Նորություններ
Սեպտեմբերի 3-ին Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ գումարվեց ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի հերթական նիստը:
Օրակարգում ներառված էին երկու հիմնական և ընթացիկ հարցեր:
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը ներկայացրեց «Հայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգի» և «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագծերը, որոնց մշակման ընթացքում ուսումնասիրվել է այլ երկրների փորձը, հաշվի են առնվել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, համահայկական կառույցների ղեկավարների կարծիքները, կազմակերպվել են քննարկումներ: ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրում, ՀՀ կառավարության 2009-2012թթ. գործունեության միջոցառումների ծրագրում և «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգում», որպես պետական քաղաքականության կարևոր բաղադրիչ, դիտարկվում է նաև հայրենադարձությունը խթանող ծրագրերի մշակումն ու իրականացումը: Հայրենադարձության գործընթացը և դրա կանոնակարգումը Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի համար կարևոր հիմնահարցերից է հայապահպանության, Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական և տարածքային-ռազմավարական խնդիրների լուծման և համազգային ներուժի համախմբման առումով: Ս.Պետրոսյանն անդրադարձավ Հայրենադարձության հայեցակարգի նպատակներին ու խնդիրներին, հայրենադարձության գործընթացի փուլերին և կառուցակարգերին, հայրենադարձների ինտեգրման ուղիներին և այլ հարցերի: Նա ներկայացրեց նաև «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի հիմնական դրույթները:
Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Ա.Եղիազարյանը զեկուցեց «Արվեստը և համացանցը, արվեստը և բիզնեսը» խորագրով կերպարվեստի համահայկական համաժողովի կազմակերպման միջոցառումների մասին: Սփյուռքից համաժողովին մասնակցելու հայտ է ներկայացրել 15 երկրի 50-ից ավելի կերպարվեստի գործիչներ` նկարիչներ, քանդակագործներ, արվեստի քննադատներ, դիզայներներ, արվեստաբաններ և այլն: Համաժողովին կմասնակցեն նաև կերպարվեստի գործիչներ Ջավախքից, Արցախից և Հայաստանի Հանրապետությունից: Ա.Եղիազարյանը ծանոթացրեց նաև համաժողովի ծրագրին:
Նախարար Հ.Հակոբյանը ներկայացրեց ընթացիկ հարցերը` անդրադառնալով շախմատի համահայկական առաջին օլիմպիադային, Այնճարի հիմնադրման 70 և Մուսա լեռան հերոսամարտի 90-ամյակի հոբելյանական միջոցառումներին, ՀՀ սփյուռքի նախարարության կողմից առաջիկայում կազմակերպվելիք համահայկական մասնագիտական համաժողովներին և այլն:




