Ելույթներ

2018-08-18
«Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակում սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի ելույթը ՀՀ պաշտպանության նախարարությունում

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:


Դեռևս մեկ շաբաթ առաջ՝ մեր առաջին հանդիպման ժամանակ, ես վստահություն հայտնեցի, որ դուք պարզապես սիրահարվելու եք Հայաստանին: Ու հիմա նայելով ձեր փայլող, արևոտ աչքերին՝ ես զգում եմ, որ իմ վստահությունը անհիմն չէր: Սակայն այս առեղծվածային, հզոր ու խենթ գույների երկիրը ճանաչելը հեշտ չէ, ու վստահ եմ, որ դուք ձեր հայրենիքը հասկանալու, զգալու ճանապարհը կիսատ չեք թողնելու ու էլի ու էլի գալու եք: Գալու-գնալու, գալու-մնալու եք, ընդմիշտ մնալու եք:


Չեմ ուզում շատ խոսել հայրենասիրությունից, որովհետև գիտեմ՝ ձեզնից յուրաքանչյուրը յուրովի է սիրում Հայաստանը, ու ես լիովին հասկանում ու հարգում եմ յուրաքանչյուրիդ ընկալումները: Դրանք ինձ համար աննկարագրելի թանկ են: Չգիտեմ՝ ձեզանից քանիսն են եղել զորամասում կամ սահմանին, սակայն ովքեր գոնե մեկ անգամ շփվել են մեր զինվորների հետ, զգացած կլինեն այն անհավանական մեծ, տիեզերական ոգին, որ տղաներն ունեն: Նրանք բարձր պատասխանատվության ու ուժեղ կամքի տեր, հասուն մարդիկ են, և նրանց մենք վստահել ենք ամենակարևորը՝ մեր պետության պաշտպանությունը: Դա նրանք անում են առանց վարանելու, անում են լավագույն կերպով: Եկե՛կ ուժեղ, բարձր ծափահարենք մեր զինվորների, հայոց բանակի համար:


Ձեզնից շատերը կհիշեն 2016-ի Ապրիլյան պատերազմը: Սփյուռքը մեր կողքին կանգնեց ոչ միայն ֆիզիկապես: Գիտեմ, որ ձեզնից շատերը, ձեր ծնողները փորձել են այդ օրերին անել նույնիսկ անհնարինը: Հայաստանի ողջ ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնում սփյուռքի յուրաքանչյուր ներկայացուցչին աջակցության ու հոգատարության համար: Սփյուռքն այդպես միավորվել էր Արցախյան հերոսամարտի տարիներին, երբ հաղթեցին մեր հայրերը, միավորվեց նաև ամիսներ առաջ՝ թավշյա հեղափոխության ժամանակ, երբ հաղթանակեցինք մենք բոլորս:  


Հեղափոխությունից հետո շատ սփյուռքահայ երիտասարդներ վերադարձան Հայաստան ծառայելու նպատակով: Դեռևս մեկ տարի առաջ կարող էր անհավանական թվալ, սակայն այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետի, պաշտպանության նախարարի որդիները ծառայում են Արցախի պաշտպանության բանակում: Սա խոսուն ազդակ է:


Հավատացեք՝ հայ զինվորը տարբերվում է իր տեսակով, նա իր հողի վրա ամուր կանգնած, իր ուժերի մեջ վստահ, իր զինակիցներին սատարող, իր թիկունքի ամրությանը չկասկածող տեսակն է: Ու այդ տեսակը կա նաև ձեր մեջ, և դա փոխանցվել է ձեզ պատմության ու հիշողության ուժով, նաև ձեր ծնողների շնորհիվ: Ես ուզում եմ, որ այդ որակներից դուք չնահանջեք երբեք: Մեր խոհեմության, ինքնավստահության, մարդասիրության միջոցով ենք մենք պահպանում մեր ինքնությունը, մեր դատը, հողը, հաղթանակը, խաղաղության մեր երազանքը:


Դուք էլ մեր զինվորներն եք Հայաստանից դուրս, դուք սփյուռքում հայերենի, հայապահպանության դիրքերի պաշտպաններն եք: Եվ ուրեմն՝ նույնչափ բարձր և ուժեղ ծափահարեք ինքներդ ձեզ:


Շատ, անչափ շատ կցանկանայի, որ դուք գոնե մեկ անգամ լինեք նաև Արցախում: Նրա գեղեցկությունից, գույներից, բացվող հորիզոններից պարզապես կկորցնեք ժամանակի, աշխարհի զգացողությունը: Ձեզ կթվա, որ տիեզերքի մի փոքրիկ անկյունում նոր աշխարհ եք բացահայտել: Ու ձեզ կզարմացնի հատկապես Արցախի ժողովուրդը, որն իր տոկունությամբ, աշխատանքով, խաղաղասիրությամբ ամիսներ ու տարիներ շարունակ պաշտպանում է իր երազային երկրի հարավ-արևելյան սահմանը։ Արցախցիներն են նաև մերօրյա հերոսները, Արցախն ինքը մեր օրերի հերոսն է։


Աշխարհում հատուկենտ ժողովուրդներ կան, որ գիտեն խաղաղության ու հաղթանակի գինն այնպես, ինչպես մենք: Երեկ լրացավ հեղափոխության հաղթանակի հարյուր օրը: Հուսամ՝ դուք զգացել ենք այն աներևակայելի ոգևորությունը, որ տիրում էր Հանրապետության հրապարակում: Դուք նայել եք մարդկանց աչքերին ու տեսել նոր հայացքներ, որ ի լուր աշխարհի նորից հայտարարեցին` մենք անսասան ենք ու հաստատակամ, մենք ենք մեր երկրի, նրա նոր, չապականված, չտրորված ճանապարհի, մեր ճակատագրի տերը: Մենք` և ոչ այլ ոք։ Ուրեմն՝ կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցեն Արցախն ու Սփյուռքը, կեցցենք մենք, որ ապրում ենք ազատ ու երջանիկ Հայաստանում:


Ձեզ ասել ու դարձյալ ասում եմ՝ դուք նոր Հայաստանում եք տանտիրոջ կարգավիճակով: Ու այսուհետ այդպես է լինելու միշտ: Ու այսուհետ յուրաքանչյուր հայ, ուր էլ լինի, պիտի իմաման, որ իր թիկունքին է ժողովրդավար, անկախ Հայաստանի Հանրապետությունը: Ու այսուհետ որևէ կասկած չպիտի լինի, որովհետև այս ընթացքն անշրջելի է:


Նորից վերադառնանք մեր ծրագրին: Ի սկզբանե ցանկացել եմ, որ հատկապես Պաշտպանության նախարարի հետ հանդիպեք: Ես գիտեմ, որ դուք հարցեր ունենք, ու էլ ով, եթե ոչ Դավիթ Տոնոյանը կարող է լավագույնս պատասխանել այդ հարցերին: Պարո՛ն Տոնոյան, շնորհակալ եմ մեր ծրագրի մասնակիցներին այս հնարավորությունն ընձեռելու համար: Վստահաբար նրանցից ոմանց հետ դուք դարձյալ կհանդիպեք, բայց այս անգամ արդեն զինվորական շարքերում:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Նոյեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: