Համաժողովներ
2010 թվականի սեպտեմբերի 6-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած Կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովը, որին մասնակցելու նպատակով աշխարհի 15 երկրներից Հայաստան է ժամանել շուրջ 60 արվեստագետ:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ համաժողովականներն այցելեցին Հայոց Ցեղասպանության հուշահամալիր եւ ծաղիկներ դրեցին 1915թ. Եղեռնի զոհերի հիշատակին:
Եղան Ժամանակակից արվեստի թանգարանում, ծանոթացան առկա խնդիրներին: «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ բացվեց «Հայաստան-Սփյուռք» կերպարվեստի գործիչների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է Սփյուռքի եւ հայաստանյան արվեստագետների 70 աշխատանք:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը` աշխարհասփյուռ հայ արվեստագետներին եւ նրանց աշխատանքները մեկ հարկի տակ հավաքելու փայլուն եւ հաջողված նախաձեռնության համար` «Հայ-Արտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը նախարարին հրավիրեց ազդարարելու միջոցառման հանդիսավոր բացումը:
«Ուրախ եմ Ձեզ ողջունելու մեր Հայրենիքում, բարով եք եկել Ձեր տուն»,- նշեց Հ.Հակոբյանն` ընդգծելով, որ եթե միայն ներկա արվեստագետների բոլոր աշխատանքները հավաքվեին, ապա այս մշակութային կենտրոնի դահլիճը չէր բավականացնի դրանք ցուցադրելու համար: «Մեր նախարարության գործունեության առանցքը հայկական ներուժի համախմբումն է: Հավաքվելով եւ ծանոթանալով միմյանց հետ, դուք կստեղծեք կերպարվեստի գործիչների ընկերակցություն, որը Հայրենիքի հետ կապերը սերտացնելու եւ մտավոր կարողություններն ի նպաստ Հայրենիքի օգտագործելու լավագույն հնարավորությունը կլինի», - եզրափակեց գերատեսչության ղեկավարը:
Այնուհետեւ խոսեցին Սփյուռքի եւ հայաստանյան արվեստագետներ եւ շնորհակալություն հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարությանը` իրենց աշխատանքները Հայրենիքում ներկայացնելու լավագույն հնարավորության համար:
Միջոցառման պաշտոնական մասին հաջորդեց համերգային հատվածը: Ելույթ ունեցավ «Միհր» պարային թատրոնը եւ «Շելլ» տրիոն:
Համաժողովի մասնակիցներն այցելեցին նաեւ Հայաստանի նկարիչների միություն:
Միության նախագահ Կարեն Աղամյանի ուղեկցությամբ համաժողովի մասնակիցները դիտեցին «Հայաստանի թատրոնի, կինոյի, հեռուստատեսության նկարիչները» խորագրով և Քնարիկ Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսների ցուցանմուշները:
Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ ՀՀ Կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովի հանդիսավոր բացումը, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, համաժողովին մասնակից ավելի քան 160 արվեստագետներ:
Բացման խոսքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընթերցեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը համաժողովի մասնակիցներին: Ինչպես նշված էր ուղերձում` Հանրապետության նախագահը մեծապես կարեւորում է նման մասնագիտական համաժողովների անցկացումը, քանի որ այն լավագույն հնարավորություն է հայ ներուժի հայտնաբերման եւ ի նպաստ Հայրենիքի օգտագործման:
Տիկին Հակոբյանը նշեց, որ ակնկալում է հետաքրքիր զեկույցներ եւ ակտիվ մասնագիտական բանավեճեր: «Ես ուզում եմ ողջունել աշխարհասփյուռ մեր հայրենակից արվեստագետներին, ովքեր արձագանքեցին եւ կարճ ժամանակում հնարավոր դարձրին այս` իր տեսակի մեջ աննախադեպ համաժողովի կազմակերպումը»,- ընդգծեց նախարարը` հավելելով. «Դուք մեր յուրօրինակ դեսպաններն եք աշխարհի տարբեր ծայրերում: Լինելով Սարգիս Պիծակի, Արշիլ Գորկու, Հովհաննես Այվազովսկու արժանի հետեւորդները եւ ապրելով տարբեր երկրներում` դուք պետք է կարողանաք ըստ արժանվույն ներկայացնել հայ կերպարվեստը: Դուք ունեք այդ ներուժը»: Նախարարն արժեւորելով բարձր տեխնոլոգիաների առկայությունը, նշեց, որ դրանց առկայությամբ հնարավոր են դառնում համազգային մասշտաբներով ցուցադրությունների կազմակերպումը եւ համաշխարհայնացումը: «Պարզապես մենք պետք է կարողանանք մտածել համազգային մասշտաբներով, պետք է կարողանանք համաշխարհայնացման պայմաններում աշխարհին մատուցել մեր ազգային կերպարվեստը, կերպարվեստում` հայկական վրձնահարվածները», -շեշտեց գերատեսչության ղեկավարը: Նշվեց, որ հային համախմբելու լավագույն հնարավորությունը հայկական ներուժի համախմբումն է: Իսկ մասնագիտական համաժողովների կազմակերպումը եւ մասնագիտական ընկերակցությունների, խմբերի, ցանցերի ստեղծումն ու աշխատանքը` դրա լավագույն գրավականը:
Բարձր գնահատելով հայկական կերպարվեստում ունեցած ավանդը եւ մեծ նվիրումը` տիկին Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության Արշիլ Գորկու անվան մեդալ շնորհեց ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանին:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: ԳԱԱ նախագահը կարեւրեց ՀՀ սփյուռքի նախարարության մասնագիտական համաժողովներ կազմակերպելու նախաձեռնությունը` համոզմունք հայտնեց, որ ԳԱԱ նախագահության մասնաշենքում ծավալվող համաժողովն արդյունավետ կլինի:
Այնուհետեւ սկսվեց առաջին նիստը, որը նախագահում էին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը եւ Կանադայի քանդակագործների ասոցիացիայի անդամ Գէորգ Գասսաբյանը:
«Արվեստը, համացանցը եւ արժեքային շղթաները» զեկույցով հանդես եկավ Հայաստանի էլեկտրոնային բովանդակության ասոցիացիայի տնօրեն Գարեգին Չուգասզյանը:
Զեկույցով հանդես եկավ նաեւ Մովսես Հերգելյանը Լիբանանից` նշելով, որ հայ կերպարվեստն ունի համաշխարհային որակ, սակայն դեռեւս չենք կարողանում մեր աշխատանքները դուրս բերել միջազգային շուկա: Պետք է ստեղծել ազգային մշակութային քաղաքականություն: Պարոն Հերգելյանն ընդգծեց, որ իրենք` կերպարվեստի գործիչները, պետք է մշակեն այդ քաղաքականությունը եւ ներկայացնեն ՀՀ սփյուռքի նախարարությանը:
Խոսվեց թե Հայաստանում եւ թե Սփյուռքում համապատասխան ցուցասրահների բացակայության, բավարար քանակությամբ արվեստաբաններ չունենալու, արվեստի այս ճյուղը ներկայացնող պարբերական չունենալու մասին:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարին, երկու տարվա ընթացքում մեծածավալ աշխատանքներ իրականացնելու համար, քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը նշեց, որ կամաց-կամաց լցվում է Հայրենիք-Սփյուռք տասնամյակնեի ընթացքում առաջացած ճեղքը: Ռուսաստանի վաստակավոր նկարիչ Ավետ Թավրիզովը ներկայացրեց փոխակերպումը` որպես աշխարհի ճանաչողության բարձրագույն աստիճան, թե ինչպես է 21-րդ դարում վերափոխվում թանգարանային աշխարհը` գլխավոր նպատակ ունենալով էքսպոզիցիայի փոխակերպումը որպես արվեստի ինքնուրույն ստեղծագործություն:
Նիստն ամփոփվեց քննարկումներով:
“Արվեստը և բիզնեսը, արվեստը և համացանցը” կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովի երկրորդ նիստը սկսվեց Կանադայի քանդակագործների միության անդամ Գէորգ Գասսաբյանի «Հայ արվեստագետները Հայաստանում և Սփյուռքում» զեկույցով: Գ.Գասսաբյանն իր խոսքում շեշտեց համաշխարհային կերպարվեստի ասպարեզում հայ նկարիչների պակասն ու կարևորեց պետության, հատկապես սփյուռքի նախարարության դերն այս հարցում: «Սփյուքը խոսք ունի ասելու»,- նշեց Գ.Գասսաբյանը և շարունակեց, որ նման համաժողովը գործնական քայլեր պետք է ենթադրի, հակառակ դեպքում «տուրիստական» հավաքներն անիմաստ կլինեն:
Հաջորդեց Ժամանակակից արվեստի թանգարանի կառավարման խորհրդի նախագահ Լևոն Իգիթյանի զեկույցը: «Եթե մեր նպատակը, մեխը համարենք բիզնեսը, ապա արվեստը կոչնչանա», – նշեց Լ.Իգիթյանը «Արվեստը և հասարակությունը» զեկույցում և շարունակեց, որ ծառացած խնդիրներին պետք է մասնագիտական, և ոչ թե սիրողական մոտեցում ցուցաբերել: «Անհրաժեշտ է մեր բոլորի կողմից խելամիտ ու լավ մշակված համակարգ: Պետք է ձեռնոց նետել այն ասպարեզում, որտեղ ուժեղ ենք, իսկ կերպարվեստում` ուժեղ ենք»,- իր խոսքն ամփոփեց Լ.Իգիթյանը: «Ստեղծագործական միություններ ու քաղաքակիրթ հասարակություն» զեկույցով հանդես եկավ ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Վերջինս խիստ կարևորեց պետության աջակցությունն անհատ ստեղծագործողների ազատությունը չսահմանափակելու գործում, «….միայն այս դեպքում հայ արվեստագետը ազատ կլինի, ոչ թե կախված «արվեստասեր» չինովնիկների քմահաճույքներից: Հայ մշակույթը պաշտպանության կարիք ունի»:
Երրորդ նիստը բացեց ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը «Սփյուռքահայ արվեստ» հասկացության և արվեստում ազգային ինքնության մասին» զեկույցով: Ապա հաջորդեցին Ժանետ Լազարյանի (արվեստաբան, Լազարյան պատկերասրահի տնօրեն) «Հայ արվեստի արդի վիճակը գլոբալիզացիայի պայմաններում» և Մարտին Կակոսյանի (Հայաստանի դիզայներների միության նախագահ) «Դիզայնը և նրա դերը Հայաստանի տնտեսական և մշակութային վերելքի գործում» զեկույցները:
Զեկույցներին հաջորդած քննարկման ընթացքում հատկապես կարևորվեց ՀՀ դեսպանություններում մշակութային կցորդ ունենալու անհրաժեշտությունը: Նախարար Հրանուշ Հակոբյանն առաջարկեց նաև արվեստագետների ուժերով Սփյուռքահայ արվեստի թանգարան ստեղծել, ուր կներկայացվեն սփյուռքահայ արվեստագետների գործերը:
«Հայկական գոբելեն. ավանդույթների վերականգնում» զեկույցով արվեստագետ Անուշ Եղիազարյանը բացեց չորրորդ նիստի զեկույցների շարքը: Այնուհետև Լիբանանից արվեստի քննադատ Մովսես Հերգելյանը հանդես եկավ «Արվեստը և բիզնեսը» (Մերձավոր Արևելք) թեմայով զեկույցով: Համաժողովի զեկույցների մասն ամփոփեց Իրանից դիզայնի, բրենդինգի և նորարարության ստրատեգ Նժդեհ Հովհաննիսյանը «Դիզայնի դերը նորարարության և բիզնեսի հաջողության գործում» զեկուցմամբ, որին հետևեցին բուռն քննարկումներ: Համաժողովի մասնակիցներն ընդունեցին հայտարարություն:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդես եկավ փակման խոսքով` անդրադառնալով համաժողովի ընթացքում բարձրացված հարցերին և դրանց լուծումներին:
Սեպտեմբերի 8-ին Կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովի մասնակիցներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Համաժողովականներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից ողջունեց Արարատ Եպիսկոպոս Գալթակչյանը:
Սրբազան Հայրը բարի գալուստ մաղթեց մասնակիցներին եւ ողջունեց` համայն հայության հավատքի կենտրոն` Էջմիածին այցելելու նախաձեռնությունը: Նա համոզմունք հայտնեց, որ համաժողովի անցկացումը եւս մի փոքրիկ կամուրջ եւ արահետ է Հայրենիք-Սփյուռք մերձեցման:
Սրբազան Հայրը ցույց տվեց Վեհարանի հանդիսությունների դահլիճում ներկայացված հայ մեծանուն արվեստագետ Գրիգոր Խանջյանի մեծակտավ աշխատանքները:
Այնուհետեւ մասնակիցները եղան Վեհարանում եւ տեսան Ոսկյա Խաչն ու մաշտոցյան այբուբենի ոսկյա ստեղծագործությունը:
Սեպտեմբերի 8-ին ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ Կառավարությունում, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ, ընդունեց Կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովի մասնակիցներին:
Ողջունելով համաժողովականներին` Վարչապետն իր գոհունակությունը հայտնեց համաժողովին մասնակցելու եւ կառուցողական մոտեցումներ ցուցաբերելու համար:
«Մենք փորձում ենք համահայկական այսպիսի հավաքների միջոցով համախմբել մեր արվեստագետներին: Մեզ մտահոգող խնդիրներն ավելի ճիշտ է միասին քննարկել, որովհետև այդ խնդիրների մեջ պետք է համատեղ որոշենք մեր առաջնահերթությունները և ավելի մեծ ուշադրություն դարձնենք խնդիրներին, որոնք նպատակահարմար է ներկայացնել պետության ուշադրությանը` ակնկալելով լուծումներ»,- նշեց ՀՀ Վարչապետը:
Խոսքը փոխանցելով ՀՀ սփյուռքի նախարարին` Վարչապետը լսեց համաժողովի շրջանակներում իրականացրած աշխատանքներն ու միջոցառումները:
Համաժողովականների ընդունելության համար շնորհակալություն հայտնելով ՀՀ Վարչապետին` նախարար Հակոբյանը նշեց, որ համաժողովի շրջանակներում կազմակերպվել է 4 ցուցահանդես, ընդունվել է կանոնադրություն եւ ստեղծվել հետագա աշխատանքները համակարգող խորհուրդ:
Գերատեսչության ղեկավարը կարեւորեց համաշխարհային շուկայում հայաստանյան եւ Սփյուռքի արվեստագետների աշխատանքները հավուր պատշաճի ներկայացնելու հարցը: «Այստեղ մենք խնդիր ունենք արվեստաբանների պատրաստման: Արվեստի ակադեմիայում պետք է ավելացնել Սփյուռքի ուսանողների քանակը», - ընդգծեց նախարարը` հավելելով, որ նույնքան կարեւոր է Սփյուռքի մեր արվեստագետների աշխատանքների ցուցադրությունների ապահովումը Հայրենիքում: «Միմյանց ճանաչելու եւ տեղեկացվածության բացը լրացնելու լավագույն միջոցը արվեստագետների պարբերականի եւ հայ արվեստի կայքի ստեղծումն է: Ես անսահման շնորհակալություն պետք է հայտնեմ ՀՀ Կառավարությանը` վիրտուալ թանգարան ստեղծելու` ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությանն աջակցելու համար»,- ասաց ՀՀ սփյուռքի նախարարը:
Այնուհետեւ համաժողովի մասնակիցները ներկայացրին իրենց հուզող հարցերը: Հայաստանի դիզայներների միության նախագահ Մարտին Կակոսյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը` կառուցողական համաժողով անցկացնելու եւ արդիական հնչեղություն ունեցող հարցերը վեր հանելու համար, ցանկություն հայտնեց` իրենց միությունը հայկական դիզայն կենտրոնի կարգավիճակում տեսնելու:
Գեղանկարիչ, մանկավարժ Հրազդան Թոքմաջյանը խոսեց Սփյուռքում բնակվող դեռահաս երեխաներին Հայաստան բերելու եւ վերջիններիս հետ մշակութային հատուկ ծրագիր իրականացնելու անհրաժեշտության մասին:
Լիբանանից արվեստի քննադատ Մովսես Հերգելյանը խոսեց ազգային մշակութային քաղաքականություն մշակելու եւ այն հետեւողականորեն իրականացնելու ժամանակի հրամայականի մասին:
Լսելով արվեստագետների բարձրացրած հարցերը` Վարչապետն ըստ արժանվույն գնահատեց վերջիններիս դերը հայ մշակույթի շարունակականության գործընթացում։
Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ Կառավարությունը պատրաստակամ է աջակցել արվեստագետների կողմից հնչեցված առաջարկությունների և նախաձեռնությունների մեծ մասի իրականացմանը:
Վարչապետը կարևորեց նաև արվեստագետների միջև մասնագիտական համագործակցության մթնոլորտի ձևավորումը և դրա հիման վրա համահայկական ցանցի ստեղծումը:




