Նորություններ
Սեպտեմբերի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գերմանիայի Բոխումի համալսարանի «Սփյուռք և Ցեղասպանություն» ինստիտուտի հիմնադիր-տնօրեն պատմաբան, սփյուռքագետ, ցեղասպանագետ պրոֆեսոր Միհրան Դաբաղին: Մ.Դաբաղը նաև «Ցեղասպանության ոլորտում ուսումնասիրությունների վերաբերյալ» ամսագրի, ինչպես նաև «Ցեղասպանություն և հիշողություն» գրքերի շարքի գլխավոր խմբագիրն է, Ցեղասպանության և Սփյուռքի վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների հեղինակ:
Ողջունելով հյուրին` տիկին Հ.Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը` մասնավորեցնելով Սփյուռքի ներուժի համախմբման նպատակով կազմակերպվող համահայկական մասնագիտական համաժողովները, «Հայ բարերարների ճեմուղու հիմնադրում» ծրագիրը և այլն:
Միհրան Դաբաղը ներկայացնելով Բոխումի համալսարանի «Սփյուռք և Ցեղասպանություն» ինստիտուտի գործունեությունը` նշեց, որ գերմանական հասարակությունը ինստիտուտի գործունեության շնորհիվ գիտական ուսումնասիրությունների մակարդակով տեղեկանում է Հայոց Ցեղասպանության փաստին: Նա ընդգծեց նաև, որ իրենց գործունեության նպատակներից մեկը Գերմանիայի կողմից Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչումն է:




