Ելույթներ

2017-10-24 00:00:00
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը «Վենետիկի Մխիթարյան միաբանություն – 300» միջազգային գիտաժողովին

Գերապայծա՛ռ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյան,

Հոգևոր Հայրեր,

Հարգարժա՛ն գիտնականներ, ներկաներ,


Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ, հոբելյան, որի մեկնարկը տրվեց այս տարվա սեպտեմբերին Մխիթարյան միաբանության Մայրավանքում և այսօր էլ շարունակվում է Մայր հայրենիքում:


Երեք դար առաջ հայ հոգևոր մտքի հսկան` Մխիթար Սեբաստացին օտար ափերում` Իտալիայի Սուրբ Ղազար հայոց կղզում ստեղծեց մի հաստատություն, որը տարիների ընթացքում վերածվեց հայ հոգևոր, ուսումնակրթական, գրական, գիտամշակութային և գիտահետազոտական խոշորագույն հաստատության:


Մխիթարյան միաբանությունն անցել է դժվարին, սակայն հետաքրքիր ու բազմաբեղուն ուղի: Դեռևս 1700 թվականին Պոլսում Մխիթարյան միաբանության հիմնադրումից հետո Մխիթար Սեբաստացի աբբահայրը նախ հարկադրված  էր ապաստանել Վենետիկի Հանրապետության տիրապետության ներքո գտնվող Մեթոն բերդաքաղաքում (Հունաստան), ապա 1715 թվականին` Վենետիկում և 1717թ. հաստատվել Սուրբ Ղազար կղզում, որտեղ էլ կյանքի կոչեց դեռևս Սևանա կղզում Միաբանություն հիմնադրելու իր տեսիլքը` կառուցելով իր մենաստանը վանական համալիրով, որը հիմնադրման օրվանից դարձավ համայն հայության հոգևոր և մշակութային վերածննդի փարոս, ազգի լուսավորության և զարթոնքի նշանավոր կենտրոն:


Անհնար է գերագնահատել Մխիթար Սեբաստացու և Մխիթարյանների առաքելությունը հայ գիտամշակութային կյանքի զարգացման գործում: Շարունակելով Սեբաստացու գրական-հայագիտական ազգանվեր գործը` նրա հաջորդները ջերմեռանդ աշխատասիրության, զոհաբերությունների և զրկանքների գնով անվերապահորեն զարգացրին ու խորացրին դրանք` Սուրբ Ղազարը վերածելով կրթության և մշակույթի վերածննդի, համամարդկային և հոգևոր քրիստոնեական արժեքների պահպանման և հայ հետագա սերունդներին փոխանցելու յուրօրինակ հանգրվանի:


Մխիթար Աբբահայրն ու նրա հետևորդները երբեք չնահանջեցին խոչընդոտների և դժվարությունների առաջ և չշեղվեցին իրենց առաքելությունն իրականացնելու ճշմարիտ ուղուց: Մխիթարի ու նրա գործի հետևորդ վանականների ջանքերով իրագործվեցին եվրոպացի նշանավոր գիտնականների աշխատությունների հայերեն թարգմանություններ, հնագույն ձեռագրերի առաջին տպագրություններ, հայագիտական ուսումնասիրություններ, ստեղծվեցին գիտական ընդհանուր ու ճյուղային բառարաններ, կրոնական, պատմական, լեզվաբանական, բնագիտական, տնտեսագիտական և այլ բնույթի աշխատություններ, որոնք հարստացրին ոչ միայն հայկական, այլև համաշխարհային քաղաքակրթության գանձարանը:


Անգնահատելի է Մխիթարյան հաստատության դերը հայագիտության և հայապահպանության գործում: Մեր հոգևոր հայրերը դարեր շարունակ տքնել են հայ ազգին մեծագույն նվիրումով և արդյունքում ստեղծել են ազգային այնպիսի մեծ արժեքներ, որոնք դարեր շարունակ ոչ միայն չեն անհետացել, այլև դարձել են ազգային հպարտության խորհրդանիշեր:


Մխիթար Սեբաստացի Աբբահոր ընտրած ուղու, այն է` «հայկաբանության» շնորհիվ, Մխիթարյան միաբանությունը դարձավ մշակութային ժառանգության և մշակույթի կենտրոն, հայկական մնայուն հաստատություն: Այն նաև հայագիտության կենտրոն է, որտեղ մեր հոգևոր հայրերը ուսումնասիրել և նպաստել են լեզվաբանության, գրականության, պատմության, աշխարհագրության, ազգագրության, կրոնագիտության զարգացմանը:


Մխիթարյան միաբանությունը նաև գիտական կենտրոն է, որտեղ հայագիտությունից բացի ուսումնասիրվում են նաև տարբեր գիտություններ: Հեղինակավոր այս կենտրոնում անգամ օտարերկրացիներն են սովորել հայերեն, բնագրերից ուսումնասիրել մեր գործերը և գրել մնայուն աշխատություններ:


Մխիթարյանների նպաստը ակնառու է նաև բառարանագրության ոլորտում: Մխիթարյան կենտրոններում կատարված բառաստեղծման վիթխարի աշխատանքի վկաներն են այսօր գիտական ընդհանուր ու ճյուղային բառարանները, թարգմանական և ինքնուրույն աշխատությունները:


Բազմաբեղուն է Մխիթարյան հայրերի գործունեությունը. անսահման մեծ է նրանց նվիրումը գիտության տարբեր ճյուղերի զարգացման գործում: Գնահատման և արժևորման են արժանի բոլոր այն հրատարակությունները, որոնք փոխանցվել են մինչև մեր օրերը և անգնահատելի են իրենց բովանդակությամբ և գիտական կշիռով: Մխի­թա­րյան հայ­րե­րը հայ մա­տե­նա­գիր­նե­րի հրա­տա­րա­կու­թյուն­նե­րով, թարգմանություն­նե­րով և հայ մշա­կույ­թի նվի­րու­մով, շա­րու­նա­կե­ցին Մաշ­տո­ցյան ավանդը։ Իր արդիականությամբ և գիտական արժեքով հայագիտության, հայ և համաշխարհային բառարանագրության մեջ աչքի է ընկնում Մխիթար Սեբաստացու` ժամանակի ձեռագիր և տպագիր բառագանձն ընդգրկող «Բառգիրք հայկազյան լեզվի» երկհատոր կոթողային աշխատությունը, որը մինչ օրս շարունակում է մնալ բազմաթիվ ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում:


Այսօր էլ հայ գիտական մտքի գանձարանում իրենց մեծ արժեքն ունեն Միքայել Չամչյանի «Պատմություն հայոց» եռահատորյակը (18-րդ դար), Ստեփանոս Ագոնցի և Ղուկաս Ինճիճյանի «Աշխարհագրություն չորից մասանց աշխարհի» (11 հատոր, 19-րդ դար), Մկրտիչ Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանություն սրբոց...» (12 հատոր, 19-րդ դար), Հարություն Ավգերյանի «Բառարան անգղիերեն և հայերեն» (19-րդ դար) ու «Բառարան հայերեն և անգղիական» (19-րդ դար), Գաբրիել Ավետիքյանի, Խաչատուր Սյուրմելյանի և Մկրտիչ Ավգերյանի «Նոր բառգիրք հայկազյան լեզվի» երկհատորյակը (19-րդ դար), Գաբրիել Այվազովսկու «Համառոտ պատմություն Ռուսաց» (19-րդ դար) և «Պատմություն օսմանյան պետության» երկհատորյակը (19-րդ դար), Հովսեփ Գաթըրճյանի «Տիեզերական պատմություն...» երկհատորյակը (19-րդ դար), Ղևոնդ Ալիշանի «Քաղաքական աշխարհագրություն» (1853 թ.), «Շիրակ» (1881 թ.), «Սիսուան» (1885 թ.), «Այրարատ» (1890 թ.), «Սիսական» (1893 թ.) և այլ աշխատություններ, «Մատենագիրք նախնյաց», «Ընտիր մատենագիրք», «Սոփերք հայկական» մատենաշարերը:


19-րդ դարի վերջից գիտական, գրական, մշակութային կարևոր գործունեությամբ աչքի ընկան այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Գրիգորիս Գալեմքյարյանը, Հակոբոս Տաշյանը, Արսեն Ղազիկյանը, Վարդան Հացունին, Սուքիաս Էփրիկյանը, Մկրտիչ Պոտուրյանը, Ներսես Ակինյանը, Համազասպ Ոսկյանը, Վահան Հովհաննիսյանը, Մեսրոպ Ճանաշյանը, Պողոս Անանյանը, Պողոս-Լևոն Զեքիյանը, Հարություն Պզտիկյանը և ուրիշներ: 


Մխիթարյանների և առհասարակ հայ գիտական մտքի կյանքում շարունակում է իր ծանրակշիռ դերն ունենալ 1843 թվականից հրատարակված «Բազմավեպ» հայագիտական, բանասիրական, գրական հանդեսը, որը հայ ամենահին պարբերականն  է, միևնույն ժամանակ ամենատարեց հանդեսն է Իտալիայում հրատարակվող պարբերականների մեջ և չորրորդը` աշխարհի հնագույն հանդեսների շարքում։


Հանդեսը նոր և խոսուն էջ է հայ գիտական կյանքում և  մեծ ճանաչում ունի ընթերցասեր լայն շրջանակներում: Նրա էջերում լույս տեսած պատմական, բանասիրական, եկեղեցական, լեզվական, գրական և հայ արվեստի վերաբերյալ ուսումնասիրություններն ու այլ բնույթի նյութերն իրենց բովանդակությամբ և խորքային տարողությամբ հերթական վկայությունն են երեքդարյա այս հաստատության հայապահպան գործունեության: 175-ամյա այս գիտական ամսագիրն այսօր էլ շարունակում է իր բեղմնավոր ուղին:


Մխիթարյանների լուսավորչական, կրթական գործունեությունն իր հերթին արտահայտվել է տարբեր վայրերում բացված դպրոցների միջոցով, որոնք երիտասարդ սերնդի շրջանում տարածեցին հայոց լեզուն, հայ մշակույթը, հայ դպրությունը: Այսօր էլ Մխիթարյանների դպրոցները շարունակում են դաստիարակել հայրենասեր, հայկական ինքնությանն ու արմատին նվիրված, իր հայությամբ, իր ազգային պատկանելությամբ հպարտ երիտասարդ սերունդ:


Հոգևոր կենտրոն լինելուց զատ` Միաբանությունը նաև թանգարանային արժեք է ներկայացնում: Այստեղ գտնվող հոգևոր-մշակութային արժեքները ոչ միայն հայկական մշակույթի անգնահատելի կոթողներ են, այլև համաշխարհային մշակույթի արժեքներ: Այսօր էլ իրենց ուսումնասիրողներին են սպասում Միաբանության վանական համալիրում պահվող ավելի քան 150.000 միավոր գրքերն ու 5000 հայկական ձեռագիր մատյանները:


Սիրելի՛  ներկաներ,


Սուրբ Ղազարի հայոց կղզին բոլոր ժամանակներում երբևէ չխամրող, հայ ազգային արժեքների վրա հիմնված մշակութային լույս ճառագող յուրօրինակ կենտրոն է մեզ և օտարների համար, որը համայն հայության համար դարձել է հոգևոր-մշակութային վերածննդի փարոս և ուխտատեղի:


Մեր օրերում էլ Մխիթարյան միաբանությունն իր ստեղծած գիտական վիթխարածավալ մնայուն արժեքներով մեծապես շարունակում է զարգացնել հայ բազմադարյան բեղմնավոր միտքը: Պահպանելով և հարստացնելով միաբանության գիտահետազոտական և մշակութային հսկայական ժառանգությունը` Մխիթարյան հայրերը մուտք են գործում իրենց ծաղկուն մենաստանի և հայկական գիտամշակութային կենտրոնի փառահեղ պատմության չորրորդ հարյուրամյակը` նոր վերածննդի հույսով և ակնկալիքներով: Անշուշտ, նոր դարաշրջանն իր հետ բերում է նորանոր մարտահրավերներ ու խոչընդոտներ, սակայն Մխիթարի հետևորդները, հավատարիմ իրենց ուխտին, վճռական են դիմակայելու և հաղթահարելու իրենց առջև ծառացած բոլոր արգելքները: Ավելին` հայրենանվեր առաքելության համար նրանք նոր հերթափոխ են պատրաստում` կրթելով հայրենասեր և գրագետ հոգևոր սերունդ:


Հայ ժողովրդի, հայոց պետության առաջնահերթություններից է գիտամշակութային այս կարևորագույն օջախի պահպանումն ու զարգացումը, որպեսզի այն շարունակի իր հավերժական ընթացքը` ի նպաստ հայ մշակութային ժառանգության հզորացման և  համաշխարհային քաղաքակրթության ներկապնակի հարստացման:


Դարեր շարունակ նվի­րված լինելով հայ ժո­ղո­վր­դի հո­գևոր և  մշակու­թային կյանքի լու­սավորման սրբազան գործին, Մխիթարյան հայրերն այ­սօր էլ շա­րու­նա­կում են նախնիներից պատգամ մնացած նվի­րյալ գոր­ծը` ծավալելով համաեվրոպական և համահայկական գործունեություն, ապրելով և տքնելով Աստվածային սիրով` ի շահ Հայրենիքի, ի շահ հայության:


Փառք ու պատիվ Մխիթարյան բոլոր հոգևոր հայրերին, ովքեր դարերի ընթացքում կուտակված հայկական պատմամշակութային հարուստ ժառանգությունը սերնդեսերունդ սրբորեն պահեցին, պահպանեցին և փոխանցեցին մեզ և միևնույն ժամանակ դարձան յուրօրինակ կամուրջ Հայաստանի և Եվրոպայի միջև:


Փառաբանելով Մխիթար Սեբաստացու աստվածահաճո գործը մինչ այսօր սրբորեն շարունակող նրա արժանավոր հետնորդների` Մխիթարյան հոգևոր հայրերի հայկական արժեքների պահպանության գործում անձնուրաց նվիրումը՝ մաղթում եմ Միաբանության անդամներին երկար և արգասաբեր տարիներ, իրականացնելու Մխիթար Սեբաստացու հետևյալ բանաձևումը` «Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար: Աղոթքի հետ՝ աշխատանք, առաքինության հետ՝ հայրենասիրություն, հավատքի հետ՝ գաղափարական սևեռակետ, և միշտ Հայաստան, ամեն ինչ Հայրենիքին համար, հայ ժողովուրդին համար...»:


Խոնարհում և խնկարկում բոլոր ժամանակների մեր հոգևոր հայրերին, ովքեր կարողացան պահել ու պահպանել հայկական արժեքները, շարունակել և տարածել հայկական ավանդույթները և դառնալ հայկական մշակույթի ներկայացուցիչները համաշխարհային մշակույթի կենտրոններում, դառնալ յուրօրինակ կամուրջ Հայաստանի և Իտալիայի, Հայաստանի և Արևմուտքի միջև:


Հպարտության անփոխարինելի զգացումով կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիս Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակի առթիվ, իսկ գիտաժողովի աշխատանքներին մաղթում եմ արգասաբեր, հետաքրքիր և արդյունավետ ընթացք:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Նոյեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՍԱՆ ՊԱՈՒԼՈ ՆԱՀԱՆԳԻ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ

ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՀԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

 

Հարգարժա՛ն պարոն Հակոբյան,


Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Սան Պաուլոյի Պետական համալսարանում կայացած ընտրություններում հաղթելու արդյունքում և նահանգապետի հրամանով նշանակվել եք հիշյալ հաստատության ռեկտոր:

24.10.2017  |  Ելույթներ

Գերապայծա՛ռ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյան,

Հոգևոր Հայրեր,

Հարգարժա՛ն գիտնականներ, ներկաներ,


Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ, հոբելյան, որի մեկնարկը տրվեց այս տարվա սեպտեմբերին Մխիթարյան միաբանության Մայրավանքում և այսօր էլ շարունակվում է Մայր հայրենիքում: