Նորություններ

2018-11-23 14:01:00 | Նորություններ
Մխիթար Հայրապետյանն ամփոփեց պաշտոնավարման կես տարին

Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նախարարի պաշտոնակատարն ամփոփեց պաշտոնավարման կես տարին:


«Երբ նշանակվեցի սփյուռքի նախարարի պաշտոնում, մեր առջև խնդիր էր դրված նախևառաջ ապահովել նախարարության բնականոն գործունեությունը, դրան զուգահեռ նաև հնարավորինս փորձել մեր սեփական օրակարգն առաջարկել»,-նշեց Մխիթար Հայապետյանը:


Մայիսի 12-ից նոյեմբերի 19-ը սփյուռքի նախարարությունը իրականացրել է 3 ծրագիր: Խոսելով «Արի տուն» ծրագրի անցումային փուլերի մասին՝ նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ կոռուպցիոն ռիսկերի մասին հիմնավոր կասկածներով պայմանավորված՝ 2018 թվականին «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոց ծրագիրերը համատեղվեցին նոր ձևաչափի մեջ, ենթարկվեցին բովանդակային և ծրագրային փոփոխությունների: «Սակայն մինչ այդ ի պատասխան «Արի տուն» ծրագրին մասնակցելու նախկինում տարածված հայտարարության՝ նախարարություն էին արդեն դիմել որոշակի թվով հայտատուներ, որոնք նախապես գնել էին նաև ավիատոմսերը: Այդ իսկ պատճառով  հուլիսի 1-ից օգոստոսի 11-ն ընկած ժամանակահատվածում «Արի տուն» ծրագիրը 4 անցումային փուլով  ընթացավ, որին մասնակցեցին աշխարհի 16 երկրից ժամանած 13-18 տարեկան 156 սփյուռքահայ պատանիներ»,-նշեց Մխիթար Հայրապետյանը: «Քայլ դեպի տուն» ծրագրին 24 երկրից 400 սփյուռքահայ երիտասարդ է մասնակցել, և հենց այս ծրագրի շրջանակներում սփյուռքի նախարարությունն առաջին անգամ գործակցեց մասնավոր հատվածի հետ, որի արդյունքում հնարավոր եղավ 10-յակ մլն դրամներ խնայել: Կնքվել են փոխըմբռնման 5 հուշագրեր տարբեր կազմակերպությունների հետ, որոնցից մեկը ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը հետ էր՝ նպատակ ունենալով ապահովել ծրագրի շարունակականությունը: Այսպիսով՝ «Քայլ դեպի տուն» ծրագրի 400 մասնակիցները հնարավորություն ունեն անվճար իրենց կրթությունը շարունակել օնլայն հարթակում:


Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ ծրագրի մասնակիցների հետ պահպանվում է հետադարձ կապ ծրագրի թերությունների ու առաջարկությունների մասին լսելու համար: Իրականացվել է նաև համահայկական մշակութային փառատոն, որին 11 երկրից 405 սփյուռքահայ է մասնակցել: Նախարարությունն իրականցրել է հայապահպանության 85 միջոցառում. բացվել է նոր  մեկօրյա 17 դպրոց 9 երկրում:


Մխիթար Հայրապետյանն ընդգծեց՝ 32 երկրի 331 հայկական կրթօջախներ են ուղարկվել ավելի քան 50.000 կտոր գրականություն, սակայն նախարարությունը քայլեր է ձեռնարկում էլետրոնային գրքերի մշակույթը զարգացնելու ուղղությամբ:


Անդրադառնալով հայրենադարձության թեմային՝ Մխիթար Հայրապետյանը շեշտեց. «Հեղափոխությունից հետո հայրենադրաձվել է ավելի քան 450 ընտանիք, սակայն սրանք միայն այն ընտանիքներն են, որոնք կապ են հաստատել նախարարության հետ: Թիվը անհամեմատ ավելի մեծ է:  Ամենաշատը Հայաստան են վերադարձել ՌԴ-ից, Իրանից և ԱՄՆ-ից: Հայրենադարձ ընտանիքներին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:


Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ 2018 թվականի ընթացքում  սփյուռքի նախարարություն են դիմել Սիրիայից Հայաստան տեղափոխված 930 սիրիահայեր 951 խնդիրներով: ՀՀ կառավարության աշխատակազմ է ուղարկվել «Սիրիական հակամարտության հետևանքով հարկադիր տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում պաշտպանություն հայցող անձանց ինտեգրման 2018-2022 թվականների ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման լրամշակված նախագիծը: ՀՀ կառավարության, ՀԲԸՄ-ի, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության համաֆինանսավորմամբ 2018-2019թթ. ուստարվա սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարների 50%-ի չափով մասնակի փոխհատուցման ծրագրի իրականացման նպատակով կազմված՝ ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղարկվել է շահագրգիռ գերատեսչություններին: Հայտագրվել է 296 ուսանող, որից 47-ի ուսման վարձավճարների 50%-ը՝ մոտ 13 մլն. 700 հազար ՀՀ դրամի չափով կփոխհատուցի ՀՀ կառավարությունը:


Սփյուռքի նախարարության և «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնի ղեկավարության միջև ձեռք բերված համաձայնության շնորհիվ՝ սիրիահայ մեր հայրենակիցներն արտոնյալ պայմաններով մեկ տարի շարունակ կարող են իրենց ձեռագործ աշխատանքները ցուցադրել Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատվածում գործող «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնում։


Մխիթար Հայրապետյանը ներկայացրեց նաև նախարարության «ՆերՈւժ» ինտերակտիվ սթարթափ ծրագիրը, որը նախատեսվել է սփյուռքի 18-ից 35 տարեկան հայազգի երիտասարդ ձեռներեցների համար: «Այն բացառիկ հնարավորություն է բիզնես ոլորտի գիտելիքների հարստացման, գործընկերային կապերի ընդլայնման, ինչպես նաև մեկնարկային ծրագրեր ներկայացնելու, ֆինանսավորում ստանալու և դրանք իրագործելու համար»,-նշեց Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ ծրագրի ավարտական փուլն անցկացվելու է Հայաստանում` UWC Դիլիջան քոլեջում 2018 թվականի դեկտեմբերի 16-ից 21-ը, որին մասնակցելու համար արդեն ընտրվել են մոտ 70 սթարթափ գաղափարները, որոնցից 50-ը՝ սփյուռքից:


Ըստ Հայրապետյանի՝ սփյուռքի նոր նախարարությունը և ՀՀ նոր կառավարությունը սփյուռքին օժանդակելու և փոխադարձության սկզբունքով է աշխատում: Նաև այդ նպատակով նախարարությունը տեսակապ է հաստատում ամենահեռավոր  համայնքերի հետ: Առաջին անգամ սփյուռքի նախարարության պատմության մեջ տեսակապով միացումներ են եղել Ուրուգվայի հայ համայնքի և Հնդկաստանի հայերի հետ, որոնք մեծ ոգևորություն են առաջացրել համայնքներում, և այս շարքը շարունակվում է:


Նախկինում եղած չարաշահումների վերաբերյալ նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ քրեական գործի շրջանակներում համատեղ կատարված միջոցառումների արդյունքում՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից ՀՀ պետական վերահսկողության ծառայության դեպոզիտ հաշվին է փոխանցվել 100 միլիոն դրամ՝ որպես պատճառված վնասի մասնակի վերականգնում:


Ամփոփելով խոսքը՝ Մխիթար Հայրապետյանն անդրադարձավ նաև վերջին 6 ամիսների ընթացքում սփյուռքի ուսումնասիրությունների հայտնի մասնագետների հետ խորհրդակցությամբ պատրաստված սփյուռքի քաղաքականության ռազմավարության փաստաթղթին, որում առաջարկվում են 19 գործնական-ռազմավարական ուղղություններ, որոնցով Հայաստան-սփյուռք(ներ) ապակենտրոնացված հարաբերությունները կարող են զարգանալ խիստ բազմազան, սփյուռքի տեղական կոնտեքստներին համապատասխան օրակարգերի շուրջ։ 

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Դեկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: