Նորություններ

2017-10-10 19:01:00 | Նորություններ
Տեղի ունեցավ «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիո նուիրուած հուշամատեաններու շարք»-ի մինչ այժմ հրատարակված 14 հատորների շնորհանդեսը

Հոկտեմբերի 10-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության նախաձեռնությամբ, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիո նուիրուած հուշամատեաններու շարք» մատենաշարի 14 հատորների շնորհանդեսը («Ատանայի հայոց պատմութիւն», «Պատմութիւն Տարօնի աշխարհի», «Պատմութիւն Անթէպի հայոց Ա», «Պատմութիւն Անթէպի հայոց Բ», «Հաճընի ընդհանուր պատմութիւնը», «Դիւցազնական Ուրֆան եւ իր հայորդիները», «Պատմագիրք Կիւրինի», «Քեսապ: Տեղագրութիւն, բնակավայրեր, բնակչութիւն, պատմութիւն, տնտեսութիւն», «Մարաշ կամ Գերմանիկ եւ հերոս Զեյթուն», «Պատմութիւն հայ Կեսարիոյ Ա», «Պատմութիւն հայ Կեսարիոյ: Տեղագրական, պատմական եւ ազգագրական ուսումնասիրութիւն Բ», «Պատմութիւն հայոց Արաբկիրի Ա», «Պատմութիւն հայոց Արաբկիրի», «Յիշատակարան Րումտիկինի»):


Շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության դիվանապետ Խաչիկ Դեդեյան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, մատենաշարի խմբագիր Ժիրայր Դանիելյանը, գիտնականներ, մտավորականներ, հյուրեր:


Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Արտահայտելով իր հիացմունքը իրականացված հսկայածավալ աշխատանքի վերաբերյալ՝ նա նշեց. «Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության նախաձեռնությամբ և անձամբ Արամ Ա կաթողիկոսի հայրենանվեր ջանքերով վերահրատարակվել են Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի քաղաքներին, շրջաններին նվիրված հուշամատյանները, ամենատարբեր ուսումնասիրությունները՝ մատչելի դարձնելով դրանք գիտական ու հասարակական լայն շրջաննակներին: Այդ նպատակով ձևավորված Հանձնախումբը հսկայական աշխատանք է տարել Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ մեր ժողովրդի պատմությունը և հավաքական հիշողությունը հավերժացնող այս հատորյակների սրբագրական, տեղանունների ու անձնանուների ցանկերի կազմման, լրացումների ու հրատարակության գործում: Խնամքով պահպանվել են յուրաքանչյուր հատորին մաս կազմող բաժինները, քարտեզները, գծանկարներն ու լուսանկարները: Առաջին հատորի հրատարակության լույսընծայման առթիվ հատորյակի առաջաբանում տեղ գտած Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի Հայրապետական օրհնության գիրը լավագույնս արտահայտում է այսօրինակ ձեռնարկի նպատակներն ու կարևորությունը»: Նախարար Հրանուշ Հակոբյանը հատուկ շնորհակալություն հայտնեց նաև մատենաշարի մեկենասներին:  

    

Շնորհավորելով մատենաշարի լույսընծայման առթիվ՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց, որ այս շնորհանդեսը իր տեսակի մեջ եզակի և յուրօրինակ իրադարձություն է: «Այսօր մեր սեղանին են ծանրակշիռ գիտական աշխատություններ: Երբ 2012 թվականին գտնվում էի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանում, տեսնում էի, թե ինչպես, ինչ տքնանքի և աշխատասիրության գնով էին հրատարակվում այս գրքերը: Գրքեր, որոնք լուսաբանում են Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի պատմությունը Ցեղասպանությունից առաջ, Ցեղասպանության ժամանակ և հետո: Յուրաքանչյուր հատոր ներառում է Կիլիկիայի և Արևմտյան Հայաստանի այս կամ այն գավառի աշխարհագրությունը, պատմությունը, բանահյուսությունը, ազգագրությունը, կենցաղը, ասել է թե՝ պատմությունն իր ամբողջության մեջ»,-նշեց Աշոտ Մելքոնյանը:


Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանն ընդգծեց, որ հուշամատյանները սոսկ հուշագրություններ չեն, դրանք իրենց ծավալով, նյութի առատությամբ և ամենատարբեր բնագավառների մասին տեղեկություններով առավել նմանվում են հանրագիտարանների: «Մոռացությունից և կորուստից փրկվել է վիթխարի նյութ: Այս գրքերը սոսկ վերահրատարակումներ չեն: Խմբագրակազմը ահռելի աշխատանք է կատարել՝ իրականացնելով ճշգրտումներ, քերականական շտկումներ, յուրաքանչյուր հատորին կցելով նաև տեղանունների և անձնանունների ցանկեր, որոնք աշխատություններին առանձնակի գիտական արժեք են հաղորդում»:


Ելույթ ունեցավ նաև «Քեսապ: Տեղագրութիւն, բնակավայրեր, բնակչութիւն, պատմութիւն, տնտեսութիւն» հատորի հեղինակ, պատմաբան Հակոբ Չոլաքյանը և հույս հայտնեց, որ հատորների հրատարակությունը շարունակական բնույթ կկրի:


ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը ֆակուլտետի անունից շնորհակալություն հայտնեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսությանը և մատենաշարի խմբագիր Ժիրայր Դանիելյանին նման պատմագիտական աշխատությունների լույսընծայման համար:


Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության դիվանապետ Խաչիկ Դեդեյանն իր խոսքում նշեց. «Չեմ կարող երախտագիտություն չհայտնել Գիտությունների ազգային ակադեմիային, Սփյուռքի նախարարությանը՝ հանձինս նախարար Հրանուշ Հակոբյանի, ով իր քաջալերանքի խոսքերով մեզ միշտ ուժ է տալիս: Վստահ եմ, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության և Սփյուռքի նախարարության սերտ, գործնական հարաբերությունները շարունակական և առավել արգասաբեր կլինեն: Մենք պիտի շարունակենք նույն ոգով և փորձենք հաջորդիվ հրատարակել նաև մեր պատմագրության անտիպ էջերը»:


Այնուհետև ելույթ ունեցավ «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիո նուիրուած հուշամատեաններու շարք» մատենաշարի խմբագիր Ժիրայր Դանիելյանը: Նա ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսի օրհնության խոսքը: «Մեր այս գործի շարժիչ ուժը եղել է հենց Վեհափառ Հայրապետը: Երբ նոր էինք սկսում մատենաշարը հրատարակել, նպատակ ունեինք հատորների թիվը հասցնել 60-ի, այժմ տպարանում է գտնվում մատենաշարի 15-րդ հատորը: Կա մարդուժի պակաս, սակայն ես վստահ եմ, որ հետագա սերունդները կշարունակեն մեր գործը: Ցանկանում եմ տեղեկացնել, որ շուտով մատենաշարի 50 օրինակ կուղարկվի Հայաստան, որոնք կտրամադրվեն Մատենադարանին, ակադեմիական կենտրոններին, պատմաբաններին, բանասերներին»:

 

***

 

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ելույթը

 

ՀՀ ԳԱԱ hարգարժան նախագահ,

հարգելի ներկաներ,


Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության նախաձեռնությամբ և անձամբ Արամ Ա կաթողիկոսի հայրենանվեր ջանքերով վերահրատարակվել են Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի քաղաքներին, շրջաններին նվիրված հուշամատյանները, ամենատարբեր ուսումնասիրությունները՝ մատչելի դարձնելով դրանք գիտական ու հասարակական լայն շրջաննակներին: Այդ նպատակով ձևավորված Հանձնախումբը հսկայական աշխատանք է տարել Հայոց Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ մեր ժողովրդի պատմությունը և հավաքական հիշողությունը հավերժացնող այս հատորյակների սրբագրական, տեղանունների ու անձնանուների ցանկերի կազմման, լրացումների ու հրատարակության գործում: Խնամքով պահպանվել են յուրաքանչյուր հատորին մաս կազմող բաժինները, քարտեզները, գծանկարներն ու լուսանկարները: Առաջին հատորի հրատարակության լույսընծայման առթիվ հատորյակի առաջաբանում տեղ գտած Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի Հայրապետական օրհնության գիրը լավագույնս արտահայտում է այսօրինակ ձեռնարկի նպատակներն ու կարևորությունը. «Ժողովուրդներու պատմութիւնը, կրօնքը, քաղաքակրթութիւնը ու մշակոյթը իրենց ընթացքը, կազմաւորումը ու զարգացումը կը ստանան հաւաքական յիշողութենէն», իսկ այդ «Հաւաքական յիշողութիւնը ամուր կռուան կը հանդիսանայ ժողովուրդի մը գոյութեան եւ երաշխիքը՝ անոր  յաւերժութեան»:

          

Եվ իրավամբ, սրանք են մեր ազգային ու պետական նպատակների գլխավոր կռվանները, հիշատակի ու հարատևության նշանաբանը:


Առաջին հատորը, որը նվիրված է Ադանայի հայոց պատմությանը, ընդգրկում է ավելի քան 1000 էջ, կազմված է 7 ծավալուն մասերից, որոնց միայն վերնագրերն ու ենթավերնագրերն ամբողջովին բացահայտում են Հուշամատյանների հրաշալի այս շարքի աղբյուրագիտական ու պատմական նյութի ողջ խորությունը, ամբողջությունն ու արժեքը: Այսպես, հատորյակի մասերը վերնագրված են Պատմագրական, Եղեռնագրական, Ազատագրական, Մշակութային, Ազգագրական, Վաւերագրական և Ժամանակագրական: Միայն Պատմագրական մասում ներկայացված են Կիլիկիայի բնությունն ու աշխարհագրությունը, Ռուբինյան իշխանապետությանը նախորդած պատմափուլում հայերի ներկայությունը, հայկական պետականության շրջանը, խաչակիրներն ու Արևելքը, հայկական բերդերն ու դրամները, վաճառականությունն ու տնտեսությունը, Ադանայի նահանգը օսմանյան շրջանում:


Եղեռնագրական բաժնում առանձին ենթագլուխներով ի մի են բերված 1895-1896 թթ., 1909 թ. և 1915 թ. հայոց ջարդերն ու տեղահանությունները Կիլիկիայի տարբեր վայրերում՝ Ադանայում, Մամեստիայում, Սսում, Մերսինում, Հաճընում և շրջակա այլ վայրերում: Այս մասում ներկայացված են նաև վկայությունների ու տարագրության տարիներին հայության ապրումների մի ամբողջ պատմություն:


Ազատագրական բաժնում ներկայացված են Կիլիկիայի հայկական լեգեոնի կազմավորումը, Արարայի ճակատամարտը, կամավորական շարժումը, Կիլիկիայի շուրջ ձևավորված միջազգային դաշնագրերն ու ֆրանսիական քաղաքականությունը, որոնք ի վերջո հանգեցրեցին հայկական պետություն ձևավորելու քայլերի տապալմանն ու երկրամասի ամբողջական հայաթափությանը:


Մշակութային բաժնում ներկայացված են Ադանայի և Կիլիկիայի հայկական թագավորության կրթական կենտրոնները, 19-րդ դարում տարածաշրջանի հայ կրթական կյանքի վերակազմությունը, ազգային վարժարանները (Արամյան, Աշխենյան, Աբգարյան), «Հայոց միացեալ ընկերությանց», Հայ Ավետարանական և Կաթողիկե դպրոցները: Առանձնակի կարևորություն են ներկայացնում նաև մշակութային կյանքի տարբեր կողմերի ներկայացումը՝ տարատեսակ միությունների գործունեությունը, մամուլը, թատրոնը, երաժշտությունը և այլն:


Հատորյակի Ազգագրական բաժնում ներկայացված են ադանայի հայերի կենցաղը, բարքերն ու սովորույթները, բառացանկը, երգերն ու զրույցները, կիլիկիահայության դաշտային շրջանում թրքախոս դառնալու գործընթացը, զանազան, այդ թվում՝ Հայ տիկնանց միություններն ու նրանց կանոնադրությունները:


Վաւերագրական բաժնում ներկայացված են Ադանային վերաբերող հին արձանագրություններ, այդ թվում՝ ասորական, հայերեն ձեռագիր հիշատակարաններ Հալեպից, Անթիլիասից, Երուսաղեմից, Երևանից և այլն: Առանձին ենթագլուխներով ներկայացված են հայ պատմիչների հիշատակություններ, օտար ժամանակագիրների վկայություններ, ինչպես նաև Կիլիկիայի հայոց ազգապատկան կալվածքները, կրած նյութական կորուստները:


Ժամանակագրական բաժինը վերաբերում է Սփյուռքի մեջ գործած ադանացիների հայրենակցական միություններին՝ սկսած Ուոթերթաունի ու Բուենոս-Այրեսի միություններից ավարտած Աթենքի ադանացիների ուսումնասիրաց միությունով: Առանձին ենթագլուխներով ներկայացված են Ադանայի նշանավոր ու բարեհիշատակ գերդաստաններն ու դեմքերը, արվեստագետներն ու եկեղեցականները: Անդրադարձ է կատարված ադանացիներին Խորհրդային Հայաստանի, Լիբանանի, Սիրիայի, Կիպրոսի, ԱՄՆ-ի և այլ գաղութների մեջ: Վերջապես առանձին ենթագլխով խոսվում է Հայոց պատմության մոռացված դասերի մասին, կորստի, ցեղային հիշողության, հաջորդ սերունդների կողմից ընտրվելիք ուղու, ցեղասպանության, որպես ազգային մեղքի մտայնությունից ազատվելու և ստեղծագործ ժողովրդի ապագայով ապրելու մասին:


Սիրելի ներկաներ, սրանք այն համառոտ դիտարկումներ էին, որոնք վերաբերում են Հուշամատյանների արժեքավոր այս շարքի միայն Առաջին հատորին, մյուսների վերաբերյալ կարող ենք կարծիք կազմել նրանց սոսկ անվանական թվարկումից, այսպես.

  • Պատմութիւն Տարօնի աշխարհի, 2, Անթիլիաս, 2013
  • Պատմութիւն Անթէպի հայոց, 3, հատոր Ա, Անթիլիաս, 2013
  • Պատմութիւն Անթէպի հայոց, 4, հատոր Բ, Անթիլիաս, 2013
  • Հաճընի ընդհանուր պատմութիւնը, 5, Անթիլիաս, 2014
  • Դիւցազնական Ուրֆան եւ իր հայորդիները, 6, Անթիլիաս, 2014
  • Պատմագիրք Կիւրինի, 7, Անթիլիաս, 2014
  • Քեսապ: Տեղագրութիւն, բնակավայրեր, բնակչութիւն, պատմութիւն, տնտեսութիւն, 8, հատոր Ա, Անթիլիաս, 2015
  • Մարաշ կամ Գերմանիկ եւ հերոս Զեյթուն, 9, Անթիլիաս, 2015
  • Պատմութիւն հայ Կեսարիոյ, 10, հատոր Ա, Անթիլիաս, 2015
  • Պատմութիւն հայ Կեսարիոյ: Տեղագրական, պատմական եւ ազգագրական ուսումնասիրութիւն, 11, հատոր Բ, Անթիլիաս, 2015
  • Պատմութիւն հայոց Արաբկիրի, 12, հատոր Ա, Անթիլիաս, 2016
  • Պատմութիւն հայոց Արաբկիրի, 13, հատոր Բ, Անթիլիաս, 2016
  • Յիշատակարան Րումտիկինի, 14, Անթիլիաս, 2017:

Տարոն աշխարհի պատմությանը վերաբերող հատորյակը ներկայացնում է աշխարհագրական Տարոնը, գյուղերն ու համայնքները, պատմական դեմքերը, վիճակագրությունն ըստ գավառների, բանահյուսությունը, տարոնցի գրողներին: Առանձին ժամանակագրական բաժանումներով ներկայացված են Դիւցազնապատումը, Եղեռնապատումը, Հերոսապատումը, Վերակենդանացումը, ինչպես նաև Տարօն-Տուրուբերան հայրենակցական միության պատմությունը (1917-1957):


Զույգ հատորներով ներկայացված են Անթէպը (Այնթապ), Կեսարիան և Արաբկիրը: Այս հատորներում համապատասխանաբար ներկայացված են հիշյալ քաղաքներն ու նրանց շրջանների պատմական անցյալը, կրթամշակութային ու հոգևոր կյանքը, հասարակական-քաղաքական անցուդարձերը, Մեծ Եղեռնի օրերը, ինքնա-պաշտպանական կռիվները, ազգային կազմակերպությունները, անվանի գործիչներն ու կյանքը սփյուռքում:


Հաճընին վերաբերող հատորյակը ներառում է ընդհանուր ակնարկ Կիլիկիայի բնագրությանը, Հաճըն քաղաքին և շրջակա գյուղերին, հասարակական-քաղաքական ու տնտեսական կյանքին, հայ առաքելական, ավետարանական և կաթոլիկ եկեղեցիներին, ազգային կուսակցությունների գործունությունը տեղում: Առանձին ներկայացված են Հաճընի դիւցազնամարտը (հերոսամարտ), անկումը և հաճընցիների կյանքը գաղութներում՝ Սիրիայում, Իրաքում, Եգիպտոսում, Հունաստանում, Ֆրանսիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի երկրներում և այլն:


Ուրֆային կամ պատմական Եդեսիային վերաբերող հատորը ներառում է  քաղաքի պատմությունը հնագույն դարերից մինչև 1875 թ., ապա մինչև երիտթուրքական, Առաջին աշխարհամարտը, հերոսամարտը և արդեն դրան հաջորդած գաղթաշխարհի կյանքը ընդգրկող բաժինները: Ներկայացված են նաև ազգագրական առանձնա-հատկությունները՝ տարազը, խաղերը, ուտելիքը, ծեսերը, բանահյուսությունը, անգամ՝ շրջանի քրդական ու արաբական աշիրեթները:


Քեսապին նվիրված հատորը մատենաշարի հրատարկված հատորներից միակն է, որն ընդգրկում է մինչև մեր օրերը, առավել հստակ՝ 2014 թ. ընդգրկող իրադարձությունները պարունակող հավելումներ: Ճակատագրի բերումով Քեսապը զերծ է մնացել թուրքական տիրապետությունից, թեև սիրիական տագնապի այս շրջանում ավերից ու կորուստներից խուսափել չհաջողվեց: Հատորյակն ընդգրկում է Անտիոքի շրջանի  հայոց պատմությունը սկսած սկզբնավորումից ավարտած մեր օրերով: Առանձին գլուխներով ներկայացված են Քեսապը, շրջանի գյուղերը, ազգագրությունը, բանահյուսությունը, տնտեսությունը: Հավելվածով ներկայացված են 1911 թ. և 1920 թ. մարդահամարները, Մեծ Եզեռնը և քեսապահայերի կյանքը Սիրիայում, արաբական աշխարհի երկրներում, Ամերիկայում, Ավստրալիայում և Հայաստանում: Առանձին գլխով ներկայացված է 2014 թ. Քեսապի աղետը, քաղաքի ազատագրումն Իսլամական պետության հրոսականերից ու հայության վերադարձը:


Կիւրինը, որին վերաբերում է մատենաշարի հատորներից մեկը, պատմական Փոքր Հայքի Սեբաստիա նահանգի քաղաքներից էր, որը Մեծ Եղեռնի շրջանում ունեցել է շուրջ 15 հզ հայ բնակչություն: Քաղաքը և շրջանը հարուստ է եղել իր հայ մշակույթով, ավանդույթներով, անվանի հասարակական, մշակութային ու հոգևոր գործիչներով: Հատորյակում ներկայացված են պատմական իրադարձությունները վաղընջենական շրջանից սկսած մինչև Մեծ Եղեռն, ապա սփյուռքյան շրջանի դեպքերն ու դեմքերը:


Ընթացիկ 2017 թ. հրատարկված Րումտիկինի Հիշատակարանը ներկայացնում է, քիչ ծանոթ բնագավառ, տեղանք, որը դժվար էր գտնել անգամ Արևմտյան Հայաստանին վերաբերող նախկինում հայտնի քարտեզներում, սակայն այս փոքրիկ բնակավայրերը նույնպես ենթարկվեցին կոտորածների ու տեղահանության, իսկ նրանց հայության փրկված բեկորները այսօր բնակվում են սփյուռքում և Հայաստանում: Այս հատորը հիրավի հիշատակարան է նրանց հիշատակին: Այստեղ նույնպես լայնորեն ներկայացված է հայության այս հատվածի անցյալի ու ներկայի պատմությունը:


Սիրելի ներկաներ,

 

հատորյակները, հրատարակված, թե հրատարակվելիք, որոնց նախատեսված թիվը պետք է կազմի 100, էական ու անգնահատելի ներդրում են դառնալու մեր հայրենիքի ու նրա ժողովրդի պատմության ներկայացման, ներկայի ու ապագայի կառուցման ճանապարհին:


Խորին շնորհակալություն ենք հայտնում ազգանվեր այս գործի նախաձեռնողներին, կազմակերպողներին, հանձնախմբերին ու մեկենասներին, հույս հայտնում, որ այս ձեռնարկի մյուս հատորների հրատարկման առթիվ հնարավորություն կունանանք շնորհավորելու և նորանոր ծրագրերով միմյանց զորացնելու:

 

ՀՀ սփյուռքի նախարար

Հրանուշ Հակոբյան 

Կցված նկարներ`

  
  
  
  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Դեկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՍԱՆ ՊԱՈՒԼՈ ՆԱՀԱՆԳԻ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ

ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՀԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

 

Հարգարժա՛ն պարոն Հակոբյան,


Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Սան Պաուլոյի Պետական համալսարանում կայացած ընտրություններում հաղթելու արդյունքում և նահանգապետի հրամանով նշանակվել եք հիշյալ հաստատության ռեկտոր:

24.10.2017  |  Ելույթներ

Գերապայծա՛ռ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյան,

Հոգևոր Հայրեր,

Հարգարժա՛ն գիտնականներ, ներկաներ,


Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ, հոբելյան, որի մեկնարկը տրվեց այս տարվա սեպտեմբերին Մխիթարյան միաբանության Մայրավանքում և այսօր էլ շարունակվում է Մայր հայրենիքում: