Շնորհավորանքներ
Հարգելի պարոն ՆԱՋԱՐՅԱՆ,
Անձամբ իմ և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Կալիֆոռնիայի հայաշատ քաղաքներից մեկի` Գլենդելի քաղաքապետի պատվավոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Մեզ համար մեծ պատիվ է Կալիֆորնիայում ունենալ ազգությամբ հայ քաղաքապետ, հայ մարդ, որը անցել է գեղեցիկ և խոստումնալից ճանապարհ, մարդ, որը վաստակաշատ ընտանիքի զավակ է և արժանի ծնողների հայրենասեր որդի:
Վստահ եմ, որ այդ բարձր և պատասխանատու պաշտոնը հնարավորություն կընձեռնի Ձեզ հոգալու Գլենդելի բնակիչների, այդ թվում մեր բազմաթիվ հայրենակիցների հոգսերն ու հիմնախնդիրները:
Ձեր գործունեությամբ Դուք, անկասկած, կնպաստեք նաև Մայր Հայրենիքի հետ հայաշատ քաղաքի մարդկանց կապերի ամրապնդմանը, հայ-ամերիկյան հարաբերությունների առավել սերտացմանը և զորացմանը:
Հայաստանում և Սփյուռքում մեր հաջողությունների և առաջընթացի կարևոր գրավականներից են նաև այն հայ գործիչները, ովքեր իրենց անխոնջ աշխատանքի շնորհիվ, ժողովրդի սերը վայելելով, ընտրվում են մունիցիպալ իշխանություններում և անմնացորդ ծառայում իրենց երկրներին` չմոռանալով իրենց արմատները:
Մաղթելով Ձեզ հաջողություններ նորընտիր պաշտոնում, թույլ տվեք նաև հայտնելու մեր պատրաստակամությունը համագործակցելու և համատեղ ծրագրեր իրականացնելու համար:
Հարգանքով,
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ Սփյուռքի Նախարար



