2011թ. ծրագրեր

 

 

 

1. ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային բազմալեզու պարբերականի հրատարակում 

 «Հայերն այսօր» ամենօրյա, բազմալեզու  էլեկտրոնային պարբերականը գործում է 2009 թվականից: Հիմնական նպատակն է` նպաս­տել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը, տեղեկա­տվական ընդհանուր միջավայրի ձևավորմանը, աշխարհի տարբեր երկրներում լույս տեսնող հայկական թերթերի և էլեկտրոնային լրատվամիջոցների միջև տեղեկատվության փոխանակման, համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը:

Պարբերականը ներկայացնում և լուսաբանում է Սփյուռքի հայկական համայնքներում կատարվող մշակութային, քաղաքական, տնտեսական   իրադարձությունները, Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների դժվարությունները և ձեռքբերումները, հայկական կառույցների աշխատանքը, աշխարհի տարբեր երկրներում բնակվող, տարբեր բնագավառներում ճանաչված, լուրջ հաջողությունների հասած հայերի մասին ճանաչողական նյութեր և այլն:

Պարբերականի կայքում տեղադրվում է նաև էլեկտրոնային շաբաթաթերթը PDF տարբերակով, որը հնարավորություն է ընձեռում ցանկացած համայնքում հրատարակել այն:


2. Արևմտահայերենից արևելահայերեն և հակառակը փոխարկիչի շտեմարանի ընդլայնում 

Հայկական համայնքներում հայոց լեզվով խոսող երկու հատվածների փոխըմբռնման նպատակով 2009թ. համացանցում փոխարկիչ ծրագրի տեղադրման աշխատանք է իրականացվել:

2011թ.-ին ընդլայնվելու է ծրագրի հիմքում ընկած թարգմանչական շտեմարանը, պարբերաբար համալրվելու է նաև բառարանային շտեմարանը` տարեկան 5.000 բառ: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում իրականացնել բարդ մասնագիտական տեքստերի արագ և որակյալ թարգմանություն:

 

3. Էլեկտրոնային գրադարանի ստեղծում

 Համացանցում առկա հայերեն գրականությունը և հայալեզու տեքստերի քանակությունը խիստ անբավարար է: Անհրաժեշտ է ապահովել հնարավորինս մատչելի հասանելիություն հայ գրական և այլ մշակութային արժեքներին:

Ծրագիրը իրականացվում է 2010 թվականից: 

«էլեկտրոնային գրադարան» ծրագրի շրջանակներում ստեղծվելու և անընդհատ համալրվելու են համահայկական հայալեզու գրադարանային ռեսուրսները, որում հաշվի են առնվելու հայերենի  ուղղագրության տարբերությունները:

2011 թվականին նախատեսվում է էլեկտրոնային գրադարանի բովանդակության համալրում գրքերով,  տեսանյութերով, ձայնագրություններով և այլն, որոնցում հաշվի են առնված Սփյուռքի հետաքրքրությունները: Համալրվող գրականությունը կներառի ինչպես հայ դասական, այնպես էլ ժամանակակից Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հեղինակների ստեղծագործություններ ու աշխատություններ և այլն:

Ծրագրի նպատակն է` համահայկական հայալեզու գրադարանային ռեսուրսների ստեղծումը: 

 


4. «Մեր մեծերը»

 Ծրագիրն ընձեռում է Հայաստանի և Սփյուռքի  փոխճանաչման լրացուցիչ հնարավորություններ, հայտնի հայ անհատների կյանքի ու գործունեության լուսաբանում, Հայաստանում կատարած նրանց աշխատանքների պատշաճ ներկայացում: Այն նպաստում է հետագա ծրագրերի իրականացման և գործակցության զարգացման շուրջ Սփյուռքի տարբեր հեղինակավոր հայ անհատների համախմբմանը:

«Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Սփյուռքի նշանավոր անհատների և կազմակերպությունների մեծարման միջոցառումներ, կազմակերպել հեռուստահաղորդումներ, պատրաստել գրքույկներ, թերթոններ, ձայնագրություններ և տեսահոլովակներ:

Ծրագիրն իրականացվում է 2009 թվականից,: 2009-2010թթ. «Մեր մեծեր» ծրագրում ընդգրկվել են Շառլ Ազնավուրը, Քըրք Քըրքորյանը, Վազգեն Վեհափառը, Ալեք Մանուկյանը, Վարդգես Սուրենյանցը, Լևոն Շանթը, Պողոս Նուբարը, Մխիթար Սեբաստացին, Լազարյան եղբայրները և Միսաք Մանուշյանը:

2011թ. «Մեր մեծեր» են հռչակվել Գարեգին Նժդեհը, Մոնթե Մելքոնյանը, Պետրոս Դուրյանը և Ջիվանին:

Նախատեսվում է հրատարակել Մոնթե Մելքոնյանին նվիրված գիրք, Պետրոս Դուրյանի և Ջիվանու կյանքն ու գործունեությունը ներկայացնող առանձին գրքույկներ, խտասալիկներ, Գ. Նժդեհի մասին նկարահանել տեսաֆիլմ:


5. Համահայկական  համաժողովների կազմակերպում 

 Ծրագիրն իրականացվում է Սփյուռքի գիտական, կրթական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում առկա ներուժի համախմբման և արդյունավետ կիրառման նպատակով,   այն հնարավորություն է ընձեռում գնահատել, ձևավորել ընդհանուր մոտեցումներ, առաջադրված խնդիրների լուծման համար կիրառել միասնական մեխանիզմներ և մեթոդներ:

2011 թվականի ընթացքում կազմակերպվելու և իրականացվելու են հետևյալ համաժողովները` 

1. ապրիլի 7 - «Հայ կնոջ դերը Սփյուռքում» գիտաժողով.

2. ապրիլի 29-30  – Առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների համաժողով.

3. մայիսի 26 – 27 - «Սփյուռքի զարգացման հեռանկարները գլոբալացվող աշխարհում» խորագրով միջազգային համաժողով` Սփյուռք ունեցող պետությունների համապատասխան կառույցների ղեկավարների մասնակցությամբ. 

4. հունիսի 27 - հուլիսի 16 -  «Երիտասարդ լրագրողների վերապատրաստման դասընթաց-հավաք».  

5. հունիսի 28 - 30 – Պլաստիկ վիրաբույժների համաժողով.

6. հունիսի 29 – 30 - Ճարտարապետների և շինարար -ճարտարագետների համահայկական երկրորդ համաժողով-Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության համակարգող խորհրդի նիստ.

7. հուլիսի 7 - 10 – Հայ բժիշկների համաժողով.

8. հուլիսի 14 - 20 – Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց.

9. սեպտեմբերի 18 - 19 - Սփյուռքի  կազմակերպությունների ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների համահայկական համաժողով.

10. հոկտեմբերի 8 - 10 – Հայ խոհարարների հավաք. 

11. հոկտեմբերի 20  - «Այլակրոն հայերի հիմնախնդիրները Սփյուռքում» կլոր սեղան. 

12. հոկտեմբերի 29 - 30 – Սրտաբանների համաժողով.  

13. հոկտեմբերի վերջ – Հայ ֆերմերների համաժողով:

 

 

 

6. Համահայկական մրցանակաբաշխություն 

 Սփյուռքի կազմակերպությունները և նվիրյալ անհատները ունեն խրախուսման, լավագույն օրինակները, ձեռքբերումներն ու ջանքերը ճանաչելի դարձնելու, ինչպես նաև Հայրենիքից ստացվող ոգեկոչումների ու ուշադրության կարիք:

Ծրագրի նպատակն է` խրախուսել, գնահատել հայապահպանության ուղղությամբ ձեռք բերված նվաճումները, հայկական կազմակերպությունների և անհատների ամենօրյա շնորհակալ աշխատանքը: Նախարարությունը իրականացնելու է համահայկական մրցանակաբաշխություն` հետևյալ  անվանակարգերով.

1. «Կտոր մը Հայրենիք»  - երիտասարդական գիտական հետազոտությունների մրցանակաբաշխություն` նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին.

2. «Մայրենիի լավագույն ուսուցիչ» - Սփյուռքի կրթօջախներում աշխատող հայոց լեզվի, հայոց պատմության ուսուցիչների մրցանակաբաշխություն.

3. «Լավագույն երիտասարդական կազմակերպություն» - Սփյուռքի համայնքներում գործող երիտասարդական, ուսանողական կազմակերպությունների, համայնքային երիտասարդական կառույցների մրցանակաբաշխություն:


7. Աջակցություն Սփյուռքի համայնքների կայացմանը  (ՀՀ խորհրդանիշների` զինանշանի, դրոշի  ձեռքբերում և առաքում  Սփյուռքի հաստատություններ)   

 Հատկապես վերջին շրջանում Հայաստանի անկախ պետականության խորհրդանիշները (դրոշը և զինանշանը) Սփյուռքում մեծ պահանջարկ ունեն: Շատ կրթական, գիտական, մշակութային, համայնքային կազմակերպություններում անհրաժեշտություն է առաջացել  տեղադրելու Հայրենիքի խորհրդանիշները` ՀՀ դրոշը, զինանշանը: 

Այդ նպատակով Սփյուռքի հայկական համայնքային կազմակերպությունների վարչական գրասենյակներին և այլ կառույցներին առաքվելու են Հայաստանի խորհրդանիշեր:

 

8. Հայ բարերարների ճեմուղու հիմնադրում

 Հայ ժողովրդի նվիրյալների շարքում իրենց ուրույն տեղն ունեն հայ բարե­րարները: Պատմության տարբեր ժամանակահատվածներում հայ ազգի երախտավոր­ները, իրականացնելով համազգային նշանակություն ունեցող բարեգործական, բարեսի­րա­կան ծրագրեր, ոչ միայն հոգացել են ժողովրդի կենսական կարիքները, աջակցել ազգի ֆիզիկական գոյատևմանը, այլև նպաստել են հայապահպանությանը, հայ մշակույթի, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն ու ներկայացմանը:

Հայաստանում սփյուռքահայ երախտավորների տարբեր ժամանակներում կատարած աշխատանքների մասին լիարժեք պատկերացում կազմելու նպատակով 2010 թվականին սկսեց իրականացվել «Հայ բարերարների ճեմուղու հիմնադրում» ծրագիրը: Ծրագրով նախատեսված է Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում տեղադրել հայ մեծ բարերարների հուշակոթողները:

Կազմակերպվել է ճարտարապետական և քանդակագործական նախագծերի մրցույթ, որի արդյունքում հաղթող ճանաչված քանդակագործի կողմից արդեն պատրաստվել է հուշակոթողների գերակշիռ մասը:

2011 թվականին ճեմուղին համալրվելու է ևս մեկ հուշակոթողով, ամբողջովին բարեկարգվելու, կանաչապատվելու և լուսավորվելու է ճեմուղու զբաղեցրած տարածքը:

 

 

9. Աշխատանք սփյուռքի համայնքների հետ 

 Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում առկա բազմաբնույթ խնդիրների լուծման, փոխճանաչման, կապերի հաստատման, տարբեր համայնքների հրավերներին և միջոցառումներին արձագանքելու, տեղերում ստեղծված իրավիճակները գնահատելու և լուծումներ գտնելու համար ի հայտ է եկել  նախարարության աշխատակիցներին  Սփյուռքի հայկական համայնքներ գործուղելու անհրաժեշտություն:

Ծրագրով նախատեսվում է նախարարության պատասխանատու աշխատակիցների պարբերական գործուղումներ՝ ըստ համապատասխան տարածաշրջանների:


10. Լատինական Ամերիկայի հայ համայնքներին կրթամշակութային աջակցության ծրագիր            

 ՀՀ կառավարության որոշմամբ 2009թ. հաստատվել է Հարավային Ամերիկայի երկրների հայ համայնքների կրթամշակութային աջակցության ծրագիրը:

Համայնքները աջակցության կարիք ունեն կրթության գործի կազմակերպման, մշակութային շփումների և համահայկական ծրագրերում ներգրավվելու հարցերում: Ծրագրից բխող միջոցառումները նախատեսում են հայապահպանության, ուծացման դեմ պայքարի գործնական քայլեր:

Ծրագիրն սկսել է իրականացվել 2010 թվականից:

2011 թվականին նախատեսվում է իրականացնել

1. Աջակցություն Սան Պաուլոյի համալսարանի հայագիտական կենտրոնի աշխատանքներին (  2 գիտական աշխատանքների հրապարակում)  

2. Հայաստանի մշակութային համույթների, ստեղծագործական խմբերի, անհատ կատարողների համերգների կազմակերպում ( յուրաքանչյուր համայնքում 3 միջոցառում ) 

3. Հայաստանի մշակութային միջոցառումներին Լատինական Ամերիկայի հայ համայնքներում գործող թատերախմբերի, երգչախմբերի, անհատ կատարողների և արվեստագետների մասնակցություն ( 2 մշակութային խմբի այցելություն) 

4. Հայաստանի գրողների և մշակույթի գործիչների այցերի և հանդիպումների կազմակերպում համայնքներում  (1 խմբի այցելություն)

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է համայնքային կյանքի աշխուժացում, ինքնակազմակերպման նոր ռեսուրսներ, հայապահպանության նոր խթաններ, փոխադարձ այցելությունների միջոցով նոր կապերի և համագործակցության հաստատում:


11. Հայաստանում բնակվող իրաքահայերի ինտեգրմանն աջակցության ծրագիր 

 Իրաքում տեղի ունեցող պատերազմական գործողությունների, ահաբեկչության և քրիստոնյաների նկատմամբ ծայրահեղականների կողմից դրսևորվող անհանդուրժողականության հետևանքով հայերի զգալի մասը ստիպված էր լքել իրենց բնակավայրերը: Նրանց  նշանակալի հատվածը բնակություն հաստատելու նպատակով տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն:

Ներկայումս Հայաստանում բնակվում են մոտ 800 իրաքահայեր, որոնց հիմնական մասը դժվարությամբ է ինտեգրվում հասարակությանը:

Այդ գործընթացին աջակցելու նպատակով մշակվել է ծրագիր, որի շրջանակներում 2011թ. ընթացքում նախատեսվում են սեմինարների, որակավորման և վերաորակավորման դասընթացների անցկացում, իրաքահայերի ինտեգրման համար անհրաժեշտ իրավական և տնտեսական  պայմանների ստեղծմանը նպաստող միջոցառումներ:                     

 

12. Արևմտահայերենի միասնական դասագրքերի ստեղծում

 Սփյուռքում և, մասնավորապես նրա արևմտահայերեն խոսող հատվածում լեզվամշակութային ուծացմանը դիմակայելու և ազգային ինքնության պահպանության խնդրում նախարարությունը մեծապես կարևորում է  Սփյուռքի կրթական խնդիրների ուսումնասիրությունը,  դրանց լուծմանը աջակցելը, հատկապես ուսումնական միասնական ծրագրերի և դասագրքերի ստեղծումը:


2010թ. կազմակերպված «Արևմտահայերեն միասնական դասագրքերի ստեղծման սկզբունքները» գիտաժողովի և «Արևմտահայերենի արդի վիճակը Սփյուռքում» գիտագործնական համաժողովի արդյունքում ստեղծվել է համակարգող խորհուրդ, որի հայաստանյան և սփյուռքյան արևմտահայերենի մասնագետները` ծրագրի շրջանակներում պետք է աշխատեն միասնական դասագրքերի ստեղծման ուղղությամբ:

Աշխատանքների արդյունքում տարրական, միջին և ավագ դպրոցների համար կստեղծվեն արևմտահայերենի միասնական դասագրքեր և առարկայական ծրագրեր, տարրական կրթության օղակի համար կստեղծվեն աշխատանքային տետրեր:

 

13.Սփյուռքի վիրտուալ թանգարան

Ստեղծվելու է «Հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարան» կայքէջ, որի նպատակն է ներկայացնել հայ ժողովրդի պատմությունը, ներկան և զարգացման հեռանկարները:

Կայքում կտեղադրվեն Սփյուռքի հայ համայնքների, համահայկական կազմա­կեր­պությունների ու հոգևոր կառույցների, Հայաստա­նի, Հայ դատի վերա­բերյալ տեքստային, վիզու­ալ նյութեր, ձայնադարան, հայկական անձնանունների և ազգանունների բառարան, «Հայկական գենեալոգիա» ծրագիր և այլն:

«Հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարան» ծրագրի իրա­կանացման արդյունքում կներկայացվեն հայ ժողովրդի պատ­մությունը, մշակու­թային ժառանգությունն ու նվաճումները, կհանրահռչակվեն մեծանուն հայորդիների ներդրումները համաշխարհային քաղաքակրթության մեջ, երիտասարդ սերունդների շրջանում կարմատավորվեն հայ ազգային արժեքները, Հայաստանը և Սփյուռքի հայ համայնքները ճանաչելի կդառնան միմյանց համար, կամրապնդվեն Հայրենիք-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապե­րը: Կայքը նպաստելու է հայ ժողովրդի համախմբմանը և հայկական աշխարհի ձևավորմանը: 

 

14.Հայաստան-Սփյուռք գործակցության վերաբերյալ ֆիլմաշարերի, տեսահոլովակների և հեռուստահաղորդումների պատրաստում և հեռարձակում 

Սփյուռքի շատ համայքներում չկան հայկական կրթական հաստատություններ, դպրոցներ, ակումբներ, որի արդյունքում նոր սերունդը կտրվում է իր արմատներից:  Հաշվի առնելով տեղեկատվական արդի տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները, տեսողական միջոցների դերն ու նշանակությունը և, ելնելով Սփյուռքում հայապահպանությանը նպաստող միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից, նախատեսվում է ստեղծել և տարածել հայոց լեզվի, հայկական ավանդույթների, Հայաստանի և հայ ժողովրդի պատմության մասին ճանաչողական ֆիլմաշարեր, հեռուստահաղորդումներ, խտասալիկներ և տեսահոլովակներ:    

Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի որոշակիորեն կասեցնել Սփյուռքի ուծացման վտանգը՝ հնարավորություն ընձեռելով ճանաչել Հայաստան-Հայրենիքը:

 

15.«Հայկական Սփյուռք» տարեգիրք 

 «Հայկական Սփյուռք» տարեգրքի հրապարակման նպատակներն են` նպաստել Սփյուռքում և Հայաստանում գործող կազմակերպությունների համագործակցության ակտիվացմանը, նպաստել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը:

«Հայկական Սփյուռք» տարեգիրքը ամփոփ ներկայացնում է Սփյուռքում տեղի ունեցած առավել հիշարժան ձեռնարկները, Հաաստանում և Սփյուռքում համահայկական կազմակերպությունների, հոգևոր կառույցների, Հայ համայնքների, ՀՀ պետական մարմինների և ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացված հիշարժան ծրագրերն ու միջոցառումներ:

Հրատարակվել է «Հայկական Սփյուռք» -2009 տարեգիրքը, հրատարակության է նախապատրաստվում 2010 թվականի տարեգիրքը:

 

16. Սփյուռքի կրթօջախներին, կրթամշակութային հաստատություններին, հայագիտական կենտրոններին ուսումնական, գիտահանրամատչելի  գրականության առաքում 

Սփյուռքի կրթօջախներին, կրթամշակութային հաստատություններին, հայագիտական կենտրոններին, հայկական կամակերպություններին ուսումնական գրականության առաքման ոլորտում մշտապես խնդիրներ են առաջանում և շատ հաճախ գրականությունը ժամանակին և հասցեական չի առաքվում:

Այս ոլորտում ծառացած խնդիրները բացասաբար են անդրադառնում Սփյուռքի կրթօջախների ուսումնական գործընթացի կազմակերպման վրա:

Ծրագրի շրջանակներում կազմակերպվում է ուսումնական և հանրամատչելի գրականության հայտերի ստացումը և դրանց համակարգումը, ամբողջացումը, ապա համապատասխան առաքող կազմակերպության միջոցով ժամանակին և նախատեսված ծավալներով ապահովվում է անհրաժեշտ ուսումնական գրականության առաքումն ըստ հասցեների:

 

17. Սփյուռքի երիտասարդության Հայաստան պարբերական այցելությունների «Արի Տուն» ծրագիր

Տարբեր երկրների մշակութային ազդեցությունների պարագայում, Սփյուռքի հայ երիտասարդների համար Հայաստանն ու հայ իրականությունը տեսական պատկերացումներից և գիտելիքներից բացի, կարիք ունեն նաև գործնական շփումների:

Այս նպատակով 2009 թվականից  նախարարությունն իրականացնում է Սփյուռքի երիտասարդության Հայաստան պարբերական այցելությունների «Արի Տուն»  ծրագիրը: Ծրագրի տևողությունը 2 շաբաթ է, որի ընթացքում սփյուռքահայ երիտասարդները` բնակվելով հյուրընկալ ընտանիքներում հնարավորություն են ունենում ճանաչել հայ ընտանիքի ավանդույթները, շփվել հայ երիտասարդության հետ, ծանոթանալ իրենց հասակակիցների հետաքրքրություններին, ստեղծել կապեր, շրջագայել և ծանոթանալ Հայաստանի պատմական տեսարժան վայրերին, ունենալ բազմաբնույթ հանդիպումներ պետական, հասարակական և մշակութային գործիչների հետ, հայրենագիտության դասեր առնել Հայրենիքում, ինչպես նաև հասակակիցների հետ արդյունավետ ժամանակ անցկացնել «Արի տուն» ճամբարում:

2009թ. «Արի տուն» ծրագրի շրջանակներում ավելի քան 20 երկրների շուրջ 300, իսկ 2010թ. 600 հայ երիտասարդներ այցելեցին Հայաստան:

2011թ. «Արի տուն» ծրագրով Հայաստան կայցելեն և իրենց հանգիստը կանցկացնեն 800 սփյուռքահայ երիտասարդներ:

Ընդլայնվելու է մասնակցության աշխարհագրությունը, աշխատանքներ են տարվում, որպեսզի ծրագրում ընդգրկվեն նաև հեռավոր համայնքների երիտասարդները:


18. Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիր

 Աշխարհասփյուռ հայությունը միշտ չէ, որ  ամբողջությամբ տեղյակ է  Հայաստանի անկախության նվաճումներին և դժվարություններին: Ապրելով հայրենիքից դուրս` նրանք մեծ կարիք ունեն հաղորդակցվելու հայրենիքում տեղի ունեցող  նշանակալի իրադարձություններին, տոներին և հոբելյանական միջոցառումներին, դրական լիցքեր ստանալու և համախմբվելու համահայկական կարևորություն ունեցող ձեռնարկների շուրջ:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի անկախության 20-ամյակի առթիվ հայկական լավագույն խմբերի և կատարողների ելույթներ Սփյուռքի հայաշատ տարածաշրջաններում, որոնք մեծ խթան կհանդիսանան հայրենիքի, պետության և պետականության հանդեպ հավատի, կապերի խորացման համար: Համերգները կուղեկցվեն գիտության, մշակույթի, քաղաքականության ոլորտներում հայտնի հայերի հետ տարաբնույթ հանդիպումներով և այլն:

Ծրագիրը կնպաստի հայրենադարձությանը, հայապահպանությանն ու հայ ինքնության, մշակութային արժեքների պահպանմանը, ազգային համախմբմանը:

 

19. Մերձավոր Սփյուռքին կրթամշակութային աջակցության ծրագիր

 Մերձավոր Սփյուռքի հայ համայնքների առջև ծառացած հիմնախնդիրները տարաբնույթ են` հոգևոր-մշակութային, սոցիալ-տնտեսական, գիտակրթական:

Այդ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրով  նախատեսում է իրականացնել մի շարք միջոցառումներ`

1. մշակութային միջոցառումների կազմակերպմանն աջակցություն

2. կրթական և մշակութային հաստատությունների նյութատեխնիկական բազայի արդիականացում

3. գրադարաններին հայերեն գրականության տրամադրում

4. տարածաշրջանում գործող երիտասարդական կենտրոնների գործունեությանը և պահպանմանն աջակցություն

5. հայ համայնքների մասին ֆիլմաշարի ստեղծում

6. մերձավոր Սփյուռքի հայերի հիմնահարցերի վերաբերյալ ուսումնասիրությունների, վերլուծությունների պատրաստում

 

20. Հայկական  սփյուռքի գիտական, կրթական, տնտեսական մշակութային և այլ ոլորտներում առկա ներուժի հաշվառման և համախմբման ծրագիր 

 Սփյուռքը ընդունելով որպես համաշխարհային ինտեգրման հուսալի և արդյունավետ կամուրջ` ծրագրով նախատեսվում է մշակել Սփյուռքի ներուժի հայտնաբերման և համախմբման կառուցակարգեր, Սփյուռքի կարող ուժերին ներգրավել երկրի ներքին կյանքին` հայկական պետականության ամրապնդման, մրցունակ պետության ձևավորման, ազգային հիմնախնդիրների լուծման, ինչպես նաև սփյուռքահայերի աջակցությամբ միջազգային կառույցների հետ ներպետական կառույցների աշխատանքի բարելավման նպատակով:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է`

1. Սփյուռքի համահայկական և տարածաշրջանային կառույց­ների, անհատների և տեղեկատ­վական ռեսուրսների մասին լիարժեք տեղե­կու­թյուն­ների ու տվյալ­ների հավա­քագրում, հա­մա­­պար­­փակ էլեկտրո­նային շտե­մա­րա­նի ստեղծում,

2. բազայի պարբերաբար համալրման և զարգացման նպատակով Սփյուռքի տարբեր համայնքների, կազմակերպությունների և անհատների մասին լիարժեք, ամբողջական պատմական, վիճակագրական, քաղաքական, կրթամշակութային, հոգևոր, գիտական, երիտասարդական, սոցիալական, տնտեսական և այլ տեղեկությունների ու տվյալների հավաքագրում և ամբողջացում, 

3. Սփյուռքի ներուժի հայտնա­բերման, համախմբման նպատակով  մասնա­­գի­­տական համահայկական ընկերակցու­թյունների ու ցանցերի  ստեղծում,

4. Հայաստանի Հանրապետու­­թյան կողմից ձեռնարկվող պետական և հասարակական նախաձեռ­նությունների, համա­պետա­կան և համա­հայկական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ քննարկումներին, միջոցա­ռումներին և ծրագրերին Սփյուռքի կրթամշակութային գործիչների, գիտնական­ների, մասնագետների  մասնակ­ցության ապահովում 

 

21. «Համայնքների պատմություն» Սփյուռքի հայկական համայնքների ուսումնասիրություններ 

 Սփյուռքի հայկական գաղթօջախները պարբերաբար ենթարկվում են դինամիկ փոփոխությունների, նոր` առանցքային նշանակություն ունեցող զարգացումները կարիք ունեն ուսումնասիրության:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է գիտական հաստատությունների, մասնագիտացված կենտրոնների, աշխատանքային խմբերի միջոցով Սփյուռքի գաղթօջախներում գիտական համակարգված ուսումնասիրությունների իրականացում և դրանց հրապարակման ապահովում` հետագա գործնական կիրառման նպատակով:

Արդյունքում մշակվում և հրատարակվում են գիտական հիմնարար աշխատություններ, գրքույկներ և տեղեկատվական նյութեր, որոնք գիտաուսումնական նպատակով կիրառելի կլինեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքի տարբեր գաղթօջախներում և հայագիտական կենտրոններում:

Իրականացվելու են հետևյալ հետազոտությունները.

1. «Համայնքների պատմություն»: Հայկական համայնքների ձևավորման, կայացման և համագործակցությունների վերաբերյալ արդիական հիմնախնդիրների թեմատիկ ուսումնասիրությունների իրականացում`  3 թեմատիկ ուսումնասիրություններ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամին  պատվիրելու միջոցով 

2. «Համայնքների պատմություն»- հայկական համայնքների ձևավորման, կայացման և համագործակցությունների վերաբերյալ արդիական հիմնախնդիրների թեմատիկ ուսումնասիրությունների իրականացում`  4 թեմատիկ ուսումնասիրություններ ՀՀ ԳԱԱ պատմության, արևելագիտության, արվեստի և գրականության ինստիտուտներին   պատվիրելու միջոցով

3.  Սփյուռքագիտությանը նվիրված ուսումնասիրություններ՝ ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնին պատվիրելու միջոցով ` 2  թեմա : 

 

22. Սփյուռքագիտության ոլորտում կադրերի պատրաստման և վերապատրաստման, կազմակերպման նպատակով աջակցություն ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի մագիստրանտներին

Ծրագրի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվելու ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի գործունեության զարգացմանը, ուսումնառող մագիստրանտների ուսման նպատակով տրամադրվելու են սոցիալական նպաստներ` հնարավորություն ընձեռելով պատրաստել մագիստրոսներ «Սփյուռքագիտություն» մասնագիտությամբ::

Ամբիոնի գիտական կարողությունները կներդրվեն Սփյուռքում տարբեր գաղթօջախների հոգևոր-մշակութային, պատմական և սոցիալական ուսումնասիրությունների իրականացման գործում:

Նախատեսվել է ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի մինչև 10 մագիստրանտի օժանդակել ուսման տարեկան վարձավճարի չափով:

 

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Մարտ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

 

Վեհափա՛ռ Տէր,

Ի սրտէ եւ խոր ակնածանքով կը շնորհաւորեմ Ձեզ, Ձեր ծննդյան յոբելինական տարեդարձի ուրախ առիթով:

Անկասկած, լուսաւոր այս ծնունդը նախ լոյս սփռեց հայկական օջախի մը մէջ, որ դարձաւ սնուցող աղբիւրը հայրենանուէր զաւակի։ Դուք Ձեր անսահման նուիրումով, բեղուն գործունէութեամբ եւ ստեղծագործ մտքի շնորհիւ դարձաք բազմահազար հայերու շէնշող փարոսը:

27.01.2017  |  Ելույթներ

Հունվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց բանակի օրվան նվիրված հանդիսավոր ցերեկույթ՝ հայրենադարձ ազատամարտիկների, սփյուռքահայ ներկա զինծառայողների, պետական պաշտոնյաների, Համահայկական կառույցների երևանյան գրասենյակների, ինչպես նաև սիրիահայերի աջակցության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: