Ելույթներ

2017-10-23 00:00:00
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի բացման խոսքը «Մխիթարյաններ. 300-ամյա պատմություն» խորագրով ցուցահանդեսին

Գերապայծա՛ռ Սրբազան Հայր,

Գերաշնո՛րհ, Հոգեշնո՛րհ Հայրեր,

Հարգելի՛ հյուրեր,


Ի սրտե ողջունում եմ բոլորիս այս նվիրական օջախում «Սուրբ Ղազարի 300-ամյա պատմություն» խորագրով ցուցահանդեսի բացման առթիվ:


Դեռևս 2009թ. հուլիսին, գտնվելով Իտալիայում, Ադրիատիկ ծովի եզերքին, Վենետիկի հարևան Ս. Ղազար կղզում հանգրվանած քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունն ու հարգանքը վայելող հայկական հոգևոր կենտրոնում՝  Մխիթարյան միաբանությունում, հանդիպելով Մխիթարյան միաբանության անդամների հետ՝ աբբահայր Եղիա Քիլաղպյանի, Վիեննայի միաբանության աբբահայր հայր Պողոս Գոճանյանի և Վահան վարդապետ Օհանյանի հետ, դեռևս մշուշոտ էին այն ծրագրերը, որոնք  ընդլայնված կազմով այդ ժամանակ քննարկվեցին: Այն ժամանակ ես խոսեցի Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման սկզբունքների, Հայաստանի Հանրապետության և Մխիթարյան միաբանության միջև գործակցության ակտիվացման մասին և առաջարկեցի Մխիթարյաններին վերատեսության ենթարկել Հայրենիքի հետ գործակցությունը, քանի որ իրենք երեք դար հարկադրված էին եղել գործել առանց անկախ Հայաստանի գոյության, իսկ այժմ այդ կարևոր գործոնը պետք է հաշվի առնեն իրենց աշխատանքները ծրագրավորելիս:


Փոխադարձ համագործակցության ամրապնդմանն էին միտված նաև 2010թ. մայիսին տեղի ունեցած մեր հանդիպումները Սուրբ Ղազարի միաբանների և աբբահայր Եղիա Քիլաղպյանի հետ, երբ մենք քննարկեցինք 2012թ. Սուրբ Ղազար կղզում հայ գրքի տպագրության 500-ամյակին նվիրված ցոցահանդեսի կազմակերպման և նույն թեմայով գիտաժողովի կազմակերպման հարցերը: Անդրադարձանք նաև Հայաստանում Վիեննայի Մխիթարյան միաբանության 200-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման հարցերին:


Այսօր արդեն ուրախությամբ ուզում եմ փաստել, որ մեր պայմանավորվածությունները կյանքի են կոչվել, որի վառ վկայություններից է դեռևս 2011թ. հոկտեմբերին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ու Մխիթարյան միաբանության մասնակցությամբ կազմակերպված Վիեննայի Մխիթարյան միաբանության 200-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը:


Հայոց պետությունը յուրովի մոտեցում է ցուցաբերում Մխիթարյան միաբանության հետ աշխատանքներում, որոնցից է ՀՀ Նախագահի հովանավորությամբ և աջակցությամբ Վենետիկի Մխիթարյան միաբանության մշակութային ժառանգության թվայնացման գործընթացը, այդ ժառանգությունը պահպանելու և այն հետագա սերունդներին փոխանցելու անվարան ընթացքը: Այդ նպատակով  Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայ Կաթողիկե եկեղեցու Զմմառի և Մխիթարյան միաբանությունների և Երևանի Մատենադարանի միջև կնքված համաձայնագրերով նախատեսվեց թվայնացնել, ամբողջացնել և հինգ հատորներով տպագրել Միաբանության շուրջ 1400 հին ձեռագրերի և հնատիպ գրքերի մատենագրությունը:


Հիշատակելի են նաև 2012թ. Վենետիկի Մխիթարյան միաբանության և ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ հայ տպագրության 500-ամյակի առիթով գիտական  մի շարք կոնֆերանսների, ցուցահանդեսների կազմակերպումը Զմմառում և Մխիթարյան միաբանությունում: Արդյունավետ էր հատկապես հայ գրատպությանը նվիրված ցուցահանդեսը Սուրբ Ղազարում, որտեղ ներկայացված էր հայ տպագրության պատմությունը 1512 թվականից մինչև մեր օրերը: Տեղի ունեցավ նաև ՀՀ սփյուռքի նախարարության և Մխիթարյան միաբանության կողմից կազմակերպված «Հայ գրքի հետքերով» խորագիրը կրող գիտաժողովը, որին մասնակցեցին հայ և այլազգի գիտնականներ, հայագետներ, որոնք յուրովի արժևորեցին Մխիթարյանների անուրանալի ներդրումը հայ գրատպության զարգացման գործում:


Սիրելի՛ ներկաներ,


Մեծ է Մխիթարյան միաբանության ներդրումը կրթության ոլորտում: Գիտակցելով, որ կրթությունը կենսական բարիքների ակունք է և դրա կարևորության գիտակցումով Մխիթարյան միաբանության հայրերը բազում զոհողություններով լծվեցին  ազգապահպան նվիրական գործին` կրթելով հայրենասեր ու ազգանվեր սերունդներ: Մխիթարյան շրջանավարտներն այսօր էլ շարունակում են իրենց գիտելիքները տարածել հայ երիտասարդ սերնդի շրջանում` դաստիարակելով հայրենասեր, միևնույն ժամանակ իր բնակության երկրի արժեքային համակարգին նվիրված օրինապաշտ քաղաքացիներ:


Չեմ կարող չհիշատակել նաև 2014թ. հուլիսին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցած Մխիթարյան միաբանության Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի հիմնադրման 180-ամյակին նվիրված միջոցառման մասին:


Սամուել Մուրադյան վարժարանի հոբելյանները միշտ նշվել էին հայրենիքից հեռու, սակայն 180 տարի անց, առաջին անգամ այդ եզակի, սփյուռքյան ամենաերկարակյաց կրթական և մշակութային հաստատության հոբելյանը նշվեց հայրենի պետության մեջ` ի նշանավորումն կառույցի հիմնադիր բարերարների, կրթության գործի նվիրյալ մշակների, Մխիթարյան հոգեշնորհ հայրերի, վարժարանի հասուն հունձքի ազգանվեր գործի:


Հայ ժողովրդի պատմական ճակատագիրն իր կնիքն է դրել նաև նրա լրագրության բնույթի վրա: Մեր մամուլի երկդարյա պատմության տարբեր պատմափուլերում հայ հրապարակախոսները, լրագրողները և խմբագիրները մեծագույն նվիրվածությամբ ծառայել են իրենց ժողովրդի կյանքի բարվոքման, ագային մշակույթի անխափան զարգացման գործին, անդուլ պայքարել գաղթօջախներում հանուն ազգապահպանության կենսական խնդրի իրականացման:


Մխիթարյան միաբանության գիտական բարձր նշաձող սահմանած, հայ պարբերական մամուլի անդաստանում խոր ակոս ձգած «Բազմավեպ» հանդեսը հայկական հնագույն պարբերաթերթն է և հրատարակվում է 1843 թվականից առ այսօր: Այս ամսագիրը, լինելով Սուրբ Ղազարի «Հայկական ճեմարանի» միաբանների գաղափարական ու գիտական խոսնակը, հայ մշակույթի պատմության մեջ հսկայական դեր է կատարել հայագիտությունը զարգացնելու և դրա արգասիքը ոչ միայն եվրոպական գիտական հասարակայնությանը ներկայացնելու, այլև եվրոպական գիտական մտքի նորույթները թարգմանաբար հայ հասարակայնությանը մատուցելու գործում:


Մխիթարյան միաբանությունը գիտական և մշակութային գործունեության հետ մեկտեղ, ստանձնելով նաև հայ լրագրության զարգացումը խթանելու պատվաբեր առաքելությունը, ժամանակին դարձել է հայ մամուլի ստեղծման հեղինակավոր օջախը:


Այսօր, Սուրբ Ղազարի Միաբանությունն աշխարհին է ներկայանում հայազգի վարդապետ-խմբագիրների այնպիսի մի պատկառելի համախումբով, որոնց մեծ անունն ու անկապտելի համբավը լայնորեն տարածված է գիտական աշխարհում:


Միաբանության պատմության էջերում ոսկե տառերով են գրված ու մտավոր կյանքի փառքի զենիթում իրենց մնայուն տեղն ունեն հայ մամուլի և հայագիտության երախտավորներ Գաբրիել Այվազովսկու, Պետրոս Մինասյանի, Օգսենտինիոս Գուրգենյանի, Գրիգորիս Ճելանյանի, Հակոբոս Իսավերտենցի, Գարեգին Զարբհանալյանի, Հարություն Թերզոնցի, հռչակավոր Ղևոնդ Ալիշանի և ուրիշների անունները: Այս ամենը գալիս է հավաստելու այն կարևոր փաստը, որ «Բազմավեպ» պարբերականի թիկունքին կանգնած էր հայ մտավորականների այնպիսի մի պատկառելի համաստեղություն, որից ավելի լավը դժվար կլիներ երևակայել և որպիսին անգո բաղձանք ու երազանք մնաց հայկական հին ու նոր ժամանակների՝ առանց բացառության բոլոր պարբերականների ու նրանց խմբագիրների համար: Այս ցուցահանդեսում դուք կարող եք տեսնել նրանցից շատերի դիմանկարները, գիտությանն ու ապագային ծառայող մարդկանց մի աստղաբույլ, որն անխոնջ ու անհողդողդ ծառայեց ազգին, հայրենիքին, հայությանը: Եվ ուստի պատահական չէ, որ 2018թ. այս գիտական հանդեսի 175-ամյակը մենք նշելու ենք Մայր հայրենիքում:


Դարեր շարունակ Մխիթարյան հայրերի առաքելությունը Մխիթար Սեբաստացու որդեգրած ուղու շարունակումն է, այն է` հայապահպանությունն ու հավատքի զորացումը, կրթության գործի կազմակերպումն ու հայրենասիրության սերմանումը, ազգային ու համամարդկային արժեքների քարոզումն ու տարածումը:


Սիրելի՛ ներկաներ,


Ցուցասրահում շրջայցի ընթացքում ծանոթանալով Մխիթարյանների հարստության պատառիկներին, որտեղ ներկայացված են Մխի­թա­րյան միաբանության պատ­մու­թյու­նը, Ս. Ղա­զար կղ­զու պատ­մու­թյու­նը, Մխի­թա­րյան հայ­րե­րի հոգևոր, պատ­մա­կան, մշակութային, գրա­կան և գի­տա­կան դա­րա­վոր բազ­մա­վաս­տակ գոր­ծու­նեու­թյունը, ականատես լինելով ազգային անզուգական նվիրումի և գործունեության դրվագներին` մեզանից յուրաքանչյուրը հերթական անգամ կհամակվի հպարտության, հայրենասիրության, հայ պատմամշակութային հարուստ ժառանգությունը պահպանելու և հետագա սերունդներին փոխանցելու անասելի զգացումով:


Եվս մեկ անգամ ցուցահանդեսին մաղթում եմ արգասաբեր ընթացք և օգտվելով առիթից` հրավիրում եմ Ձեզ նաև ներկա գտնվելու Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված գիտաժողովին, որի խորագիրը մեզ խոստանում է հետաքրքիր, ուշագրավ և հեռանկարային քննարկումներ:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Օգոստոս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: