Նորություններ

2018-12-19 00:00:00 | Նորություններ
Նիկոլ Փաշինյանը հանդիպեց «ՆերՈւժ» ծրագրի մասնակիցների հետ

Դեկտեմբերի 19-ին UWC Դիլիջան քոլեջում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպեց «ՆերՈւժ» ծրագրի մասնակիցների հետ:

 

Իր ելույթում վարչապետի պաշտոնակատարը նշեց. «Շատ կարևոր հարց է՝ ի՞նչ է Հայաստանի նոր կառավարությունը տալիս և առաջարկում սփյուռքին: Մենք սփյուռքին առաջարկում ենք նույնը, ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Առաջարկում ենք հնարավորություն, որովհետև եթե հնարավորությունների հասանելիության տրամաբանությամբ նայենք, ապա Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր, հարյուր հազարավոր քաղաքացիներ, եթե ոչ քաղաքացիների մեծամասնությունը, Հայաստանի Հանրապետությունում ապրելով, իրենք էլ ինչ-որ առումով եղել են սփյուռքահայ: Ինչո՞ւ, որովհետև նրանք հասու չեն եղել այն հնարավորություններին, որոնց հասու պիտի լինի քաղաքացին: Մենք այսօր շատ ենք խոսում սփյուռքին հնարավորություններ տալու մասին: Ես հարցն այդպես չեմ ձևակերպում, որովհետև չեմ ցանկանա տպավորություն ստեղծել, որ, ահա, սփյուռքի երիտասարդությանը հնարավորություն ենք տալիս՝ միևնույն ժամանակ մոռանալով Հայաստանի Հանրապետությունում ապրող երիտասարդներին: Սա շատ նուրբ պահ է, որովհետև ո՞րն է մեր հեղափոխության առանցքային իմաստը Հայաստան-սփյուռք հարաբերություններում: Մեր հեղափոխության առանցքային իմաստն այն է, որ այդ սահմանն այլևս ջնջված է, այլևս չկա Հայաստան և սփյուռք, այլևս կա մեկ ամբողջական հայություն, և մեր խնդիրն է հենց դա արձանագրելը»: Նիկոլ Փաշինյանի խոսքով` կառավարության առանցքային նպատակն է այնպես անել, որ յուրաքանչյուրը և՛ սփյուռքում, և՛ Հայաստանում հասու լինի հնարավորություններին:

 

Ի՞նչ կարող է Հայաստանը տալ սփյուռքին հարցին իր ելույթում անդրադարձավ նաև սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը: «Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել սփյուռքի երիտասարդների «ՆերՈւժ» ծրագրի կարևորությունը սփյուռքի հետ համագործակցության նոր փիլիսոփայության համատեքստում: Ի՞նչ է պատրաստ Հայաստանը տալ սփյուռքին: Հետհեղափոխական Հայաստանում սփյուռքի սպասելիքները Հայաստանի Հանրապետությունից շատ մեծ են: Երկու օր առաջ իմ ունեցած ելույթում ես ասացի, որ նախկինում՝ տարիներ շարունակ, Հայաստանը ունեցել է միակենտրոն, բացառապես հայաստանակենտրոն մոտեցում՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով սփյուռքին: Այսօր ես վստահաբար կարող եմ ասել, որ թե՛ սփյուռքի նախարարության 6-7 ամիսների ընթացքում, թե՛ նաև «Իմ քայլը» դաշինքի՝ սփյուռքի համար նախատեսված հատվածում սևով սպիտակի վրա հստակ գրված է Հայաստանի Հանրապետության պատասխանատվությունը Սփյուռքի առջև: «Ուժեղ Հայաստան- ուժեղ սփյուռք» և հակառակը՝ «Ուժեղ սփյուռք-ուժեղ Հայաստան» հայեցակարգը լինելու է նոր իշխանությունների օրակարգում»,-ընդգծեց Մխիթար Հայրապետյանը:

 

Ըստ նրա՝ նախկին իշխանությունները սփյուռքի ներուժի մասին խոսելիս մշտապես հղում են կատարել սփյուռքի նյութական միջոցներին, այնինչ առանցքային պիտի լինեին հայ մարդու ներուժը, միտքը, տաղանդը: «Այսօր արդեն պետությունն առավել քան երբեք կարևորում է հայ մարդուն որպես գերագույն արժեք: Մենք ունենք մի այնպիսի ներուժ, որն ավելին է, քան նավթը, գազը, ոսկին, և դա դուք եք, հայ մարդն է: Մշտապես լծվելու ենք այդ ներուժը վերարտադրելու գործին ինչպես հանուն Հայաստանի Հանրապետության ու Արցախի, այնպես էլ՝ հանուն սփյուռքի»,-շեշտեց սփյուռքի նախարարի պաշտոնակատարը:

 

Հանդիպման ավարտին վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է «ՆերՈւժ» ծրագրի մասնակիցներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են պետական կառավարման համակարգի օպտիմալացմանն ու արդյունավետության բարձրացմանը, Հայաստան-սփյուռք հարաբերություններին, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, վենչուրային կապիտալի ներգրավմանը և այլ թեմաների: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «ՆերՈւժ» ծրագրին մասնակից մի քանի ստարտափերի գործունեությանն ու ծրագրերին:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Մարտ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: