Ելույթներ

2017-10-10 00:00:00
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եզրափակիչ ելույթը Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի փակմանը

ՀՀ Ազգային ժողովի մեծահա՛րգ պարոն նախագահ,

Հարգարժա՛ն փոխվարչապետ,

Գերաշնո՛րհ, հոգեշնո՛րհ հայրեր, սիրելի՛ ներկաներ,

 

Հայոց պետության և սփյուռքի գլխավոր հիմնախնդիրներից մեկը եղել և շարունակում են մնալ հայապահպանության հիմնահարցերը, բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ հարափոփոխ աշխարհում գնալով, փոքրանում, ուծացվում են հայկական համայնքները: Մեր համաժողովի այս ուղղության մասնակիցների հիմնական հարցադրումներն ու մտահոգությունները հայկական համայնքներում մեր շատ ու շատ հայրենակիցների հեռանալն է համայնքային կյանքից, նրանք չեն մասնակցում համայնքի գործունեությանը և դրանով ուծացման գործընթացը արագանում է:


Մինչև բուն հարցին անդրադառնալը, ես կուզենաի մի քանի թվեր բերել ընդհանրապես սփյուռքների մասին, մասնավորապես հայկական սփյուռքի ներկա վիճակի, մեր կազմակերպությունների ու կառույցների թվաքանակի և մեր այն ահռելի ուժի և այն մասին, որ մենք եթե շարունակենք համատեղ, միասնաբար, պատասխանատու ձևով մեր նպատակասլաց գործողությունները, ապա կկարողանանք մեր տիրույթ բերել շատ ու շատ հայերի: Եթե այսօր դիտարկելու լինենք աշխարհում տեղի ունեցող միգրացիոն գործընթացները, ապա պետք է ասեմ, որ ՄԱԿ-ի տվյալներով ներգաղթյալներ և փախստականներ աշխարհում հաշվում է 240 մլն. մարդ, որից վերջին 15 տարիներին 71 մլն.-ը դարձել է փախստական, իսկ դա նշանակում է, որ աշխարհի բնակչության 3.3% անընդհատ տեղաշարժման մեջ է: Երկիր մոլորակի յուրաքանչյուր 35-րդ մարդը միգրանտ է դառնում: Եվրոպայում 76մլն մարդ չի ապրում իր ծննդավայրում, նույնը՝ Ասիայում՝ 76 մլն-ը և Հյուսիսային Ամերիկայում՝ 54 մլն-ը: Աշխարհում գոյություն ունեցող խոշորագույն սփյուռքներն են Չինական սփյուռքը, Աֆրոամերիկյանը, Հունականը, Հայկականը, Հրեականը, Թուրքականը և այլն:


Հայկական սփյուռքը իր ձևավորման տարբեր փուլերն է անցել, և դուք գիտեք, որ մինչև Հայոց ցեղասպանությունը մեր հայրենակիցները շարժվել են աշխարհի տարբեր ծայրերով: Ամենամեծ տեղահանությունը, իհարկե, եղել է Նոր Ջուղայի ստեղծման ժամանակահատվածում և, այնուհետև, իհարկե, Ցեղասպանության հետևանքով է, որի ժամանակ ստեղծվել են այն խոշորագույն համայնքները, գաղութները, որոնք այսօր շարունակում են գործել: Այնուհետև 3 հայրենադարձություններ են տեղի ունեցել, որոնք փոխել են սփյուռքի կառուցվածքը: Իսկ 1991թ. Հայաստանի անկախացումից հետո տեղաշարժեր են եղել Հայաստանից, որը կարելի է բաժանել 4 հիմնական ուղղությունների.


Առաջինը՝ այն մարդիկ էին, որոնք ժամանակին հայրենադարձվել էին, չէին հարմարվել խորհրդային համակարգին և երբ սահմանները բացվեցին, նրանց մի մասը հեռացավ:


Երկրորդ խումբը՝ այն մարդիկ էին, որոնք Ադրբեջանական բռնաճնշումներից հասել էին Հայաստան, և նաև երկրաշարժի հետևանքով չունեին այսպես ասած տանիք իրենց գլխի վրա, և նրանց մի մասը նույնպես հեռացավ:


Երրորդ խումբը՝ այն մարդիկ էին, որոնք չդիմացան 90-ականի տնտեսական դժվարություններին:


Չորրորդ խումբը, իհարկե, արևմուտքում պահանջած մեր երիտասարդներն են, այսպես կոչված՝ ուղեղների արտահոսքը: Այնուհետև տարբեր պատճառներով տեղաշարժեր տեղի ունեցան միջին արևելքից, և հիմնականում նրանք հարստացրին եվրոպական, ամերիկյան և ավտրալիական տարածքներում մեր հայկական համայնքները: Հայաստանից դուրս մենք ասում ենք ապրում է 7 մլն. հայ բայց անպայման դրան պետք է ավելացնենք 2մլն. իսլամացած հայերին, որոնք այսօր՝ ներկա իրավիճակում, փոփոխվող աշխարհում արդեն չեն վախենում խոսել իրենց ինքնության մասին: Հիմանական խոշոր տարածքներն են ԱՊՀ երկրները, Ամերիկան, նաև Վրաստանը: Մենք, մոտավորապես, ունենք 118 երկրներում հայկական համայնքներ, իսկ այդ հայկական համայնքները ունեն տարբեր կառուցվածք և տարբեր իրավական կարգավիճակ: Նրանց մի մասը կրոնական համայնքներն են, մյուս մասը ազգային փոքրամասնություններն են, երրորդ խումբը ազգային մշակութային ինքնավարություններն են, չորրորդ խումբը հասարակական կազմակերպություններն են: Մենք ունենք քաղաքներ, գյուղեր, որոնք ամբողջապես հայաբնակ են, հայերին բնորոշ է օտար իրավիճակներում արագ ինտեգրվելը և ազգային դիմագիծն ու ազգային կերպարը պահպանելը: Իրենց գործունեությամբ նրանք ակտիվորեն ներգրավվում են տվյալ երկրների հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքում, և նաև հեղինակություն ստեղծում, հայի, հայության և Հայաստանի համար: Դրա համար շնորհակալ ենք ձեզ ձեր գործունեության և ձեր աշխատանքների համար:


Մենք տարբեր երկրներում և քաղաքներում ունենք 829 համայնք, 30000 հայկական կազմակերպություն, 38 համահայկական կազմակերպություն, 724 գործող եկեղեցիներ, վանքեր, 1400 մեկօրյա և ամենօրյա դպրոց, 34 թանգարան, 103 հայագիտական կենտրոն, 40-ից ավելի երկրներում 300-ից ավելի գործող լրատվամիջոց, 637 մշակութային կենտրոն, որոնք, փաստորեն, հազարավոր երեխաների են ներգրավում իրենց գործունեության մեջ: Այս թվերը փաստում են, թե մենք ինչպիսի հզոր կառուցվացքային միավորներ ունենք, որոնք էլ հենց ստեղծվել են, գործում են հայապահպանության համար: Իսկ հայապահպանության գլխավոր թիրախը, զենքը՝ դա երիտասարդությունն է: Այնուամենայնիվ, որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնց հետ և, համաժողովի ընթացքում և, իհարկե, աշխատանքային գործունեության ընթացքում մենք բախվում ենք:


Հայկական համայնքները տեղաշարժվում են հատկապես Միջին Արևելքից և փոքրանում են: Հայերի սփռվածությունը աշխարհում երևի եզակիներից է, քանի որ խոշոր սփյուռք ունեցող երկրները 10,20,30 երկրներում ունեն սփյուռք, իսկ մենք 118 երկրներում: Սա և՛ դրական է, և՛ բացասական՝ աշխատանքները կազմակերպելու համար: Կա սերտ գործակցության բացակայություն Հայաստանից մեկնած և հին, դասական, սփյուռքի միջև: Ինքնակազմակերպման խնդիր ունենք որոշ տարածքներում: Արդեն շեշտեցի և մեր հայրենակիցները տարբեր ելույթներում, տարբեր ձևերով ևս ասացին, թե 70-80% սփյուռքահայեր չեն մասնակցում համայնքային կյանքին՝, այսինքն՝ առկա է արտագաղթ համայնքներից: Չկա տարբերակված աշխատանք, հաջողակ և խոցելի խմբերի հետ, մենք պետք է դա դարձնենք մեր աշխատանքային գործունեության հիմնական ուղղությունը: Խառը ամուսնությունների թիվը գնալով ավելանում է, մայրենի լեզու կրողների թիվը շեշտակի պակասում է, փակվում են հայկական դպրոցները, նվազում է աշակերտների թիվը, պատմամշակութային ժառանգության պահպանման բարդություններ են առաջացել, և շարունակվում են Ադրբեջանում, Թուրքիայում, Մերձավոր արևելքում, ունենք երկրներ և տարածքներ, որտեղ գրեթե հայեր չկան, բայց հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանը հարցականի տակ է դա Սուդանն է, Եթիովպիան է, Եգիպտոսում է արդեն դժվարություններ առաջանում, Հնդկաստանն է և այլն:


Փաստորեն մենք հայտարարել և հռչակել ենք հայկական սփյուռքը որպես Հայաստանի ազգային անվտանգության բաղադրիչ, և այս կարևորագույն հայտարարությունը հետագայում ամրագրել ենք նաև սահմանադրությամբ: Մենք հայկական սփյուռքը բարձրացրել ենք սահմանադրական աստիճան և այստեղ ամենագլխավոր խնդիրը հայապահպանության հարցն է, երկրորդը հայրենադարձության, որի մասին երեկ խոսեց պարոն Նախագահը և, երրորդը ու մեզ համար ամեօրյա աշխատանքի աղբյուրը լեզվի, հայկական պատմամշակութային արժեքների պահպանման և երիտասարդության կրթության ու դաստիրակության հարցերն են: Այս բոլոր խնդիրները լուծելու առումով մենք երեք ռազմավարական խնդիրներ ենք շեշտադրում. առաջինը հայապահպանությունը 5 գլխավոր սյուներն են՝ լեզուն, հայ դպրոցը, հայ մշակույթը, հայ ընտանիքը և հայ հավատքը:


Ապա՝ հայ ներուժը հայտնաբերել և հայրենիքի և սփյուռքի զարգացման համար օգտագործելը, և, վերջապես, մշակել այնպիսի ծրագրեր, որոնք իրոք կարող են նպաստել հայրենադարձությանը: Հայաստանը հռչակվել է համայն հայության հայրենիք, վկան նաև մեր այսօրվա համաժողովի մասնակիցների մեծաթիվ լինելն է: Պետք չե մոռանալ, որ մենք՝ որպես պետություն, հռչակել և հայտարարել ենք. հայ է այն մարդը, որ իրեն հայ է զգում: Հայապահպանության բոլոր տարրերը, պարամետրերը օգտագործելով՝ մենք իրավունք չունենք լեզուն չիմացող կամ ոչ իր կամքով կրոնական բարդությունների մեջ ընկած հային հեռացնել մեզանից: Հակառակը, մեր խնիդրն է բերել նրանց դեպի հայություն, հայկական համայնք: Հայոց պետության գլխավոր սկզբունքը սփյուռքի հետ աշխատանքներում (դա հնչեց նաև մեր համաժողովի ընթացքում) հետևյալն է.այն երկրներում, որտեղ դուք ապրում եք, պետք է լինեք օրինակելի քաղաքացի, ինտեգրվեք տվյալ հասարակությանը, բարձրանաք այդ պետության քաղաքական, տնտեսական բարձունքներով, (ինչպես որ ունենք նախարարներ, պատգամավորներ, մշակութային գործիչներ), միաժամանակ շարունակեք կառչած մնալ մեր հավատքին, մեր լեզվին, մեր պատմությանը, մեր մշակութային արժեքներին: Եվ դա է պատճառը, որ մեր գլխավոր բանաձևը, որով փորձում ենք աշխատել մեր հայրենակիցների հետ, հետևյալն է. ճանաչել, որովհետև եթե մենք իրար չճանաչենք, չենք կարող միմյանց վստահել, պատահական չէ, որ համաժողովի վերնագիրը վստահությունն է նաև, իսկ եթե կա ճանաչողություն և վստահություն, ուրեմն կարող ենք նաև համագործակցել: Համագործակցության արդյունքում կծնվեն ծրագրեր, գաղափարներ, նախագծեր, որոնք կյանքի կկոչվեն այստեղ, և Թումանյանական կարևորագույն պատգամը՝ «Գործն է անմահ, լավ իմացեք» մենք ձեզ հետ միասին կիրականացնենք: Ինչ վերաբերվում է մեր աշխատանքի հիմնական սզբունքին՝ապա դա երկխոսելն է, լսելն է, կազմակերպելն է, առաջարկություններ անելն է, բանավիճելն ու ծրագրեր մշակելն է: Հայապահպանության այս 4 ուղղություններին, որոնց մասին մենք այստեղ քննարկեցինք, պետք է ավելացնենք նաև հայ ընտանիքը, հայրենիքի հետ զգացական կապը, մեր անուն-ազգանունները, մեր պատմական հիշողությունը, դրա փոխանցումը երիտասարդությանը: Այս ընթացքում ելույթ են ունեցել 27 հոգի, 60-ից ավելի հարցադրումներ են արվել, և հիմնական շեշտադրումը եղել է մայրենի լեզվի պահպանությունը: Շատ ուրախ եմ, որ հայոց լեզվի պահպանման նկատմամբ կա այսպիսի մտահոգություն, որովհետև ուրիշ ու՞մից մենք պետք է պահանջենք պահպանել լեզուն, եթե ոչ մեզանից, աշխարհում միայն հայերենով խոսում են հայերը, հետևաբար, եթե մենք մեր լեզուն չպահենք, չպահպանենք, չփոխանցենք սերուրնդներին, որև է մեկից պահանջել չենք կարող: Իսկ այն ուժով, որ մենք ունենք, կարող ենք մեր աստվածային լեզուն պահել, պահպանել, և ինչպես Վահան Տերյանն էր ասում «Հայոց լեզուն, մեր հոգին է», եթե հոգին կենդանիէ ուրեմն կենդանի է նաև ազգը: Մեծն Իսահակյանը ասում էր՝ «Հայ լեզուն հայրենիքն է», անգլիացի մեծանուն գրող Բայրոնը ասում էր «Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է» (դրա համար գնաց և Վենետիկում հայերեն սովորեց): Մենք արևելահայերենի հետ կապված ունենք լուրջ խնդիրներ, արևմտահայերենը ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից ճանաչվել է վտանգված լեզու, և մինչդեռ արևմտահայերենով խոսողները 2մլն-նն են, թեև գնալով պակասում են, իսկ դպրոցներ հաճախում են 150-170000 հայ, սփյուռքում արևմտահայերենի աշակերտների թիվը 5 մլն. է, արևելահայերեն կրողները շատ ավելի քիչ են տոկոսային առումով: Եվ, բնականաբար, մենք պետք է կարողանանք, եթե արևելահայերենին լուրջ վտանգ քիչ է սպառնում, ապա արևմտահայերենի պահպանումը անհամեմատ ավելի դժվար է, նրա կրողներին մենք պետք է փորձենք ավելացնել: Այստեղ տարբեր կարծիքներ են եղել, կան մարդիկ, որ գտնում են, թե արևմտահայերենով Հայաստանը պետք է չզբաղվի, կան մարդիկ, որ գտնում են, որ արևմտահայերենով պետք է Հայաստանը նաև զբաղվի, սակայն, սիրելի՛ հյարենակիցներ, ուզում եմ մեկընդմիշտ հետևյալ բանաձևը չմոռանաք. Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված է՝ Հայաստանի պետական լեզուն Հայերենն է, չի գրված արևելահայերենն է: Դա նշանակում է և՛ արևելահայերեն, և՛ արևմտահայերեն և՛ բարբառներ: Սակայն մեր պաշտոնական լեզուն արևելահայերենն է, պաշտոնականը և պետականը տարբեր բաներ են, հետևաբար հայոց պետությունը, մեր ազգային արժեքը՝ արևմտահայերենը, պետք է պահի, պահպանի, պետականորեն զարգացնի: Եվ պատահական չէր, որ ամիսներ առաջ, երբ ՀՀ Նախագահի մոտ քննարկումներ եղան կրթության նախարարությանը և սփյուռքի նախարարությանը հատուկ հանձնարարություն տրվեց՝ մշակել ռազմավարություն արևմտահայերենի զարգացման, անաղարտության պահպանման և տարածման առումով: Մենք գիտությունների ազգային ակադեմիայի, լեզվի ինստիտուտի հետ ստեղծել ենք 3 հանձնախմբեր՝ սփյուռքի մեր լավագույն մասնագետներից, և հայաստանյան մասնագետներից բաղկացած, որոնք մշակում են հայերենի երկու ճյուղերի մերձեցման խնդիրները, արևմտահայերենի անաղարտության հիմնախնդիրները, որովհետև արևմտահայերենը Պոլսում, Լիբանանում, Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում ունի որոշակի տարբերություններ: Մենք պետք է կարողանանք նույնացման խնդիր լուծել՝ արևմտահայերենը մաքուր պահելու համար: Եվ, վերջապես, երրորդ խնդիրը, ստեղծված է աշխատանքային խումբ, որ մտածում է ուղղագրության խնդիրների մասին: Այնպես որ, այս աշխատանքները մենք պետք է շարունակենք: Ասեմ նաև, որ հայապահպանության խնդիրներին մենք աշխատել ենք գիտական մոտեցում ցուցաբերել. մեր 104 հայագիտական կենտրոնների մի խմբի, ինչպես նաև Հայաստանի Ակադեմիայի, ԵՊՀ-ի հետ մենք տարեկան 12 հետազոտություն ենք անցկացնում, համաժողովներ ենք գումարում՝ արևմտահայերենին նվիրված, իսլամացած հայերին նվիրված, խառնամուսնություններին նվիրված, պատմական հիշողությունը երիտասարդությանը փոխանցելուն նվիրված և այլն և այլն, և 104 հետազոտություն է  կատարվել, որոնց հիմնական մասը փոխանցվել է սփյուռքյան համայնքներին: Հայապահպանության համար մեծ նշանակություն ունի նաև ամեն տարի տպագրվող հայկական սփյուռքի տարեգիրքը, համաժողովի ընթացքում ևս հարցեր բարձրացվեցին տարեգիրքը ավելի ընդլայնելու, խորացնելու առումով, որովհետև այն փորձի փոխանակման, պատմության, և հանրագիտարանային արժեք ունեցող գիրք է: Այստեղ կարելի է ծանոթանալ տարբեր մասնագիտական համաժողովների, որովհետև մենք կարծում ենք, որ կարևոր հարցերը մենք պետք է քննարկենք և լուծումներ գտնենք ավելի փոքր շրջանակներում: Ուզում եմ նաև ձեր ուշադրությունը հրավիրել հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար կազմակերպվող մրցանակաբաշխությանը: Ինչու՞ ենք մենք սա կազմակերպում. որպեսզի մենք աշակերտներին, ուսուցիչներին, հասարակական կառույցներին շահագրգռենք, նույնիսկ լավագույն հայ ընտանիք մրցույթն է անցկացվում, այս ամենը համայնքներում աշխուժություն է բերում: Այս առումով այստեղ հավաքված. մեր հայկական բոլոր կառույցներին խնդրում եմ, որ օգնեն այս մրցանակաբաշխությունը դարձնել ամեն տարի և բոլորս միասին փորձենք մասնակից դառնալ, յուրաքանչյուր համայնք իր ներկայությունը բերի: «Արի Տուն» ծրագիրը. չեմ ուզում այս մասին խոսել. այն կազմակերպված փայլուն ծրագիր է, ուզում եմ ասել, որ այն հայապահպանության կարևորագույն ձևերից մեկն է: Սիրելիներս, ինչքան էլ դուք դրսում, հեռվում երիտասարդին կամ երեխային պարտադրեք խոսել հայերեն, իմանալ Հայրենիքի մասին, միևնույն է վերացական պատկերացումները չեն կարող երեխայի մեջ հոգեկան այնպիսի զգացում առաջացնել, ինչպես այն, որ երեխան գալիս է, ոտք է դնում հայկական հողին, տեսնում է իր աչքերով Արարատը, ձեռքերը լվանում է Սևանում, իր մոմն է վառում Սուրբ Էջմիածնում, խոնարվում է Ցեղասպանության հուշարձանին, որից հետո այդ երեխան այլևս հայ է մեծանում: Ուրեմն սա պետք է շարունակել, յուրաքանչյուր երիտասարդ պետք գա և տեսնի Հայրենիքը, դա մեր կարևորագույն պատասխանատվությունը և պարտավորությունը պետք է համարենք: Մշակութային բաժնում երկար քննարկվեց հայկական մշակութային ժառանգության մասին, խոսվեց մշակույթի ուժի մասին, և այն մասին, թե մշակույթը ինչպես կարող է երիտասարդին հայ պահել: Մենք պատրաստ ենք Հայաստանից պարուսույցներ, երգիչներ ուղարկել, որ խմբեր ձևավորվեն, որ երիտասարդությանը համախմբենք, որովհետև պարախմբերը, երգչախմբերը նաև հայկական դպրոց են դառնում: Այդ երեխան և՛ հայերեն է լսում, և՛ հայ մշակույթով շարունակում է հայ մնալ: Մեր «Իմ Հայաստան» փառատոնով աննախադեպ արդյունք գրանցեցինք. անցյալ տարի 49 պարախումբ եկավ, ես շնորհակալ եմ, որովհետև պարախմբերի, երգչախմբերի, տեղափոխումը բավականին ծախսատար է: Սակայն եթե ցանկություն լինի, մեկ տարի, երկու տարի շարունակ կարելի է նաև այդ գումարները հայթայթել, որովհետև միայն դրա միջոցով մենք կարող ենք հազարավոր երիտասարդների հայ պահել: Մենք մեր այս համաժողովից հետո սկսում ենք «Երգում ենք Կոմիտաս» փառատոնը, և ինչն է ուրախալին. այն, որ մեր հայկական կազմակերպություններն ու մշակութային կենտրոնները ճապոնացուն, ավստրալացուն, հույնին, կորեացուն սովորեցնում են Կոմիտաս երգել: Կոմիտասը հայերենով են նրանք երգում, ուրեմն մենք պետք է հայկական մշակույթը ոչ միայն փոխանցենք մեր երիտասարդությանը, այլև կարողանանք փոխանցել օտարներին: Ուզում եմ նաև խոսել այն ծրագրի մասին, որը քննարկման առարկա դարձավ երեկ. դա «Սփյուռք ամառային դպրոց»-ն է՝ 5 ուղղություններով՝ հայերենի արագացված ուսուցում՝ անվճար, մեկ ամիս շարունակ Հայաստանում ուսուցանում ենք հայոց լեզու երեխաներին, երիտասարդությանը, մեծերին: Խնդրում եմ այս ծրագրին ուշադրություն դարձնեք, ուղարկեք, որ նրանք գան և Հայրենիքում սովորեն մայրենին: Երիտասարդ առաջնորդների դպրոց, երիտասարդ լրագրողների դպրոց և այլն: Հաջորդը, որի վրա ուշադրություն դարձվեց, հատկապես «Մեր մեծերը ծրագիրն է: Պատահական չէ, որ մենք այս ծրագիրն իրականացնում ենք, որպեսզի հայ մեծերով, հայ երիտասարդը հպարտ զգա: Դրանով մենք նպաստում ենք երիտասարդության, կրթության և դաստիարակության խնդիրների լուծմանը: Երեկ այստեղ ներկայացվեց, որ մենք ստեղծարար ժողովուրդ ենք: Այո՛, մենք պետք է կարողանանք յուրաքանչյուր երիտասարդի տեղեկացնել, թե մեր ազգը ինչպիսի մեծություններ ունի կրթության, առողջապահության, գիտության, բիզնեսի և այլ ոլորտներում, և թե նրանք ինչպես են ազդել աշխարհի քաղաքակրթության վրա. մեր երիտասարդները պետք է դաստիարակվեն ոչ թե զոհի հոգեբանությամբ, ոչ թե փոքր ազգ լինելու զգացողությամբ , այլ հզոր, խոշոր ազգի, տաղանդավոր ազգի զավակ լինելու զգացումով: Ես կուզենայի խոսել մեր պատմական հիշողության մասին. իհարկե Ցեղասպանության մասին, որը հայապահպանության կարևորագույն համախմբման առանցքն է: Ցավում եմ, որ քիչ խոսվեց, կամ գրեթե չխոսվեց 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի սկզբունքների մասին: Մենք պետք է այդ սկզբունքնրը ամեն օր, ամեն ժամ վառ պահենք համայնքներում, համայնքի միջոցով նաև երկրների քաղաքական պետական մարմիններում, և փոխանցենք երիտասարդությանը: Պատմական հիշողությունը ո՛չ ծանրություն է, ո՛չ բեռ է, ո՛չ այստեղից այնտեղ փոխանցելու դժվարություն, դրա համար մենք պետք է մեր բոլոր ձեռնարկներում կարողանանք այն փոխանցել երիտասարդությանը: Պատահական չէ, որ 100-րդ տարելիցից հետո չդադարեցին Ցեղասպանության ճանաչման խնդիրները, և ոչ էլ այն ձեռնարկները, որ դուք ակտիվորեն կազմակերպում եք ամբողջ սփյուռքում: Այս առումով մենք դրանք բաժանում ենք 7 ուղղությունների՝ քաղաքական՝ այսինքն պետք է շարունակել պայքարը այդ ուղղություններով, երկրորդ՝ քարոզչական ոչ թե միայն մեր հայկական թերթերը, այլ հատկապես օտար թերթերը ու օտար լրատվամիջոցները պետք է դրանով զբաղվեն: Ես չեմ կարող այս պահին չհիշել Արմեն Մազլումյանին Եգիպտոսից, որ քանի խումբ արաբների՝ լրագրողների բերեց, որոնք բոլորովին փոխեցին արաբական աշխարհի վերաբերմունքը հայկական Ցեղասպանության նկատմամբ: Գիտաժողովներ, համաժողովներ, հրատարակություններ, բնականաբար՝ մշակութային ձեռնարկներ, թանգարաններ և եկեղեցական միջոցառումներ, խաչքարեր, հուշարձաններ. Այս բոլոր գործիքները պետք է կիրառել՝ Ցեղասպանության փաստը մոռացնել չտալու համար: Այստեղ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մեր պատմական ժառանգության պահպանման խնդրին, թվայնացման խնդրին, որովհետեև դրա միջոցով նաև մենք ներկայանում ենք աշխարհին. այս առումով անելիք և ասելիք ունենք: Մենք տարեկան մոտավորապես 70000 կտոր գիրք ենք փոխանցում մեր սփյուռքյան դպրոցներին, և այստեղ նույնպես ակնկալում եմ ձեր ակտիվությունը, ձեր առաջարկները, որպեսզի մենք դպրոցի խնդիրը կարողանանք լուծել: Իսկ դպրոցը առանց ուսուցչի չի կարող լինել, և պատահական չէր, որ համաժողովի ընթացքում հայկական դրոցի ուսուցչի մասին շատ խոսվեց, ուսուցչի վարձատրության մասին ևս, և, հետևաբար, մենք ձևեր պետք է գտնենք՝ ֆոնդեր ստեղծելով, բարերարներ գտնելով, ոգևորելով, դիմելով տվյալ երկրի կառույցներին, կազմակերպություններին, որպեսզի հայ ուսուցիչը բարձր վարձատրվի, որպեսզի հայ ուսուցիչը ավելի ոգևորված դասարան մտնի և մեր աշակերտներին կարողանա հայապահպանության գաղափարներով: Հաջորդ հարցը վերաբերում է հայ ուսուցչի վերապատրաստմանը Հայաստանում: 70 տեղ պետությունը տալիս է, որպեսզի երիտասարդները գան, անվճար սովորեն այստեղ: Շա՛տ սիրելի համայնքների ղեկավարներ, դիմելով ձեզ՝ խնդրում եմ սերնդափոխության հարցը դիտարկել, մեր հայոց լեզվի, հայոց պատմության, կրոնի պատմության ուսուցիչները, իրոք, գնալով ծերանում են, մենք պետք է կարողանանք նրանց փոխարինողներ պատրաստել, իսկ Հայոց պետությունը պատրաստ է համալսարաններում նրանց անվճար կրթություն ապահովել, ուղղակի սպասում ենք, որ դուք երիտասարդներ գործուղեք Հայաստան: Չորրորդ հարցը վերաբերում է սիրիահայությանը: Ես ուզում եմ այստեղ անսահման շնորհակալություն հայտնել շտապօգնության և վերականգնման կառույց ստեղծած մեր հոգևոր ղեկավարներին, որոնք այստեղ ներկա են և ամեն ինչ անում էին` Սիրիայում ռումբերի տակ հային պահելու, պահպանելու և օգնելու համար: Շահան սրբազանը, Արմայր սրբազանը, Կաթողիկե եկեղեցու Միրիաթյանը, Պետրոս սրբազանը, վերապատվելի Սելիմյանը ամեն ինչ անում են, իսկ նրանց միացել են մեր կուսակցությունները և, իհարկե, բարեգործականը: Այս ամենի շնորհիվ Սիրիայում ապրող մեր հայրենակիցները պահում են դպրոցը, պահում են եկեղեցին, պահում են հայկական մշակույթը, ձեր օգնությամբ այսօր Սիրիայում հայկական սփյուռքն է կանգնած սիրիահայերի մեջքին: Երեկ ես շատ ուրախ էի լսել, որ Սիրիական հիմնախնդիրը ոչ միայն պետության, ոչ միայն սիրիահայության, այլ ամբողջ հայության խնդիրն է: Արտակարգ իրավիճակում հայտնված իրաքահային, սիրիահային, մենք պետք է ամեն ինչով ապահովենք: Դուք գիտեք, որ 22000 սիրիահայ է եկել Հայաստան, և ես ունեմ նաև քաղաքական հանձնարարություն: ՀՀ Նախագահը երկու հանձնարարություն է տվել. Առաջինը՝ մենք պետք է լինենք սիրիահայի կողքին, որտեղ էլ նա լինի՝ Սիրիայում, Սիրիայից դուրս, թե Հայաստանում, և երկրորդ՝ սիրիահայը Հայաստանում փախստական կոչվել չի կարող, նա եկել է իր Հայրենիք, իր Հայաստան և անմիջապես քաղաքացի պետք է դառնա: Անկախ նրանից՝ թե որոշ մարդիկ խոսում են, որ Հայաստանի անձնագիրը օգտագործեցին Շվեդիա կամ Կանադա հասնելու համար, պետք է փաստեմ, սիրելիներս, որ ընդհամենը 3500 մարդ է ապրում Շվեդիայում, և մոտավորապես 5000 Կանադայում: Իսկ 100000-ից 22000-ը ապրում է Հայաստանում: Հետևաբար հայրենադարձվեցին մեր հայրենակիցները, հարմարվեցին Հայրենիքում, թեև շատերը ասում էին, որ հենց Սիրիայում մի քիչ վիճակը կայունանա, կվերադառնան: Ես գրեթե համոզված եմ, որ նրանք մնալու են, քանի որ  ամեն օր եմ հանդիպում մեր հայրենակիցներին: Նրանք Հայաստան են բերել աշխատանքային մշակույթ, համեստ են, խելոք են, կազմակերպված են, մենք՝ հայաստանցիներս, նրանցից շատ բան ունենք սովորելու, 4-5 տարում այնպիսի բիզնեսներ են դրել, որ մերոնք տարիներով չեն անում դա: Շնորհակալություն Հայաստանում հաստատված մեր սիրիահայերին: Այո, եթե գաղթ, ապա՝ Հայաստան: Այս կոչը պետք է ամենուր կրկնել, սակայն դա չի նշանակում, որ մենք սիրիահայերի հետ կապված խնդիրներ չունենք, թեև բնակարանային և բիզնես ծրագրերի առումով դեռ ինչ-ինչ խնդիրներ կան, և դրա համար մենք ամեն ինչ պետք է անենք, նրանց ներգրավելու, ընտանեկան բիզնեսը զարգացնելու առումով: Ես չեմ կարող շնորհակալ չլինել նաև մեր բոլոր հայկական բարեգործական, մարդասիրական, կառույցներին, կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին, այն երկրներին, որոնք ամեն ինչով փորձում են օժանդակել Հայաստանում այդ խնդիրները կարգավորելուն: Ուզում եմ անպայման ձեզ հետ միասին անսահման շնորհակալություն հայտնել Սիրիայում ՀՀ դեսպան պարոն Փոլադյանին, Հալեպի նախկին հյուպատոս պարոն Գևորգյանին, որոնք ռումբների տակ մնացել և մեր հայրենակիցների կողքին են գտնվել: Հալեպում չկար ոչ մի երկրի դիվանագիտական հաստատություն, բացի Հայաստանից, նույնը` Դամասկոսում: Դա Հայոց պետության, ՀՀ Նախագահի քաղաքականությունն է, ըստ որի՝ ոչ թե պետք է հետ կանչել դեսպաններին, այլ հակառակը՝ դեսպանները պետք է մնան, ուժ տան մեր հայրենակիցներին: Դրա համար կրկին շնորհակալ ենք մեր դիվանագետներին:


Շնորհակալություն ուշադրության համար:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Մարտ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: