Համաժողովներ

2016-10-25 00:00:00 | Համաժողովներ
«Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով Լրագրողների 8-րդ համահայկական համաժողով

Հոկտեմբերի 20-ին մեկնարկել է «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը, որը հոկտեմբերի 20-21-ը անցկացվել է Երևանում, իսկ 22-24-ը՝ Ստեփանակերտում:


Համաժողովը կազմակերպել էր ՀՀ սփյուռքի նախարարությունը Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի և Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության, Հայաստանի ժուռնալիստների միության հետ համատեղ:


Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը նվիրված էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անկախության 25-ամյակին:


Համաժողովի բացման արարողությանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսան Հարությունյանը, ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը, Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանը և այլ պաշտոնատար անձինք:


ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ներկայացրել է Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսան Հարությունյանը:


Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շնորհակալություն է հայտնել աշխարհի 31 երկրից համաժողովին մասնակցելու ժամանած 140 լրագրողներին: Նախարարը կարևորել է համաժողովի համար ընտրված թեման՝ «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք», որի շրջանակներում կհնչեն զեկույցներ ու կծավալվեն քննարկումներ: Մարումն իրականացրել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը: Մարման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում:


Մինչ համաժողովի բացումը տեղի է ունեցել արևմտահայ գրող, հրապարակախոս, հայ առաջին կին վիպասան Սրբուհի Տյուսաբի 175-ամյակին նվիրված «Սրբուհի Տյուսաբ» նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը:


Առաջին նիստի թեման էր «Համահայկական տեղեկատվական միասնական ցանցի ձևավորման կառուցակարգերը և լրատվամիջոցների համագործակցության ուղիները ճգնաժամային պայմաններում»: Նիստը վարել են Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը (Կանադա), «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը (Լիբանան), «Հայրենիք» շաբաթաթերթի խմբագիր Արարատ Ղուկասյանը (Իսպանիա):


Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հանդես եկավ «Ճգնաժամային տեղեկատվությունը և հայկական լրատվադաշտը» թեմայով: «Նոյյան տապան» լրատվական գործակալության տնօրեն Տիգրան Հարությունյանն անդրադարձել է համահայկական տեղեկատվական ցանցի ձևավորման փուլերին և արդի պայմաններում զարգացման առանձնահատկություններին: Չեխիայի «Օրեր» լրատվական կայքի խմբագիր Աննա Կարապետյանն ներկայացրել է տեղեկատվական անվտանգության մարտահրավերներն ու հրատապ խնդիրները: Լիբանանի Հայ երիտասարդաց ընկերակցության մամլո և տեղեկատվության պատասխանատու Ահարոն Շխրտմյանն անդրադարձել է հայ մամուլի համազգային հայեցակարգի մշակման անհրաժեշտությանը: «Արմենպրեսս» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը ներկայացրել է «Լրատվության ապագան: Ժամանակակից լրատվական միտումները` համահայկական տեղեկատվական միասնական ցանցի ձևավորման համատեքստում» թեման:


Հոկտեմբերի 20-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի՝ 31 պետություններից ժամանած մասնակիցներին: Հանդիպմանը ներկա էր ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:


Նախարար Նալբանդյանը, ողջունելով Սփյուռքի լրագրողներին Արտաքին գործերի նախարարությունում, կարևորել է նման ձևաչափով հանդիպումները՝ արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին Հայաստանի արտաքին քաղաքականության մասին անմիջականորեն տեղեկացնելու առումով: Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ՀՀ դիվանագիտության առաջնահերթությունները, մասնավորապես՝ Ցեղասպանության դատապարտման և մարդկության դեմ նոր ոճրագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի առաջնորդող դերակատարությունը, մանրամասն անդրադարձել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, սիրիական ճգնաժամին և այդ համատեքստում՝ սիրիահայերին ցուցաբերվող օժանդակությանը։


Համաժողովի «ՀՀ դիվանագիտական ներկայացչությունների և սփյուռքյան կառույցների համագործակցության ուղիները» 2-րդ թեմատիկ նիստը վարել են ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, լրագրող, հրապարակախոս Պայծիկ Գալաջյանը (ԱՄՆ) «Վանա Ձայն» ռադիոյի տնօրեն Ավետիս Կիտանյանը (Լիբանան):


«Հայաստանի և Իսրայելի դիվանագիտական անկայուն հարաբերություններն ու Իսրայելի հայկական կազմակերպությունների աջակցությունը հարաբերությունների զարգացման գործում» թեմայով զեկույց է ներկայացրել «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը: «ՀՀ դիվանագիտությունը, սփյուռքյան կառույցները, համագործակցության ուղիները և համշենահայերը» թեմայով զեկուցել է «Հայկական տեղեկատվական կենտրոն» կայքի թղթակից, համշենահայ կանանց միջազգային միության նախագահ Սաիդա Օհանյանը: «Անկախ և հետախուզական մամուլ»-ի էությանը և զարգացման ուղիներին անդրադարձել է լիբանանահայ լրագրող, հրապարակախոս Հակոբ Բալյանը: «ՀՀ իմիջի ձևավորման բաղադրիչներն օտարալեզու ԶԼՄ-ներում» թեմայով զեկուցում է ներկայացրել «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանը: Լիբանանի «Արարատ» օրաթերթի ներկայացուցիչ Անի Թորանյանը կարևորել է համաժողովը՝ որպես ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման նպաստավոր հանգրվաններ, շեշտելով, որ հայկական լրատվական դաշտը մեկ գերակա դերակատարություն ունի՝ ծառայել հայրենիքին:


Երեկոյան ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է համաժողովի մասնակիցներին: Ողջունելով տարբեր երկրներում գործունեություն ծավալող հայազգի լրագրողներին` կառավարության ղեկավարը կարևորել է նման համաժողովների անցկացումը, որոնք նպաստում են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, առկա խնդիրների քննարկմանը, լրատվական ներուժի համախմբմանը: Վարչապետն անդրադարձել է կառավարության գործունեության ծրագրին և նշել, որ նրանում մեծ տեղ է հատկացվել նաև Սփյուռքին և նրա ներուժի իրացմանը:


Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է սփյուռքահայ լրագրողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերում են ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններին, երկրի տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին, հայապահպանությանը և այլ հիմնախնդիրներին: 


Հոկտեմբերի 21-ի առավոտյան Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցները ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, որից հետո շրջայց կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:


Այնուհետև համաժողովի մասնակիցները եղել են Եռաբլուրում և հարգանքի տուրք մատուցել Արցախյան հերոսամարտի, ապրիլյան պատերազմի զոհված հայորդիների շիրիմներին:


Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը շարունակել է աշխատանքները «Սփյուռքի ներուժի ներգրավումը ՀՀ պետականաշինության գործում» թեմատիկ նիստով, որը վարել են ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը, «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը (Լիբանան), «Նոյյան տապան» մեդիա հոլդինգի տնօրեն Տիգրան Հարությունյանը, Լիբանանի Հայ երիտասարդաց ընկերակցության մամլո և տեղեկատվության պատասխանատու Ահարոն Շխրտմյանը (Լիբանան):


«Սփյուռքի ուծացման ու ձուլման հոլովույթը» զեկույցով հանդես է եկել Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը` անդրադառնալով տարբեր ժամանակահատվածներում Սփյուռքի համայնքներում ուծացման գործընթացի պատճառներին և հետևանքներին, նշել այն ուղիներն ու միջոցները, որոնցով հնարավոր է պայքարել այդ երևույթի դեմ: Ռուսաստանի «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանը ներկայացրել է Ռուսաստանում հայապահպանությանն ուղղված ծրագրերը, իրականացվող աշխատանքները և այդ գործում լրատվամիջոցների դերակատարությունը: Օտար միջավայրում ազգային և մշակութային արժեքների տարածման գործում հայ պարբերական մամուլի դերին է անդրադարձել Իրանի «Համայնք» լրատվական ցանցի պատասխանատու Ռուբիկ Սարդարյանը: «ՀՀ դիվանագիտությունը, սփյուռքյան կառույցները, համագործակցության ուղիները և համշենահայերը» թեմայով համապարփակ զեկույցը ներկայացրել է Ռուսաստանի «Հայկական տեղեկատվական կենտրոն» կայքի թղթակից Սաիդա Օհանյանը: Լիբանանի «Ազդակ» օրաթերթի թղթակից Տոնիկ Տոնապետյանն անդրադարձել է ՀՀ պետականաշինության գործում Սփյուռքի ներուժի ներգրավման հարցին: Ֆրանսիայի «Լուսավոր Ավետիս» կայքի թղթակից Տիգրան Փաշաբեզյանը ներկայացրել է «Հայաստան-Արցախ-Սփյուռք` 25-ամյա համագործակցության հանրագումարները հետագա անելիքները՝ Մերձավոր Արևելքում և հարակից տարածաշրջանում առկա մարտահրավերների պայմաններում» զեկույցը:


Այնուհետև Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի աշխատանքները շարունակվել են «Տեղեկատվական անվտանգության խնդիրներն արտակարգ իրավիճակներում» ինտերակտիվ քննարկումով, որին մասնակցել են ոլորտի առաջատար փորձագետները` մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, Հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանը, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը, մեդիա փորձագետ Միքայել Յալանուզյանը, Ադրբեջանական մամուլի փորձագետ Անժելա Էլիբեկովան:


Այնուհետև մեկնարկել է  «Հեռուստատեսության, ռադիոյի և էլեկտրոնային մամուլի համագործակցության հեռանկարները» թեմայով չորրորդ նիստը, որը  վարել են Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը, Ռուսաստանի «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանը, Չեխիայի «Օրեր» լրատվական կայքի խմբագիր Աննա Կարապետյանը, Հունաստանի «Արձագանք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արտո Դավթյանը:


Հունաստանի «Նոր Աշխարհ» թերթի խմբագիր Զավեն Գրիգորյանը ելույթ է ունեցել «Հայաստանի և Արցախի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ. Հայրենի հողը, Հայրենիքը և Պետականությունը» թեմայով: Հանրային հեռուստաընկերության 2013-2016թթ. գործունեությունը և իրականացվող բարեփոխումները համապարփակ ներկայացրել է Հանրային հեռուստաընկերության արտաքին կապերի պատասխանատու  Էրիկ Անթառանյանը: Լիբանանի «Ազդակ» օրաթերթի թղթակից Սիլվա Կարավարտանյանը անդրադարձել է Լրատվական համահայկական գործելաոճի հիմնահարցերիին: Ուկրաինայի «Հայկական լրատու» հանդեսի խմբագրության խորհրդի ղեկավար Արտեմ Կարաջյանը հանգամանորեն ներկայացրել է սփյուռքյան կառույցների հետ համագործակցության իրենց փորձը: «Արևելք» կայքի լրատվական փորձը Հալեպահայերի դիմագրաված տագնապների մասին» զեկույցով հանդես է եկել Արևելք լրատվական կայքի գլխավոր խմբագիր Սագօ Արեանը: Արգենտինայի «Նոր դարաշրջան» թերթի գլխավոր խմբագիր Էդուարդո Նեստրո Բալյանը խոսել է Հարավային Ամերիկայում Հայսատանն առավել ճանաչելի դարձնելու, հայ մշակույթն ու քաղաքակրթությունը պատշաճ ներկայացնելու հարցը:


Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի լրագրող Կարինե Ավագյանն անդրադարձել է Լրատվամիջոցներում տարածված լեզվական սխալներին:


Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի երևանյան երկօրյա նիստերն ավարտվել են հետաքրքիր քննարկումներով:


Հոկտեմբերի 22-ի առավոտյան համաժողովի մասնակցիները մեկնել են Արցախ: Երեկոյան Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի մասնակիցներին: Հանդիպմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:


Հոկտեմբերի 23-ին Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցները` նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այցելել են Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի առաջնագիծ, ծանոթացել սահմանապահ զինվորների առօրյային, զրուցել զինվորների հետ, ականատես եղել պաշտպանական կառույցների արդիականացման ինժեներական աշխատանքներին:


Այնուհետև Տիգրանակերտի ամրոց-թանգարանում լրագրողները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լյովա Մնացականյանին:


Նույն օրը Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում աշխատանքը շարունակել է լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը:


Մինչ նիստը սկսելը` համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը:


Հինգերորդ նիստը տեղի է ունեցել «Հայկական սփյուռքի զորակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին» թեմայով:


Զեկույցով հանդես է եկել տեղեկատվական ոլորտի փորձագետ Արմեն Հարեյանը (ԱՄՆ)` անդրադառնալով հայաստանյան մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած ոչ պաշաճ հրապարակումներին, ընթերցողներ գրավելու անպատեհ վերնագրերին,  որոնք բացասաբար են անդրադառնում նոր սերնդի հայեցի դաստիարակության վրա: «Արցախպրես» լրատվական գործակալության տնօրեն Վահրամ Պողոսյանը կարևորել է Լեռնային Ղարաբաղում էլեկտրոնային լրատվամիջոցների ընդլայնումն ու զարգացումը, կոչ արել Հայաստանի և Սփյուռքի գործընկերներին Արցախը ներկայացնել ոչ միայն որպես հակամարտության գոտի, այլև կենսունակ, զարգացող երկիր` իր նվաճումներով ու խնդիրներով և առաջարկեց առավել սերտացնել համագործակցությունը արցախյան ԶԼՄ-ների հետ: Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանն անդրադարձել է ազատ և տեղեկացված հասարակության կայացմանը, մամուլի ազատությանը, տեղեկատվական անվտանգությանը: «Արդեօ՞ք ազգովին հասած ենք եզրագիծ, արդեօ՞ք պիտի շարունակենք «նահանջը առանց երգի», թէ պիտի հետապնդենք որոնել նոր դեղագիր…»,-այս հարցադրումներին է անդրադարձել Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը:


Վեցերորդ նիստը տեղի է ունեցել «Հայաստանի և Արցախի հանրապետությունների պաշտպանության համակարգի հետ կապված խնդիրների լուսաբանումը ԶԼՄ-ում» թեմայով:


ԱՄՆ «Արմինյն միրոր սփեքթեյթոր» շաբաթաթերթի թղթակից Պայծիկ Գալաջյանը կարևորել է Լրատվամիջոցների դերը Հայապահպանության և ուծացման դեմ պայքարի գործում: Արցախի հանրային հեռուստատեսության խորհրդի անդամ Արա Վանյանը ներկայացրել է Արցախի հանրային հեռուստատեսություն գործունեությունը, առկա խնդիրներն ու մարտահրավերները, նոր հրամայականները, առաջնահերթ համարեց բոլոր հայակական հեռուստատեսությունների փոխկապակցված աշխատանքը: Արցախցի լրագրող, հրապարակախոս Միքայել Հաջյանը հանդես է եկել «Արցախյան մամուլը` ներքին և արտաքին քարոզչության համատեքստում» զեկույցով:


Նիստին ավարտին տեղի է ունեցել քննարկում, համաժողովի մասնակիցները հանդես են եկել համառոտ ելույթներով, հարցադրումներով և առաջարկություններով:


Ամփոփելով նիստը` Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ բոլոր հարցադրումները, դիտարկումներն ու նկատառումները մանրամասն կուսումնասիրվեն, կարվեն հետևություններ, առաջարկությունները` հնարավորության սահմաններում կյանքի կկոչվեն:


Համաժողովը ուղիղ հեռարձակվել է համացանցով և աշխարհի տարբեր երկրներից հայ լրագրողները համացանցի միջոցով մասնակցել են համաժողովի աշխատանքներին:


Համաժողովի ավարտին մասնակիցների կողմից ընդունվել է համաժողովի հայտարարությունը:


Երեկոյան Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը համաժողովի մասնակիցներին հրավիրել է պաշտոնական ընթրիքի, որտեղ համաժողովի շրջանակներում համաձայնության հուշագրեր կնքվեցին «Արմենպրես» լրատվական գործակալության և Արցախի ժուռնալիստների միության, ինչպես նաև  Իրանի «Ալիք» օրաթերթի և «Արցախպրես» լրատվական գործակալության  միջև:


Հոկտեմբերի 24-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի ներկայացուցիչներին` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ: Համաժողովին մասնակցել են, ընդհանուր առմամբ, աշխարհի 31 երկրից շուրջ 140 խմբագիր և լրագրող: 

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Հոկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31

ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ, գերաշնո՛րհ տեր Վազգեն Միրզախանյան,

թբիլիսահայ համայնքի թանկագի՛ն հայրենակիցներ,

հարգելի՛ հյուրեր,

18.10.2017  |  Ելույթներ

Հարգարժան ներկաներ,   


Ուղիղ մեկ ամիս առաջ Հայաստանի մայրաքաղաքում էին հավաքվել 71 երկրներից ժամանած հայորդիներ՝ քննարկելու ազգի, պետության առջև ծառացած մարտահրավերներ, իսկ այսօր Եվրոպայի մայրաքաղաքում գումարվել է Եվրոպահայերի 4-րդ համագումարը: