Համաժողովներ

2015-09-11 00:00:00 | Համաժողովներ
Սրտաբանների եվրակովկասյան 5-րդ համաժողով

Սեպտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության և «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ Երևանում մեկնարկեց «Սրտաբանության եվրակովկասյան 5-րդ համաժողովը» (Euro-Caucasian Congress of Cardiology), որին մասնակցում են 50-ից ավել օտարազգի և սփյուռքահայ անվանի սրտաբաններ՝ Ֆրանսիայից, Մոնակոյից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Ռուսաստանից, Սիրիայից, Իրանից, Վրաստանից և շուրջ 200 մասնագետ՝  Հայաստանից ու Արցախից:


Համաժողովի նպատակն է՝ նպաստել սրտաբանության ոլորտի զարգացմանը, աշխարհի հայ սրտաբանների ներուժի համախմբմանը, Հայաստանի Հանրապետության, Սփյուռքի և Արցախի սրտաբանների համագործակցությանը, մասնագիտական որակների բարձրացմանը, կատարելագործմանը և նրանց միջև փորձի փոխանակմանը:


Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Սրտաբանության եվրակովկասյան համաժողովն ապացուցել է իր կարևոր դերը, և պատահական չէ, որ գնալով է՛լ ավելի մեծ թվով հայաստանցի և արցախցի սրտաբաններ են մասնակցում ակտիվորեն այս միջոցառմանը, Սփյուռքի և օտարազգի սրտաբանների հետ փոխանակում իրենց գաղափարներն ու մտահղացումները՝ փորձելով ստացված տեղեկությունների և փորձառությունների համադրմամբ նոր ու առավել արդյունավետ մոտեցումներով հաղթահարել ոլորտին առնչվող մարտահրավերները»:


Նախարարը շնորհակալություն հայտնեց համաժողովի նախաձեռնող «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպությանը և կազմակերպության նախագահ Ավետիս Մատիկյանին, ով դեռևս 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի տարիներից սկսած զգալի ներդրումներ է արել  Հայաստանում առոջապահական բազմաթիվ ծրագրեր իրականացնելու գործում:


Գերատեսչության ղեկավարը կարևորեց 2010թ. Գորիսում Ֆրանս-հայկական սրտաբանական կենտրոնի հիմնումը, որն առանցքային դերակատարություն ունի Հայաստանում և, մասնավորապես, Սյունիքի մարզում սրտաբանության ոլորտին աջակցելու և հանրությանն առողջություն պարգևելու գործում:


Նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «ՀՀ սփյուռքի նախարարությունն արդեն չորրորդ անգամ անընդմեջ «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության և ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ Հայաստանում կազմակերպում է Սրտաբանների եվրակովկասյան համաժողովը, և ուրախալի է, որ Հայաստանի սրտաբանները, ակտիվորեն մասնակցում են այս կարևոր ձեռնարկին: Առանձնակի շնորհակալ ենք նաև արտասահմանից ժամանած հայազգի և օտարազգի սրտաբաններին, որոնք  իրենց միջազգային փորձն ու գիտելքները, ինչպես նաև նոր մտահաղացումները և նորամուծությունները բերում են Հայաստան՝ փորձելով աջակցել մեր երկրում սրտաբանության բնագավառում բարենպաստ միջավայրի ձևավորմանը և առկա մարտահրավերները հաղթահարելու անհրաժեշտ գործին: Ուրախալի է նաև, որ առաջին անգամ համաժողովին մասնակցում է նաև մեր հարևան երկիրը՝ Վրաստանը ներկայացնող սրտաբան»:


Նախարարը հայտարարեց, որ Հանրապետության տոնի առթիվ, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում ունեցած նշակալի ավանդի համար ՀՀ Նախագահի հրամանագրով «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպությանը և կազմակերպության նախագահ, դոկտոր Ավետիս Մատիկյանը պարգևատրվել է «Մխիթար Հերացի» մեդալով, և նրան հանձնեց մեդալը:


ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր խոսքում նշեց, որ երկօրյա քննարկումները հնարավորութուն կընձեռեն մասնագենտերին՝ միմյանց փոխանցելու իրենց գաղափարներն ու գիտելիքները, սրտաբանության ոլորտի նորարարական և արդյունավետ մոտեցումները: «Վստահ եմ, որ, երկու տարին մեկ Հայաստանում հավաքվելով և միասին քննարկելով, դրական արդյունքներ կապահովեք Հայաստանում գերակա խնդիր համարվող այս բնագավառում», - հավելեց նա:


Առաջին նիստը վարում էին Ռուսաստանի գլխավոր ինվազիվ կարդիովիրաբույժ,  Ռուսաստանի ինվազիվ կարդիովիրաբուժության ասոցիացիայի նախագահ, Ռուսաստանի հայերի միությանը կից հայ բժիշկների ասոցիացիայի նախագահ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը և Սրտաբանների եվրակովկասյան համաժողովի գիտական խմբի ղեկավար Պոլ Բարագանը:


Զեկույցներով հանդես եկան Անտուան Լաֆոնը (Ֆրանսիա, Փարիզ) «Կենսաքայքայելի ստենդ» թեմայով, Ալիս Օհանեսսյանը՝ (Ֆրանսիա, Փարիզ) «Սրտի զարկերակային հիվանդությունը կանանց մոտ», Դավուդ Մոյաիդը՝ (Իրան, Թեհրան) «Սրտի վիրահատություն, երկարաժամկետ արդյունքներ նախկինում CMVC կամ OMVC հիվանդություններ ունեցած հիվանդների մոտ», Բագրատ Ալեքյանը՝ (Ռուսաստան,Մոսկվա) «Նախասրտային միջնորմի ստենդի բացում բնախտական թոքային չափազանց բարձր ճնշման բուժման համար», Օսվալդ Խաչադուրյանը (Սիրիա, Հալեպ) «Կլինիկական դրություն, զեկույց Հալեպից», Միքայել Իսայանը՝ (Ռուսաստան, Կալինինգրադ) «Փոքր տրամագծով աորտալ փականի փոխարինումից հետո, ձախ փորոքի գերաճի հետընթաց տարեց հիվանդների մոտ», Նարբե Մելիքյանը՝ (Անգլիա, Լոնդոն) «FFR 2015թ.-ի սրտաբանության մեջ կիրառվող նորագույն արդյունավետ եղանակ», Ալեք Վահանյանը (Ֆրանսիա, Փարիզ) «Ի՞նչ կարելի է ակնկալել սրտի միտրալ փականի հիվանդության ենթամաշկային բուժումից», Յավադ Զիբաենեզհադը՝ (Իրան, Շիրազ) «Ենթամաշկային սրտային միջամտություն», Արմանդ Էքերը՝ (Մոնակո, Մոնտե Կառլո) «Իշեմիկ սրտային զարկերակի հիվանդություններում ձախ փորոքի վերականգնում», Դավուդ Մոյաեդը՝ (Իրան, Թեհրան) «Արտաքին ազդրային-երակային միջամտություններ. կարող ենք արդյոք  ապահովել երկարժամկետ  արդյունք», Դմիտրի Աստապովը՝ (Ռուսաստան, Նովոսիբիրսկ) «The bioLAB Mono» առանց ստենդավորման հյուսվածքային փական. աորտալ փականի փոխարինման վաղ ի հայտ եկած արդյունքները» թեմաներով:


Սեպտեմբերի 12-ին իր աշխատանքներն ամփոփեց Սրտաբանների եվրակովկասյան 5-րդ համաժողովը, որը կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության և «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ:


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, համաժողովին մասնակցում էին 50-ից ավել օտարազգի և սփյուռքահայ անվանի սրտաբաններ Ֆրանսիայից, Մոնակոյից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Ռուսաստանից, Սիրիայից, Իրանից, Վրաստանից և շուրջ 200 մասնագետ Հայաստանից ու Արցախից:


Գիտական զեկույցներով հանդես եկան Բագրատ Ալեքյանը՝ (Ռուսաստան) «Ենթամաշկային սրտային միջամտությունները-վիրահատական մեծ ռիսկի ենթակա հիվանդների մոտ», Իվե Լուվարը՝ (Ֆրանսիա) «Սրտի զարկերակի ստենդավորման արդյունավետությունը բազմաանոթ և բազմասեգմենտ սրտային հիվանդություն ունեցող հիվանդների մոտ», Վահան Մխիթարյանը՝ (Հայաստան) «Կլինիկական դրություն» զեկույցով, Ավետիս Մատիկյանը՝ (Ֆրանսիա) «Հայ-ֆրանսիական հիվանդանոց. վերջին նորություններ» թեմաներով: Ընդհանուր առմամբ ներկայացվեցին արդի սրտաբանական մարտահրավերներին առնչվող 21 զեկուցումներ:


Նշված զեկույցների ներկայացումից հետո տեղի ունեցավ ակտիվ կառուցողական քննարկում և մտքերի փոխանակում, որի ընթացքում ծնված դիտարկումներն ու դրանց արդյունքում կայացած եզրահանգումները, ինչպես նշվեց համաժողովի ամփոփման ընթացքում, իրենց հերթին կարող են նպաստել սրտաբանների գիտական գործունեության հետագա ուղղորդմանը:


Սրտաբանների եվրակովկասյան 5-րդ համաժողովը կարևոր խթան էր Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև սրտաբանության ոլորտի նորարարական և արդյունավետ մեթոդները, փորձը միմյանց փոխանցելու և տվյալ բնագավառը բարելավելու ու կատարելագործելու համար:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Հունիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: