Նորություններ
«Արի տուն» ծրագրով Արգենտինայից ժամանած Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի սաներն այցելեցին Երևանի Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիր: Մայր դպրոցում նրանց դիմավորեց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Վերջինս հետաքրքիր մի էքսկուրսով ներկայացրեց դպրոցը: Հանդիպմանը ներկա էին նաև դպրոցի իսպաներեն ուսումնասիրող աշակերտները: Երիտասարդների շփումն անցավ ջերմ մթնոլորտում: Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրը Արգենտինայից ժամանած հյուրերին նվիրեց իր սաների ձեռքի աշխատանքները: Իսկ Մխիթարյան վարժարանը իր «քույր դպրոցին» նվիրեց Բուենոս Այրեսից բերած հայկական դասագրքեր:
Համագործակցության եզրեր գտան նաև կրթահամալիրում գործող «Տիգրան Հայրապետյանի անվան գրադարանը» և Մխիթայան վարժարանի գրադարանը:
Ակնկալվում է մոտ ապագայում կնքել համաձայնագիր Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի և Երևանի Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրի միջև, որը կամրագրի դպրոցների «քույրացման» գործընթացը:




