Ելույթներ

2017-10-11 00:00:00
ՀՀ սփյուռքի նախարարի բացման խոսքը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կայացած «Արեւմտեան Հայաստանի եւ Կիլիկիոյ նուիրված Հուշամատեաններու շարք»-ի 14 հատորների շնորհանդեսին

ՀՀ ԳԱԱ հարգարժան նախագահ, հարգելի ներկաներ,


Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության նախաձեռնությամբ և անձամբ Արամ Ա կաթողիկոսի հայրենանվեր ջանքերով վերահրատարակվել են Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի քաղաքներին, շրջաններին նվիրված հուշամատյանները, ամենատարբեր ուսումնասիրությունները՝ մատչելի դարձնելով դրանք գիտական ու հասարակական լայն շրջաննակներին: Այդ նպատակով ձևավորված Հանձնախումբը հսկայական աշխատանք է տարել Հայոց Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ մեր ժողովրդի պատմությունը և հավաքական հիշողությունը հավերժացնող այս հատորյակների սրբագրական, տեղանունների ու անձնանուների ցանկերի կազմման, լրացումների ու հրատարակության գործում: Խնամքով պահպանվել են յուրաքանչյուր հատորին մաս կազմող բաժինները, քարտեզները, գծանկարներն ու լուսանկարները: Առաջին հատորի հրատարակության լույսընծայման առթիվ հատորյակի առաջաբանում տեղ գտած Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի Հայրապետական օրհնության գիրը լավագույնս արտահայտում է այսօրինակ ձեռնարկի նպատակներն ու կարևորությունը. «Ժողովուրդներու պատմութիւնը, կրօնքը, քաղաքակրթութիւնը ու մշակոյթը իրենց ընթացքը, կազմաւորումը ու զարգացումը կը ստանան հաւաքական յիշողութենէն», իսկ այդ «Հաւաքական յիշողութիւնը ամուր կռուան կը հանդիսանայ ժողովուրդի մը գոյութեան եւ երաշխիքը՝ անոր  յաւերժութեան»:           


Եվ իրավամբ, սրանք են մեր ազգային ու պետական նպատակների գլխավոր կռվանները, հիշատակի ու հարատևության նշանաբանը:


Առաջին հատորը, որը նվիրված է Ադանայի հայոց պատմությանը, ընդգրկում է ավելի քան 1000 էջ, կազմված է 7 ծավալուն մասերից, որոնց միայն վերնագրերն ու ենթավերնագրերն ամբողջովին բացահայտում են Հուշամատյանների հրաշալի այս շարքի աղբյուրագիտական ու պատմական նյութի ողջ խորությունը, ամբողջությունն ու արժեքը: Այսպես, հատորյակի մասերը վերնագրված են Պատմագրական, Եղեռնագրական, Ազատագրական, Մշակութային, Ազգագրական, Վաւերագրական և Ժամանակագրական: Միայն Պատմագրական մասում ներկայացված են Կիլիկիայի բնությունն ու աշխարհագրությունը, Ռուբինյան իշխանապետությանը նախորդած պատմափուլում հայերի ներկայությունը, հայկական պետականության շրջանը, խաչակիրներն ու Արևելքը, հայկական բերդերն ու դրամները, վաճառականությունն ու տնտեսությունը, Ադանայի նահանգը օսմանյան շրջանում:


Եղեռնագրական բաժնում առանձին ենթագլուխներով ի մի են բերված 1895-1896 թթ., 1909 թ. և 1915 թ. հայոց ջարդերն ու տեղահանությունները Կիլիկիայի տարբեր վայրերում՝ Ադանայում, Մամեստիայում, Սսում, Մերսինում, Հաճընում և շրջակա այլ վայրերում: Այս մասում ներկայացված են նաև վկայությունների ու տարագրության տարիներին հայության ապրումների մի ամբողջ պատմություն:


Ազատագրական բաժնում ներկայացված են Կիլիկիայի հայկական լեգեոնի կազմավորումը, Արարայի ճակատամարտը, կամավորական շարժումը, Կիլիկիայի շուրջ ձևավորված միջազգային դաշնագրերն ու ֆրանսիական քաղաքականությունը, որոնք ի վերջո հանգեցրեցին հայկական պետություն ձևավորելու քայլերի տապալմանն ու երկրամասի ամբողջական հայաթափությանը:


Մշակութային բաժնում ներկայացված են Ադանայի և Կիլիկիայի հայկական թագավորության կրթական կենտրոնները, 19-րդ դարում տարածաշրջանի հայ կրթական կյանքի վերակազմությունը, ազգային վարժարանները (Արամյան, Աշխենյան, Աբգարյան), «Հայոց միացեալ ընկերությանց», Հայ Ավետարանական և Կաթողիկե դպրոցները: Առանձնակի կարևորություն են ներկայացնում նաև մշակութային կյանքի տարբեր կողմերի ներկայացումը՝ տարատեսակ միությունների գործունեությունը, մամուլը, թատրոնը, երաժշտությունը և այլն:


Հատորյակի Ազգագրական բաժնում ներկայացված են ադանայի հայերի կենցաղը, բարքերն ու սովորույթները, բառացանկը, երգերն ու զրույցները, կիլիկիահայության դաշտային շրջանում թրքախոս դառնալու գործընթացը, զանազան, այդ թվում՝ Հայ տիկնանց միություններն ու նրանց կանոնադրությունները:


Վաւերագրական բաժնում ներկայացված են Ադանային վերաբերող հին արձանագրություններ, այդ թվում՝ ասորական, հայերեն ձեռագիր հիշատակարաններ Հալեպից, Անթիլիասից, Երուսաղեմից, Երևանից և այլն: Առանձին ենթագլուխներով ներկայացված են հայ պատմիչների հիշատակություններ, օտար ժամանակագիրների վկայություններ, ինչպես նաև Կիլիկիայի հայոց ազգապատկան կալվածքները, կրած նյութական կորուստները:


Ժամանակագրական բաժինը վերաբերում է Սփյուռքի մեջ գործած ադանացիների հայրենակցական միություններին՝ սկսած Ուոթերթաունի ու Բուենոս-Այրեսի միություններից ավարտած Աթենքի ադանացիների ուսումնասիրաց միությունով: Առանձին ենթագլուխներով ներկայացված են Ադանայի նշանավոր ու բարեհիշատակ գերդաստաններն ու դեմքերը, արվեստագետներն ու եկեղեցականները: Անդրադարձ է կատարված ադանացիներին Խորհրդային Հայաստանի, Լիբանանի, Սիրիայի, Կիպրոսի, ԱՄՆ-ի և այլ գաղութների մեջ: Վերջապես առանձին ենթագլխով խոսվում է Հայոց պատմության մոռացված դասերի մասին, կորստի, ցեղային հիշողության, հաջորդ սերունդների կողմից ընտրվելիք ուղու, ցեղասպանության, որպես ազգային մեղքի մտայնությունից ազատվելու և ստեղծագործ ժողովրդի ապագայով ապրելու մասին:


Սիրելի ներկաներ, սրանք այն համառոտ դիտարկումներ էին, որոնք վերաբերում են Հուշամատյանների արժեքավոր այս շարքի միայն Առաջին հատորին, մյուսների վերաբերյալ կարող ենք կարծիք կազմել նրանց սոսկ անվանական թվարկումից, այսպես.

  • Պատմութիւն Տարօնի աշխարհի, 2, Անթիլիաս, 2013
  • Պատմութիւն Անթէպի հայոց, 3, հատոր Ա, Անթիլիաս, 2013
  • Պատմութիւն Անթէպի հայոց, 4, հատոր Բ, Անթիլիաս, 2013
  • Հաճընի ընդհանուր պատմութիւնը, 5, Անթիլիաս, 2014
  • Դիւցազնական Ուրֆան եւ իր հայորդիները, 6, Անթիլիաս, 2014
  • Պատմագիրք Կիւրինի, 7, Անթիլիաս, 2014
  • Քեսապ: Տեղագրութիւն, բնակավայրեր, բնակչութիւն, պատմութիւն, տնտեսութիւն, 8, հատոր Ա, Անթիլիաս, 2015
  • Մարաշ կամ Գերմանիկ եւ հերոս Զեյթուն, 9, Անթիլիաս, 2015
  • Պատմութիւն հայ Կեսարիոյ, 10, հատոր Ա, Անթիլիաս, 2015
  • Պատմութիւն հայ Կեսարիոյ: Տեղագրական, պատմական եւ ազգագրական ուսումնասիրութիւն, 11, հատոր Բ, Անթիլիաս, 2015
  • Պատմութիւն հայոց Արաբկիրի, 12, հատոր Ա, Անթիլիաս, 2016
  • Պատմութիւն հայոց Արաբկիրի, 13, հատոր Բ, Անթիլիաս, 2016
  • Յիշատակարան Րումտիկինի, 14, Անթիլիաս, 2017:

Տարոն աշխարհի պատմությանը վերաբերող հատորյակը ներկայացնում է աշխարհագրական Տարոնը, գյուղերն ու համայնքները, պատմական դեմքերը, վիճակագրությունն ըստ գավառների, բանահյուսությունը, տարոնցի գրողներին: Առանձին ժամանակագրական բաժանումներով ներկայացված են Դիւցազնապատումը, Եղեռնապատումը, Հերոսապատումը, Վերակենդանացումը, ինչպես նաև Տարօն-Տուրուբերան հայրենակցական միության պատմությունը (1917-1957):


Զույգ հատորներով ներկայացված են Անթէպը (Այնթապ), Կեսարիան և Արաբկիրը: Այս հատորներում համապատասխանաբար ներկայացված են հիշյալ քաղաքներն ու նրանց շրջանների պատմական անցյալը, կրթամշակութային ու հոգևոր կյանքը, հասարակական-քաղաքական անցուդարձերը, Մեծ Եղեռնի օրերը, ինքնա-պաշտպանական կռիվները, ազգային կազմակերպությունները, անվանի գործիչներն ու կյանքը սփյուռքում:


Հաճընին վերաբերող հատորյակը ներառում է ընդհանուր ակնարկ Կիլիկիայի բնագրությանը, Հաճըն քաղաքին և շրջակա գյուղերին, հասարակական-քաղաքական ու տնտեսական կյանքին, հայ առաքելական, ավետարանական և կաթոլիկ եկեղեցիներին, ազգային կուսակցությունների գործունությունը տեղում: Առանձին ներկայացված են Հաճընի դիւցազնամարտը (հերոսամարտ), անկումը և հաճընցիների կյանքը գաղութներում՝ Սիրիայում, Իրաքում, Եգիպտոսում, Հունաստանում, Ֆրանսիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի երկրներում և այլն:


Ուրֆային կամ պատմական Եդեսիային վերաբերող հատորը ներառում է  քաղաքի պատմությունը հնագույն դարերից մինչև 1875 թ., ապա մինչև երիտթուրքական, Առաջին աշխարհամարտը, հերոսամարտը և արդեն դրան հաջորդած գաղթաշխարհի կյանքը ընդգրկող բաժինները: Ներկայացված են նաև ազգագրական առանձնա-հատկությունները՝ տարազը, խաղերը, ուտելիքը, ծեսերը, բանահյուսությունը, անգամ՝ շրջանի քրդական ու արաբական աշիրեթները:


Քեսապին նվիրված հատորը մատենաշարի հրատարկված հատորներից միակն է, որն ընդգրկում է մինչև մեր օրերը, առավել հստակ՝ 2014 թ. ընդգրկող իրադարձությունները պարունակող հավելումներ: Ճակատագրի բերումով Քեսապը զերծ է մնացել թուրքական տիրապետությունից, թեև սիրիական տագնապի այս շրջանում ավերից ու կորուստներից խուսափել չհաջողվեց: Հատորյակն ընդգրկում է Անտիոքի շրջանի  հայոց պատմությունը սկսած սկզբնավորումից ավարտած մեր օրերով: Առանձին գլուխներով ներկայացված են Քեսապը, շրջանի գյուղերը, ազգագրությունը, բանահյուսությունը, տնտեսությունը: Հավելվածով ներկայացված են 1911 թ. և 1920 թ. մարդահամարները, Մեծ Եզեռնը և քեսապահայերի կյանքը Սիրիայում, արաբական աշխարհի երկրներում, Ամերիկայում, Ավստրալիայում և Հայաստանում: Առանձին գլխով ներկայացված է 2014 թ. Քեսապի աղետը, քաղաքի ազատագրումն Իսլամական պետության հրոսականերից ու հայության վերադարձը:


Կիւրինը, որին վերաբերում է մատենաշարի հատորներից մեկը, պատմական Փոքր Հայքի Սեբաստիա նահանգի քաղաքներից էր, որը Մեծ Եղեռնի շրջանում ունեցել է շուրջ 15 հզ հայ բնակչություն: Քաղաքը և շրջանը հարուստ է եղել իր հայ մշակույթով, ավանդույթներով, անվանի հասարակական, մշակութային ու հոգևոր գործիչներով: Հատորյակում ներկայացված են պատմական իրադարձությունները վաղընջենական շրջանից սկսած մինչև Մեծ Եղեռն, ապա սփյուռքյան շրջանի դեպքերն ու դեմքերը:


Ընթացիկ 2017 թ. հրատարկված Րումտիկինի Հիշատակարանը ներկայացնում է, քիչ ծանոթ բնագավառ, տեղանք, որը դժվար էր գտնել անգամ Արևմտյան Հայաստանին վերաբերող նախկինում հայտնի քարտեզներում, սակայն այս փոքրիկ բնակավայրերը նույնպես ենթարկվեցին կոտորածների ու տեղահանության, իսկ նրանց հայության փրկված բեկորները այսօր բնակվում են սփյուռքում և Հայաստանում: Այս հատորը հիրավի հիշատակարան է նրանց հիշատակին: Այստեղ նույնպես լայնորեն ներկայացված է հայության այս հատվածի անցյալի ու ներկայի պատմությունը:


Սիրելի ներկաներ, հատորյակները, հրատարակված, թե հրատարակվելիք, որոնց նախատեսված թիվը պետք է կազմի 100, էական ու անգնահատելի ներդրում են դառնալու մեր հայրենիքի ու նրա ժողովրդի պատմության ներկայացման, ներկայի ու ապագայի կառուցման ճանապարհին:


Խորին շնորհակալություն ենք հայտնում ազգանվեր այս գործի նախաձեռնողներին, կազմակերպողներին, հանձնախմբերին ու մեկենասներին, հույս հայտնում, որ այս ձեռնարկի մյուս հատորների հրատարկման առթիվ հնարավորություն կունանանք շնորհավորելու և նորանոր ծրագրերով միմյանց զորացնելու:


ՀՀ սփյուռքի նախարար

Հրանուշ Հակոբյան 

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Հոկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31

ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ, գերաշնո՛րհ տեր Վազգեն Միրզախանյան,

թբիլիսահայ համայնքի թանկագի՛ն հայրենակիցներ,

հարգելի՛ հյուրեր,

18.10.2017  |  Ելույթներ

Հարգարժան ներկաներ,   


Ուղիղ մեկ ամիս առաջ Հայաստանի մայրաքաղաքում էին հավաքվել 71 երկրներից ժամանած հայորդիներ՝ քննարկելու ազգի, պետության առջև ծառացած մարտահրավերներ, իսկ այսօր Եվրոպայի մայրաքաղաքում գումարվել է Եվրոպահայերի 4-րդ համագումարը: