Հարցազրույցներ

2017-12-26 00:00:00 | Հարցազրույցներ
Հայրենիքը հեռվից չեն սիրում. Հրանուշ Հակոբյան

- Տիկի՛ն Հակոբյան, Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովն անցկացվեց «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» կարգախոսով: Ձեր կարծիքով, այն նպաստե՞ց այդ արժեքների ձևավորմանը: Ինչո՞վ այս համաժողովը տարբերվեց նախորդներից:

- Համահայկական 6-րդ համաժողովը նախորդներից տարբերվում էր մասնակիցների աննախադեպ մեծ թվով. 2200 հրավերից ընդունվել էր 1800-ը: Աշխարհատարած մեր հայրենակիցները, մի կողմ թողնելով իրենց զբաղվածությունը, գործերը, հնարավորություն և ժամանակ գտան մասնակցելու այս կարևորագույն միջոցառմանը: Երկրորդ առանձնահատկությունն այն էր, որ համաժողովի չորս ոլորտային ուղղությունները Սփյուռքի նախարարությունից բացի համակարգում էին ՀՀ փոխվարչապետը, ՀՀ պաշտպանության նախարարը և ՀՀ արտաքին գործերի նախարարը: Սա նպաստեց է՛լ ավելի համախմբելու ՀՀ կառավարության ռեսուրսները: Մեծ աշխատանք կատարեց նաև ՀՀ Նախագահի աշխատակազմը: Ես շատ ուրախ եմ, որ երեք ամիս շարունակ նախապատրաստական ողջ գործընթացը Նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական հսկողության տակ էր:


Հաջորդ առանձնահատկությունն այն էր, որ համաժողովի հայտարարությունն ընդունվեց ծափահարություններով, ոչ թե քննադատությամբ: Նիստերի ընթացքում ներդաշնակության, փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտ էր տիրում: Կար միասին գործելու ցանկություն: Հիմա էլ շարունակում ենք ստանալ շնորհակալություններ համաժողովին մասնակցած տարբեր կազմակերպություններից: Համաժողովը հասավ իր նպատակին, մասնակիցներին մղեց իսկապես անկեղծ մտածելու, թե էլ ի՞նչ պետք է անել հայրենիքի համար: Արդյունքում Սփյուռքի տարբեր համայնքների կողմից արվեցին առաջարկություններ, օրինակ՝ սահմանապահ գյուղերը վերցնել հոգածության տակ և զբաղվել դրանց սոցիալ-տնտեսական խնդիրներով, զարգացման ծրագրերով: ՀՀ պաշտպանության նախարարության հետ ակտիվ աշխատելու ենք այս ուղղությամբ:


Համաժողովում ՀՀ Նախագահը ցնցող հայտարարություն արեց հայրենադարձությանը զարկ տալու և 2040 թվականին մեր բնակչությունը 4 միլիոնի հասցնելու մասին: Պետք է ոգևորենք, որպեսզի մեր հայրենակիցներից շատերը որոշում կայացնեն և վերադառնան Հայաստան:


Ես գրեթե վստահ եմ, որ մասնագիտական հայրենադարձությունն ավելի ակտիվ կկազմակերպենք: Եթե ունենք այս կամ այն ոլորտում մասնագետի կարիք և այդպիսին ունենք Սփյուռքում, պետք է ստեղծենք համապատասխան պայմաններ, որպեսզի նա գա Հայաստան և իր հնարավորությունները ներդնի հայրենիքում: «Հայրենադարձ» ասելիս չպետք է հասկանալ այն մարդուն, ով տարվա մեջ գեթ մեկ օր չի ապրել Հայաստանում: Եթե սփյուռքահայը եկել է Հայաստան, տուն է գնել, գործ սկսել, ինչպե՞ս նրան չհամարես հայրենադարձ: Մենք ունենք այդպիսի հայրենադարձներ, ունենք երիտասարդներ, որոնք մտածում են հայրենիք տեղափոխվելու մասին, ունենք ընտանիքներ, որոնք նույնպես վերջին հանգրվանը համարում են հայրենիքը: Մենք և հատկապես լրատվամիջոցները պետք է կարողանանք ներկայացնել հայրենիքի լավ կողմերը, որովհետև շատերը, որ հեռացել են 90-ականներին և չեն վերադարձել, Հայաստանի մասին ունեն այդ ժամանակահատվածից մնացած պատկերացումներ:


Պատահական չէ, որ ասում եմ՝ ամեն հայ պետք է տեսնի Հայաստանը: «Ուխտագնացություն դեպի հայրենիք». սա՛ պետք է լինի յուրաքանչյուր հայի նշանաբանը: 2018-ին տոնելու ենք Մայիսյան հերոսամարտի հարյուրամյակը, հնամենի մայրաքաղաքի 2800-ամյակը: Պետք է գան, տեսնեն Հայաստանը և որոշեն մնալ կամ առնվազն կողմնորոշվեն այս հարցում:


 Նախագահ Սերժ Սարգսյանը նաև կողմնորոշեց 2020 թվականի մեր հավաքի օրակարգը. հավաքվելու ենք մշակված հարցադրումներով, ծրագրերով, մոտեցումներով՝ հայրենադարձությունը, Հայաստանի ժողովրդագրությունը խթանելու, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռակողմ քննարկումներ անցկացնելու համար: Մենք բացատրում, համոզում ենք, որ մարդիկ փորձեն իրենց հանգիստն անցկացնել Հայաստանում: Հայապահպանությունը մնում է Հայաստանի և Սփյուռքի մեծագույն մարտահրավերը:

 

- Ի՞նչ նպատակներ էր համաժողովը դրել իր առջև, և արդյոք իրագործվեցի՞ն դրանք:

- Եվս մեկ անգամ համոզվեցի, որ մեր հայրենակիցներին հոգևոր սնունդ է պետք, և պատահական չէր, որ նրանք մեծ հաճույքով մասնակցեցին մեր փառատոներին: Այս օրերին հիմնադրեցինք «Նաիրի» համահայկական փառատոնը: Այն արվեստի, մշակույթի ոլորտում մեր մեծերին գնահատելու ամենամեծ, իր տեսակի մեջ եզակի փառատոն էր: Հանքավանում բացեցինք մեր տասը ազգային նվագարանների արձանաշարը, որը թերևս եզակի երևույթ է աշխարհում: Սա նույնպես խոսում է Հայրենիք-Սփյուռք կապերի զարգացման և հնարավորությունների մասին: Նախարարության ձևավորման առաջին իսկ օրվանից բանաձև ընդունեցինք՝ «Ճանաչել, վստահել, գործակցել»: Եթե ճանաչում են միմյանց, ապա վստահություն է առաջանում. եթե կա վստահություն, ուրեմն նաև գործ պիտի անել:


Հայաստանի մասին չենք կարող միայն հայաստանաբնակներս մտածել ու դառնալ հայաստանապաշտպաններ, իսկ Սփյուռքն այն սիրի հեռվից: Նրանք նույնպես պատասխանատու են մայր հայրենիքի զարգացման, պաշտպանության համար, մեր չքնաղ Արցախի դատը մինչև մեզ համար տրամաբանական ավարտին հասցնելու գործում: Մենք ունենք ահռելի հարստություն: Հայկական մտածողությունը, հայեցի դաստիարակությունը տվել են այնպիսի արժեքներ, որոնք պետք է ծառայեցնենք համազգային խնդիրների լուծմանը, Հայաստանի զարգացմանը, Սփյուռքի է՛լ ավելի կազմակերպմանը:

 

- 2000 թվականից ի վեր սա վեցերորդ համաժողովն է: Բոլորն էլ, ըստ էության, գրեթե նույն օրակարգն են ունեցել, համաժողովների ընթացքում հնչել են գրեթե նույն բովանդակությամբ ելույթներ: Համահայկական ընդգրկման ի՞նչ որոշակի խնդիրներ են լուծվել դրանց արդյունքում:

- Կարծում եմ՝ համաժողովները դարձել են կարևորագույն հարթակ Հայրենիք-Սփյուռք կապերը հզորացնելու, զարգացնելու առումով: Ընդհանրապես համաժողովները միտված են ամփոփելու անցած տարիների արդյունքները և նախանշելու ապագա անելիքները: Համաժողովում որոշակի ծրագրեր չեն քննարկվում: Այստեղ ներկայացվում են գաղափարներ, մոտեցումներ, տեսլականներ, որոնք համախմբվում, հավաքագրվում, համակարգվում են՝ հետագայում ծրագրի վերածվելու համար: 2014 թվականից հետո այն բոլոր հարցադրումները, որոնք կարելի էր ծրագիր դարձնել, մենք առանձին գրքույկով ներկայացրել էինք այս համաժողովի մասնակիցների դատին: Եվ երբ քննարկում էինք երեք տարվա արդյունքները, մասնակիցներից շատերն իրենց գոհունակությունն էին հայտնում:


2014 թվականի համաժողովում մեր քննարկումների գլխավոր նյութը 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նշումն էր: Եվ դա արվեց հզոր ձեռնարկներով, միջոցառումներով: Այն, ինչ մտածում էինք, կարողացանք կյանքի կոչել: 2011-2014թթ. մտածում էինք ամառային դպրոցների մասին, և դրանք բացվեցին, որպեսզի Սփյուռքից գան վերապատրաստվելու: Երևանի պետական համալսարանում բացվեց լրագրողների վերապատրաստման դասընթաց, կազմակերպվեց Կոմիտասի անվան փառատոն, որն անցկացվում է արդեն երրորդ տարին: Ստեղծել ենք արևմտահայերեն դասագրքեր առաջինից երրորդ դասարանների համար: Առաջարկվեց ստեղծել Հայերենի բարձրագույն խորհուրդ. այսօր այն գործում է ՀՀ կառավարությանը կից: Առաջարկվեց քայլեր ձեռնարկել արևելահայերենի և արևմտահայերենի ներթափանցումն ապահովելու ուղղությամբ. այսօր սփյուռքահայ և հայաստանցի մասնագետների երեք աշխատանքային խմբեր են գործում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում: Առաջարկվեց ստեղծել հայ-քրդական բառարան, ստեղծեցինք: Առաջարկվեց ուշադրություն դարձնել իսլամացված հայերի խնդիրներին, արեցինք: Եթե մեր թերթը նախկինում կարդում էր մինչև 10 000 մարդ, ապա այսօր մեկ միլիոն ընթերցող ունենք: Սա վերաբերմունքի փոփոխություն է նշանակում:


Առաջարկվեց Բաթումում ստեղծել կենտրոն, և մենք պետական բյուջեի միջոցներով ստեղծեցինք Ալեքսանդր Մանթաշյանցի անվան հայկական կենտրոն: Եվ եթե այն ժամանակ հայերեն չէին խոսում, այսօր արդեն 300 երեխա այս կենտրոնի շնորհիվ վարժ խոսում է հայերեն: Առաջարկվեց ոչ թե Ավստրալիայից կամ ԱՄՆ-ից ուսուցիչներ հրավիրել վերապատրաստման, այլ այստեղից պրոֆեսորներ ուղարկել. այս դեպքում արդեն ոչ թե երեք ուսուցիչ է վերապատրաստվում, այլ 50-100:

 

- Ձեր ամփոփիչ ելույթում մանրամասն անդրադարձաք սփյուռքահայերի ուծացմանը նպաստող ամենահրատապ հիմնախնդրին՝ Սփյուռքում հայկական կրթական համակարգի խոր ճգնաժամին: Դուք նշեցիք, որ դպրոցներում ուսուցման մեթոդներն արդիական չեն, կրթական ծրագրերը չափազանց հին են, դասագրքերը չեն համապատասխանում ժամանակի պահանջներին, ուսուցչական կազմի սերնդափոխություն տեղի չի ունենում և այլն: Եթե այս ամենին ավելացնենք նաև այն փաստը, որ շատ ընտանիքներ խուսափում են երեխաներին հայկական դպրոցներում կրթության տալուց, ապա իրավիճակն իսկապես ճգնաժամային կարելի է համարել: Ի՞նչ ծրագրեր ունի այս ուղղությամբ Սփյուռքի նախարարությունը:

- Նկատի ունեցեք, որ արդեն չորրորդ և հինգերորդ սերունդն է ծնվում Սփյուռքում: Օտար միջավայր, օտար պայմաններ, այլ մշակույթ, և հայերենը կամա-ակամա կուչ է գալիս, դառնում է ընտանիքի լեզու: Նրա գործածության տարածքը նեղանում է: Հետևաբար պետք է կարողանանք աճող սերնդի, երիտասարդության մեջ հայերենի նկատմամբ հետաքրքրություն, սեր սերմանել: Իսկ հայկական դպրոցները գնալով որակազրկվում են. ուսուցիչները, իրոք, մեծանում են, հայկական դպրոցը մրցունակ չէ ամերիկյան, ֆրանսիական, գերմանական դպրոցների կողքին: Բնականաբար, ծնողը նախընտրում է իր երեխային օտար դպրոցում կրթության տալ: Եվ գլխավոր բեռն ընկնում է սփյուռքահայ կառույցների, համահայկական կազմակերպությունների, ինչու ոչ՝ նաև եկեղեցու վրա:


Հայոց պետությունը պարտավոր է Սփյուռքի դպրոցների համար ուսուցիչներ պատրաստել, վերապատրաստել: Դպրոցները պետք է զինել դասագրքերով: Այս հարցերում փորձում ենք հետևողական լինել: Միայն այս տարի 80 000 կտոր գիրք ենք ուղարկել Սփյուռքի 300-ից ավելի դպրոցներ, կազմակերպություններ: Ես հպարտանում եմ , որ Վալենսիայում մեր հայրենակիցները համախմբվել են, ձեռք ձեռքի տվել և հայկական ամենօրյա դպրոց բացել: Ինչպե՞ս չհպարտանալ և չխոնարհվել Հայ կրթական մշակութային միության ղեկավարության առջև, որը Մարսելում բարձր է պահում մեր համազգային դպրոցը: Իսկ այդ դպրոցը Ֆրանսիայի դպրոցների մեջ առաջին հարյուրյակում է: Այսինքն՝ եթե կա ցանկություն, նպատակադրում, հետևողականություն, կարելի է նաև միջազգային չափանիշներին համապատասխան դպրոցներ պահել և զարգացնել: Իսկ այն համայնքներում, որոնք ուժեղ չեն, միասնական չեն, իհարկե, դպրոցները կփակվեն:


Կամ ինչպե՞ս չոգեշնչվել Կարեն Վարդանյանի գլխավորած «Արմատ» ռոբոտաշինական լաբորատորիայով, որը զարկ է տվել ինժեներական ռոբոտաշինությանը: Այստեղ ամեն ինչ ոչ թե անգլերեն է, այլ հայերեն, ուստի երեխան պետք է անպայման հայերեն իմանա: Այսկերպ հայերենին տիրապետելը երեխայի համար դառնում է պարտադիր, հետաքրքիր, որովհետև նա ցանկանում է իրեն դրսևորել այս հրաշալի լաբորատորիայում:


Նույնը կարող եմ ասել վիրտուալ քոլեջի մասին, որտեղ երեխան ստանում է գիտելիքներ հայապահպանության, հայոց լեզվի, հայկական ճարտարապետության, կրոնի և այլնի մասին:


Մեր երազանքը պետք է լինի էլեկտրոնային դպրոցի ստեղծումը, որ աշխարհի բոլոր ծայրերից ցանկացած տարիքի հայ երեխա կարողանա սեղմել ստեղնը և ստանա գիտելիքներ Հայաստանի և հայոց լեզվի մասին:

Մյուս կողմից մենք 1000-ից ավելի դպրոցներ ունենք, որոնցից 650-ը մեկօրյա կամ երկօրյա է (շաբաթօրյա, կիրակնօրյա): Սա խնդիր է. ստեղծվում է մի իրավիճակ, երբ հայ երեխան տեսնում է, որ իր օտարազգի ընկերը շաբաթ, կիրակի գնում է հանգստանալու, զվարճանալու, իսկ ծնողը ստիպում է իրեն եկեղեցուն կից հայկական դպրոց գնալ: Ստիպողաբար չես սովորեցնի: Ուստի պետք է մեր մոտեցումը փոխենք, կարողանանք այն հիմնական հնգօրյա դպրոցներում, որտեղ հայ երեխաները շատ են, մտցնել հայոց լեզվի ֆակուլտատիվ կամ պարտադիր դասաժամեր:

 

- Տիկի՛ն Հակոբյան, ելնելով այս համաժողովի արդյունքներից, նախարարության բազմամյա գործունեությունից, Ձեր կարծիքով, որո՞նք են այն խնդիրները կամ գործոնները, որոնք հնարավորություն չեն տալիս լիարժեք օգտագործելու համահայկական ներուժը:

- Առաջին՝ շատ կարող ուժեր են հեռանում: Արտագաղթ կա ոչ միայն Հայաստանից, այլև Սփյուռքի համայնքներից: Ամենաբարդը նրանց հայացքը դեպի համայնք բևեռելն է: Երկրորդ՝ խնդիրն այն է, որ Սփյուռքի 118 երկրներից միայն հինգում են հայերն ապրում համախմբված: Մյուս խնդիրն այն է, որ Արցախի և Հայաստանի սահմաններին պատերազմական գործողությունները դեռևս շարունակվում են: Ու մեր շատ հայրենակիցներ, որոնք Հայաստան չեն գալիս, կարծում են՝ այստեղ պատերազմ է: Եղել են դեպքեր, երբ մարդիկ եկել են ու զարմացել: Նրանց թվում էր, թե այստեղ ամեն օր կրակոցներ են:


Հայաստանում աշխատավարձը դեռ չի հասել եվրոպական երկրների չափանիշներին: Կենսամակարդակի տարբերությունը լուրջ խոչընդոտ է, թեև հաղթահարելի է: Ես լավատես եմ, հավատում եմ Սփյուռքի ուժին: Մենք այս համաժողովով քաղաքական պատգամ ուղարկեցինք աշխարհին, թե ինչպես են հայերը համախմբվել և միասին հարցեր լուծում: Սա ազգային բարոյական մեծ արժեք ուներ և, հիրավի, պատմական իրադարձություն էր:


Իմ երազանքն է՝ համախմբել բոլոր երկրներում գործող հայկական կառույցները և ստեղծել համակարգող մարմին, որը կաշխատի պետության հետ համահայկական հարցեր լուծելու ուղղությամբ: Իսկ մնացած բոլոր հարցերում նրանք ազատ են իրենց ծրագրերը, իրենց նպատակներն իրականացնելիս: Սրանով մենք կկարողանանք համախմբել նաև հայկական համայնքները: Պետք է քննարկել նման ձևաչափ ստեղծելու կառուցակարգերի մասին և միաժամանակ փորձել առաջիկայում գալ ընդհանուր եզրակացության, ընդհուպ՝ գումարել համակարգող մարմնի առաջին նիստը: Սփյուռքը իրավական առումով պարտականություններ չունի մեր առջև, սակայն լսում է հայրենիքի ձայնը, սպասում է հայրենիքի կանչին, Հայաստանից է ստանում իր ուժը: Հայաստանը ողնաշարն է, և այդ փոքրիկ «հայաստաններն» արյունատար անոթներով կապված են մայր հայրենիքին:

 

Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ 

«Հանրային ծառայութուն» շաբաթաթերթ N 33, 2017թ.

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Հունիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: