ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

  

1. Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն անձնագիր ստանալու համար

  

 Անձնագիր ստանալու համար ՀՀ քաղաքացիները ներկայացնում են`

ա) սահմանված ձևի դիմում (այլ  պետություններում  դիմումի ձևը  տրամադրվում է ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության կողմից),

բ) ծննդյան վկայական կամ մինչև 16 տարին լրանալն ստացած ՀՀ քաղաքացու անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթղթեր, եթե ՀՀ քաղաքացին չի կարող ներկայացնել սույն կետում նշված փաստաթղթերը.

գ) 35 x 45 մմ չափսի երկու լուսանկար (գունավոր),

դ)  ծնողների կամ ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցիչների համաձայնությունը (մինչև 16 տարին լրանալն անձնագիր ստացողները): Եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչը անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով.

ե) կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ (զինապարտները) (տես` Բաժին 6):

 

2. Ինչպե՞ս վերականգնել այլ պետությունում ՀՀ քաղաքացու անվավեր ճանաչված կամ կորցրած անձնագիրը

 

Այլ պետությունում գտնվող ՀՀ քաղաքացին անվավեր ճանաչված կամ կորցրած անձնագիրը վերականգնելու համար դիմում է տվյալ երկրում գտնվող ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն:

Եթե տվյալ երկրում չկա ՀՀ դիվանագիտական  կամ հյուպատոսական ներկայացուցչություն, ապա նա կարող է դիմել հարևան երկրում գտնվող ներկայացուցչությանը:

 

3. Ո՞վքեր կարող են օտարերկրացուն տալ ՀՀ այցելելու հրավեր:

  

Օտարերկրացուն ՀՀ այցելելու հրավեր կարող են տալ

• ՀՀ- ում բնակվող ՀՀ քաղաքացին,

• ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին,

• ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք,

• ՀՀ պետական մարմինները, տեղական ինքնակառավարմ անմարմինները, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները և միջազգային կազմակերպությունները (դրանց ներկայացուցչությունները):

 

4. Ինչպե՞ս է կարգավորվում ամուսինների քաղաքացիության հարցը

  

ՀՀ քաղաքացու ամուսնությունն օտարերկրացու հետ մեխանիկորեն չի հանգեցնում ամուսիններից որևէ մեկի քաղաքացիության փոփոխման, ինչպես նաև ամուսիններից մեկի քաղաքացիություն փոխելը չի հանգեցնում մյուս ամուսնու քաղաքացիության փոփոխման: Սակայն նշված հանգամանքները կարող են հիմք հանդիսանալ քաղաքացիության փոփոխման համար:

 

5. Ինչպե՞ս է որոշվում երեխայի քաղաքացիությունը

  

Երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին ՀՀ քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն:

Երեխան, ում ծնողներից մեկը նրա ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսն անհայտ է կամ քաղաքացիություն չունեցող անձ է, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն:

Այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը`օտարերկրյա քաղաքացի, երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների գրավոր համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն, եթե`

• նա ծնվել է ՀՀ-ում, կամ

• ՀՀ քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ, կամ

• ծնողները մշտապես բնակվում են ՀՀ-ում:

 

 6. Ո՞վ է շնորհում ՀՀ քաղաքացիությունը

  

ՀՀ քաղաքացիությունը շնորհում է ՀՀ Նախագահը` հրամանագրով:

 

7.  Կարո՞ղ է  դադարեցվել  ՀՀ քաղաքացիությունը, եթե անձը  որոշել է  մշտապես բնակվել  այլ պետությունում

  

ՀՀ-ից դուրս բնակվելը (այդ թվումª մշտապես բնակվելը) ինքնին չի հանգեցնում ՀՀ քաղաքացիության դադարեցմանը: Ավելին, օրենքով երաշխավորվում է, որ ՀՀ-ից դուրս բնակվող կամ գտնվող քաղաքացիներն օգտվում են ՀՀ-ի պաշտպանությունից և հովանավորությունից:

 

8. Ի՞նչ պետք է անի ՀՀ քաղաքացին, եթե նրան չեն զորակոչում

  

Քաղաքացին պարտավոր է 18 տարեկան դառնալուց հետո մինչև 27 տարեկան դառնալն ինքնուրույն ներկայանալ հաշվառման վայրի զինկոմիսարիատ և ճշտել, թե ինչու իրեն չեն կանչում զինծառայության: Անգործությունը նույնպես գնահատվում է որպես զինծառայությունից խուսափում:

 

9. Ի՞նչ պետք է անի ՀՀ քաղաքացին, եթե լրացել է նրա 18 տարին և նա չունի անձնագիր

  

Քաղաքացին պարտավոր է զինվորական հաշվառման համար ներկայանալ իր հաշվառման (հաշվառում չունեցողները`  փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ (դիվանագիտական մարմին, հյուպատոսական  հիմնարկ): Զինվորական հաշվառման վերաբերյալ տեղեկանքի հիման վրա քաղաքացին կարող է ստանալ անձնագիր:

 

10. Ո՞ր դեպքում 27 տարին լրացած ՀՀ քաղաքացու նկատմամբ է գործում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը


«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2015 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը և տարածվում է այդ ընթացքում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (անձանց) վրա:

 

11.  Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած  քաղաքացին  կարո՞ղ է պետական բյուջե համապատասխան վճարները մուծել միջնորդավորված եղանակովª առանց նախապես Հայաստան վերադառնալու

 

Այո՛,  զինվորական ծառայությունից  խուսափած քաղաքացին  կարող է ցանկացած անձի նոտարական կարգով լիազորել իր անունից հանդես գալու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ներկայացնելու դիմումներ,  ինչպես նաև  կատարելու վճարներ: Ավելին,  նա կարող է լիազորել նույն անձինª  ստանալու  իր  զինվորական գրքույկը: Խուսափած քաղաքացու անունից կարող է հանդես գալ նաև նրա  ծնողը, որդեգրողը կամ խնամակալը` առանց որևէ լիազորագրի (ամեն դեպքում  լիազորագրի առկայությունը պարտադիր  է լինելու զինվորական գրքույկը ստանալու ժամանակ):

Ստացվում է, որ խուսափած քաղաքացու համար նախապես Հայաստան վերադառնալը պարտադիր չէ. նա կարող է վերադառնալ քրեական հետապնդումը դադարեցվելուց, զինվորական հաշվառման վերցվելուց և զինվորական գրքույկը միջնորդավորված ստանալուց հետո:

 

12. Կարո՞ղ է 18 տարին լրացած ՀՀ քաղաքացին վճար մուծել պետական բյուջե և  ընդհանրապես ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից

  

Ո՛չ, վճար մուծելու միջոցով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն ՀՀ օրենսդրությամբ չի նախատեսվում: 18 տարին լրացած  արական սեռի յուրաքանչյուր  ՀՀ  քաղաքացի պարտավոր է ծառայել Հայկական բանակումª օրենքով սահմանված կարգով:

 

13. Ո՞ր դեպքերում չի թույլատրվում օտարերկրացիների մուտքը ՀՀ տարածք

  

Օտարերկրացիները չեն կարող ՀՀ տարածք մուտք գործել, եթե

• չունեն անձնագիր, դրան փոխարինող փաստաթուղթ,

• անվավեր անձնագրով են ժամանել ՀՀ պետական սահմանի անցման կետ,

• ՀՀ պետական սահմանի անցման կետում ստացել են մուտքի վիզայի մերժում, կամ

• սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից  չեն ստացել  մուտքի թույլտվություն:

 

14. Ի՞նչ հիմքով կարող է մերժվել օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը

  

Որպես ընդհանուր կանոն, օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը կարող է մերժվել, եթե

• նա արտաքսվել է ՀՀ տարածքից կամ նախկինում զրկվել է կացության կարգավիճակից (և եթե արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշումից անցել է 3 տարուց

պակաս ժամկետ),

• նա դատապարտվել է ՀՀ-ում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար,

• գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա  ցանկանում է  վնաս պատճառել ՀՀ պետական անվտանգությանը, սահմանադրական կարգին, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն, մարդկանց առևտուր (թրաֆիքինգ) և այլն,

• նա տառապում է վարակիչ հիվանդությամբ, որը սպառնում է բնակչության առողջությանը,

• կացության կարգավիճակ ստանալու համար նա ներկայացրել է կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր:

 

15. Օտարերկրացին ի՞նչ կարգով կարող է բողոքարկել կացության կարգավիճակ ստանալու դիմումի մերժումը

 

Բացառությամբ հատուկ կացության կարգավիճակի, կացության կարգավիճակ ստանալու կամ երկարաձգելու համար ներկայացված դիմումի մերժումը օտարերկրացին կարող է բողոքարկել դատական կարգով:

 

16. Կացության կարգավիճակ ստանալու դիմումի մերժման դեպքում որքա՞ն ժամանակ անց օտարերկրացին կրկին կարող է դիմել կացության կարգավիճակ ստանալու համար

  

Կացության կարգավիճակ տալը մերժելու դեպքում օտարերկրացին մեկ տարի հետո կրկին կարող է դիմել կացության կարգավիճակ ստանալու համար:

 

 

17. Ինչպե՞ս է որոշվում ՀՀ վերադարձից հետո երեխայի դասարանը

  

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հաստատել է Հայաստանի և այլ պետությունների հանրակրթական համակարգերի համարժեքության աստիճանները, համաձայն որի որոշվում է Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացի երեխայի դասարանի հետշարժը: Բնակության վայրի մարզպետարանի կրթության բաժինը կրթական համարժեքության աստիճանի որոշումից հետո ցուցում է տալիս դպրոցի տնօրինությանը, որպեսզի ստուգեն երեխայի գիտելիքների մակարդակը և որոշեն, թե նա որերորդ դասարան պետք է հաճախի: Ռուսաստանից վերադարձած դպրոցահասակ երեխաների համար դասարանի իջեցումը կատարվում է, որպես կանոն, մեկ տարով:

 

18. Ո՞ր դեպքում է շրջանավարտը հայոց լեզու առարկայի պետական ավարտական քննությունից ազատվում

 

Եթե 10-րդ դասարանի շրջանավարտը հայոց լեզուն ուսումնասիրել է միայն 9-րդ և 10-րդ դասարաններում, ապա նա իր ցանկությամբ կարող է ազատվել այդ առարկայի պետական քննությունից: Այդ դեպքում շրջանավարտի ատեստատում այդ առարկայի համապատասխան տողում գրվում է «չի ուսումնասիրել»:

 

19. Ո՞ր դեպքում են դիմորդները օգտվում ընդունելության քննությունները ռուսերեն լեզվով հանձնելու հնարավորությունից

  

Ռուսական կրթությամբ շրջանավարտներն ընդունելության քննությունները կարող են հանձնել ռուսերեն (բացառությամբ հայերեն և օտար լեզուների քննությունները):

 

20. Ո՞ր դեպքում է հնարավոր բուհի ընդունելության քննությունների ժամանակ հայոց լեզվի փոխարեն այլ լեզվից քննություն հանձնել

  

Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան  ավարտական փաստաթղթում հայոց լեզվից և գրականությունից գնահատական չունեցող դիմորդները հայոց լեզվի (գրավոր) քննության փոխարեն կարող են քննություն հանձնել ռուսաց լեզվից (գրավոր), իսկ ռուսաց լեզվից և գրականությունից գնահատական չունեցողները` որևէ օտար լեզվից` գրավոր (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն):

 

21. Ի՞նչ սկզբունքով է իրականացվում օտարերկրյա պետական կամ հավատարմագրված ոչ պետական բուհերից ՀՀ բուհեր ուսանողների տեղափոխումը

  

Օտարերկրյա պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բուհից ՀՀ բուհ ուսանողի տեղափոխությունն իրականացվում է վճարովի ուսուցման սկզբունքով: Օտարերկրյա բուհ միջպետական համաձայնագրերով ուսման գործուղված և առողջական վիճակի կամ ուսման գործընթացը խոչընդոտող այլ անհաղթահարելի հանգամանքների պատճառով ՀՀ վերադարձող ուսանողները, ընդունող բուհի ռեկտորի առաջարկությամբ և ՀՀ կրթության և գիտության նախարարության համաձայնությամբ, ուսուցումը կարող են շարունակել անվճար սկզբունքով:

Ընդունող բուհը դրական կարծիքի դեպքում նախարարություն է ներկայացնում ուսանողի ակադեմիական տեղեկանքը: Տեղափոխության մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը` համապատասխան օտարերկրյա բուհից գրավոր հարցման դրական պատասխան ստանալուց հետո:

 

22. Ի՞նչ լեզվով են սովորում ՀՀ երկքաղաքացիների երեխաները

  

ՀՀ-ում ուսման լեզում հայերենն է, սակայն  ՀՀ  երկքաղաքացիների երեխաները կարող են սովորել այն լեզվով, որն ընտրել են նրանց ծնողները (օրինական ներկայացուցիչները): Նույնը վերաբերում է նաև  այլ պետության քաղաքացիների, ՀՀ քաղաքացիություն չունեցողների երեխաներին, ինչպես նաև այն  երեխաներին, ում ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրացի:

 

23. Պարտադի՞ր է արդյոք աշխատանքային ստաժը ՀՀ-ում կենսաթոշակ ստանալու համար

  

Աշխատանքային ստաժը կարող է պարտադիր պայման լինել որոշ տեսակի կենսաթոշակների համար: Օրինակ, տարիքային աշխատանքային կենսաթոշակի համար անհրաժեշտ է, որ անձը (կին, թե տղամարդ) լինի 63 տարեկան և ունենա առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ: Իսկ ծերության կենսաթոշակ ստանալու համար աշխատանքային ստաժ չի պահանջվում. միայն պահանջվում է, որ լրացած լինի անձի 65 տարին:

 

24. Իրականացվու՞մ է արդյոք ՀՀ-ում պարտադիր բժշկական ապահովագրություն

  

ՀՀ-ում պարտադիր բժշկական ապահովագրության մասին իրավական ակտեր չկան: Բժշկական ապահովագրությունն իրականացվում է կամավոր սկզբունքով համապատասխան ապահովագրական ընկերություններում:

 

25. Ո՞րն է համարվում անշարժ գույք

  

Անշարժ գույք  է համարվում հողամասը, ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտը, անտառը, բազմամյա տնկին, ստորգետնյա և վերգետնյա շենքը, շինությունը և հողին ամրակցված այլ գույքը:

 

 26. Ի՞նչ է ապոստիլը

  

Ապոստիլը հատուկ դրոշմակնիք է, որը հեշտացնում է քաղաքացու իրավական փաստաթղթերի ճանաչումը այլ երկրներում: Դրանով վավերացվում է փաստաթուղթն ստորագրած անձի պաշտոնի, ստորագրության, ինչպես նաև այդ փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը:

 

27. Ո՞ր փաստաթղթերի վրա ՀՀ-ում չի դրվում ապոստիլ

  

Ապոստիլ չի դրվում դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցիչների կողմից տրված փաստաթղթերի, ինչպես նաև առևտրային կամ մաքսային գործողություններին ու գործարքներին ուղղակիորեն վերաբերող փաստաթղթերի վրա: Ապոստիլ չի դրվում  նաև ՀՀ օրենսդրությանը հակասող փաստաթղթերի վրա:

 

28. Ի՞նչ է ազատ տնտեսական գոտին:

  

«Ազատ տնտեսական գոտիների  մասին» ՀՀ օրենքի համաձայնª ազատ տնտեսական գոտին ՀՀ կառավարության կողմից սահմանված հատուկ տարածք է, որը գտնվում է ՀՀ մաքսային տարածքից դուրս և որտեղ ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվում է օրենքով սահմանված առանձնահատկություններին համապատասխան:

 

29. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համար:

 

«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի համաձայն իրավաբանական անձանց պետական գրանցումը և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը: Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համար անհրաժեշտ է գործակալություն ներկայացնել դիմում, անձնագրի պատճեն (օտարերկրացիներն  անձնագրի պատճենը ներկայացնում են  վավերացված և թարգմանված), սոցիալական քարտի պատճեն, 3x4 չափսի գունավոր լուսանկար և պետական տուրքի վճարման կտրոնը (գումարը` 3000 ՀՀԴ):

 

30. Որքա՞ն ժամանակում է հնարավոր գրանցել ընկերությունը  ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում:

 

Իրավաբանական անձը համարվում է գրանցված գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու պահից: Լրիվ և ամբողջական փաստաթղթերի առկայության դեպքում պետական ռեգիստրի գործակալության աշխատակիցը  տեղում  գրառում է կատարում  իրավաբանական անձին գրանցելու վերաբերյալ:  Ներկայումս ՀՀ-ում գործում է  նաև  բիզնեսի գրանցման առցանց (on-line) ռեժիմ: Յուրաքանչյուր ոք, այդ թվումª օտարերկրացին, կարող է https://www.e-register.am վեբ կայքի միջոցով գրանցել իր ընկերությունը էլեկտրոնային ռեգիստրումª հաշված րոպեների ընթացքում: Պահանջվող փաստաթղթերը ճիշտ և սահմանված կարգով ներկայացնելուց հետո ընկերությունը համարվում է գրանցված:


 

31. Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձը ի՞նչ ժամկետով կարողէ իր ավտոմեքենան տեղափոխել Հայաստանի Հանրապետություն:

 

Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները, որոնք գրանցված են օտարերկրյա պետության տարածքում, ժամանակավորապես ներմուծվում են Մաքսային միության անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից ցանկացած միջոցով՝ վեց ամիսը չգերազանցող ժամկետով: Այդպիսի տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը թույլատրվում է մաքսատուրքերի, հարկերի վճարումն ապահովելու պայմանով՝ Մաքսային միության մաքսային օրենսդրության համաձայն:

 

 32.  Ինչպ՞ես սիրիահայ վարորդները կարող են հետ վերցնել իրենց՝ սիրիական վարորդական վկայականները և ստանալ հայկական ժամանակավոր վարորդական վկայական.

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 4-ի «Սիրիայի Արաբական Հանրապետության՝ ազգությամբ հայ քաղաքացիների վարորդական վկայականները փոխանակելու մասին» N 334-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների՝ սիրիահայ վարորդները մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը փոխանակած վկայականները կարող են հետ վերցնել համաձայն իրենց դիմումի:

Իսկ այժմ սիրիահայ վարորդները սիրիական վարորոդական վկայականների հիման վրա՝ առանց դրանք հանձնելու կարող են ստանալ հայկական ժամանակավոր վարորդական վկայական մինչև համապատասխան քննության հանձնելը:

 

 

33. Արդյո՞ք վճարվում է ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) Մաքսային միության երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ավտոմեքենա ներմուծելիս:  

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ անդամ պետությունների Մաքսային միության շրջանակներում իրականացվում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետությունների տարածքներով առանց մաքսային հայտարարագրման ու պետական հսկողության (տրանսպորտային, սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական) կիրառման՝ բացառությամբ նույն պայմանագրով նախատեսված դեպքերի։ Տվյալ դեպքում Միության անդամ երկրից ավտոմեքենայի ներմուծման դեպքերում մաքսային ընթացակարգերով ձևակերպումներ չեն իրականացվում և ներմուծման մաքսատուրքեր չեն գանձվում:

Ինչ վերաբերում է ավտոմեքենան ՌԴ-ից ՀՀ ներմուծելու դեպքում վճարվող հարկերին, ապա «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 71-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան որևէ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ներմուծվող ապրանքները հարկվում են անուղղակի հարկերով։ Միաժամանակ, նույն պայմանագրի 72-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի համաձայն անուղղակի հարկեր չեն գանձվում, երբ անդամ պետության տարածք են ներմուծվում ապրանքներ, որոնք այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան դրա տարածք ներմուծելու դեպքում ենթակա չեն հարկման (ազատվում են հարկումից):

Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև այն, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ ԱԱՀ-ով չեն հարկվում (հարկման օբյեկտ չեն համարվում)` Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության մեկնող քաղաքացիների անձնական գույքի ներմուծումը, ուստի նշված դեպքում ՀՀ մշտական բնակության ժամանող քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենայի ներմուծման գործարքի նկատմամբ ԱԱՀ չի հաշվարկվում և վճարվում (անկախ երկքաղաքացիության հանգամանքից):

Միաժամանակ, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույք է հանդիսանում ֆիզիկական անձի անձնական գործածության օգտագործված իրերը, անձնական օգտագործման մեկ ավտոմեքենան և տնային օգտագործված գույքը, որոնք չունեն գործարանային փաթեթավորում ու պիտակավորում և ֆիզիկական անձի կողմից ձեռք են բերվել նախքան ՀՀ ժամանելը: Ընդ որում, անձնական օգտագործման ավտոմեքենան պետք է նախքան ՀՀ ներմուծվելը վերջին անգամ հաշվառումից հանվելուց առաջ առնվազն 6 ամիս հաշվառված լինի ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի անունով այն երկրում, որտեղ ՀՀ մշտական բնակության ժամանող անձը վերջին անգամ մշտապես բնակվել է նախքան ՀՀ որպես մշտական բնակիչ հաշվառվելը:

 

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Փետրվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28

ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԵՅԼԵՐՅԱՆԻՆ


Բա´րև, հրա´շք փոքրիկ,

Սիրով ու ջերմությամբ եմ շնորհավորում քեզ «Բոլորից լավը» հաղորդմանը քո ունեցած փայլուն մասնակցության  և հաղթանակի առիթով:

27.01.2017  |  Ելույթներ

Հունվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց բանակի օրվան նվիրված հանդիսավոր ցերեկույթ՝ հայրենադարձ ազատամարտիկների, սփյուռքահայ ներկա զինծառայողների, պետական պաշտոնյաների, Համահայկական կառույցների երևանյան գրասենյակների, ինչպես նաև սիրիահայերի աջակցության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: