Ելույթներ

2018-01-26 19:01:00
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը «Ժամանակ» օրաթերթի 110 ամյակի և մատենաշարի հրատարակման առթիվ

Անգնահատելի է հայ պարբերականների դերն ու առաքելությունը մեր պատմության, մշակույթի, ազգային ինքնության պահպանման գործում, մասնավորապես՝ Սփյուռքի պարագայում: Լրագրության վերաբերյալ հաճախ է հիշատակվում հայտնի ոսկե կանոնը. յուրաքանչյուր զանգվածային լրատվության միջոց պետք է կատարի երեք գործառույթ՝ տեղեկացնել, կրթել և զվարճացնել: Ես հաճախ եմ թերթում սփյուռքյան մեր պարբերականները, ձեռքս վերցնում դրանց հին ու նոր համարները, և ակնահայտ է մեկ բան. Հայրենիքից հեռու՝ օտար մշակույթների և քաղաքակրթությունների միջավայրում, հայկական լրագրության նվիրյալները լավ են գիտակցել ու գիտակցում, որ տեղեկացնել- զվարճացնելուց զատ ունեն մեկ ընդհանուր նպատակ ևս՝ հային հայ պահել, հայ երիտասարդին հայեցի դաստիարակել, ամեն ինչից բարձր դասել հայ ինքնությունը, արժեքները, ավանդույթները:


110 տարի առաջ Կ. Պոլսում ժամանակի թելադրանքով կամ գուցե ժամանակից անկախ սկսեց լույս տեսնել մի օրաթերթ, որ պիտի անխափան լիներ իր երթի մեջ, կարճ ընթացքում դառնար պոլսահայ համայնքի առօրյայի անբաժան մասն ու ընկերը: Ինչ խոսք, ստեղծման օրվանից «Ժամանակը» դարձավ ժամանակի շունչը, քայլեց, պատմություն ստեղծեց, վավերագրություն դարձավ և՛ ժամանակի մեջ, և՛ ժամանակից անդին: Միսաք և Սարգիս Գոչունյան եղբայրները, որ Պոլսում հայտնի անհատականություններ էին, հայ կյանքի, թուրքահայ իրականության լավ գիտակներ, հիմնադրեցին մի թերթ, որը ոչ միայն նկարագրում, ներկայացնում էր համայնքի կարևոր իրադարձություններն ու երևույթները, այլև ընթերցողին հաղորդակից դարձնում հայ մտավորականների գրչին ու մտքին: Միսաք Գոչունյանը, կամ ինչպես ընդունված էր նրան դիմել համայնքում՝ Քասիմը, իմաստուն այր լինելով՝ իր շուրջ հավաքեց ժամանակի հայ մտավորականների սերուցքին՝ Գրիգոր Զոհրապին, Զապել Եսայանին, Երվանդ Օտյանին, Ռուբեն Սևակին, Վահան Թեքեյանին, Ռուբեն Զարդարյանին, Երուխանին, երևելի շատ այլ այրերի, որ հայեցի կրթում և հայկականություն էին սերմանում հայության մեջ: Երանելի են եղել այն ընթերցողները, ովքեր այս հանճարեղ գրողների ստեղծագործություններն առաջին անգամ կարդացել են «Ժամանակի» էջերում, անհամբեր սպասել թերթի մյուս համարներին: Պատմում են, որ թերթը տնից տուն է անցել, և առանձնահատուկ եղել նաև նրանով, որ դարձել է պոլսահայ համայքնի բոլոր շերտերի խոսափողը:


«Ժամանակը» միշտ էլ հիանալի է զգացել ժամանակի շունչն ու փորձել է լինել նորարական ու հետաքրքիր: Հպարտությամբ կարելի է նշել, որ հասարակական գործիչ, գործարար Սարգիս Գոչունյանը Թուրքիայի առաջին գովազդային գործակալություններից մեկի հիմնադիրն էր, մի երևույթ, որ դեռևս հատուկ էր միայն եվրոպական զարգացած ազգերին: Նա օժտված է եղել ստեղծագործ ջիղով, գործարար մտածողությամբ և բազմակողմանի զարգացած անհատ է եղել: Դեռևս դար առաջ «Ժամանակը», չզիջելով արևմտյան հայտնի պարբերականներին, հրապարակում էր գովազդներ ու վիճակահանություններ, և երբ հիմա երբեմն ձեռքս եմ վերցնում արդեն դեղնած, հարյուր տարեկան այդ թերթերը, հիանում եմ ցուցաբերված պրոֆեսիոնալ մոտեցմամբ, լրագրողական ժանրերի, ոճերի գեղեցիկ համադրությամբ:


Ինձ համար՝ որպես նախարարի, սփյուռքի կյանքով ապրող մարդու կամ պարզապես ընթերցողի, կարևոր է նաև, որ «Ժամանակ» թերթը գործեց նաև Հայոց ցեղասպանության ողբերգական տարիներին: Իհարկե, այս բազմակողմանի, չընդհատվող գործունեության մեջ անուրանալի է նաև Գոչունյան ընտանիքի կանանց ներդրումը, ովքեր եղել են կրթված անհատներ, մշտապես աջակցել են իրենց ամուսիններին, հավատացել, որ ժամանակի հեղհեղուկ հոսքի մեջ իրենց «Ժամանակը» պիտի ապրի ու հարատևի:


Թերթի այսօրվա խմբագիրն ու արտոնատերը՝ Արա Գոչունյանը, լինելով Սարգիս Գոչունյանի ծոռը, շարունակում է կրել այդ ազգասեր ընտանիքի ոչ միայն ազգանունը, այլև ավանդույթները: Այսօր, երբ տպագիր թերթերի դարաշրջանը կարծես թե նահանջում է, նա կարողանում է պահել թերթի որակները՝ ցուցաբերելով նորանոր մոտեցումներ: Ուրախ եմ, որ թերթն այսօր ունի նաև իր էլեկտրոնային տարբերակը, և jamanak.com կայքի միջոցով մենք ծանթանում ենք պոլսահայ համայնքի առօրյային, եկեղեցական, մշակութային լուրերին: Գովելի է, որ պարբերականը մշտապես անդրադառնում է Հայաստանում ընթացող իրադարձություններին. 1988-ի երկրաշարժը, անկախացումը, Արցախյան հերոսամարտը պատշաճ լուսաբանվել են թերթի էջերում, և այսօր էլ բազում հայաստանյան լուրեր  տպագրվում են «Ժամանակում»: Գոչունյանները արդեն 110 տարի հավատարիմ կանգնած են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողքին, և սա գնահատելի իրողություն է:


Անչափ ոգևորիչ է, որ այսօր մենք մասնակիցն ենք «Ժամանակ»-ի շնորհիվ տպագրված այս չորս արժեքավոր գրքերի շնորհանդեսին: Վահան Թեքեյան, Ռուբեն Զարդարյան, Երուխան. հեղինակներ, առանց որոնց դժվար է պատկերացնել արևմտահայ գրականությունը: Այս հրատարակությունները մեզ նորովի են ներկայացնում մեր երեք դասական գրողներին, բացահայտում նրանց գործունեության քիչ լուսաբանված էջերը: Սիրով թերթեցի Վահան Թեքեյանի «Կեսարիա» օրագրությունն ու «Երկու դրախտներ» գիրքը, որոնց մեջ նորովի է ներկայանում Թեքեյան-հրապարակախոսը՝ խիզախ մտորումներով, պարզ ու հետաքրքիր լեզվամտածողությամբ, լրջախոհ դիտարկումներով: Ինձ հատկապես տպավորեցին գրողի հետևյալ տողերը. «Պոլիսը՝ ծծնդավայրս, Հայաստանը՝ Հայրենիքս, ա՛լ ուրիշ սիրոյ մը համար տեղ չկա սրտիս մեջ»: Ահա թեքեյանական մեծության գաղտնիքը:


Զարդարյանը իր բանաստեղծություններում, նովելներում ու նույնիսկ հեքիաթներում ազգային ինքնագիտակցության արթնության, համախմբման,  նոր ու ուժեղ հայի կերպարի ստեղծման կոչ է անում, ներկայացնում գեղեցիկն ու վեհը: Այլ է նա այս գրքում ի մի բերված գործերում՝ խոհուն քննադատ, անզիջում քաղաքագետ և նվիրյալ հայ մտավորական:


Դժվար է գերագնահատել Երուխանի հատորյակը, որում ուրվագծվում է եղերաբախտ գրողի՝ իբրև ներհուն մտածողի և հասարակական գործչի հմայիչ դիմանկարը:


Ցավոք, մեր երկու հեղինակներն էլ՝ Ռուբեն Զարդարյանն ու Երուխանը, զոհ գնացին Հայոց ցեղասպանությանը:


Շնորհակալություն նման ծանրակշիռ աշխատանքի համար, իրո՛ք, սրանք բարձրորակ հրատարակություններներ են, խնամքով կազմված, լուրջ գրականագիտական առաջաբաններով և հարուստ ծանոթագրական տվյալներով: Այս գրքերը, վստահ եմ, կդառնան ընթերցողի սեղանի գրքերը, կսիրվեն և կընթերցվեն հաճույքով: Ուրեմն՝ բարի ընթերցում բոլորիս:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Հոկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: