Շնորհավորանքներ
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Banneux N.D. Բելգիական սրբավայրում հայկական հուշակոթողի հանդիսավոր բացման կապակցությամբ: Թույլ տվեք իմ ջերմ ողջույնները հղելու, ինչպես նաև շնորհակալություն հայտնելու Ձեզ, հարգելի Գալստյաններ, հայանպաստ նախաձեռնության, մեր հայկական դրոշմը հայկական Սփյուռքի պատմության էջերում հավերժացնելու համար: Հիրավի այս արարողությունն առանձնահատուկ նշանակություն ունի Բելգիայի հայ համայնքի համար. սերնդեսերունդ փոխանցված, բազմադարյա ավանդույթ դարձած հայերի պատմությունն արձանագրող խաչքարերը մասունք են հանդիսանում հայերի հույսն ու հավատն ամրապնդելու, հայ կրոնն ու մշակույթը նրանց սրտերում վառ պահելու համար: Վստահ եմ, որ այն նաև կծառայի որպես սուրբ աղոթատեղի բազմաթիվ հավատացյալների համար` իր ուրույն հետքը թողնելով այս գեղեցիկ սրբավայրում: Բազմաթիվ քրիստոնյաների համար ուխտատեղի դարձած այս սրբավայրում հայկական անկյուն ունենալու մտահղացումը հարատև վկայելու է հայ ազգի գոյության, հայ ազգի հոգևոր արժեքների պահպանման մասին, որն, անշուշտ, շատ բարձր է գնահատվում թե՛ ՀՀ սփյուռքի նախարարության, թե՛ համայն հայության կողմից: Հայրենանվեր այս նախաձեռնությունը, մայր հայրենիքից դուրս հայկական շունչը փայփայելու միտումը, ճակատագրի կամոք բնօրրանից զրկված մեր հայրենակիցների կարոտին հագուրդ տալու վկայությունը և հայ-բելգիական բարեկամությունը հաստատելու ամենավառ ապացույցն է:
Հարգանքով`
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ



