Հարցազրույցներ

2017-10-11 00:00:00 | Հարցազրույցներ
Հրանուշ Հակոբյանը սփյուռքում հայկական մշակույթի ու լեզվի պահպանման մոտեցումները փոխելու անհրաժեշտություն է տեսնում

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայապահպանությունը սփյուռքի մեծագույն խնդիրն է համարում։ Նախարարը նշում է, որ սփյուռքում արդեն 4-րդ, 5-րդ սերունդն է ծնվում և ապրում օտար միջավայրում, օտար պայմաններում, առնչվում այլ մշակույթի և մոտեցումների հետ:


«Արմենպրես»-ի հետ զրույցում Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ այս պայմաններում հայերենը կամա թե ակամա «կուչ է գալիս», ավելի շատ դառնում է ընտանեկան լեզու, դրա օգտագործման տարածքը շատ նեղանում է: «Դրա համար մենք պետք է կարողանանք սփյուռքում աճող սերնդի, երիտասարդության մեջ հայոց լեզվի նկատմամբ սեր և ակնածանք ձևավորել, իսկ մեր սփյուռքի դպրոցները գնալով որակազրկվում են, քանի որ հայկական դպրոցը մրցունակ չէ անգլիական, ֆրանսիական, գերմանական դպրոցների կողքին: Բնականաբար, ծնողները նախընտրում են, որպեսզի իրենց երեխան օտար դպրոցում ավելի որակյալ կրթություն ստանա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:

 

Նա շեշտեց, որ այստեղ հիմնական բեռն ընկնում է սփյուռքի կառույցների, համահայկական կազմակերպությունների, նաև եկեղեցու վրա՝ ինչպես տեղում կազմակերպել, որ հայկական դպրոցները սփյուռքում ծաղկեն և ավելանան: «Իսկ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ուսուցիչների վերապատրաստել, դասագրքերով ապահովել, ինչը ﬔնք շատ հետևողականորեն անում ենք: Միայն այս տարի մենք արդեն 80 հազար կտոր գիրք ենք ուղարկել սփյուռքի 300-ից ավելի դպրոցներ, կառույցներ, կազմակերպություններ: Ես հիմա հպարտանում եմ, որ Վալենսիայում հայկական կառույցները միավորվել են, ձեռք ձեռքի են տվել և ամենօրյա հայկական դպրոց են բացում: Ես ինչպես չհպարտանամ և չխոնարհվեմ հայ կրթական-մշակութային միության ղեկավարության առջև, ովքեր Մարսելում մեր համազգային դպրոցն են պահում, իսկ այդ դպրոցը Ֆրանսիայի 5 հազար դպրոցների մեջ առաջին հարյուրյակում է: Այսինքն, եթե կա ցանկություն և նպատակադրում, պատասխանատվություն և հետևողականություն, ապա մենք կարող ենք նաև միջազգային չափանիշներին համապատասխան դպրոցներ պահել և զարգացնել: Իսկ այն համայնքները, որոնք թույլ են, կազմակերպված չեն, պատասխանատու չեն, միասնական չեն, այդ վայրերում դպրոցներ են փակվում կամ որակապես ավելի զիջում են»,- ընդգծեց նախարարը:

 

Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ սփյուռքում ավելի քան 1000 հայկական դպրոց կա, որոնցից 650-ը մեկօրյա կամ երկօրյա են՝ գործում են միայն շաբաթ և կիրակի օրերին: «Տեսեք, թե ինչ իրավիճակ է ստեղծվում: Օտար ափերում ապրող հայ երեխան տեսնում է, որ իր օտարազգի ընկերը շաբաթ և կիրակի օրերին գնում է հանգստանալու ,ման գալու ,իսկ իրենց ծնողը ձեռքից բռնած տանում է հայկական դպրոց, ինչն իրեն այդքան էլ հաճելի չէ: Մենք պետք է փոխենք մոտեցումը: Մենք պետք է կարողանանք 5 օրվա ընթացքում այն դպրոցներում, որտեղ շատ հայ երեխաներ են սովորում, անցկացնել հայոց լեզվի ֆակուլտատիվ կամ պարտադիր դասավանդում: Այդ նույն դպրոցներում ﬔր հայ ուսուցչուհիներին ուղարկենք, որպեսզի դասերից հետո թեկուզ մեկ ժամ հայերեն պարապեն, որպեսզի երեխաները չզրկեն հանգստից»,- մանրամասնեց Հակոբյանը:

 

Նախարարը ողջունում է «Արմաթ» խմբակի նախաձեռնությունը, որը ստեղծել է ինժեներական ռոբոտաշինություն, ինչի շնորհիվ բարձր տեխնոլոգիաների միջոցով կարողանում են երեխաներին ստիպել հաճախել իրենց լաբորատորիաներ, որտեղ ամեն ինչ հայերեն լեզվով է: «Այսինքն, որպեսզի երեխան կարողանա աշխատեցնել ռոբոտը կամ համակարգիչը, նա անպայման պետք է հայերեն իմանա, որպեսզի կարողանա համապատասխան ստեղնը նշել, համապատասխան հրամանը տալ: Այս պարագայում հայերենը երեխայի համար հետաքրքիր է դառնում: Երեխան ձգտում է սովորել հայերեն, որպեսզի կարողանա այդ հրաշալի լաբորատորիաներում իրեն դրսևորել: Հետևաբար, այստեղ անելիք ունեն նաև մեր բարձր տեխնոլոգիաների մասնագետները; Մենք պետք է կարողանանք նաև բարձր տեխնոլոգիաները ծառայեցնել հայկական մշակույթի, լեզվի պահպանությանը»,- ասաց Հրանուշ Հակոբյանը՝ մատնանշելով նաև ՀԲԸՄ վիրտուալ քոլեջը, որտեղ ծով գիտելիքներ կան հայապահպանության, հայկական մշակույթի, հայերենի և այլնի մասին: Հրանուշ Հակոբյանը կարծում է, որ շատ կարևոր նախաձեռնություն կլինի էլեկտրոնային դպրոցի ստեղծումը, որպեսզի ցանկացած հայ՝ անկախ տարիքից, հնարավորություն ունենա սեղﬔլ ստեղնը և ստանալ գիտելիք հայերենով:

 

https://armenpress.am/arm/print/908472/hranush-hakobyany-spyurqum-haykakan-mshakuyti-u-lezvi.html 

Կցված հղումներ`

  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Հունիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: