Համաժողովներ

«Արեւմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում» գիտագործնական խորհրդաժողով

2010 թվականի հուլիսի 3-ին Ծաղկաձորի գրողների միության դահլիճում մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Արեւմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում» համահայկական համաժողովը, որի նպատակն է բացահայտել Սփյուռքում արեւմտահայերենի ուսուցման հետ կապված հիմնախնդիրները, կառուցողական քննարկումների եւ վերլուծությունների միջոցով գտնել դրանց լուծման ուղիները, մշակել նպաստող ծրագրեր եւ քննարկել արեւմտահայերենի միասնական դասագրքի ստեղծման հնարավորությունները:


Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

 

ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Սիրիայից, Թուրքիայից, Լիբանանից, Եգիպտոսից եւ Երեւանից ժամանած արեւմտահայերենի մասնագետներին կոչ անելով համախմբել հայկական ներուժը` նախարարը նշեց, որ ավելի քան 170 հազար հայ աշակերտ այսօր սովորում է Սփյուռքում եւ վաղուց արդեն հրամայական է դարձել համահայկական դասագրքերի ստեղծումը: Այս հանդիպումը պետք է դառնա հետագա գործունեության առանցքը:

 

Ընդգծելով, որ լեզուն տագնապի մեջ է, տիկին Հակոբյանն առանձնացրեց ուսուցչի եւ դասագրքերի կարեւորագույն դերը` հայ աշակերտին Մայրենին ուսուցանելու գործում: «Մեր ժողովուրդն իր տեսակով միշտ էլ ուսուցչապաշտ է եղել: Ուսուցիչն է, որ անձնուրաց նվիրումով եւ անվեհեր հայրենասիրությամբ սերնդեսերունդ հայ մանուկին է փոխանցում Մաշտոցյան գիրը, Նարեկի ու Աբովյանի գրականությունը»,- նշեց նախարարը` ավելացնելով. «2010թ. ՀՀ սփյուռքի նախարարությունը հայտարարել է Մայրենիի տարի եւ ինձ հիացրել են տարվա շրջանակներում դպրոցներում կազմակերպած շարադրությունների արդյունքները, Հայրենիքը, մեր լեզուն եւ մշակույթը հայ մանուկի աչքերով»:

 

Տիկին Հակոբյանը, կարեւորելով նաեւ ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի հիմնադրումը, նշեց, որ այս դեպքում Սփյուռքագիտություն մասնագիտացումը ամբիոնի հիմնադրմամբ դարձել է մասնագիտություն եւ այժմ այնտեղ պատրաստվում են 11 սփյուռքագետ մագիստրոսներ, որոնք եւս ներկա են համաժողովին:

 

Ելույթի ավարտին նախարար Հակոբյանը կոչ արեց մի կողմ դնել մասնագիտական տարաձայնությունները եւ համախմբվել Սփյուռքի մեր հայրենակիցների համար տարրական, ավագ եւ միջին մեկօրյա եւ ամենօրյա դպրոցների համար մայրենիի դասագրքեր պատրաստելու մեկ ընդհանուր գաղափարի շուրջ եւ Սփյուռքյան փորձով, զեկույցներով ու կառուցողական առաջարկություններով սկիզբը դնել այդ դժվարին եւ շնորհակալ գործի:

 

Եռօրյա համահայկական համաժողովի առաջին նիստը նախագահում էր բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արտեմ Սարգսյանը: Զեկույցներով հանդես եկան Կանադայի Մքգիլլանի համալսարանի լեզվաբան Դորա Սաքայանը, ԱՄՆ-ից ժամանած լեզվաբան Գեւորգ Բարդակչյանը, ԵՊՀ լեզվաբանության ընդհանուր ամբիոնի վարիչ, լեզվաբան Նազիկ Հարությունյանը եւ այլք:

 

Համաժողովին ներկա էր Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր եւ տնօրեն Երվանդ Զորյանը, որը ներկայացրեց համալսարանի կրթական համակարգի հնարավորությունները եւ ուսումնական ծրագրերը: Նա նշեց, որ ՀՎՀ-ի նպատակն է օգնել ուսանողներին օնլայն կրթության միջոցով ձեռք բերել հայագիտական առարկաների հիմնարար գիտելիքներ:

 

Այնուհետեւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից ՀՀ սփյուռքի նախարարը Մովսես Խորենացու մեդալ հանձնեց Արգենտինահայ գրող, հրապարակախոս, մանկավարժ եւ հայերենի դասագրքերի հեղինակ Պետրոս Հաճեանին` հայապահպանության եւ Սփյուռքում մայրենին պահպանելու եւ զարգացնելու գործում ունեցած մեծ ավանդի համար:


Համաժողովի երկրորդ օրը Հունաստանից, Սիրիայից, Լիբանանից, Ֆրանսիայից եւ Եգիպտոսից եկած մասնագետները ներկայացրեցին իրենց երկրների համայքների հայկական դպրոցների վիճակը, խոսեցին ուսուցիչների վերապատրաստման մեթոդների փոփոխության անհրաժեշտության, գոյություն ունեցող մայրենիի դասագրքերի անկատարության, դասաժամերի սակավության եւ այլ հիմնախնդիրների մասին:


Ֆրանսիայի Սորբոնի համալսարանի հայագիտության դասախոս, պրոֆեսոր Հիլդա Գալֆայան-Փանոսյանը ներկայացրեց իր պատրաստած ՙՕտարախոսներու համար հայ լեզուի ձեռնարկը՚, եւ նշեց, որ անհրաժեշտություն է առաջացել պահպանելու եւ պաշտպանելու արեւմտահայերենը ինչպես Սփյուռքում, այնպես էլ Հայրենիքում: Սիրիայից ժամանած Հակոբ Չոլակյանը ներկայացրեց իր ստեղծած կրտսեր, միջին եւ ավագ դպրոցների համար մայրենիի դասագրքերը եւ համայնքում ուսուցման պայմանները:

 

Հուլիսի 5-ը ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Արեւմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում» համահայկական համաժողովի երրորդ եզրափակիչ օրն էր:


ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Ավետիսյանը, ի մի բերելով Սփյուռքի համայնքների բոլոր մասնագետների կարծիքները, նշեց, որ ճիշտ կլինի, եթե նախ տեղադրվեն ՀՀ սփյուռքի նախարարության կայքում եւ «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթում նորաստեղծ դասագրքերի էլեկտրոնային տարբերակները եւ ստանալ մասնագետների եւ աշակերտների կարծիքները: Հնարավոր է, որ լինեն թերացումներ եւ բացթողումներ, որոնք այդ ընթացքում կնկատվեն եւ կշտկվեն, ապա միայն կտպագվեն դասագրքերը: Պարոն Ավետիսյանն առաջարկեց ստեղծել համահայկական դասագրքեր եռաստիճան համակարգով` կրտսեր, միջին եւ ավագ դպրոցների համար, Հայաստանի եւ Սփյուռքի մասնագետների համատեղ ներուժով: «Բոլոր դեպքերում ելակետը պետք է լինի գրական եւ կենդանի արեւմտահայերենը եւ դասանյութն էլ մատուցվի թեմատիկ վարժությունների միջոցով», - հավելեց պրոֆեսորը:


Վերջերս ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ Լատինական Ամերիկայի հայ համայնքներում ուսուցիչների վերապատրաստում անցկացրած դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Բեդիրյանը նշեց աշխատանքները համակարգող հանձնախմբի ստեղծման անհրաժեշտության մասին:


Արեւմտահայերենի մեծանուն մասնագետ, բազմաթիվ բառարանների հեղինակ, դոկտոր, պրոֆեոսոր Ռուբեն Սաքապետոյանը դասագրքերի կազմության գործում կարեւորեց լեզվի բաժինների ճիշտ հերթականությունը: Պրոֆեսորը հավաստեց, թե ինչպիսի տաժանելի պայմաններում են Սփյուռքահայ մեր մասնագետները ստեղծել քիչ թե շատ ընդունելի դասագրքեր, սակայն նրանցից շատերի մեջ խախտված է հնչյունաբանության, բառագիտության, ձեւաբանության, խոսքի եւ շարահյուսության հերթականությունը, ինչն էլ խոչընդոտում է լեզվի ընկալմանը եւ յուրացմանը:


Սիրիայից ժամանած արեւմտահայերենի վաստակավոր մասնագետ եւ ուսուցիչ, պատմա-բանասիրական գիտությունների թեկնածու Հակոբ Չոլակյանը, ներկայացնելով դասագրքեր կազմելու իր փորձը, շեշտեց բնագիտական եւ հումանիտար առարկաները տվյալ երկրի լեզվով դասավանդելուն զուգահեռ մայրենիով նույնպես այդ տերմինաբանությունը եւ բառաֆոնդը անցնելու անհրաժեշտությունը:


Սփյուռքից ժամանած Դորա Սաքայանը, Հիլդա Գալֆայան-Փանոսյանը, Հովսեփ Նալբանդյանը, Գեղանի Էթիմեզյանը նշեցին, որ Հայաստանի անկախացումից հետո հնարավոր դարձավ նման համահայկական եւ կառուցողական համաժողով գումարել:


Համաժողովի ավարտին փակման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:


Գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց առաջին անգամ կողք-կողքի հավաքված արեւմտահայերենի մասնագետներին` նախարարության հրավերն ընդունելու եւ չափազանց կարգապահ մասնակցության համար: «Սփյուռքը հավերժ ներկայություն է Հայաստանում եւ իր խոսքը պետք է հնչի Հայրենիքում: Այո, այս դահլիճում մենք պետք է լսեինք բոլոր մտահոգությունները եւ տագնապները», - նշեց նախարար Հակոբյանը` տարբերակելով հիմնախնդիրները. «Առաջինը ուսուցչի մասնագիտացման եւ վերապատրաստման խնդիրն է, նրա աշխատավարձի հարցը, դասաժամերի ավելացման անհրաժեշտությունը մեկօրյա դպրոցներում եւ ի վերջո, Հայրենիք-Սփյուռք գործակցության ամենահնարավոր մերձեցումը, որը լավագույն դեղամիջոցը կլինի մայրենիի եւ ազգային մշակույթի պահպանման»:


Տիկին Հակոբյանը նշեց, որ ի տարբերություն այլ համաժողովների, այստեղ հավաքվել են Հայրենիքի եւ հայրենի մշակույթի բացառիկ նվիրյալներ եւ նրանցից յուրաքանչյուրը անգնահատելի գործ է անում իր համայնքում: «ՀՀ սփյուռքի նախարարությունը Ձեզ հետ է եւ Ձեր կողքին, համաժողովին հնչած զեկույցների կողքին կհավաքվեն Սփյուռքի մնացյալ մասնագետների կարծիքները, ընդունելի կլինեն բոլոր կառուցողական առաջարկությունները, որոնք կհնչեն կազմվելիք մասնագիտական հանձնաժողովների քննարկումների ընթացքում: Համաժողովը մեր հսկայական գործի մեկնարկն է միայն եւ ես մաղթում եմ բոլորիս բեղմնավոր աշխատանք», -եզրափակեց նախարարը` խոսքը հանձնելով ՀՀ սփյուռքի նախարարության Հայրենադարձության եւ հետազոտությունների վարչության պետ եւ համաժողովի կազմակերպիչ Արման Եղիազարյանին` համաժողովի մասնակիցների հայտարարությունը եւ արդեն իսկ ձեւավորված աշխատանքային հանձնախմբի անդամների անուններն ընթերցելու համար:

Կցված նկարներ`

  
  
  
  
  
  

Կցված նյութեր`

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2012  >> <<  Փետրվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29

«Զարթօնք» օրաթերթի 75-ամյակի ամյակի առթիվ

 

«Զարթօնք» օրաթերթի հարգարժա´ն խմբագրակազմ,

Սիրելի´ տիկին Գալաճեան,

Լիբանանահայ մեր հայրենակիցնե´ր,

15.11.2011  |  Ելույթներ

Նոյեմբերի 15-ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության նախաձեռնությամբ կազմակերպված

Տեղեկատվական անկյուն

Հպարտ եմ, որ հայ եմ

Հայկական
կազմակերպություն

Հայեր

Մեր գործընկերները