Հարցազրույցներ

2017-10-04 00:00:00 | Հարցազրույցներ
Պետք է ունենալ կազմակերպված Սփյուռք, անկախ և պաշտպանված Արցախ ու հզոր Հայաստան. նախարարն ամփոփեց համաժողովի արդյունքները

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը վստահ է, որ «Հայաստան- Սփյուռք» 6-րդ համաժողովը հասել է իր նպատակին:

Նախարարը նշում է, որ համաժողովից հետո մասնակից տարբեր կառույցների, կազմակերպությունների և անհատների կողմից շնորհակալական բազմաթիվ խոսքեր է ստանում և ազդակներ, որ արդեն մտածում են, թե ինչ ծրագրեր կարելի է իրականացնել հայրենիքում, ինչպես ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչեն: Սա վկայում է, որ համաժողովը իր հիմնական նպատակին ծառայել է՝ ստեղծելով համահայկական յուրօրինակ ցանց:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ սփյուռքի նախարարն ամփոփել է «Հայաստան-Սփյուռք» համաժողովի արդյունքները, ներկայացրել դրա առանձնահատկությունները, խոսել հետագա անելիքների և ծրագրերի մասին:


-Տիկին նախարար, սեպտեմբերի 18-20-ը կայացավ «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովը: Կխնդրեի ամփոփել համաժողովի արդյունքները: Դուք գո՞հ եք արդյունքներից, և ինչո՞վ այս համաժողովը տարբերվեց նախորդներից:


-«Հայաստան-Սփյուռք» համաժողովներն ընդհանրապես միտված են առաջին հերթին ամփոփել անցած տարիների արդյունքները և նախանշել ապագա անելիքները: Նման համաժողովներում կոնկրետ ծրագրեր չեն քննարկվում, չեն որոշվում՝ այս ծրագիրը անել, թե չանել: Այստեղ ներկայացվում են գաղափարներ, մոտեցումներ, նախաձեռնություններ, տեսլականներ, որոնք հավաքվում, համակարգվում են՝ հետագայում դրանց որոշ մասը ծրագիր դարձնելու առումով: Եթե դուք ուշադիր եք եղել, մենք 2014թ. համաժողովից հետո այնտեղ հնչած հարցադրումները ուսումնասիրել ենք եւ դրանց հիմնական մասը ծրագիր դարձրել, դրանց արդյունքները ներկայացրել վերջին համաժողովի մասնակիցների դատին՝ ինչ են առաջարկել, ինչպիսի աշխատանք է տարվել երեք տարիների ընթացքում և ուր ենք հասել: Սա շատ կարևոր է, և դրա համար, եթե քննարկելու լինենք համաժողովի ընթացքում արված դիտողությունները, առաջարկությունները, ապա շատ շատերը բավարարված էին մեր տեղեկատվությամբ: Անտեղյակները կարող են մեզ հարցնել, թե ինչո՞ւ ոչինչ չեք արել, սակայն մասնակիցները, ծրագրերի ղեկավարները գիտեն այդ ամբողջ տեղեկատվությունը և հետեւաբար նման բան չեն կարող ասել: Նախորդ համաժողովների և այս համաժողովի տարբերությունը նրանում է, որ մասնակիցների թվով աննախադեպ էր այս համաժողովը, որովհետև 2200 հրավերից 1800-ը ընդունվել էր: Աշխարհասփյուռ մեր հայրենակիցները տարբեր զբաղմունքներ, աշխատանք, բիզնես ունեն, բայց նրանք գտան հնարավորություն և ժամանակ, 71 երկրներից եկան և մասնակից դարձան այս համահայկական հարթակի աշխատանքներին, ինչի արդյունքում համաժողովը իր ծավալներով մեծագույնը դարձավ:


-Տիկին Հակոբյան, որո՞նք էին այս համաժողովի առանձնահատկությունները, ինչպիսիք չեն եղել նախորդների ժամանակ:


-Առաջին առանձնահատկությունը, ինչպես արդեն ասացի, համաժողովի մասնակիցների թիվն էր: Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ բաժանված 4 ուղղությունները համակարգում էր ոչ միայն Սփյուռքի նախարարությունը, այլ պաշտպանության խնդիրները՝ պաշտպանության նախարարը, արտաքին քաղաքական հարցերը՝ արտաքին գործերի նախարարը, տնտեսական հիմնախնդիրների պատասխանատուն էլ փոխվարչապետն էր: Այսպիսի մոտեցմամբ առավել համախմբվեցին կառավարության ուժերը՝ համաժողովն անցկացնելու առումով: Իհարկե, մեծ աշխատանք կատարեց նաև նախագահի աշխատակազմը՝ աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ, համաժողովի մակարդակը, կազմակերպվածության աստիճանը շատ բանով պայմանավորված էին նրանով, որ երեք ամիս շարունակ այս ամենը գտնվում էր Հանրապետության Նախագահի հսկողության տակ: Բոլոր դեպքերում 1800 մարդու ընդունել, ճանապարհել, լսել-պատասխանել, ճշգրտել, թե ով որ ուղղությամբ քննարկմանն է ցանկանում մասնակցել, ով է ցանկանում ելույթ ունենալ, ով՝ ոչ, ինչպես անել, որ դժգոհություններ չլինեն, շատ բարդ է: Շատերն էին ուզում ելույթ ունենալ, ցավոք, ժամանակը սահմանափակ էր եւ մենք օգտվեցինք լրատվության ընձեռած հնարավորություններից եւ նրանցից շատերի ելույթները հրապարակեցինք թերթերում, կայքերում: Երրորդ առանձնահատկությունն այն է, որ համահայկական համաժողովն ընդունեց հայտարարություն և այն ընդունվեց ծափահարություններով, այլ ոչ թե քննադատությամբ: Մյուս կարևոր խնդիրն այն է, որ նիստերի ընթացքում ոչ թե վիրավորանք կար կամ միմյանց նկատմամբ թշնամանք, որը, ցավոք, եղել է տարիներ առաջ տարբեր համաժողոﬖերի ժամանակ, այլ կային ներդաշնակ քննարկումներ, հանդուրժողականություն միմյանց նկատմամբ, վստահություն, միասին գործելու ցանկություն: Սա շատ կարևոր է, և ես անընդհատ շնորհակալական խոսքեր եմ ստանում տարբեր կառույցներից, կազմակերպություններից, անհատներից, որոնք մասնակցել են համաժողովին: Ուրախալին այն է, որ այսօր կարդացի մասնակիցներից մեկի նամակը, ով նշում է, որ համաժողովի շրջանակներում էական ազդեցություն ունեցան հանդիսությունները, տոնակատարությունները, մշակութային ձեռնարկները, որոնք քաջալերել են իրենց եւ վերադառնալուց հետո մտածում են՝ ի՞նչ անել հայրենիքի համար: Հետևաբար` համաժողովը հասավ իր նպատակին: Հաջորդ առանձնահատկությունն այն էր, որ մենք առաջարկեցինք, որպեսզի սփյուռքի համայնքները զբաղվեն սահմանապահ գյուղերի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմամբ: Պետք է ասեմ, որ մեր համայնքներում շատ մեծ ոգևորություն կա, որ ցանկանում են մի գյուղ ընտրել և առաջ տանել, արդեն սկսել ենք կատարել այդ գյուղերի զարգացման գործընթացը: Այս ծրագիրը պաշտպանության նախարարության հետ ենք իրականացնում: Ակնհայտ է, որ Հայրենիքից հեռու ապրող մեր հայրենակիցներին հոգևոր սնունդ է պետք, և պատահական չէր, որ նրանց առաջարկվեց մշակութային մի քանի ձեռնարկ, որոնց մեծ հաճույքով մասնակցեցին: Մասնավորապես, այս օրերին մեր նախաձեռնությամբ մեկնարկեց «Նաիրի» համահայկական առաջին փառատոնը, որը արվեստի և մշակույթի բնագավառներում մեր մեծերին գնահատելու ամենամեծ փառատոնն է, ինչպիսին մինչև այսօր չի եղել: Մենք այդ օրերին Մշակույթի նախարարության հետ Հանքավանում բացեցինք մեր 10 նվագարանների արձանաշարքը, որը ևս եզակի երևույթ է աշխարհում:


-Համաժողովն անցկացվեց «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով: Ի՞նչ սկզբունքով էր ընտրվել հենց այս խորագիրը, այս առումով համաժողովը արդարացրե՞լ է սպասելիքները:


-Ընդհանրապես «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վերտառության ընտրությունը պատահական չէր: Դա բխում է մեր պետական քաղաքականությունից, որի մասին հանրապետության նախագահը խոսել է իր տարբեր ելույթներում: Պետք է ասեմ, որ եթե փոխադարձ վստահություն չլինի, միասնաբար չաշխատենք, ապա գործի, արդյունքի մասին խոսելն ավելորդ է: Նախարարության ձևավորման առաջին օրվանից մեզ համար բանաձև ընդունեցինք՝ ճանաչել, վստահել, գործակցել: Եթե ճանաչում ենք միմյանց, ապա վստահություն է առաջանում, եթե կա վստահություն, ուրեմն նաև գործ կարելի է անել: Երբ կա վստահություն, պետք է նաև պատասխանատվություն վերցնել: Մենք չենք կարող միայն հայաստանաբնակներս Հայաստանի մասին մտածել և դառնալ Հայաստանի պաշտպանները, տերը, իսկ սփյուռքահայերը հեռվից միայն սիրեն Հայաստանը կամ Մասիսը: Իրենք ևս պետք է պատասխանատվություն ունենան մայր հայրենիքի զարգացման, պաշտպանունակության բարձրացման նկատմամբ, Արցախի դատը մինչև վերջ հասցնելու առումով: Մենք ունենք ահռելի հարստություն, մեր հարստությունը հայկական սփյուռքն է: Եթե կողքի հարևանները իրենց նավթով և գազով են հպարտանում, ապա մենք  հպարտանում ենք մեր  մարդկային կապիտալով, որը ծովերից ծով է, որը մեր  անգնահատելի կարողությունն է, ամենամեծ արժեքն է: Մենք պետք է կարողանանք այդ հսկայածավալ հայկական ներուժը, կապերը, հնարավորությունները օգտագործել Հայաստանի զարգացման համար, Արցախի պաշտպանության համար և, ինչու ոչ՝ Սփյուռքի կազմակերպման համար: Մեզ անհրաժեշտ է կազմակերպված սփյուռք, մեզ անհրաժեշտ է անկախ և պաշտպանված Արցախ ու հզոր Հայաստան: Այս երեք կարևոր նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է բոլոր ուժերն ու հնարավորությունները օգտագործվեն: Միայն երեք միլիոն հայերը չէ, որ պետք է զբաղվեն Հայրենիքի զարգացման եւ հզորացման գործով: Սփյուռքի շատ հայորդիներ այս 20-25 տարիների ընթացքում եկան Հայաստան եւ իրենց մեծ ներդրումը ունեցան երկրի սոցիալ- տնտեսական զարգացման գործում, ստեղծեցին աշխատատեղեր, զարգացրեցին տնտեսության կարեւոր ոլորտներ: Նրանք չընկրկեցին դժվարությունների առջեւ, այլ գտան լուծումներ, գործեցին հային վայել: Պատահական չէ, որ ես իմ տարբեր ելույթներում ասում եմ, որ Հայաստանն առողջարան չէ, որտեղ ամեն ինչ պետք է փայլուն լինի, նոր մեր  հայրենակիցները որոշեն հայրենիք վերադառնալ: Հայաստանի և՛ դժվարությունները, և՛ առավելությունները մերն են: Նաև այս համաժողովի աﬔնակարևոր մեխերից մեկը Հանրապետության Նախագահի կողմից հայրենադարձությանը զարկ տալու և 2040թ. մեր  բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելու մասին ուղերձն էր: Այսուհետ հայրենադարձության ծրագիրը կդառնա պետական քաղաքականության ուղղություններից մեկը, որի իրականացմանը անհրաժեշտ է, որ մասնակցեն սփյուռքյան բոլոր կառույցները, գործակցեն Հայոց կառավարության հետ: Նախ կարելի է սկսել մասնագիտական հայրենադարձությունից: Եթե մենք այս կամ այն ոլորտում ունենք մասնագետների կարիք և Սփյուռքում կան նմանները, ապա մնում է պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք գան և իրենց հնարավորությունները ներդնեն Հայաստանի զարգացման գործում: Կարեւոր է նաեւ հայրենադարձության մասին պատկերացումները փոխել: Եթե սփյուռքահայը եկել է Հայաստանում տուն է դրել, հող է գնել, բիզնես է դրել, ինչպես նրան հայրենադարձված չանվանես: Աշխարհում ո՞ր բիզնեսﬔնն է 366 օր տանը լինում: Համոզված եմ, որ եթե մեկն այստեղ ունի բնակարան, բիզնես, նա հայրենադարձված է: Մենք այսպես պետք է փորձենք հարցին մոտենալ: Մյուս կողﬕց Հայաստանում հաստատվել են հայրենադարձներ, ովքեր եկել, հաստատվել և իրենց ջանքն են ներդնում Հայաստանի զարգացման համար: Ունենք շատ երիտասարդներ, ովքեր մտածում են վերադառնալու մասին, ունենք շատ ընտանիքներ, ովքեր նույնպես իրենց վերջնակետը համարում են Հայաստանը: Կարծում եմ՝ հատկապես լրատվական տարածքում քարոզչական խնդիրները կարելի է ակտիվացնել, միասնաբար փորձենք հայրենադարձությանը նպաստել: Տեսեք՝ սիրիահայերը 4-5 տարում ինչպես ինտեգրվեցին եւ ինչպիսի նոր մշակույթ բերեցին՝ հզորացնելով Հայրենիքը: Այնպես, որ յուրաքանչյուր հայրենադարձ արժեք է, մարդկային անգին կապիտալ: Ցավոք, կա մի երեւույթ, որ Հայաստանից գնացած շատ մարդիկ, եթե 90-ականներին գնացել և չեն վերադարձել, չեն տեսել փոփոխությունները, Հայաստանի մասին դատում և մտածում են այդ տարիների չափանիշներով: Հետևաբար, պատահական չէ, որ ես ասում եմ, որ աﬔն մի հայ պետք է գա եւ տեսնի այսօրվա Հայաստանը: Ուխտագնացություն դեպի մայր հայրենիք. այս կարգախոսով կարող է առաջնորդվել յուրաքանչյուր հայ: Մյուս տարի մենք նշելու ենք մայիսյան հերոսամարտերի հարյուրամյակը, մեր  առաջին հանրապետության մեկ  դարը, հնամենի մայրաքաղաք Երևանի 2800-ամյակը: Ամեն մի հայ պետք է ձգտի Հայաստան գալ, Հայաստանը տեսնել, Հայաստանը վայելել: Հանրապետության Նախագահը նախանշեց նաեւ 2020թ. մեր համահայկական համաժողովի օրակարգը, որը նվիրված է լինելու հայրենադարձության խնդիրներին: Քննարկվելու են Հայաստան-Սփյուռք-Արցախ ձևաչափում մշակված հարցադրումներ, մոտեցումներ, ծրագրեր՝ միտված խթանելու հայրենադարձությունը, ժողովրդագրությունը: Շարժումը, որ սկսել ենք տարիներ առաջ՝ ամեն հայ ընտանիքում գոնե երեք երեխա ծնվի, տա Աստված, որ ընդլայնվի,մեծանա: Դժվար չէ, որ հայ մարդը իր հանգիստն անցկացնի Հայաստանում: Մարդիկ կհանգստանան և այդ միջոցով նաև օգուտ կբերեն հայրենիքին:


-Տիկին նախարար, համաժողովի ընթացքում ՀՀ Նախագահի մասնակցությամբ փակ քննարկում անցկացվեց համահայկական խորհրդի ձևավորման աշխատանքների վերաբերյալ: Խնդրում եմ մանրամասնել՝ ո՞րն է լինելու ձևավորվելիք խորհրդի հիﬓական գործառույթը, ի՞նչ խնդիրներ է այն լուծելու և ովքե՞ր են լինելու դրա կազմում:


-Դա փակ քննարկում չէր, այլ աշխատանքային խմբի կատարած աշխատանքների ներկայացումն էր: Այն, որ Սփյուռքը ցանկանում է լսել հայրենիքի ղեկավարությանը, հայրենիքի ղեկավարությունն էլ ցանկանում է լսել սփյուռքյան խոշոր կառույցների ներկայացուցիչներին, դրանում երկու կարծիք լինել չի կարող: Հայաստանը և հայկական սփյուռքը միասնական ջանքերով պետք է իրենց մոտեցումները ներկայացնեն աշխարհին, պետություններին, մարդկանց: Թե ինչպես կձևավորվի այդ խորհուրդը, կարծում եմ, դրա նախադեպերը կան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Կան առաջարկություններ այն մի փոքր ավելի ընդլայնել: Կան կառույցներ, որ առաջարկում են խորհրդի ձևավորման հիմքում որոշակի ընտրական մեխանիզմներ դնել: Իմ երազանքն է, որ մենք կարողանանք բոլոր երկրներում գործող հայկական կառույցները համախմբել և համայնքներում համակարգող մարմին ստեղծել, որպեսզի համահայկական հարցերը այդ հակամարգող մարմինների և պետական կառույցների փոխգործակցությամբ լուծվեն: Իսկ մնացած բոլոր հարցերում ազատ են իրենց գաղափարները և ծրագրերը իրականացնելու համար: Մեր գլխավոր խնդիրներից է համախմբել հայկական համայնքները: Այս խորհրդի հիմնական նպատակը համահայկական հարցերի միասնական քննարկումն է: Սկսվել են քննարկումներ մեխանիզմների ձևավորման հնարավորությունների մասին, որպեսզի եզրահանգումները ավարտվեն եւ հոբելյանական մայիսին անցկացվի այդ խորհրդի առաջին նիստը: Թե ովքեր են լինելու խորհրդի կազմում, դա ևս քննարկման նյութ է: Չեմ կարծում, որ խորհրդի կազմում կարող են լինել հայկական սփյուռքի բոլոր համայնքներից ներկայացուցիչներ, որովհետև դրանց թիվը չափազանց մեծ է: Կարծում եմ, որ դրա կազմում կլինի 50-60 մարդ, կազմակերպելու եւ երաշխավորություններ առաջադրելու համար:


https://armenpress.am/arm/print/908041/petq-e-unenal-kazmakerpvats-spyurq-ankakh-ev-pashtpanvats.html

 

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Մարտ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: