Ելույթներ

2017-08-07 00:00:00
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ելույթը 2017թ. հուլիսի 11-13-ը Բեյրութում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության նախաձեռնությամբ կայացած «Սփյուռքը նոր հորիզոնների դիմաց. Սփյուռքահայի ինքնահասկացողությունը» խորագրով գիտաժողովում

Սփյուռքը նոր հորիզոնների դիմաց. Սփյուռքի հայի ինքնահասկացողությունը


Մեծապես զգացված և երախտապարտ եմ, որ Ձեր անմիջական հովանավորությամբ և մասնակցությամբ Պիքվայայի մեջ կազմակերպած եք այսքան արդիական, մեր ազգի համար խիստ անհրաժեշտ այս գիտաժողովը: Ազգային ինքնության հիմնախնդիրները եղել և մնում են պատմության, սոցիոլոգիայի, հոգեբանության, ազգագրության, քաղաքագիտություն, բարոյագիտության մնայուն և հրատապ թեման: Ազգային ինքնության, ազգային պատկանելության, ինքնահասակցողության հարցերը ժամանակի և տարածության մեջ անընդհատ փոփոխվում են, դառնում առավել բազմաշերտ, բազմերանգ:


Հայկական ինքնությունը, հայի ինքնաճանաչումն ունեն իրենց առանձնահատկությունները.

1. Հայկական ինքնությունը, ենթարկվելով բռնության, արմատախիլ եղավ իր հողից, հեռացավ ազգային արմատներից, ստեղծած դարավոր մշակութային արժեքներից, կորցրեց իր սոցիումը, իր միջավայրը, լեզուն ու բարբառները, իր եկեղեցիները և աշխարհացրիվ եղավ:


Աշխարհացրիվ եղավ ոչ միայն աշխարհագրորեն, այլև դարձավ օբյեկտ, որը մշակութային և քաղաքական ամենատարբեր համակարգերում կրեց մեծ ազդեցություններ և բեկվեց՝ երբեմն մոռանալով իր ինքնությունը, երբեմն հանդես գալով երկու «ես»-ով, երբեմն փակվեց ինքն իր մեջ և այսպես շարունակ…


«Ես չեմ կարող իմ ինքնության մասին մտածել իմ հայությունից դուրս: Սա ինձ համար այնքան հիմնական է, որքան առաջին կայծը կյանքի: Ես պարտական եմ ամեն բան այն անպատմելիին, որ մեր յուրաքանչյուրի ներսում է և որը գալիս է յուրաքանչյուրի կենտրոնից, և՛ ընտանիքի մի մասից, և՛ հողի մի մասից, և՛ մշակույթի մի մասից» (Վիլյամ Սարոյան):


Ինքնության սարոյանական խորիմաստ բանաձևմանը մենք հաճախ ենք հանդիպում: Հայն առանց մեծ դժվարությունների հարմարվում է տարբեր հասարկությունների, սովորում ընդունող երկրի լեզուն, սովորույթները, ընկալում մշակույթն ու ավանդույթները: Սակայն հիմնականում  պահպանում մի ներքին մղում, մի կայծ, բարոյական, հոգեբանական կայծ, որ փորձում է վառ պահել և փոխանցել սերունդներին: Կայծը հատկապես բոցավառվում է, տարածվում, դարձի բերում շատերին, երբ Հայրենիքին վտանգ է սպառնում: Անգամ երկրաշարժի օրերին հայության գիրկը վերադարձավ անվանի հայը՝ Քըրք Քըրքորյանը: Նմանապես և Հայաստանի անկախացման ժամանակ, երբ դարերով ազատ ու անկախ Հայրենիք ունենալու երազանքը շատերին դարձի բերեց: Կամ ինչպե՞ս անվանել ապրիլյան պատերազմի օրերին Հայրենիքի տեղն անգամ չիմացող Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում ապրող հայ երիտասարդների խմբերին, որոնք եկան և կռվեցին Արցախի առաջնագծում: Այսպիսով, ցավը, վտանգը, տագնապը, խոշոր իրադարձությունը համախմբում են մարդկանց, մի անբացատրելի և անբացահայտելի ուժ՝ հայկական ինքնության մարած թվացող կայծը գլուխ է բարձրացնում. ինչու՞. քանզի մեր գենետիկ կոդում մենք կրում ենք ցավ ու վիշտ, մենք վրեժ ունենք պատմությունից դեռ լուծելու, որը, գուցե, խամրում է, սակայն երբեք չի անհետանում:


2. Հարափոփոխ աշխարհը, համաշխարհայնացման ահռելի վտանգը, երբ կուլ է տալիս փոքր ազգերի, մշակույթների, լեզուների ինքնահատուկ որակները, համահարթեցնում է ամեն ինչ, հայ ինքնությունը դիմագրավում է նոր փորձությունների (աշխարհի 119 երկրներում կան հայկական համայնքներ): Սփյուռքն այսօր լուրջ մարտահրավերների առջև է կանգնած. մի կողմից, կրելով  լեզվի, մշակույթի, քաղաքակրթության ազդեցությունը՝ հայ ինքնությունը փորձությունների է ենթարկվում, մյուս կողմից, Սփյուռքը, հատկապես Միջին Արևելքը, ենթարկվում է անընդմեջ տեղաշարժերի՝ աշխարհաքաղաքական լարված իրավիճակների, կրոնական ծայրահեղական շարժումների, պատերազմների պատճառով: Միգրացիոն տեղաշարժերի պատճառով հայերն անընդհատ պայքարի մեջ են, մի կողմից փորձում են հարմարվել բնակության երկրում, մյուս կողմից գործադրում են սեփական ինքնությունը պահպանելուն ուղղված մեծ ջանքեր՝ վկան 100-ավոր եկեղեցիների, մշակութային տների, դպրոցների կառուցումն է, նրանցում խախտվող ինքնության վերականգման փորձերը:


Սիրիական պատերազմից մազապուրծ հայերի մի խումբ, հասնելով Շվեդիա, դեռ ուշքի չեկած՝ եկեղեցի կառուցեց՝ առաջին հայկական եկեղեցին տարածաշրջանում:


3. Այնուամենայնիվ, ցավով պետք է փաստել, որ Սփյուռքում ուծացման գործընթացներն արագացել են՝ ընդունելով աննախադեպ ծավալներ: Հայկական ինքնությունը խոցելի է դառնում. ավելանում են խառնամուսնությունները, փակվում հայկական դպրոցները, նվազում է մայրենի լեզվով խոսողների թիվը, ավելանում են համայնքային կյանքից հեռացողները, ինչի հետևանքով վնասվում են հայ ինքնության արմատները, ջլատվում է հայկական համայնքների ներուժը:


Ի՞նչ անել


1. Հայկական ինքնությունը պահպանող, ամրապնդող հիմնասյուներն են Հայրենիքի հետ զգայական կապը, հայոց լեզուն, հայ մշակույթը, հայկական ժառանգությունը, պատմական հիշողությունը, քրիստոնեությունը, հայ ընտանիքը, բարքերը (ավանդույթներ ու սովորույթներ), համայնքային կազմակերպությունները:

Հետևաբար, բոլոր ձևերով և միջոցներով օգնել, որ ավելանա հայկական կառույցների թիվը Սփյուռքում, թույլ չտալ, որ փակվեն կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլ կառույցներ: Այստեղ իր կարևոր դերակատարությունը պետք է ունենա Հայոց պետությունը:


2. Հզոր Հայաստանի գոյության և Հայրենիքի հետ զգայական կապն է հայապահպանության բանալին:

Հայրենիքը հայ ազգային ինքնության գլխավոր հենքն է: Հայրենիքն ազգի գոյության, ինքնության և արժանապատվության առհավատչյան է, հայ մնալու, հայ ապրելու խարիսխը: Արտերկրում ապրող հայերի ճնշող մեծամասնության համար Հայաստանը լոկ պատմական հայրենիք չէ, այլ իր օջախը, իր տունը, իր հայ մնալու փրկությունը: 25-ամյա հայկական երկու հանրապետությունների, մեր սուրբ հողի շնորհիվ է ազգը միասնական, հզոր ու կենսունակ: Միայն զարգացած, կարող, պաշտպանված Հայաստանն է հայության օրրանը:  Հայրենիքի հետ մշտական գիտակցական ու զգայական կապի շնորհիվ Սփյուռքում ուծացման տարբեր վտանգներին դիմակայող հայը կառչած է մնում իր արմատին, իր ազգին, իր ինքնությանը: Հետևաբար, հայ ազգի, հայրենի պետության գերխնդիրը պետք է լինի հզոր Հայաստանի կառուցումը և նրա շուրջ ողջ ազգի համախմբումը: «Հաւաքական ինքնութիւնը հողէ մը կը սկսի, նոյնիսկ եթէ այդ հողը հեռաւոր իրականութիիւն մըն է, հեռաւոր յիշատակ մը, կամ նախնական պորտալար մը: Հիմնական իրականութիւնը հողն է…»,-իրավացիորեն նշել է հայագետ, վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Հայր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը:

Հետևաբար, հայրենի հողը շոշափելու, Հայրենիքը ճանաչելու, յուրաքանչյուր հայի՝ Հայաստանը տեսնելու ծրագիրը պետք է դառնա ամեն  մի համայնքի, կառույցի, եկեղեցու գործունեության առանցքը: «Արի տուն» հայրենաճանաչության ծրագիրը ոչ միայն կապել է 15.000 հայ ընտանիքների միմյանց, 80.000-ից ավելի մարդկանց բարեկամացրել, այլ շուրջ 8000 երեխայի մեջ  ցանել է սերմեր, որոնք այլևս հայ են մեծանալու, այն էլ՝ հպարտ և Հայրենիքի հետ մտքով ու սրտով կապված հայ: Ուրեմն` «Հաջորդ տարին Երևանում» շարժումը ևս պետք է թափ ստանա, տարածվի, քանզի միասնաբար ենք տոնելու մեր քաղաքամայր Երևանի 2800-ամյակը:


3. Լեզուն է հայ մնալու և հայ ապրելու հիմնական գրավականը:

Դժբախտաբար վտանգված է նաև այդ հիմնական կռվանը, քանզի մեծ արագությամբ կորցնում ենք մեր մայրենին: Մեծ հայրերի և մայրերի բացակայությունն ընտանիքներում, խառնամուսնությունները ուղղակի իմաստով նպաստում են մայրենիի կորստին: Դրա մասին շատ է խոսվել և այս քննարկումներում ևս գլխավոր թեմաներից մեկն է լինելու: Հայկական դպրոցները շատ տեղերում, ցավոք, զիջում են իրենց որակով, ֆինանսական հնարավորություններով և նոր մեթոդների բացակայությամբ: Սակայն Մարսելի հայկական դպրոցը Ֆրանսիայի մոտ 5000 դպրոցների մեջ 35-րդն է: Հայոց պետության  խնդիրն է օգտվել բարձր տեխնոլոգիաների հնարավորություններից և ստեղծել բոլոր հնարավորությունները` տեղեկատվական տարածքը հայկական դարձնելու, էլ. փոստը բացառապես հայերենացնելու, մանկական խաղերն ու էլեկտրոնային դպրոցներն իրականություն դարձնելու համար:


4. Հաջորդ կռվանը հայ ընտանիքն է:

Հայ ընտանիքը հայ ինքնության պահպանման գլխավոր պատվարն է: Այսօր ցավալի  իրողություն են դարձել «ես ծագումով հայ եմ», «իմ ծնողքը հայ են», «մեծ մամես հայ էր» և այլ արտահայտությունները: Փաստ է, որ ունենք ընտանիքի նոր տեսակներ: Հայ գենը կրող մարդկանց խումբ՝ 100 %-ից մինչև 3 կամ 1.5 % և Լևոն Շանթի հայտնի սահմանումը. «ջուրի ու ցամաքի  վրայ միաժամանակ ապրող, բայց ոչ ջուրին մէջ լողալ գիտէ, ոչ ցամաքի վրայ մարդավարի քալել. և յաճախ կը վերջանայ անով, որ ջուրն ալ կ’ատե, ցամաքն ալ, թէեւ իր հոգիին խորքը լուռ տենչանք մը կը մնայ միշտ վառ` կամ ջուրինը ըլլալու, կամ ցամաքինը...»: Նման ընտանիքներում, նման գեն կրող մարդկանց մոտ պետք է հզորացնել, զարգացնել հայության հետ կապը, հայկական մշակութային ձեռնարկներին ու եկեղեցու ծիսակարգերին մասնակցությունը: Օրինակներ՝ որքան ուզեք. եկան Հայաստան ու հայացան:


Այս հանգրվանում լրջագույն խնդիր է հայկական անուն-ազգանունների պահպանումը: Եվ պատահական չէր, բանաստեղծի կտագնապը.

«Ո՞ւր է հայոց անունը ջինջ,

Հազարից մեկն հազիվ ունի

Անուշ անունն իր հայրենի»:

Ուրեմն, անհրաժեշտ է մեր կառույցների, հայ եկեղեցու հովանավորությամբ տարբերակված հետևողական ծրագրեր մշակել և իրականացնել՝ խառնամուսնություններից ծնված երեխաներին հայության և Հայաստանի հետ կապելու համար:


5. Մենք մեր սփռվածությունը օգտագործելով՝ պետք է կարողանանք մեր ցեղասպանված իրավունքների պահանջատիրությամբ արթնացնել հայ գենը, հայկական պատկանելությունը և պատմական հիշողությունը, որը սերնդեսերունդ պետք է կրի յուրաքանչյուր հայ:

Հայ ինքնության պահպանումը և պատմական հիշողությունը միմյանց սնող հարակից անոթներ են: Հայությունը թե՛ Սփյուռքում, թե՛ Հայրենիքում նույն պատմության ժառանգորդն է: Բազմադարյա հայոց պատմության մեջ շրջադարձային դարձած Հայոց ցեղասպանությունը հիմքից ցնցեց ազգը՝ բաժանելով նրան մասերի, ազգային հավաքական հոգեկերտվածքի վրա դաջելով զոհի բարդույթը, ծանր հիշողությունն ու անամոք ցավը: Աշխարհասփյուռ հայության համար փրկօղակ դարձավ հայոց ինքնության մեջ խարսխած այն համոզմունքը, որ, այնուամենայնիվ երկրիս երեսին կա մի պատառ հայրենիք՝ ներկայիս Հայաստանը` կորուսյալ երկրի հրաշքով փրկված մի մասնիկը, որը նաև իրենցն է: Եվ այս մի պատառ հողի պաշտպանության ու շենացման հետ միասին անհրաժեշտ է հայրենիքի անցյալի մասին հիշողությունը կրելով փոխանցել սերունդներին: Ինքնության պահպանման կարևորագույն գործոն է հիշողությունն անցյալի մասին: Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը համախմբել է ազգին, վերածվել ազգային ինքնության հիմնասյուներից մեկի:


6. Հայ մեծերի ազգակերտիչ կերպարը հայապահպանության և ինքնության գիտակցման կարևոր գործիքներից է:

Կերտենք հպարտ հային մեծերի, հռչակավոր հայերի օրինակով: Կարծրատիպերից ազատ, ժամանակակից հայի ձևավորմանը մասնակցենք: Ճնշված, ջարդված հայի բարդույթից ազատվենք և ամենուր անգամ կերտենք գրագետ, կարող, արժանապատիվ հայի կերպար:


Առաջարկ-անելիքներ


Մենք ունենք հայի կերտման, հայ աշխարհաքաղաքացու ձևավորման խնդիր: Հայության մեծ հատվածը հայրենիքից դուրս է ապրում, հետևաբար հայ մարդու տեսակի պահպանումը օրվա հրամայականն է: Ուստի կարևոր խնդիր, համազգային առաջնահերթություն պետք է համարել.


1. Խրախուսել նոր` կարծրատիպերից ազատ ժամանակակից հայի ձևավորումը, դաստիարակել իր բնակության երկրի հասարակությանը ինտեգրված, այդ հասարակության մեջ հաջողություններ արձանագրած, միևնույն ժամանակ իր պատմական հայրենիքին, իր հայկական ինքնությանը հավատարիմ սերունդ: Ամբողջապես արմատախիլ անել փոքր ազգ լինելու բարդույթը և սփյուռքահայերի ու տաղանդաշատ անհատների օրինակով կերտել հպարտ հայի արժանապատիվ կերպարը, մանկուց սերմանել այն մտայնությունը, որ հայկական պատկանելությունը միայն հպարտություն է:


2. 21-րդ դարում հայ ինքնության զորեղացմանը, հայկական ինքնության պահպանմանն էականորեն նպաստում է ինքնության վերաթարմացումը, երիտասարդացումը, վերաձևակերպումը, որին կարելի է հասնել, երբ յուրաքանչյուր հայ ընտանիք կիմանա իր գերդաստանի պատմությունը, կունենա իր տոհմածառը՝ պահպանելով  գիտակցված զգացական կապը Մայր Հայրենիքի հետ: Ինքնության պահպանմանը միտված գործողություններին անհրաժեշտ է ավելաց­նել նոր գործոններ և ազդակներ:


3. Որպես հայ ինքնության գլխավոր աղբյուր` դեպի քրիստոնյա և աստվածաշնչյան երկիր` Մայր Հայաստան երիտասարդության պարբե­րա­բար այցե­լութ­յուն­ներ, ուխտագնա­ցութ­յուն­ներ կազմակերպելով հնարավոր է կանխել վերահաս ուծացման վտանգը, պահպանել հայ ինքնությունը, մայրենին: Ուստի հարկավոր է առավել ակտիվացնել Սփյուռքի կապերն ու հարաբերությունները վերածնված հայկական երկու պետությունների` Հայաստա­նի Հանրա­պե­տութ­յան և Արցախի հետ։ Նպատակ պետք է դնել, որ հայ երիտա­սարդը հայրենիքի վերացական գաղա­փարը կարողանա վերածել իրականության, իրա­պես ճանաչեն Մայր Հայրենիքը, իմանալ նրա հոգսերն ու ձեռքբերումները, մասնակցել հայրենա­նպաստ ձեռնարկների ու մի օր էլ բռնել հայրենիք բերող ճամփան:


4. Անհրաժեշտ է տարբեր եղանակներով աջակցել պատմական Հայաստանի տարածքում բնակվող ուծացած և ծպտյալ հայերի ինքնության վերազարթոնքին: Ինքնության վերականգ­նման ծրագրերի առաջնային պահանջը ուծացած և ուծացման եզրին հայտ­նված հայի մեջ իր էթնիկական պատկանելու­թ­յան գիտակցության արթնացումն է:


Անհրաժեշտ է լայնածավալ և համատեղ աշխատանքներ իրականացնել՝ կրկնապատկելու Սփյուռքում ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանն ուղղված ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը, որոնք մեծ ընդ­գրկում ունեն և դրական արձագանք են ստացել Սփյուռքի երիտասարդության շրջանում՝ որպես հայրենաճա­նա­չու­թ­­յան և կրթական ծրագրեր: Կար­ևոր են նաև սփյուռքահայ երիտասարդների համար մայրենիի իմացությանն ուղղված ձեռնարկները: Արդեն քննություն են բռնել «Իմ Հայաս­տան» համահայկական փառատոնը, «Սփյուռք» ամառային դպրոցը, «Արի տուն» ծրա­գիրը, համահայկական մասնագիտական ու Հայրենիք-Սփյուռք համաժողովները:


Հայաստան-Սփյուռք գործակցության շրջանակներում այլ նախարարություն­նե­րի հետ համատեղ Սփյուռքի նախարարությունը պետք է աջակցի համահայկական փառատոների, ցուցահանդեսների, գիտաժողովների, սեմինարների կազմակերպմանը և մշակութային քաղաքակա­նութ­յան քարոզչությանը:


5. Հայ ընտանիքն ամրապնդելու և հայեցի պահպանելու համար հայոց պետության և սփյուռքյան կառույցների կարևոր խնդիրն է պահպանել և փոխանցել սերունդներին հայկական ավանդույթներն ու սովորույթները, կենցաղն ու բարքերը: Քարոզչական աշխատանքները կարող են օգնել երիտասարդ ընտանիքներին՝ կարևորելու հայկական անուն-ազգանունները՝ որպես հայ ինքնության պահպանման, ազգային պատկանելության գրավական ու էական ցուցիչներ, որոնցից չպետք է հրաժարվել:


6. Խառնամուսնությունների հետևանքով ձևավորված ընտանիքների հետ աշխատելու համար հարկավոր է համայնքներում մշակել ծրագիր՝ զույգի ոչ հայ անդամի կարողություններն հայկական խնդիրների լուծմանն ի նպաստ օգտագործելու, ինչպես նաև երեխաների կապը համայնքի և Հայաստանի հետ ուժեղացնելու, հայ մշակույթի հետ ծանոթացնելու և ազգային արժեքներին հաղորդակից դարձնելու նպատակներով:


7. Մշակութային կենտրոններ, Հայ տներ ստեղծել այն համայնքներում, որոնցում այդպիսիք չկան, իսկ արդեն գործող կենտրոնների համար ավելացնել ֆինանսավորումը` օգտագործելով Հայաստանի, Սփյուռքի, հասարակական կազմակերպությունների և տվյալ երկրի հնարավորությունները:


8. Պետական և սփյուռքյան կառույցների ուժերով Հայաստանում նպատակահարմար է ստեղծել Սփյուռքի պատմության թանգարան (առանձին կամ Ցեղասպանության թանգարանի կազմում):


9. Ներկա փուլում որպես Հայաստանի և Սփյուռքի հզորացման գործոն և դրանց զարգացման հիմք պետք է հանդես գան հայրենա­կան և Սփյուռքի դրամագլուխը, մարդկային ռեսուրսները, հայրենիքի և Սփյուռքի կառույցները, իսկ որպես ընդհանուր գա­ղա­­փարախոսություն՝ հայրենասիրութ­յունը, քանզի ինչպես նշում էր Գարեգին Նժդեհը՝ «Հայրենիքներն ապրում են հայրենա­սի­րութ­յամբ, կործանվում՝ դրա պակասի պատճառով»: Հայաստան պետք է գա հայկական դրամագլուխը՝ վերածվելով աշխատատեղերի, ծրագրերի, գործերի՝ օժանդակելով արտագաղթի և աղքա­տության կրճատմանը: Սփյուռքը կարող է դառնալ աշխատատեղերի ստեղծման կարևոր աղբյուր:


10. Հայաստանը համայն հայության հայրենիքն է: Հետևաբար, յուրաքանչյուր հայ իր օգնությունը պիտի բերի հայրենիքին՝ իր գիտե­լիք­նե­րով, կարողություններով, կապերով ու գործու­նե­ութ­յամբ: Անհրաժեշտ է գիտելիքներից ու կարողություններից բաժին հանել նաև հայրենիքին, «Ամեն ինչ հայրենիքի համար» շարժման մասնակից դարձնել յուրաքանչյուր հայի:


11. Հայրենադարձություն. միայն վառ ազգային ինքնության, հայրենասիրության մեծագույն գիտակ­ցությամբ է այսօր հայրենիք վերադառնալու գաղափարն իրականություն դառ­նում որոշ հայ ընտանիքների համար: Հզոր, պաշտ­պան­ված, մարդասեր, հանդուրժող, օրինապաշտ Հայաստան կառուցելով, արդար իրավահարաբերությունների ներդրմամբ կկարողանանք հայրենադարձություն կազմակերպել: Ներդրումների ավելացմամբ, բիզնես միջավայրը զարգացնելով, ժողովրդա­վա­րա­կան ինստիտուտների կայացմամբ, արդարության և վստահության ավելացմամբ հնա­րավոր է մարդկանց դեպի հայրենիք ուղղորդել: Անհրաժեշտ է հայրենադարձված ընտանիքների օրինակն ու գործը ներկայացնել, նրանց մասին պատմող հաղորդումներ պատրաստել ու ֆիլմեր նկարահանել, իսկ ամենակարևորը՝ մշակել հայրենադարձությանը նպաստող առավել կոնկրետ ծրագրեր:


12. Սփյուռքի կյանքը վերակազմա­կեր­պելու և վերաշխուժացնելու նպատակով կա­ռույց­ների ղեկավար մարմիններում անհրաժեշտ է ընդգրկել երիտասարդությանը, կանանց։ Համամարդկային և համա­հայ­կական, ազգային ար­ժեք­ների զուգադրմամբ երիտասարդութ­յանը պետք է ներգրավել ազ­գա­յին գործերի մեջ։ Երիտա­սա­րդութ­յան գործուն մասնակցությունը Սփյուռքի կյանքին կնպաստի Սփյուռքի կառույցների երիտասարդացմանը, նրանց մոտեցում­նե­րի, գործելակերպերի ու գործունեության արդիականացմանը: Սփյուռքի կառույցների միջոցով, ՀՀ սփյուռքի նախարարության օժանդակությամբ պետք է հաշվառել հայ­կա­կան ներուժը, հնարավորությունները՝ հզորացնելու և ամրացնելու մասնագիտա­կան կառույցներն ու ցանցերը:


Հայկազյան համալսարանի տնօրեն Փոլ Հայդոսթյանն իրավամբ Հայկական սփյուռքում հայ ինքնության կերտման հիմնական գործոններից է համարում ընտանիքը, «ուր կը կերտուի հոգին, իսկական արժեչափը, սիրոյ եւ անսակարկ հոգածութեան ճամբով ինքզինք գտնելու եւ իրագործելու առիթը», կրթական կառույցները, որոնցում «երկխօսութեան կը մտնեն հայկականն ու միջազգայինը, հաւաքականն ու անձնականը, անցեալը, ներկան ու ցանկալի ապագան», Եկեղեցին, «ուր հոգիի հզօրութեան, սիրոյ, յոյսի, ներումի, հաւաքական գործակցութեան, ծառայութեան, բարեգործութեան, նուիրումի, սրբութեան եւ յաւիտենականութեան խորհուրդները իմաստ եւ արտայայտութիւն կը գտնեն եւ հաղորդութեան ու հաղորդակցութեան աշխարհ մը կը ծաւալեցնեն», մշակութային մարմիններն ու ծրագրերը, «ուր գեղարուեստ, երգ ու պար, ասմունք, գիրք ու պատկեր կը մշակուին: Հոն ուր ի մի կու գան խօսք, շարժում, գեղեցիկի որոնում, ստեղծագործութիւն ու պատմութիւն, ընկերական ու հաւաքական զգացում», սոցիալական ու բժշկական կենտրոնները, որոնք «հայկական հոգատարութեան ինքնաբաւութեան ջանքեր են, ընկերային ապահովութեան զգացում յառաջացնող, հայկական ու համահայկական հոգատարութեան առիթ ստեղծող, հայկական մէկտեղումի միջավայր գոյացնող», քաղաքական կուսակցությունները, որոնք «աշխարհի ուժերու եւ շահերու մրցումները քննող եւ անոնց մէջ գործող հայանպաստ ներկայութիւն հաստատող-յառաջացնող միջոցներ-հաստատութիւններ են», մամուլն ու հաղորդակցության միջոցները, որոնք «կը կապեն հայը հայուն, Հայաստանին, աշխարհին՝ յաճախ հայերէնի օգտագործումով», աշխատատեղերը, «ուր յաւելեալ ներհայկական ամրութիւն կը ստեղծուի նաեւ նիւթական ու ընկերային իմաստներով», հայկական թաղամասերը «ինչպէս՝ Պէյրութի, Հալէպի, Քեսապի, Այնճարի, Թեհրանի, Հոլիուուտի կամ Պոսթոնի մէջ, ուր հայկական հայրենիքի Սարոյեանական իրականութիւններ կը զարգանան, եւ հայկականութեան մէկ տարբերակը ապրելու առիթները կը շարունակուին»[1]:


Հայ ինքնության պահպանումը շարունակում է մնալ հայոց պետության հիմնական առաջնահերթություններից մեկը, և պատահական չէ, որ դեռևս 2008թ. Հանրապետության Նախագահը համապարփակ ձևով անդրադարձավ այդ խնդրին` նշելով. «Ամենից առաջ անհրաժեշտ է ձևավորել և ձևակերպել հայկական նոր ինքնությունը: Ինքնություն, որը պիտի դառնա հայի փարոսը նոր դարում: Հայկական ինքնությունը պիտի լինի մարդակենտրոն, ազատակենտրոն ու իրավակենտրոն: Ազատության և իրավունքի վրա հիմնված ինքնությունն է առավել քան հրապուրիչ և զորացնող: Այն կարող է ամուր հենք լինել հայի համար իր երկրի հասարակությանն ինտեգրվելու և ներքին բարդույթներից ու հակասություններից ազատ հոգեկերտվածքով հաջողությունների հասնելու համար: Ինտեգրվելու` որպես հայ, որպես ազատ մարդ, որպես իր մշտական բնակության վայրի հաջողությանը նվիրված քաղաքացի: Նման ինքնությամբ հայն իր երկրի լավագույն քաղաքացին է, նրա հենարանը: Ուրեմն` լավ հայը Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի կամ Վրաստանի լավ քաղաքացին է: Ուրեմն լավ հայը միշտ և ամենուրեք մրցունակ է, մրցունակ ազգի ազգային մրցունակության կրողը` իր ստեղծած արժեքներով, ապրանքներով, մատուցած ծառայություններով: Հայկական ինքնության առանցքը հայկական հպարտությունն է: Հայկական հպարտության խարիսխը` մրցունակությունը: Մրցունակ են արդյոք Հայաստանի քաղաքացին ու հայ մարդը: Եվ այո և պիտի՛ դառնան»[2]: 

***

Ազգային ինքնությունություն նշանակում է մարդկանց այն համախումբը, որը հենվում է պատմական նույն անցյալի, մշակութային արժեքների, լեզվի, ավանդույթների, դավանանքի վրա, ունի գաղափարների, մոտեցումների ընդհանրություն:


Քաղաքական պատմության առանձնահատկություններով պայմանավորված՝ ինքնությունը դարերի ընթացքում կրում է  փոփոխություններ:


Գաղտնիք չէ, որ մշակութային ինքնության բաղադրիչի վրա էապես ազդում են աշխարհագրական դիրքը, քաղաքական ռեժիմը, ժողովրդավարական ինստիտուտները, երկրի զարգացման աստիճանը, քաղաքակրթության մակարդակը, մշակութային բազմազանության առկայությունը, կրոնական հանդուրժողականության գոյությունը:


Եվրոպայի ազգերն իրենց եվրոպացի կոչեցին, դրանով իսկ իրենք ինքնության աղբյուրը համարեցին եվրոպական արժեքները՝ մարդու իրավունքներ և ազատություններ, խղճի, մտքի ազատություն…

Օտար միջավայրում ինքնության, մտածողության, մոտեցումների, արժեքների գնահատման, նոր արժեհամակարգի կրող դարձան մեր հայրենակիցները:


Այդ իսկ պատճառով մենք բազմաշերտ ինքնության կրող ենք:


Հայ ինքնությունը մեծ մասամբ կապվում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որն էլ  ազգակերտման իր դերակատարությունն է ունեցել և ունի: Եվ պատահական չէ, որ Սփյուռքում ապրող հայերի ճնշող մեծամասնությունն իրեն նույնականացնում է հայ եկեղեցու հետ: Չնայած այն բանին, որ 2-3 միլիոն հայերի ինքնության զարթոնք է սկսվել, որոնք փորձում են իրենց ինքնության մասին հայտարարել, հռչակել քրիստոնյաների մկրտության ճամփով, ինչը դժվար, ցավալի գործընթաց է ինչպես հայ եկեղեցու, այնպես էլ դար առաջ իր հավատից հեռացած մարդկանց համար:


Խոսքս ուզում եմ ավարտել դարձյալ մեջբերելով մեր հանճարեղ Սարոյանի գաղափարը «Կուզենայի տեսնել աշխարհի որևէ ուժ, որ կոչնչացներ այս ռասսան, այս անկարևոր մարդկանց փոքր ցեղը, ով կռվել է և պարտվել, ում կառույցները ավերվել են, գրականությունը չկարդացված է, երաժշտությունը` չլսված, աղոթքները` անպատասխան: Դե´, առա´ջ, ավերե´ք Հայաստանը: Տեսե´ք` կարո՞ղ եք արդյոք դա անել: Ուղարե´ք  նրանց անապատ առանց հացի ու ջրի, այրե´ք նրանց տներն ու եկեղեցիները: Տեսե´ք` արդյոք նրանք կրկին չե՞ն ծիծաղի, երգի և աղոթի: Քանզի երբ երկուսը հանդիպեն երկրագնդի վրա որևէ տեղ, տեսե´ք, թե արդյոք չե՞ն ստեղծի մի Նոր Հայաստան»:


Մենք պետք է ամեն ինչ անենք՝ պահպանել;ու ու զարգացնելու համար ամենուրեք Նոր Հայաստան կերտող հայի տեսակը:



[1] Հայտօսթեան Փ., Ինքնութեան կերտման հիմնական գործօնները Սփիւռքի մշակութային եւ քաղաքական ենթահողին վրայ,- Հայկական ինքնության խնդիրները 21-րդ դարում, Գիտաժողովի զեկուցումներ, Երևան, ԵՊՀ հրատ., 2013, էջ 15-16:

[2] Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և ամերիկահայ առաջատար կազմակերպությունների կողմից կազմակերպած հանդիսավոր ընդունելությանը, 24.09.2008, http://www.president.am/hy/statements-and-messages/item/2008/09/24(news-18):

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Հոկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31

ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ, գերաշնո՛րհ տեր Վազգեն Միրզախանյան,

թբիլիսահայ համայնքի թանկագի՛ն հայրենակիցներ,

հարգելի՛ հյուրեր,

18.10.2017  |  Ելույթներ

Հարգարժան ներկաներ,   


Ուղիղ մեկ ամիս առաջ Հայաստանի մայրաքաղաքում էին հավաքվել 71 երկրներից ժամանած հայորդիներ՝ քննարկելու ազգի, պետության առջև ծառացած մարտահրավերներ, իսկ այսօր Եվրոպայի մայրաքաղաքում գումարվել է Եվրոպահայերի 4-րդ համագումարը: