատիպ այլ խնդիրներ:

 

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները ներկայացրեցին նախարարության գործունեությունն ու ծրագրերը` առաջարկելով ակտիվ մասնակցել դրանց:

 

Տ.Հարությունյանը բարձր գնահատեց Գլենդելի պետական դպրոցների կրթաշրջանի «Թոմաս Ջեֆերսոն» դպրոցում հայերենի ուսուցման փորձը (կրթական ծրագրով նախատեսված առարկաների 50%-ի ուսուցումը կազմակերպվում է հայերենով) և առաջարկեց այն կիրառել ամերիկյան հայաշատ այլ քաղաքների պետական դպրոցներում:

 

Քննարվեցին նաև «Թոմաս Ջեֆերսոն» և «Անանիա Շիրակացի» քույր դպրոցների ուսուցիչների և աշակերտների փոխադարձ այցելությունների, փորձի փոխանակման և համագործակցության այլ ձևերի հնարավորություններ:

 

«Անանիա Շիրակացի» ճեմարանի տնօրեն Ա.Ալիխանյանը առաջարկեց «Թոմաս Ջեֆերսոն»-ի անվան դպրոցի 10 աշակերտների ամառային հանգիստը կազմակերպել ճեմարանի ճամբարում:

 

Տեսակոնֆերանսն ուղիղ եթերով հեռարձակվում էր Գլենդելի հեռուստատեսությամբ:

 


 

Հուլիսի 7-ին կազմակերպվեց տեսակոնֆերանս ՀՀ սփյուռքի նախարարության և Եկատերինբուրգի «Անի-Հայաստան» հայ համայնքի,  Հայկական երիտասարդական կազմակերպության, Ուրալի պետական համալսարանում ստեղծված հայագիտական հետազոտությունների կենտրոնի մասնակցությամբ: 

 

Կոնֆերանսին Հայաստանից մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարը, տեղակալները, ԱՊՀ հայ համայնքների վարչության աշխատակիցները, նախարարության աշխատակազմի այլ աշխատակիցներ, ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Վլադիմիր Աթանեսյանը, Ախալցխայի հայկական երիտասարդական կենտրոնի պատասխանատու Վերոնիկա Համբարյանը և ուսանողներ:


Եկատերինբուրգից մասնակցում էին «Անի-Հայաստան» հայ համայնքի նախագահ Մասիս Նազարյանը, Եկատերինբուրգի կիրակնօրյա հայկական դպրոցի տնօրեն Անդրանիկ Մարաբյանը, Ուրալի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ դասախոս Իգոր Բադալյանը, սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ Արտակ Այվազյանը, պատմական գիտությունների թեկնածու Անդրեյ Լյամզինը, Հայկական երիտասարդական կազմակերպության նախագահ Սամվել Պապոյանը, տասնյակ գիտնականներ, ուսանողներ և հայ համայնքի անդամներ:


Տեսակոնֆերանսի նպատակն էր  ծանոթանալ Եկատերինբուրգի «Անի-Հայաստան» հայ համայնքի և Հայկական երիտասարդական կազմակերպության հետ, նպաստել ՀՀ սփյուռքի նախարարության և Եկատերինբուրգի հայ համայնքի համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը, ակտիվացնել համահայկական ծրագրերին Եկատերինբուրգի հայ համայնքի մասնակցությունը, ներկայացնել ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը:


Սիրով և ջերմությամբ ողջունելով տեսակոնֆերանսի մասնակիցներին` ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը ներկայացրեց նախարարության նպատակներն ու խնդիրները: Նա անդրադարձավ նաև նախարարության կազմակերպած համաժողովներին, տեղեկացրեց նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի մասին: «Անկախ այն բանից, թե որ երկրում են ապրում հայերը, նրանք պետք է համախմբված լինեն իրենց Հայրենիքի շուրջ: Պետք է հզորացնենք Հայաստանը, ունենաք հզոր Հայրենիք ու կարող և ուժեղ Սփյուռք», - կոչ արեց նախարարը:


ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ս.Պետրոսյանը ներկայացրեց նախարարության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը, ծանոթացրեց նախարարության կողմից հրատարակված գրքերին:


ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները պատասխանեցին Եկատերինբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին:

 


 

Մայիսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել էր տեսակոնֆերանս, որին Մոսկվայից մասնակցում էին  հայկական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները:

                                                             

Տեսակոնֆերանսի հիմնական նպատակն էր ծանոթանալ Մոսկվայի հայկական երիտասարդական կազմակերպություններին, ներկայացնել ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը, այդ թվում` ամառային երիտասարդական ծրագրերը, քննարկել Մոսկվայի հայկական երիտասարդական կազմակերպությունների խնդիրների լուծման գործում ՀՀ սփյուռքի նախարարության օժանդակության հնարավորությունները, ինչպես նաև որոշել փոխգործակցության հետագա ձևաչափը:


Հայաստանից տեսակոնֆերանսին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, տեղակալներ Ս.Պետրոսյանը և Վ.Մարաշլյանը, աշխատակազմի ղեկավարը, վարչության պետեր և նախարարության այլ աշխատակիցներ:


Մոսկվայից մասնակցում էին Գագիկ Առաքելյանը (Ռուսաստանի հայերի միության երիտասարդական կազմակերպություն-ՌՀՄ), Տիգրան Բեգիջանյանը, Ռաֆայել Ասադուրյանը (Հայ երիտասարդության մտավոր փոխգործակցության ընկերակցություն-ՍԻՎԱՄ), Դավիթ Բեկնազարյանը, Ռոբերտ Հակոբյանը (Հայ Առաքելական Եկեղեցու երիտասարդական կազմակերպություն-ՆՈՒՌ), Գայանե Գաբրիելյանը, Աշխեն Հովսեփյանը (Մոսկվայի Պետական Համալսարան), Հենրի Սարդարյան (Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարան), Ռոբերտ Հովսեփյանը (ֆինանսական ակադեմիա), Տիգրան Շահվերդյանը (Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ), Վահան Թադևոսյանը (Տնտեսգիտության բարձրագույն դպրոց), Ռուզաննա Մսրյանը (Ռուսաստանի ազգերի բարեկամության համալսարան), Գագիկ Ժամկոչյանը (Ռուսաստանի պետական հումանիտար համալսարան), Արամ Պողոսյանը (Ժողովրդական տնտեսության ակադեմիա), Սուսաննա Թումանյան (Ռուսաստանի պետական բաց համալսարան), Արտյոմ Մանուկյանը (Երիտասարդ գիտնականների ընկերակցություն) և Աշոտ Գրիգորևը (Համշենահայերի կազմակերպություն):


Ողջունելով տեսակոնֆերանսի մասնակից հայ երիտասարդներին` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց համահայկական խնդիրների լուծման գործում միասնական ուժերով հանդես գալու անհրաժեշտությունը: Նա անդրադարձավ Սփյուռքի հայ համայնքներում հայապահպանության և լեզվապահպանության հիմնախնդիրներին: Նշելով, որ 21-րդ դարը գիտելիքի, նորարարական գաղափարների ժամանակաշրջան է, տիկին Հ.Հակոբյանը կարևորեց արտերկրում կրթություն ստացած, զարգացած երկրների փորձին ծանոթ հայ երիտասարդ մասնագետների ներուժի օգտագործումը Հայրենիքի զարգացման գործում:


Փոխնախարար Ս.Պետրոսյանը ծանոթացրեց ՀՀ սփյուռքի նախարարության կառուցվածքին, գործունեությանը և ծրագրերին: Մասնավորապես նա ներկայացրեց մանրամասներ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի, «Արի տուն» և այլ երիտասարդական ծրագրերի վերաբերյալ: Պարոն Պետրոսյանը երիտասարդներին ներկայացրեց նաև ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հրատարակվող «Հայերն այսօր» /www.hayernaysor.am/ էլեկտրոնային պարբերականը:


Այնուհետև ծավալվեցին աշխույժ քննարկումներ, և նախարարը պատասխանեց Մոսկվայի հայ երիտասարդների բարձրացրած բազմաթիվ հարցերի: Որոշվեց նման հանդիպումները դարձնել պարբերական:

 

Տեսակոնֆերանսին մասնակցում էր նաև Մոսկվայում և Մոսկվայի մարզում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ռուբեն Գասպարյանը:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30

ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ, գերաշնո՛րհ տեր Վազգեն Միրզախանյան,

թբիլիսահայ համայնքի թանկագի՛ն հայրենակիցներ,

հարգելի՛ հյուրեր,

20.09.2017  |  Ելույթներ

Հարգելի ներկաներ,


Այսօր մեկնարկում է ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների հետ համատեղ իրականացվող «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնը: