Համաժողովներ
2010 թվականի ապրիլի 25-ին Երեւանում իր աշխատանքը սկսեց «Հայ ինքնության որակների պահպանումը խառնամուսնություններում» թեմայով գիտագործնական երկօրյա համաժողովը, որն անցկացվում է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից: Համաժողովի նպատակն էր քննարկել եւ բացահայտել սփյուռքյան խառնամուսնական ընտանիքներում հայ ինքնության որակների պահպանման հետ կապված դժվարությունները եւ հիմնախնդիրները (լեզու, ավանդույթներ, կրոն, երեխաների դաստիարակություն, ընտանեկան հարաբերություններ, հայկական համայնքային կյանքին մասնակցություն, համայնքի կողմից ընդունված լինելը):
Ինչպես համաժողովի բացման խոսքում նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, սփյուռքի նախարարությունը իր գոյության 1.5 տարվա ընթացքում, ուսումնասիրելով Սփյուռքում տեղի ունեցող գործընթացները, եկել է այն եզրակացության, որ կան որոշակի հիմնախնդիրներ, որոնք գիտական վերլուծությունների, ուսումնասիրություններին կարիք ունեն: «Մենք պարտավոր ենք դիմել գիտնականներին` ազգագրագետներին, սոցիոլոգներին, հոգեբաններին, անգամ խառնամուսնություներից ծնված երեխաներին, եւ փորձել այդ խնդիրների լուծումներ գտնել,- ասաց նախարարն, ընդգծելով, որ այդ խնդիրներից մեկը խառնամուսնություններն են, որոնց թվի աճ է արձանագրվում ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ Հայկական աշխարհում: «Եվ մենք փորձում ենք նման համաժողովների միջոցով ստեղծել յուրաքանչյուր ոլորտի մասնագետների համահայկական ընկերակցություններ, որոնք տալիս են նաեւ գիտական առաջարկներ համահայկական խնդիրների հետ կապված աշխատանքները կազմակերպելու, հիմնախնդիրների լուծմանն աջակցելու համար»,- ասաց նախարարը:
«Ակնհայտ է, որ մենք ապրում ենք բոլորովին այլ ժամանակներում: Համաշխարհայնացումը եւ ազատականացումը համահարթեցնում են շատ բաներ. աշխարհը փոքրանում է, արագ փոփոխվում է եւ այդ փոփոխման ներքո տեղի են ունենում երեւույթներ, որոնք ե\'ւ դրական, ե\'ւ բացասական ազդեցություն են ունենում հասարակական զարգացումների վրա: Համաշխարհայնացումը կուլ է տալիս փոքր ազգեր, մշակույթներ, սովորույթներ, տանում է հարթեցումների: Այս նոր արժեհամակարգային փոփոխությունները բերում են նաեւ խառնամուսնությունների թվի աճին: Այն այսօր փաստ է եւ այդպիսի ընտանիքներում խառնվում են երկու մշակույթ, երկու սովորույթ, երկու ավանդույթ, երկու կենցաղ, երկու լեզու, երբեմն նաեւ երկու կրոն»:
Նախարարը նշեց նաեւ, որ դարեր շարունակ «Հայ եկեղեցին դեմ է եղել խառնամուսնություններին: Հայ գրողները եւս տագնապ են հնչեցրել եւ պահանջել, որ հայ ընտանիքը լինի զտարյուն հայկական: Հայ մեծերը ամեն գնով փորձել են պահպանել հայ ընտանիքը»,- ասաց նախարարը, ավելացնելով, որ «Օսմանյան Թուրքիայի ոճրագործ ձեռքով մենք կորցրեցինք ոչ միայն Հայրենիք, ազգի ստվար հատված, այլ նաեւ աշխարհասփյուռ դառնալով եւ աշխարհի 100-ից ավելի երկրներում արմատներ գցելով վտանգեցինք նաեւ հայ ընտանիքը, նրա որակները»:
Նախարարի ներկայացրած տվյալներով, Լատինական Ամերիկայի երկրներում հայերի խառնամուսնությունները կազմում են 80 տոկոսից ավելի: ԱՄՆ եւ հատկապես Հյուսիսային Ամերիկայում եւ Կանադայում խառնամուսնությունների թիվը մոտ 60 տոկոս է: կան արդեն խառնամուսնություններ նաեւ Միջին Արեւելքում: Վիճակագրական տվյալներվ, Հայաստանի արդարադատության նախարարությունում վերջին 9 տարիների ընթացքում գրանցվել է մոտ 9 հազար խառնամուսնություններ եւ այլն:
Եվ ընդհանրապես որեւէ մեկը իրավունք չունի մարդուն մեղադրել զույգ ընտրելու հարցում: Այս ազատ աշխարհում ընտանիքի ստեղծման միակ հիմքը երկուստեք սերն ու համաձայնությունն են: Ուրեմն ողջունելով յուրաքանչյուր ընտանիքի ստեղծումը` ազգային թե խառը, միեւնույն է, մեզ պետք է հետաքրքրի երեխաների ազգային որակների կրումը, նրանց հայ մեծանալու ձգտումը:
Իսկ ինչպե՞ս, եւ ի՞նչ ձեւերով պետք է երեխան հայությանը մոտ զգա, ինչպե՞ս հպարտանա իր հայկական գենով, իր արմատով, ի՞նչ ծրագրեր, ձեռնարկներ են անհրաժեշտ նրանց համար: Պատահական չէ, որ մենք իրականացնում ենք «Արի տուն», «Մեկ ազգ, մեկ մշակույթ» ծրագրերը, որոնք Հայրենիքը ճանաչելու, նրա մշակույթին, կյանքին ու կենցաղին հաղորդակցվելու լավագույն հնարավորություններ են ստեղծում:
Մյուս կողմից ինչքան շատ ժամանակակից «հերոսներ» կերտվեն արվեստի, գրականության, գիտության մեջ, սպորտում, այնքան Սփյուռքում հայը կհպարտանա իր հայ լինելու հանգամանքով:
Այնուհետեւ նախարարը ձեւակերպեց համաժողովի առջեւ դրված խնդիրները, որոնք են.
- լեզուն,
- ավանդույթներն ու սովորույթները,
- կրոնի պահպանումը,
- ներընտանեկան հարաբերությունները,
- հայկական ավանդույթների ու սովորույթների պահպանումը,
- խառնամուսնական ընտանիքների անդամների` հայկական համայնքային կյանքին մասնակցությունը,
- համայնքի կողմից այդ ընտանիքների նկատմամբ ունեցած վերաբերմունքը,
- հայրենիքի հետ կապը:
Համաժողովում հանդես եկան գիտնականներ Հայաստանից եւ Սփյուռքից, այլ պետություններից, սփյուռքահայեր, խառնամուսնական ընտանիքներ կազմած անձինք, Գեղարքունյաց թեմի հոգեւոր առաջնորդը:
Համաժողովի նիստերի թեմաներն են` Խառնամուսնությունները եւ ազգային ինքնությունը, Խառնամուսնությունները Հայկական Սփյուռքում, Խառնամուսնությունների սոցիալ-մշակութային հիմնախնդիրները, Խառնամուսնությունները եւ ազգային ավադույթների պահպանման խնդիրները, Հայ ինքնության պահպանման հիմնախնդիրները խառնամուսնություններում:
Առանձին տեղ զբաղեցրեցին խառնամուսնությունները Հայկական Սփյուռքում թեմայով զեկույցները. ներկայացվեցին են գերմանական, լեհական, ռուսաստանյան, վրացական ընտանիքների փորձը եւ յուրահատկությունները:
Համաժողովի արդյունքում արվեցին գործնական առաջարկություններ եւ երաշխավորություններ, որոնք կամբողջացվեն եւ կներկայացվեն խառնամուսնական զույգ կազմող ընտանիքներին:




