Շնորհավորանքներ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մայիսը մեր ժողովրդի համար հաղթանակների ու բերկրանքի ամիս է, ու թեև այդ հաղթանակները մեզ տրվել են գերմարդկային ջանքերի ու անդառնալի կորուստների գնով, սակայն դրանից հաղթանակի բերկրանքը ոչ միայն չի նվազել, այլև կարծես ավելի է իմաստավորվել: Եվ պատահական չէ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը մենք անվանեցինք Մեծ Հայրենական: Մեր ժողովուրդը ազգովի ոտքի էր կանգնել երկիր հայրենին պաշտպանելու: 600 000 հայորդիներ մեկնեցին ռազմաճակատ, նրանցից կեսից ավելին իրենց կյանքը հոժարակամ դրեցին հայրենիքի փրկության զոհասեղանին, մյուսներից շատերը վերադարձան վիրավոր կամ հաշմանդամ: Երեք տասնյակ միլիոն նահատակների կողքին 300 000-ը կարծես թե մեծ թիվ չէ, սակայն մեր փոքրաթիվ ժողովրդի համար դա հսկայական կորուստ էր, և չնայած հայկական լեռնաշխարհը հեռու էր պատերազմի թատերաբեմից, ռումբերի պայթյունն ու պատերազմի արհավիրքներն այստեղ նույնքան զգալի էին, որքան ռազմաճակատի առաջին գծում: Այո՛, պատերազմը մտավ նաև հայերիս տունը, որբացրեց մեր մանուկներին, այրիացրեց մեր երիտասարդ հարսներին, վշտով ու արցունքով լցրեց մեր մայրերի սրտերը: Պատերազմը հասավ նաև Թթու Ջուր, հավաքեց ու տարավ 273 քաջազուն երիտասարդներին, որոնցից 61-ը այլևս չվերադարձան: Տարիները չմեղմեցին կորստի ցավը, և մեր ժողովուրդը իր սերն ու երախտագիտությունը դարձրեց քարե հուշարձան, ավելի հաճախ` աղբյուր-հուշարձան, որոնք կանգնեցվում էին Հայաստանի տարբեր բնակավայրերում` աստիճանաբար ժողովրդի համար դառնալով սրբատեղի:
Այսօր Հաղթանակը կերտողների, իրենց կյանքը զոհաբերողների հիշատակի հանդեպ հայ ժողովրդի երախտագիտության արտահայտման ավանդույթի շարունակության օրն է, և այդպիսի մի ուխտատեղի կդառնա նաև այս հուշարձանը, որ կանգնեցվում է Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքի հայ համայնքի ղեկավար, Ձեր համագյուղացի Տիգրան Շահնազարյանի միջոցներով: Ես մեծ խորհուրդ եմ տեսնում այն բանում, որ հայրենիքից հեռու բնակվող հայը հուշարձան է տեղադրում իր ծննդավայրում: Դա վառ ապացույցն է այն բանի, որ աշխարհասփյուռ հայն այսօր շարունակում է արմատներով կապված մնալ իր հայրենիքին: Հենց սրանում է մեր ուժը: Եվ պատահական չէ, որ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստան-Սփյուռք գործակցությունը բնորոշում է ՙՀայաստանը մի՛ պետություն է Սփյուռքով և բոլորովին այլ պետություն` առանց Սփյուռքի՚, և համայն հայության ներուժն է մեր երկրի մրցակցային առավելությունը:
Դիմում եմ բոլոր նրանց, ում հոգին վառվում է հայկականությամբ, բոլոր նրանց, ում սիրտը հպարտությամբ է լցվում հայ մարդու հաջողությամբ, ում միտքը զբաղված է Հայաստանով, նաև նրանց, ով հավատում է մայր Հայաստանի հավերժությանը: Թող այս հուշարձանը, որ մեր հարգանքի տուրքն է այն հայ քաջորդիների հիշատակին, ովքեր իրենց մահով հաղթեցին մահը, միաժամանակ դառնա Հայրենիք-Սփյուռք համագործակցության կենդանի առհավատչյան:
Մեր խոնարհումն ու խորին հարգանքը Մեծ հայրենականում զոհված թթուջուրցիներին:
Փառք ու պատիվ պատերազմի վետերաններին, սատարենք նրանց ամեն ինչում և ամենուր, շրջապատենք հոգատարությամբ:
Հայրենիքին նրանց անմնացորդ նվիրումն էր, որով մկրտված հաջորդ սերունդը կերտեց Արցախյան հաղթանակը, որի միայն մեկ դրվագը` Շուշիի ազատագրումը, այս օրերին սրտի տրոփյունով նշում է ամեն հայ:
Արժանի լինենք հայ ազատամարտիկների սխրանքին:
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքն ու բարեմաղթանքները Մեծ հաղթանակների կապակցությամբ:
ՀԱՐԳԱՆՔՈՎ`
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ



