Տեսաժողովներ 2008թ.

 

Հեռուստակամուրջ` Երեւան - Լոս Անջելես (Կալիֆորնիա)

 

Տեսահամաժողով` ՀՀ սփյուռքի նախարարության եւ Լոս Անջելեսի հայկական դպրոցների ներկայացուցիչների մասնակցությամբ



27 հունվարի 2009թ.
Սկիզբը` 8.00


Ներկա էին

ՀՀ-ից`

Հրանուշ Հակոբյան - ՀՀ սփյուռքի նախարար
Ստեփան Պետրոսյան - ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ
Տիգրան Հարությունյան - ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության եւ հեռահաղորդակցման վարչության պետ
Սիրվարդ Համբարյան - ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական բաժնի պետ
Նունե Վարդանյան - ՀՀ ԿԳՆ սփյուռքի հետ կապերի բաժնի պետ
Թամարա Զալինյան - ՀՀ ԿԳՆ սփյուռքի հետ կապերի գլխավոր մասնագետ

Լոս-Անջելեսից`

Թոմիկ Ալեքսանյան - ԱՄՆ-ում Իրանահայ միության փոխնախագահ
Վազգեն Մուշեղյան - Շամլիյան հայկական դպրոց
Ծատուրյան Ջանիկ, Օնիկ Հայրապետյան - Դավթյան - Մարիամյան վարժարան
Անի Անդրեասյան - Մարի Մանուկյան վարժարան
Խաչիկ Ջանոյան - Թեքեյան շաբաթօրյա դպրոց
Ոսկան Մխիթարյան - «Մխիթարյան հայրեր» վարժարան
Վիգեն Հակոբյան - Ալեք եւ Ռոզ Փիլիպոս դպրոց
Նոռա Գուլումյան - Փասադենիայի դպրոց
Իրինա Սիմոնյան - Իրանահայ միության շաբաթօրյա դպրոց եւ
ՀԲԸՄ Բարձր դպրոցի, Հայ քույրերի ակադեմիայի, Շառլոտ եւ Էլիզ Մերդինյանի, Կրթական ուսուցողական դպրոցի, Սուրբ Հովհաննեսի շաբաթօրյա դպրոցի, Հայակական ընտանեկան շաբաթօրյա դպրոցի, Արշակ ՏԻգրանյանի, Սահակ - Մեսրոպ հայկական քիրստոնյա դպրոցի, Կալիֆորնիա, UCLA Հայկական կրթական հիմնադրամ, Մաշտոց քոլեջի, «Քնար» դպրոցի, Միացյալ երտասարդաց հայկական շաբաթօրյա դպրոցի, «Լեւոն եւ Հասմիկ Թավլյան» նախակրթարանի, «Ռոն եւ Գոհարիկ» դպրոցի, Արի Կիրակոս Մինասյան հայկական դպրոցի, Հայկական Մեսրոպյան նախնական եւ բարձր դպրոցի, Թուֆենկյան դպրոցի, թվով` 27 կրթօջախների ներկայացուցիչներ:


Բացումը կատարեց ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության եւ հեռահաղորդակցման վարչության պետ Տիգրան Հարությունյանը: Նա ողջունեց եւ ներկայացրեց մասնակիցներին:

Լոս Անջելեսից տեսահամաժողովի բոլոր մասնակիցներին ողջունեց Իրանահայ միության փոխնախագահ պրն. Թոմ Ալեքսանյանը: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը` ինտերնետային հեռուստակամուրջի միջոցով հայկական կրթօջախների հիմնախնդիրների քննարկման շուրջ տեսահամաժողով կազմակերպելու հնարավորություն ընձեռելու համար:

Այնուհետեւ խոսեց Փիրումյանը. նա ողջունեց ներկաներին եւ կարեւորեց միջոցառման նշանակությունը, մաղթեց որ այն դառնա իրական կամուրջ Հարավային Ամերիկայի հայկական դպրոցների եւ Հայրենիքի միջեւ: Նա նշեց, որ մի քանի անգամ մասնակցել է ԿԳՆ-ի միջոցառումներին, խոսեց սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման եւ կրթական համաժողովների մասին, Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության կատարած աշխատանքը համարեց առաքելական մեծ գործ Սփյուռքի կրթական խնդիրների լուծման հարցում:

Երկրորդ ելույթ ունեցողը` Լոս Անջելեսից Վազգեն Մուշեղյանը, (Չամլիյան դպրոց) նշեց, որ Հայաստանից երկու անգամ այցելել են իրենց դպրոց: Նա կարեւորեց հատկապես ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանի այցելությունը, որի ժամանակ նախարարուհին հույս է հայտնել, որ Լոս Անջելեսի դպրոցները պետք է մատաղ սերնդի հայեցի կրթության, հայոց լեզվի, հայոց պատմության դասընթացների կազմակերպման պատվավոր գործի իրականացնողները լինեն:

Սկսեցին ելույթ ունենալ կրթօջախների տնօրենները, ուսուցիչները.

Մանուկյան - Դեմիրճյան դպրոցի ներկայացուցիչ. «Պետք է համալիր կարգով լուծել կրթության, դասագրքերի, ուսուցիչների պատրաստման եւ վերապատրաստման գործընթացը»: Նա հայ դպրոցների առջեւ ծառացած խնդիրներից կարեւորագույնը համարեց հայ համայնքների համար լիդերների պատրաստումը: Այնուհետեւ խոսեց հայկական սփյուռքից աշակերտական խմբերի Հայաստան այցելությունների կազմակերպման անհրաժեշտության մասին:

Ռուբինա Փիրումյանի մտահոգությունն էր վերջին տարիներին ամերիկահայ գաղթօջախներում «հոծացած արեւելահայերենով խոսող հատվածի հայեցի կրթության խնդիրը»: Ըստ նրա պետք է Հայրենիքում լրջորեն մտածեն, դասագրքեր պատրաստեն նրա կրթական կարիքները հոգալու, ինչպես նաեւ միասնական ուղղագրության անցնելու հարցերի մասին:

Դպրոցներից մեկի տնօրենը իր խոսքում կարեւորեց հայ երեխաների` Հայաստան այցելելու, այնտեղ մեկ-երկու ամիս ապրելու, Հայաստանի մշակույթին, պատմությանը, ժողովրդին, նրա կենցաղին ծանոթանալու խնդիրը, ըստ նրա, պետք է քայլեր ձեռնարկել, որ Սփյուռքի «երեխաներն ավելի հաճախ եւ կազմակերպված այցելեն հայրենիք»: Այս կերպ նպաստավոր պայմաններ կստեղծվեն Հայրենիքին կապվելու, Հայաստանը ճանաչելու համար:

Տիկին Հրանուշ Հակոբյանը հիացմունքով խոսեց «Ռոզ եւ Ալեք Փիլիպոս» դպրոցի մասին, որտեղ եղել էր իր` ԱՄՆ աշխատանքային այցի ժամանակ: Նա չի մոռացել, որ դպրոցն ուներ գրադարանը Հայաստանում տպագրվող եւ ուսումնական, եւ մեթոդական-օժանդակ, եւ մանկական գրականությամբ համալրելու խնդիր: Եվ ընդհանրապես, ամերիկյան հայ դպրոցներին դեռեւս չեն հասել Հայաստանում նոր տպագրված գրքերը, սակայն, նախարարուհին վստահեցրեց, որ ամերիկահայ դպրոցները կստանան այդ դասագրքերը: Համեմատություն անցկացրեց նաեւ Ալեք Մանուկյանի անունը կրող դպրոցի անցյալի ու ներկայի միջեւ. մի քանի տարի առաջ նախարարուհին եղել էր այս դպրոցում եւ ցավ էր ապրել, տեսնելով, որ այն ամբոջապես վերածվել է անգլիական դպրոցի: Սակայն, ի ուրախություն Հ. Հակոբյանի, 2008 թ. աշնանը նա դպրոցը տեսել է հիմնովին հայկական. դպրոցն ապրում է հայկական կյանքով, մանկավարժներն այստեղ հաջողությամբ իրականացնում են հայեցի կրթության ու դաստիարակման գործը:

Տիկին Հ. Հակոբյանը, ի պատասխան հայրենիք երեխաների այցելություններ կազմակերպելու մասին ելույթ ունեցողի հարցադրման, նշեց, որ այդ ցանկությունը համահունչ է հայապահպանության նպատակով ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Արի տուն» ծրագրին: Այդ ծրագրի շրջանակներում Հայաստան կայցելեն 15-25 տ. բազմաթիվ սփյուռքահայ պատանիներ եւ երիտասարդներ: «Մենք պատրաստ ենք հյուրընկալել հազարավոր երեխաների, որոնց հանգիստը կզուգորդվի Հայրենիքի ճանաչողության հետ: Այստեղ նրանք կապրեն հայ ընտանիքներում, կմասնակցեն հայոց լեզվի դասընթացների, կծանոթանան պատմամշակութային հուշարձաններին: Այդ ընթացքում պետք է անել ամեն ինչ, որպեսզի այդ երիտասարդների վերացական, երեւակայական հայրենիքը դառնա իրական, եւ նրանք տուն վերադառնան հայ դարձած», - նախարարուհու այս խոսքերին Լոս Անջելեսը պատասխանեց ծափահարություններով:

ՀՀ ԿԳՆ սփյուռքի հետ կապերի գլխավոր մասնագետ Թամարա Զալինյանը խոսեց սփյուռքահայ աշակերտներին դասագրքերով ապահովման ուղղությամբ իրենց ձեռնարկած քայլերի մասին, հայտնելով, սակայն, որ ԱՄՆ-ի հայ դպրոցները իրենց մինչեւ հիմա ոչ մի հայտ չեն ներկայացրել: Նա նշեց նաեւ, որ նախարարությունը սկսել է հայերենը որպես երկրորդ լեզու (անգլախոս երեխաների համար) դասագրքի եւ ծրագրի ստեղծման աշխատանքները:

Լոս Անջելեսից առաջարկեցին պատրաստել 20-25 րոպեանոց տեսաֆիլմ` հայոց պատմության, մշակույթի, ազգի մեծերի մասին, որն անհրաժեշտ է սփյուռքահայ երեխաների հայեցի դաստիարակության գործի կազմակերպման համար:
«Ալեք եւ Ռոզ Փիլիպոս» վարժարանից Վիգեն Հակոբյանը հայտնեց այն միտքը, որ Սփյուռքում մեծացող երեխայի համար «հայեցի դաստիարակության խնդիրն ունի նաեւ հոգեբանական եւ ընկերաբանական - մարդկային իմաստ. Հայաստանում եւ Սփյուռքում ապրող հայ երեխաները պետք է այս առումով դառնան միասնական. սփյուռքահայ լինելով հանդերձ, մեր երիտասարդները դառնան հայաստանցի եւ հակառակը»:

Նախարարը կրկին խոսելով «Արի տուն» ծրագրի մասին, մատնանշեց, որ այն պետք է ամենից առաջ նպաստի Հայաստան - հայրենիքը եւ միմյանց ճանաչելուն. «Կարեւոր չէ, - ասաց նա, - թե որտեղ ենք ծնվել. բոլորս հայ ենք, հայաստանցի ենք»:

«Արի տուն» ծրագրով, - ասաց Ռուբինա Փիրումյանը, - մենք շատ ենք խանդավառված»:

Այնուհետեւ խոսակցություն ծավալվեց հայերենի ուսուցման ընթացքում նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունների օգտագործման անհրաժեշտության հարցի շուրջ: «Արշակ Տիգրանյան» դպրոցի ներկայացուցիչ Վարդգես Կուրոյանը նշեց. «Ներկայիս պայմաններում գիրքը տեղի է տալիս համակարգչային միջոցներին, նորագույն մեթոդներին, ինտերնետային հնարավորություններին: Եվ, քանի որ դեռեւս չկան էլեկտրոնային միջոցներով հայերենի կրթական ծրագրեր, դասագրքեր, հայերենը չի ստացվում դարձնել նույնքան հրապուրիչ, գրավիչ, որքան անգլերենն է»: Ի պատասխան հարցադրմանը, ՀՀ ԿԳՆ սփյուռքի հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Զալինյանն ընդգծեց, որ նախարարությունն ներկայումս աշխատանքներ են տարվում CD խտասալիկներով համալրված դասագրքերի մշակման, հրատարակման ուղղությամբ: ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանն ընդգծեց. «Խտասալիկները պատրաստելիս պետք է այնտեղ ներառվեն նաեւ յուրաքանչյուր տարածաշրջանին հատուկ նյութեր, հաշվի առնվեն տվյալ տարածաշրջանի, երկրի առանձնահատկությունները: Նույն դասագիրքը չի կարելի ուղարկել եւ Արգենտինա, եւ ԱՄՆ: Բացի այդ ԿԳՆ-ն, դասագրքեր պատրաստելիս հաշվի է առնում, որ դրանք օտարախոս հայ երեխաների համար են»: Կուրոյանը կրկին խոսելով, անհրաժեշտ համարեց դասագրքերն ստեղծելիս Հայաստանի եւ սփյուռքի մասնագետների եւ մանկավարժների ուժերը համատեղելը: Թամարա Զալինյանն ավելացրեց, որ իրենք արդեն վերոհիշյալ նկատառումներով հայ կրթօջախների համար դասագրքեր ստեղծելու որոշակի փորձ ունեն. Իրանի համար այդ եղանակով թարմացվել են դասագրքերը, Իրանի հայ դպրոցները համալրված են դասագրքերով, Հայաստանից մասնագետ է գործուղվել Սիրիա, 8 ամիս աշխատել այնտեղ, որի արդյունքում ստեղծվել է հայոց լեզվի դասավանդման առարկայական ծրագիր, դասագիրք, աշխատանքային տետրեր: Տիկին Հ. Հակոբյանն առաջարկեց կրթական խնդիրները քննարկելու, ծրագրեր մշակելու նպատակով ստեղծել ԱՄՆ-ի դպրոցների մանկավաժների մի աշխատախումբ:

Ռուբինա Փիրումյանն այս անգամ խոսեց այն մասին, որ ամենօրյա վարժարաններում երեխաների թիվն օրավուր պակասում է, հայ երեխաների մեծ մասը հաճախում է մեկօրյա (շաբաթօրյա, կիրակնօրյա) դպրոցներ:

«Դավթյան-Մայրամյան» դպրոցի տնօրեն Ջանիկ Ծատուրյանը, նախ ներկայացրեց, որ Իրանահայ միությանը պատկանում է 26 հայկական կիրակնօրյա դպրոց, եւ հետո խոսեց իրենց մտահոգող խնդրի մասին. 50.000 հայ երեխա է հաճախում ամերիկյան պետական դպրոցներ, եւ դա այն պատճառով, որ քիչ են հայկական դպրոցները: Դեռես 21 տարի առաջ իրենք ԱՄՆ-ում արդեն ահազանգ են հնչեցրել, առաջադրելով «Պայքար ձուլման դեմ» նշանաբանը: Նա այդ խնդիրը համարեց Իրանահայ միության դպրոցներում աշխատող 55 ուսուցիչների խնդիրը: Պետք է որպես իրողություն ընդունել, ցավոք, «որ անգլախոս հայ երեխա ենք մեծացնում, որ նույնիսկ հայկական դպրոց հաճախող երեխաների մեծ մասը անգլախոս է»: Ջ. Ծատուրյանն առաջարկեց սկսել հիմնախնդրի ընդհանուր հոգեբանական վերլուծությունից:

Մխիթարյան հայկական դպրոցի տնօրեն Ոսկան Մխիթարյանն այս խնդրին անդրադառնալով, հայ աշակերտության մեծ մասի` ամերիկյան դպրոցներ հաճախելու պատճառներից մեկը համարեց ազգային վարժարանների թանկությունը: Շատ հայ ընտանիքներ ուղղակի չեն կարողանում վճարել հայկական դպրոցի համար: Բացի դրանից, Կալիֆորնիայում հայկական հոգեւոր-մշակութային օջախների (հատկապես` ազգային թատրոնի) պակասը եւս նպաստում է հայ երեխաների` ազգային հոգեւոր - մշակութային արժեքներին մոտ կանգնելու ցանկությունից, դրա անհրաժեշտության գիտակցումից, ազգային արմատներից հեռանալուն, հետեւաբար` ազգային կրթություն ստանալը չի դառնում անհրաժեշտություն: Իհարկե, ըստ Ոսկան Մխիթարյանի, հայրենի պետության օգնության կարիքը միշտ էլ զգացվում է, սակայն նախեւառաջ, իրենք տեղում պետք է լուծել համայնքին, նրա կրթական կարիքներին վերաբերող խնդիրները:

Թեքեյան շաբաթօրյա դպրոցից Խաչիկ Ջանոյանն անհրաժեշտ համարեց լուծել մեկօրյա դպրոցների համար այլ դասագրքեր ստեղծելու խնդիրը, քանի որ, ի տարբերություն լիօրյա դպրոցների, այստեղ պարապմունքները տեւում են 2-3 ժամ, որը բավարար չէ ծրագիրը կատարելու համար: Նա, միաժամանակ, իրենց նպաստը նույնպես ներդնելու պատրաստակամություն հայտնեց, եթե միայն Հայաստանում սկսեն այդ գործը:

Իրանահայ միության շաբաթօրյա դպրոցի պատասխանատու Իրինա Սիմոնյանը ներկայացրեց այն մասին, որ իրենց դպրոցում նույնպես դասերն ընթանում են 3 ժամ, ունեն 160 աշակերտ: Սակայն խնդիրն այն է, որ ամերիկահայ երեխաների համար հատուկ դասագիրք չկա, իրենք Իրանից են բերել դասագրքերը, որոնք գրված են եղել իրանահայ երեխաների համար:

Տիկին Հրանուշ Հակոբյանն իր պատասխան խոսքում առնձնացրեց երկու կարեւորագույն խնդիր. առաջինը կիրակնօրյա դպրոցների ստեղծումն է, որոնց մեծ տեղ հատկացրեց (հատկապես` Ռուսաստանում): Կրթության եւ գիտության նախարարության հետ միասին, ասաց տիկին Հակոբյանը, պետք է աշխատեն նրանց համար` տեղական առանձնահատկությունների եւ պահանջների հաշվառմամբ հայոց լեզվի, հայոց պատմության առարկայական ծրագրերի, դասագրքերի ստեղծման ուղղությամբ, եւ երկրորդ` մասնագետ ուսուցչական կադրերի պատրաստումը Սփյուռքի հայ կրթօջախների համար: Նա նշեց, որ հայագիտական առարկաներ ուսանել ցանկացող սփյուռքահայ երիտասարդների համար հայրենական կառավարությունը հատկացրել է պետպատվերի տեղեր, «ցանկացած երկրից հայրենիք եկած հայ երիտասարդը հայոց լեզու, գրականություն, պատմություն, արվեստ կարող է սովորել անվճար» (նախարարուհու այս խոսքը տեսահամաժողովի` Լոս Անջելեսի մասնակիցների կողմից նույնպես ընդունվեց ծափահարություններով): Այնուհետեւ տիկին Հակոբյանը կարեւոր խնդիր համարեց նաեւ ուսուցիչների վարձատրությունը, այն, որ ուսուցիչը պետք է այնպես վարձատրվի, որ ցանկանա աշխատել, իսկ երիտասարդներն էլ` ձգտեն սովորել մանկավարժի մասնագիտությամբ: Այս խնդիրը հրատապ նշանակություն ունի, քանի որ վերջին տասից ավելի տարիների տվյալներով Սփյուռքից Հայաստանի բուհերում մանկավարժի մասնագիտությամբ գրեթե ոչ մի երիտասարդ չի սովորել: Համայնքներում եւս պետք է աշխատեն այս ուղղությամբ:

Հրանուշ Հակոբյանը ԵՊՀ-ում ՀՀ սփյուռքի նախարարության անմիջական նախաձեռնությամբ բացված սփյուռքագիտության ամբիոնի խնդիրներից մեկը համարեց հայագիտական կադրերի պատրաստումը: «Ամբիոնում պետք է ուսուցանվեն հայ գաղթօջախների պատմությունը, արեւմտահայերենը, էթնիկական-ազգային հոգեբանություն, պատրաստվեն արեւմտահայերենի մասնագետներ, եւ, ընդհանրապես` ուսումնասիրվի, թե ի՞նչ պետքեր ունի Սփյուռքը», - ասաց նա: Ուսուցչական կադրերի հարցում համայնքները եւս պետք է գործ անեն, իրենց մոտ գտնեն երիտասարդների, որոնք կցանկանան ուսուցչի մասնագիտություն ձեռք բերել եւ աշխատել իրենց համայնքների հայկական դպրոցներում: Համայնքները պետք է նաեւ միջոցներ գտնեն հայոց լեզվի, հայոց պատմության մասնագետներ պատրաստելու նպատակով Հայաստան` երիտասարդների նպատակային ուսուցման ուղարկելու համար:

Տեսահամաժողովին իր նկատառումները հայտնեց նաեւ Դավիթյան -Մայրամյան դպրոցի տնօրեն Օնիկ Հայրապետյանը. հայկական դպրոցներն ունեն տեսալսողական միջոցների` տեսաերիզների, խաղերի, մուլտիպլիկացիոն ֆիլմերի կարիք, այբբենարանի ուսուցումը մեծ հաջողություն կունենար, «եթե այն մշակվեր տեխնիկական միջոցների օգտագործմամբ, այլ հետաքրքիր ձեւերով, որպեսզի երեւույթները շլացուցիչ դառնան եւ գրավեն աշակերտներին»: Նա համամիտ է նախարարուհու` Կալիֆորնիայում կրթական աշխատախումբ ստեղծելու գաղափարին, որի նպատակը կլինի ծրագրերի եւ դասագրքերի մշակումը եւ կարեւորեց հատկապես, որ այդ ծրագրերը հեռանկարային լինեին` 5, 10 տարիների համար, որից հետո կշարունակեին կրկին վերլուծել, տեսնել հետագա խնդիրները: Օնիկ Հայրապետյանը տեղեկացրեց, որ իրենց դպրոցներում իրենց իսկ մշակած ծրագրերով եւ դասագրքերով են հիմնականում դասավանդում:

Փասադենայի հայկական դպրոցի ուսուցչուհի Նորա Գույումջյանն իր խոսքում կարեւորեց այն, որ պետք է Հայրենիքի կողմից սփյուռքահայ աշակերտների խրախուսման համակարգ ստեղծվի, մասնավորապես, շնորհվեն մրցանակներ: Տիկին Հ. Հակոբյանն հավաստիացրեց, որ մրցանակներ պետք է շնորհել ոչ միայն աշակերտներին, այլեւ` ուսուցիչներին, դպրոցների տնօրեններին: Նախարարությունը հենց այս օրերին աշխատանք է տանում փետրվարի 21-ը` որպես մայրենիի տոն, համապետական, համազգային տոն նշելու ուղղությամբ, կոչ անելով Սփյուռքում նույնպես այն նշել: ՀՀ սփյուռքի նախարարությունը այդ օը համարում է մեկնարկային հայոց լեզվին - մայրենիին նվիրված միջոցառումների շարքում, իսկ հաջորդ տարի նույն օրը` ամփոփիչ, որի ժամանակ մրցանակներ կհանձնվեն տարբեր անվանակարգերում, այդ թվում «Տարվա լավագույն ուսուցիչը», «Տարվա լավագույն տնօրենը», «Տարվա լավագույն աշակերտը»:

Հրանուշ Հակոբյանը խոսեց նաեւ նախարարության մի շարք միջոցառումների մասին, որոնք կիրականացվեն 2009թ.: Հայ իրավաբանների, ճարտարապետների, գործարարների, ՀՀ բուհերի սփյուռքահայ շրջանավարտների համահայկական հավաքները Երեւանում կազմակերպելով, նախարարությունը նպատակ ունի ստեղծել աշխարհում հայ ներուժի մասնագիտական ցանց եւ զարգացնել բացի ուղղահայաց Սփյուռք - Հայրենիք,նաեւ` Սփյուռք - Սփյուռք զուգահեռ կապերը:

Լոս Անջելեսից Թոմ Ալեքսանյանը կրկին շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարից, պատմական իրողություն համարեց հեռուստակամուրջի միջոցով կրթության խնդիրներին նվիրված տեսահամաժողովի կայացումը, որն, անշուշտ կնպաստի Հայրենիքն ու Սփյուռքը կամրջելուն:

Տեսահամաժողովին իր եզրափակիչ խոսքում նախարարուհին կարեւորեց Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների դերը Սփյուռքի հետ տարվող աշխատանքներում: Հայաստանի դեսպանատները, հյուպատոսական ծառայությունները պետք է միջնորդի դեր կատարեն ՀՀ սփյուռքի նախարարության` եւ Սփյուռքի մջեւ, օգնեն լուծելու խնդիրներ` Հայաստան - Սփյուռք գործակցության զարգացման ճանապարհին: Մասնավորապես` Լոս Անջելեսի հյուպատոսությանը կից, նախարարուհու հավաստմամբ պետք է կազմվի կրթական խումբ` օգնելու Սփյուռքի նախարարությանը եւ կրթօջախներին հայեցի կրթության եւ դաստիարակության խնդիրները լուծելու գործում: «Մենք պետք է ուժեղ, կարող Հայրենիք եւ ուժեղ Սփյուռք ունենանք» խոսքով եւ տեսահամաժողովի մասնակիցներին մեծապես շնորհակալություն հայտնելով տիկին Հրանուշ Հակոբյանը փակեց հեռուստակամուրջը:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Մարտ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

 

Վեհափա՛ռ Տէր,

Ի սրտէ եւ խոր ակնածանքով կը շնորհաւորեմ Ձեզ, Ձեր ծննդյան յոբելինական տարեդարձի ուրախ առիթով:

Անկասկած, լուսաւոր այս ծնունդը նախ լոյս սփռեց հայկական օջախի մը մէջ, որ դարձաւ սնուցող աղբիւրը հայրենանուէր զաւակի։ Դուք Ձեր անսահման նուիրումով, բեղուն գործունէութեամբ եւ ստեղծագործ մտքի շնորհիւ դարձաք բազմահազար հայերու շէնշող փարոսը:

27.01.2017  |  Ելույթներ

Հունվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց բանակի օրվան նվիրված հանդիսավոր ցերեկույթ՝ հայրենադարձ ազատամարտիկների, սփյուռքահայ ներկա զինծառայողների, պետական պաշտոնյաների, Համահայկական կառույցների երևանյան գրասենյակների, ինչպես նաև սիրիահայերի աջակցության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: