Համաժողովներ

2017-10-24 00:00:00 | Համաժողովներ
«Վենետիկի Մխիթարյան Միաբանություն-300» խորագրով միջազգային գիտաժողովը

Հոկտեմբերի 24-ին Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ հայագիտական և հասարակական գիտությունների բաժանմունքի, Երևանի պետական համալսարանի, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-մատենադարանի, Վենետիկի Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց «Վենետիկի Մխիթարյան միաբանություն-300» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը:


Բացման խոսքով հանդես եկավ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նա նշեց, որ գիտաժողովը, կազմակերպվելով Հայաստանի և Սփյուռքի կարևոր հայագիտական կառույցների կողմից, ունի գիտական մեծ կարևորություն: «Մխիթարյան միաբանությունը գիտական, մշակութային այն կառույց է, որ ոչ միայն սերունդներին է փոխանցել հայ ժողովրդի պատմությունն ու արժեքները, այլև հարստացրել ու զարգացրել է դրանք: Գիտաժողովը հիանալի առիթ է Մխիթարյանների ժառանգությունն ու ներկա գործունեությունը ներկայացնելու, հանրայնացնելու, ուսումնասիրելու համար»: Ռադիկ Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Լևոն արք. Զեքիյանին Գիտությունների ազգային ակադեմիայի հետ ակտիվ համագործակցելու համար:


Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես ասաց. «Այս տարվա սեպտեմբերի 8-ին մեկնարկեցին Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված մի շարք ձեռնարկները և ամբողջ տարվա ընթացքում ոչ միայն Հայաստանում և Վենետիկում, այլև Սփյուռքի հարյուրավոր համայնքներում նշվում է այս փառավոր հոբելյանը, աշխարհին, համայն մարդկությանն է ներկայացվում Մխիթարյանների խոշոր ձեռքբերումները: Ամեն անգամ, երբ ոտք եմ դնում  Սուրբ Ղազար կղզի, համակվում եմ երախտագիտության զգացումով, անսպառ հիացմունքով, քանզի 300 տարի առաջ հայերը կարողացան անմարդաբնակ այդ փոքրիկ կղզյակը դարձնել հոգևոր, կրթամշակութային հզոր կենտրոն, որն այսօր ամբողջական ուսումնասիրությունների կարիք ունի»: Նախարարն ընդգծեց, որ իրենց մտքի ուժին զուգահեռ Մխիթարյան միաբանության ամբողջ տարածքը վերածել են համաշխարհային նշանակություն ունեցող ճարտարապետական կոթողի: «Միաբանները՝ Մխիթար աբբահոր գլխավորությամբ, ստեղծեցին հոգևոր կենտրոն՝ պահպանելով և սերունդներին փոխանցելով նախևառաջ քրիստոնեական արժեքները: Մյուս ուղղությունը, որով փայլեցին Մխիթարյան միաբանության հայրերը, հայագիտական կենտրոնի ստեղծումն էր, որտեղ զարգացում ապրեցին թարգմանական գրականությունն ու բառարանագիտությունը, քարտեզագրությունն ու ազգագրությունը, ուսումնասիրվեց արևմտահայերենը: Այսպիսով՝  Մխիթարյանները կրթությունը դիտեցին որպես բոլոր կենասական բարիքների աղբյուր», -նշեց նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա կարևորեց նաև այն հանգամանքը, որ շատ օտարազգի մտավորականներ, հանճարներ հաստատվել են Մխիթարյան միաբանությունում, գրել են լրջագույն աշխատություններ, արտահայտել են իրենց հիացմունքը հայ մշակույթի հանդեպ:


Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Լևոն արք. Զեքիյանը իր ողջույնի խոսքում ընդգծեց, որ այս գիտաժողովը ոչ միայն հարգանքի նշան է, այլև խորը բարեկամության, որ տարիներ ի վեր գոյություն ունի Մխիթարյան միաբանության և հայաստանյան գիտական կառույցների միջև:


Ողջույնի խոսքով հանդես եկավ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը: Արժևորելով Մխիթարյանների գործունեությունը՝ նա նշեց, որ միաբանները, զարգացնելով հայագիտության բոլոր ուղղությունները, նախևառաջ ունեցել են հայապահպանության սրբազան առաքելություն:


ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ Մխիթարյան միաբանությունը յուրաքանչյուր քաղաքակիրթ ազգի և երկրի համար չափանիշ կարող է հանդիսանալ: «Այս հաստատությունը ստեղծվեց Հայրենիքից հեռու, դժվար կացության մեջ գտնվող ժողովրդի մի խումբ նվիրյալ զավակների կողմից, որոնք ունեին միայն անսահման հավատ իրենց ժողովրդի տաղանդի և նրա պայծառ ապագայի հանդեպ: Եվ չկա մի ոլորտ, որտեղ Մխիթարյանները իրենց ծանրակշիռ խոսքը ասած չլինեն: 300 տարվա ընթացքում կուտակվել է հսկայական գանձարան, որը դեռևս կարոտ է ուշադիր ուսումնասիրության: Ես մեծ հույս ունեմ, որ մոտ ապագայում կտպագրվի Ղևոնդ Ալիշանի «Արցախ աշխարհ» աշխատությունը, որը մեծ քաղաքական նշանակություն ունի: Վստահ եմ, որ այս միջազգային գիտաժողովը նոր էջ կբացի Մխիթարյան ժառանգության ուսումնասիրման գործում»:


Այնուհետև զեկուցումներով հանդես եկան Լևոն արք. Զեքիյանը («Մխիթար՝ խորհուրդ և մարտահրաւէր. Հայ հոգեւորութեան եւ մշակոյթի ռահվիրայ մը, համաքրիստոնէական, համամարդկային տարածքով»), ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը («Ղուկաս Ինճիճյանի ավանդը Հայաստանի պատ­մաաշխարհագրական հարցերի ուսումնասիրության բնագավառում»), ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը («Մխի­թարյանները Միքայել Նալբանդյանի գնահատմամբ»), ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը («Հայ միջնադարյան գրականության պատմության պարբերացման Մխիթարյանների սկզբունքները»):


Գիտաժողովը շարունակեց իր աշխատանքները «Մխիթարյանների գործունեությունը պատմագիտության ասպարեզում», «Մխիթարյանների ավանդը բանասիրության ոլորտում», «Արվեստը և մշակույթը Մխիթարյանների գործունեության մեջ» թեմատիկ ուղղություններով:


Առաջին ուղղության թեմատիկ նիստում զեկուցումներով հանդես եկան «Բազմավեպ» հայագիտական հանդեսի խմբագիր Հայր Սերովբե վրդ. Չամուրլյանը («Մխիթար Աբբահոր մուտքը Սուրբ Ղազար կղզի»), ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելքի բաժնի գլխավոր գիտաշխատող Ազատ Բոզոյանը («Բյուզանդական նոմո­կա­նո­նի վենետիկյան ձեռագիրը»), Վանաձոր պետական համալսարանի պատմաշխարհագրական ֆակուլտետի պատմության ամբիոնի վարիչ Ֆելիքս Մովսիսյանը («Վենետիկի Մխիթարյանները նապոլեոնյան տիրապետության դեմ եվրոպական ժողովուրդների ազգայինազատագրական պայքարի մասին»), Երևանի պետական համալսարանի դասախոսներ Նորայր Պողոսյանը («Մխիթարյան միաբանների նամակները 18-րդ դարում Երուսաղեմի կացության մասին») և Լուսինե Ս. Սահակյանը («Վենետիկի Մխիթարյան Մատենադարանում պահվող Համշենում օրինակված երկու ձեռագրի մասին (հմր. 114, հմր. 52)»), Հայկական հանրագիտարան հրատարակչության գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանը («Մխիթարյան միաբանության բնագիտական ժառանգության շուրջ»), ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի առաջատար գիտաժողով Ռիմա Միրումյանը («Մխիթարյանների քաղաքակրթական մեծ սխրանքը»):


«Մխիթարյանների ավանդը բանասիրության ոլորտում» թեմատիկ նիստում իրենց զեկուցումները ներկայացրին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանը («Վիկտոր Լանգլուան Վենետիկի Մխիթարյան միաբանության մասին»), Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի՝ գիտական գծով փոխտնօրեն  Հերիքնազ Որսկանյանը («Հայ միջնադարյան տեսիլների Մխիթարյանների հրատարակությունները և ուսումնասիրությունները»), Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալբերտ Մուշեղյանը («Վիեննայի և Վենետիկի Մխիթարյան Հայրեր Հովսեփ Գաթըրճյանը և Բարսեղ Սարգիսյանը՝ Նիկիական Հանգանակի ակնառու մեկնաբաններ (եվրոպացի մասնագետների գնահատմամբ)»), Երևանի պետական համալսարանի դասախոս Ռուզաննա Տեր-Գրիգորյանը («Ռուս դասական գրականությունը Մխիթարյանների գնահատմամբ»), ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող Անահիտ Բեքարյանը («Բայրոնի հայագիտական ուսումնասիրությունները Մխիթարյան Մայրավանքում»), ԳԱԱ ԼԻ ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ և հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Վազգեն Համբարձումյանը («Մխիթարյան միաբանության լեզվամշակութային դերը հայերենի ուղղագրության դասական կանոնարգման գործում»), Վանաձորի պետական համալսարանի դասախոս Լիլիթ Պետրոսյանը («Հին հայերենի հնչյունների մասին դիտարկումները Դ. Թրականցու «Քերականական արուեստ»-ի մեկնիչների երկերում»), լեզվաբան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս Լավրենտի Միրզոյանը («Մխիթարյանների մանկավարժական ժառանգությունը»):


Երրորդ թեմատիկ նիստում՝ «Արվեստը և մշակույթը Մխիթարյանների գործունեության մեջ», զեկուցումներով հանդես եկան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-մատենադարանի ավագ գիտաշխատող Արուսյակ Թամրազյանը, «Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանության «մանրուսման» ձեռագրերը», Չեխիայի Չարլզ համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի պատվավոր անդամ, համալսարանի նվագախմբի և երգչախմբի գլխավոր դիրիժոր  Հայկ Իւթիւճեանը   («Վենետկոյ Մխիթարեան Ս. Հարց երաժշտական վաստակը»), ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ, երաժշտության բաժնի վարիչ Աննա Ասատրյանը («Հայ երաժշտությունը «Գեղունի» էջերում»), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ Լուսինե Զ. Սահակյանը («Կոմիտաս Վարդապետը և Մխիթարյան միաբանությունը»), ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող Անահիտ Բաղդասարյանը («Սուրբ Պատարագի երգեցողությունները Պիետրո Բիանկինիի բազմաձայն մշակմամբ»), Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն Աշոտ Գրիգորյանը («Հայկական պաշտամունքային կառույցների հորինվածքային նախատիպերի և տիպերի  ծագման ու զարգացման նախապայմանների մեկնությունները, ըստ Վենետիկի Մխիթարյան միաբանների ուսումնասիրությունների»), ԳԱԱ Արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Դավիթ Քերթմենջյանը («Հայկական քաղաքաշինության պատմության նյութերը Մխիթարյանների գիտական ժառանգությունում»):


Բոլոր բաժանմունքներում տեղի ունեցան քննարկումներ:


Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում շարունակվեց «Վենետիկի Մխիթարյան միաբանություն-300» միջազգային գիտաժողովը:


Գիտաժողովն ընթացավ «Մխիթարյանների գործունեությունը պատմագիտության ասպարեզում»,  «Մխիթարյանների ավանդը բանասիրության ոլորտում», «Արվեստը և մշակույթը Մխիթարյանների գործունեության մեջ» թեմատիկ նիստերով:


«Մխիթարյանների գործունեությունը պատմագիտության ասպարեզում» թեմատիկ նիստում «Մխիթարյան միաբանության հայատառ թուրքերեն հրատարակությունները» զեկույցով հանդես եկավ Հասմիկ Ստեփանյանը (ՀՀ ԳԱԱ ԱԻ), «Վենետիկի Մխիթարյանների գաղափարական հայրենիք ստեղծելու մոդելի տեղայնացումն Ալեքսանդրապոլում» զեկույցով՝ Գևորգ Այվազյանը (ՀՀ ԳԱԱ ՇՀՀԿ), «Հայր Միքայել Չամչյանը և իր գործունեությունը Բասրայի մեջ 1769-1774 թթ. (համառոտ ակնարկ)» զեկույցով՝ Սեդա Օհանյանը (ՀՀ ԳԱԱ ՊԻ), «Ներսես Ակինյանի գործունեությունը Խորհրդային Հայաստանում նորահայտ փաստաթղթերի լույսի ներքո»՝ զեկույցով՝ Համո Սուքիասյանը (ՀՀ ԳԱԱ ՊԻ), «Ս. Ղազարի ձեռագրագետ հայրերը և նրանց կազմած ձեռագրացուցակները» զեկույցով՝ Քնար Հարությունյանը (ՀՁԳԻԹ), «Մխիթարյանների ավանդը հայ քննական պատմագրության ձևավորման մեջ» զեկույցով՝ Արման Մալոյանը (ՀՀ ԿԳՆ ԿԱԻ), «Մխիթարյան միաբանության դպրոցաշինութեան պատմութիւնն ի սփիւռս աշխարհի» զեկույցով՝ Ավետիս Ափոշյանը (ԵՊՀ):


«Մխիթարյանների ավանդը բանասիրության ոլորտում» թեմատիկ նիստում «Մխիթարյանները  Լեոյի գրապատմական ուսումնասիրությունների համատեքստում» զեկույցով հանդես եկավ Սուսաննա Հովհաննիսյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Հայկական դասականապաշտության (կլասիցիզմի) տեսական և գեղարվեստական առանձնահատկությունները Մխիթարյանների տեսական, գեղարվեստական գրականության մեջ» զեկույցով՝ Դավիթ Գասպարյանը (ՀՀ ԿԳՆ ԿԱԻ), «Դասագրքերի Մխիթարյանների 18-րդ դարի հրատարակությունները» զեկույցով՝ Քրիստինե Մելքումյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Արսեն Բագրատունու «Հայկ դյուցազն» պոեմը» զեկույցով՝ Սիրանուշ Մարգարյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Վենետիկի Մխիթարյան միաբանությունը Վիգեն Իսահակյանի հուշերում» զեկույցով՝ Ավետիք Իսահակյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Հովհ. Թումանյանը Մխիթարյանների գնահատմամբ» զեկույցով՝ Եվա Մնացականյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Հայկական վերածնության հարցը Մխիթարյանների՝ հայ գրականության պարբերաբաժանման համակարգում» զեկույցով՝ Լուսինե Վարդանյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Գաբրիել Այվազյանը Մխիթարյան միաբանության անդամ» զեկույցով՝ Հասմիկ Իրիցյանը (ՀՁԳԻԹ), «Մխիթարյանները և հայոց լեզվափիլիսոփայության տարրեր» զեկույցով՝ Լուսինե Ավետիսյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ):

«Արվեստը և մշակույթը Մխիթարյանների գործունեության մեջ» նիստում «Մխիթարյան թատերագրությունը սրբախոսությունից կլասիցիզմ» զեկույցով հանդես եկավ Հենրիկ Հովհաննիսյանը (ՀՀ ԳԱԱ ԱրվԻ), «Քրիստափոր Կարա-Մուրզան և Վենետիկի Մխիթարյան միաբանությունը» զեկույցով՝ Լիլիթ Արտեմյանը (ՀՀ ԳԱԱ ԱրվԻ), «Վենետիկի Մխիթարյանները և միջազգային գեղարվեստը» զեկույցով՝ Արծվի Բախչինյանը (ՀՀ ԳԱԱ ՊԻ), «Եվրոպական երաժ­շտատեսական մտքի դրսևորումները Խաչատուր Էրզշրումեցու և Մխիթար Սեբաստացու աշխատություններում» զեկույցով՝ Անի Մուշեղյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Ձեռագիր գրքերը, որպես ազգային խոհանոցի ուսումնասիրության աղբյուր (Դիտարկումները` ըստ Վենետիկի Մխիթարյան միաբանության Մատենադարանի ձեռագրերի)» զեկույցով՝ Խորեն Գրիգորյանը (ՀՀ Մշ.նախ.), «Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Հ. Ղ. Տայանի «Շարական Հայաս­տանեայց եկեղեցւոյ» բազմահատոր շարակնոցի անտիպ Ա. Հատորը» զեկույցով՝ Արփի Վարդումյանը (ՀՁԳԻԹ), «Հայր Ղևոնդ Ալիշանը հայկազուն սրբերի հետքերով» զեկույցով՝ Մարիաննա Տիգրանյանը (ՀՀ ԳԱԱ ԱրվԻ), «Տայքի և Գուգարքի ճարտարապետությունը` Մխիթարյան միաբանների աշխատություններում» զեկույցով՝ Դավիթ Նահատակյանը (ՃԱԹԻ):


Միջազգային գիտաժողովի ավարտին գումարվեց լիագումար նիստ, որը վարեց պ.գ.դ. Գևորգ Ստեփանյանը:


«Մխիթարյանների գործունեությունը պատմագիտության ասպարեզում» թեմատիկ նիստերի արդյունքներն ամփոփեցին պ.գ.դ.Գևորգ Ստեփանյանը և պ.գ.թ. Արմեն Մարուքյանը, «Արվեստը և մշակույթը Մխիթարյանների գործունեության մեջ» նիստը՝ արվ.դ. Արարատ Աղասյանը, «Մխիթարյանների ավանդը բանասիրության ոլորտում» նիստը՝ բ.գ.թ. Հերիքնազ Որսկանյանը:


Այնուհետև ելույթ ունեցավ Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արք. Զեքիյանը:


Նա շնորհակալություն հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին և հնչած հինգ տասնյակից ավելի գիտական զեկույցների հեղինակներին՝ նշելով. «Մխիթարյան հայրերի գործունեությունը համակողմանի ներկայացնելու առումով այս գիտաժողովը, իրավամբ, խոշոր ներդրում էր: Կարծում եմ՝ չարժե սպասել հոբելյանների, նման համաժողովներ կազմակերպելու համար: Այս գիտաժողովին Լուսինե Ավետիսյանն իր զեկույցը ներկայացրեց հրաշալի գրաբարով: Ես կուզեի, որ դպրոցներում հայ մանուկներին դասավանդվի գրաբար, որպեսզի նրանք տիրապետեն մեր կատարյալ հայերենին»:


Լևոն արք. Զեքիյանը հավելեց, որ Մխիթար Սեբաստացին և նրա հավատարիմ աշակերտները գիտնական և արվեստաբան լինելուց առաջ կրոնավորներ էին և շատ ուրախալի է, որ գիտաժողովի ընթացքում չստվերվեց այդ հանգամանքը:


ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց, որ ի դեմս Զեքիյանի և Մխիթարյանների հոգևոր հայրերի, արևմտահայերենը ապրում ու ծաղկում է: «Մխիթարյան միաբանությունը եվրոպական քաղաքակրթության մեծագույն կենտրոններից մեկն է, և մենք հպարտ ենք, որ նրա հիմնադիր Մխիթար Սեբաստացին և Միաբանության հայրերը մեծ հայեր են: Ուրախալի է հատկապես այն փաստը, որ զեկուցողներից շատերը երիտասարդներ էին, և նրանք տիրոջ ու իրավահաջորդի դիրքերից խոսեցին Միաբանության մասին: Իրականում Հայաստանում և Սփյուռքում գործող բոլոր հայագիտական կենտրոնները սովորելու շատ բան ունեն Մխիթարյան Միաբանությունից», - նշեց Մելքոնյանը:


Գիտաժողովի ավարտին Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նախարար Հրանուշ Հակոբյանի անունից շնորհակալություն հայտնեց միջազգային գիտաժողովի կազմակերպիչ կառույցներին արդյունավետ համագործակցության համար և նշեց. «Մենք ընդունում ենք Մխիթարյանների անունով Երևանում փողոց անվանակոչելու առաջարկը և Հայաստանում Մխիթարյանական ընթերցումներ և գիտաժողովներ պարբերաբար կազմակերպելու անհրաժեշտության գաղափարը»:


Նախարարի տեղակալը հավելեց, որ առաջիկայում կտպագրվեն գիտաժողովի զեկուցումները «Բազմավեպ» հայագիտական հանդեսի բացառիկ համարում:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Հունվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: