Հաճախ տրվող հարցեր
Մաքսային օրենքները շատ կարեւոր են, քանի որ այսօր արդեն գալիս են մարդիկ, որոնք մշտապես ուզում են ապրել Հայաստանում: ՀՀ սփյուռքի նախարարությունը մշակում է հայրենադարձության Հայեցակարգ եւ օրենք, անկախ նրանից, թե քանի սփյուռքահայ կվերադառնա ապրելու Հայրենիքում: Չարախինդները շատ են, որոնք ասում են` «միեւնույն է` չեն գալու, հայրենադարձության մասին ի՞նչու եք օրենք մշակում»: Եթե ազգի երկու երրորդն ապրում է դրսում, ապա այդ պետությունն իրավունք չունի այս հարցի մասին չմտածելու: Եթե տարվա մեջ նույնիսկ մեկ երկու մարդ է գալիս, նշանակում է գործընթացը պետք է կանոնակարգել£ Որեւէ մեկին ստիպել չենք կարող: Մարդը կամավոր է Հայրենիք վերադառնում, հայրենադարձվում: Սակայն հայրենադրձվողներն ունեն տասնյակ հիմնախնդիրներ, որոնց լուծումը պետության գործն է: Այդ առումով, սկսած մաքսային խնդիրներից, վերջացրած լեզվական ինտեգրման հարցերով, պարտավոր ենք քննարկել, ուսումնասիրել և հեշտացնել£ Պատահական չէ, որ ՀՀ սփյուռքի նախարարությանն են դիմում տասնյակ սփյուռքահայեր, բողոքում երկրի մաքսային կանոններից, որոնք թույլ չէին տալիս անգամ, որ մարդը կարողանա իր օգտագործած իրերը Հայրենիք տեղափոխի: Այս ամենի հիմքով ՀՀ սփյուռքի նախարարությունը հանդես եկավ առաջարկությամբ, փորձեց որքան հնարաոր է բարենպաստ պայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ կարողանան իրենց կահկարասին, ավտոմեքենան, օգտագործած իրերը տեղափոխել Հայրենիք: Այսօր բավական հեշտացվել է նաեւ այս խնդիրը:
ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն
Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը:
Սույն կետով նախատեսված արտոնությունից նույն անձը կարող է օգտվել հինգ տարվա ընթացքում մեկ անգամ:
Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ պետություն մշտական բնակության մեկնած` Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայրի հաշվառումից դուրս եկած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում նախկինում մշտական բնակության վայր չունեցած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում հաշվառվում են որպես մշտական բնակիչ և մաքսային մարմիններին են ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթը` ֆիզիկական անձի մշտական բնակության վայրի նշումով անձնագիրը (կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթը):
Ընդ որում, Հայաստանի Հանրապետության տարածքից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ պետություն մշտական բնակության մեկնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանելիս մաքսային մարմիններին պետք է ներկայացնեն նաև «Բնակչության պետական ռեգիստրի մասին» և «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան` օտարերկրյա պետություններում մշտապես բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթը` քաղաքացու անձնագիրը` օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական ծառայության «Վերցված է հյուպատոսական հաշվառման մշտական բնակության համար» դրոշմով, և (կամ) օտարերկրյա պետության պետական լիազոր մարմնի կողմից տրված մշտական բնակության փաստը հավաստող տեղեկանք, որի իսկության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրվել է դրական եզրակացություն:
Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքը պետք է ներմուծվի մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու օրվան նախորդող կամ հաջորդող 180 օրերի ընթացքում:
Օրենքների ուսումնասիրության և վերլուծության արդյունքում, որոշվեց անգլերեն եւ հայերեն լեզուներով հրապարակել ուղեցույց բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն ունեն Հայրենիք գալու և հաստատվելու, գործ դնելու, ներդրում կատարելու կամ սովորելու: Նրանք ձեռքի տակ ունենալով ուղեցույցը` հասու կլինեն իրենց բոլոր իրավունքներին: Այդ գիրք-ուղեցույցը լավագույն բարեկամը կդառնա յուրաքանչյուր սփյուռքահայի, ով ուզում է կապ հաստատել Հայրենիքի հետ:




