Համաժողովներ

Հայ կանանց միջազգային ընկերակցության 7-րդ համաժողով

Հոկտեմբերի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի ամերիկյան համալսարանի աջակցությամբ մեկնարկեց Հայ կանանց միջազգային ընկերակցության 7-րդ  համաժողովը:

 

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար, Հայ կանանց միջազգային ընկերակցության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Այս համաժողովը գումարվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին և Էրեբունի-Երևանի 2796-րդ տարեդարձի օրերին: Հիրավի, հայ կինը մեր օջախների պահապան հրեշտակն է: Իզուր չէ, որ Մովսես Խորենացին հայ կնոջը համեմատում է Անահիտ աստվածուհու հետ: Մեծ է եղել հայ կնոջ դերը հայ ժողովրդի պատմության բոլոր հանգրվաններում: Մեծ էր հայ կնոջ դերը նաև 1915թ., երբ նա ցուցաբերեց բացառիկ տոկունություն և աշխարհի տարբեր ծայրերում կարողացավ պահել ու պահպանել հայ ընտանիքը: Շատ հայ կանայք չընդունեցին իսլամ և գաղթի ճանապահներին զոհվեցին անապատներում: Շնորհակալ ենք  ԱՄՆ նախագահին, որ միլիոնավոր դոլարներ հատկացրեց ցեղասպանությունից մազապուրծ հայ մանուկներին: Ցեղասպանության արդյունքը դարձավ  Սփյուռքը, որի ուծացումը մեծագույն վտանգներից մեկն է: Համաշխարհայնացման վտանգներն առավել շատ են սպառնում փոքր ազգերին ու ժողովուրդներին: Ուստի մեր գլխավոր խնդիրը Սփյուռքում մայրենիի, մեր ոգու, ազգային մշակույթի ու ավանդույթների պահպանությունն է: Հայ կանայք պետք է պահպանեն հայկական անուն-ազգանունները, հայի տեսակը և շատ զավակներ ունենան»:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը՝ ուղղված համաժողովի մասնակիցներին, ներկայացրեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմինե Գևորգյանը, որում մասնավորապես նշված էր. «Մեր ողջ պատմության ընթացքում հենց հայ կինն է պատվով կրել հայապահպանության ազնիվ ու վեհ գործի պատասխանատվությունը՝ դաստիարակելով խելացի, բարեկիրթ, մրցունակ սերունդներ: Լինելով հայկական ինքնագիտակցությունը սերնդեսերունդ փոխանցողը՝ դուք եք պաշտպանում ձեր օջախը օտարացումից և ուծացումից, ձեր համայնքներում ամուր պահում բարոյական, հոգևոր և ազգային արժեքները, մասնակցում համազգային նշանակության խնդիրների լուծմանը»:

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսի օրհնանքի խոսքը մասնակիցներին փոխանցեց Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:

 

ՀԿՄՄ կոնֆերանսի պլանավորման կոմիտեի ներկայացուցիչ Սիլվա Խաչիկյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը և նախարար Հրանուշ Հակոբյանին ջերմ ընդունելության համար, կարևորեց հայ կանանց հավաք-համաժողովների կազմակերպումը, որոնք հնարավորություն են ընձեռում բացահայտել նրանց ներուժը: Սիլվա Խաչիկյանը նշեց. «Եթե չլիներ հայ կնոջ գոյատևելու, վերապրելու կամքը, մենք այստեղ չէինք լինի: Հայ կնոջ առաջընթացը պետք է խարսխվի գիտելիքի ու հավատքի վրա»:

 

Հաջողություն մաղթելով համաժողովի հետագա աշխատանքներին՝ տիկին Խաչիկյանը նշեց, որ անկախ նրանից, թե համաժողովի մասնակիցները որտեղից են եկել, բոլորին համախմբում է հայ լինելու գաղափարը և հայ մշակույթը:


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնն իր ուրախությունը հայտնեց, որ հայ կանանց 7-րդ համաժողովը գումարվել է Հայաստանում: Դեսպանը Հայաստանի զարգացման ճանապարհին կարևորեց հայ կանանց համախմբումը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի զարգացմանն ուղղված ջանքերը:

 

Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ խոսելով հայոց պատմության ողջ ընթացքում մեծ դերակատարություն ունեցած  հայ կանանց մասին:

 

Նիստավար, Բոստոնի «AYA» ինստիտուտի համակարգող խորհրդատու Չիարա Մեջիջյան-Զենատին ներկայացրեց Ստամբուլի համալսարանի դասախոս Այսե Գյուլ Ալթինային, ով հանդես եկավ «Կանանց հիշողություններից. բարձրաձայնելով իսլամացած հայերի մասին» զեկուցմամբ: Նա մասնավորապես բարձր գնահատեց թուրք իրավաբան, գրող և մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստ  Ֆեթհիյէ Չեթինին, ում «Իմ տատիկը» խորագրով գիրքը Թուրքիայում սկիզբ դրեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ իսլամացած կին վերապրածների մասին բաց քննարկումներին: Չեթինը նաև Այսե Գյուլ Ալթինայի հետ համահեղինակել է «Թոռները. կորած հայերի թաքնված ժառանգությունը» խորագրով գիրքը, որի անգլերեն տարբերակը վերջերս է լույս տեսել:

 

Ֆեթհիյէ Չեթինն անդրադարձավ իսլամացված հայերի խնդիրներին: Նա նշեց, որ իր մեծ մայրն իր կյանքի վերջին տարիներին թոռնուհուն է վստահել իր կյանքի պատմությունը՝ հայ ժողովրդի դեմ կատարված ոճրագործությունը, որ թուրք հասարակությունը 90 տարի շարունակ մոռացության էր մատնել:

 

Այնուհետև ելույթ ունեցավ  իտալահայ գիտնական, գրող Անտոնիա Արսլանը, ով հեղինակել է ամենաշատ վաճառվող, Ցեղասպանության ժամանակ իր ընտանիքի ապրածների հիման վրա գրված «Արտույտների ագարակ» խորագրով վեպը: Նա նաև հրատարակել է իտալական գրականության, ինչպես նաև 19-րդ և 20-րդ դարերի իտալացի կին գրողների մասին ուսումնասիրություններ: Անտոնիա Արսլանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց իր «Մուշի խաչը» խորագրով գիրքը, որտեղ պատմել է հայկական կոտորածներից փրկված երկու քույրերի՝ «Մշո ճառընտիր» ձեռագիրը փրկելու պատմությունը:

 

ժ.12:00-ին համաժողովի շրջանակներում մեկնարկեց սիրիահայ կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը, որը հոկտեմբերի 11-ին կշարունակվի Հայաստանի Ամերիկյան համալսարանի Մանուկյանի անվան սրահում:


Այնուհետև մեկնարկեց «Կանանց դերը Հայոց ցեղասպանության տարիներին և հետո» թեմատիկ նիստը, որը վարում էր հայագետ, Հայ կանանց միջազգային ընկերակցության համահիմնադիր, խորհրդի անդամ Բարբարա Մերկերյանը:

 

ԱՄՆ կալիֆորնիայի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտող Դորիս Մելքոնյանը հանդես եկավ «Հայոց ցեղասպանությունը. մշակութային բնաջնջմանը դիմացող կանայք»,  Արդա Մելքոնյանը՝ «Ցեղասպանության ժամանակ հայ կանանց հնարամտությունները», Ռուբինա Փիրումյանը՝ «Հայոց  ցեղասպանության մասին գրականության ճամփեքով» թեմաներով  զեկուցումներով: Նրանք անդրադարձան եղեռնի բոցերից անցած հայ կնոջ կերպարին:

 

Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված հայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքներին անդրադարձան ՀՀ ՍՆ Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լուսինե Ստեփանյանը և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը:

 

Համաժողովի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդի Հայոց Ցեղասպանության հուշահամալիր և ծաղկեպսակ դրեցին անմեղ զոհերի հուշակոթողին, որից հետո Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում «Կանանց և Հայոց Ցեղասպանության մասին նոր տեսակետներ» թեմայով զեկուցում կարդաց թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

 

Երեկոյան համաժողովի մասնակիցները «Մոսկվա» կինոթատրոնում կդիտեն «Վանա ծովի արշալույսը» գեղարվեստական ֆիլմը:

 

Հոկտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Մանուկյան դալիճում Հայ կանանց միջազգային ընկերակցության 7-րդ համաժողովը շարունակեց իր աշխատանքները: Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը: Տեսակապով «Ինչպես են ՀԿՆ-երը առաջ տանում կանանց իրավունքները Հայաստանում» թեմայով ելույթ ունեցավ Ալեքսանդրա Փիտմանը:

 

«Կանանց իրավունքները Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում» թեմայով զեկուցումով հանդես եկավ Սարա Լիա Ուիտսոնը:

 

Այնուհետև տեղի ունեցավ ամերիկահայ գրող, մշակութաբան Ալիս Նավասարգյանի հովանավորությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանում     ուսանողների հանգստյան սենյակի բացման արարողությունը:

 

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ համաժողովն իր աշխատանքը շարունակվում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, որը ստեղծվեց մեր ժողովրդի համար ամենածանր պահին և դարձավ մագիստրոսական եռամյա կրթության առաջին նախաձեռնողը Հայաստանում՝ դառնալով փայլուն օրինակ մեր բուհերի համար: Հայաստանի Ամերիկյան Համալսարանը կայացավ իր հիմնադրի՝ Միհրան Աղաբաբյանի շնորհիվ, ով ամեն ինչ արեց, որ Հայաստանում ներդրվի արևմտյան կրթության, մենեջմենթի համակարգը:

 

Հայոց պետությունը ևս մեծ ներդրում ունի հայ երիտասարդների կրթության գործում: Հայ երիտասարդը, աշխարհի որ երկրում էլ լինի, պետք է մրցունակ լինի: Այդ գործում իրենց անուրանալի դերակատարությունն ունեն բարերարները, հատկապես կին բարերարները: Այդ մնայուն գործերից մեկը այս հանգստի սենյակն է, որ Ալիս Նավասարգյանը նվիրել է համալսարանին»:

 

ՀՀ սփյուռքի նախարարը հայապահպանության գործում մեծ ներդրման, բարեգործական գործունեության համար՝ Ալիս Նավասարգյանին պարգևատրեց «Պողոս Նուբար» մեդալով:

 

Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի և գնահատանքի համար` Ալիս Նավասարգյանն ասաց. «Խորապես շնորհակալ եմ: Իմ արած գործը մեծ չէ, բայց սրտանց եմ արել: Այն, որ ինձ գնահատում եք, ինձ համար ամենամեծ պարգևն է»:

 

Էլիզաբեթ Ագբաբյանը երկայացրեց Ալիս Նավասարգյան գրողին, մշակութային ու հասարակական գործչին: Հնչեցին շնորհավորանքի ջերմ խոսքեր:

 

Համաժողովն իր աշխատանքը շարունակեց երկրորդ՝ «Հայ կանանց դերը՝ գլոբալացված աշխարհում» խորագրով թեմատիկ նիստով, որը վարեց  Արփի Բալյանը:

 

«Դիմագրավելով Հայաստանում կանանց առողջապահության մարտահրավերներին» թեմատիկ նիստը վարեց թեմատիկ նիստը վարեց Ջյուդի Նորսիգյանը:

 

Հայաստանում գործող ՀԿ-ների գործունեության վերաբերյալ թեմատիկ նիստը վարեց  Սիլվա Քաճիկյանը:

 

Համաժողովի երրորդ օրվա աշխատանքն ավարտվեց հեղինակ Ջուդիթ Բոյաջյանի «Արարատի կանայք» գրքի վերաբերյալ քննարկումով:

 

Համաժողովի մասնակիցները դիտեցին Սյուզան Խարդալյանի «Տատիկի դաջվածքները» ֆիլմը:

 

Հոկտեմբերի 12-ին Հայ կանանց միջազգային ընկերակցության 7-րդ համաժողովը կամփոփի իր աշխատանքները:


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի ամերիկյան համալսարանի  աջակցությամբ մեկնարկած Հայ կանանց միջազգային ընկերակցության (ՀԿՄԸ) 7-րդ միջազգային համաժողովի մասնակիցներին:  Հանդիպմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

 

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ընդունելության համար, և  ներկայացրեց համաժողովի արդյունքները: Գերատեսչության ղեկավարը նշեց, որ  Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և զարգացման գործում մեծ են այս ընկերակցության անդամների ներդրումն ու ջանքերը:

 

Համաժողովի մասնակիցներին իր օրհնության խոսքը ուղղեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը. «Կինը ոչ միայն  հիմնասյունն է հայ ընտանիքի և  հայ օջախի, այլև ազգային կյանքի ու պետության, ում ձեռքերում կերտվում է հայ ժողովրդի վաղվա օրը, ում շնորհիվ պայծառանում է հայ կյանքը, զորանում Հայրենիքն ու Եկեղեցին, ողջունում եմ ՀԿՄԸ հեթական համաժողովի գումարումը Հայրենիքում և խրախուսում ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող այս ազգօգուտ, հայապահպան միջոցառումները, թող Տերը օրհնի և պահպանի Ձեզ Ձեր առաքելության մեջ»:

 

Հանդիպման ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաև որդեծնության խնդրին: Վեհափառ Հայրապետը համաժողովի մասնակից հայ կանանց հորդորեց, որ նրանք նույնպես քաջալերեն երիտասարդ ընտանիքներին, որպեսզի նրանք 2015 թվականին՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, իրենց կյանքը զարդարեն զավակների ծնունդներով: Այդ քայլով նրանք ոչ միայն կհարգեն հայոց նահատակների հիշատակը, այլև կնպաստեն հայության առջև ծառացած ժողովրդագրական հիմնախնդրի կարգավորմանը:

 

Վերջում համաժողովի մասնակիցները Վեհափառ Հայրապետին ուղղեցին իրենց հուզող հարցերը:

 

Հանդիպումից հետո բոլորը Մայր Տաճարում մասնակցեցին Սուրբ Պատարագին և աղոթեցին Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման համար:

 

Կցված նկարներ`

  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Փետրվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28

ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԵՅԼԵՐՅԱՆԻՆ


Բա´րև, հրա´շք փոքրիկ,

Սիրով ու ջերմությամբ եմ շնորհավորում քեզ «Բոլորից լավը» հաղորդմանը քո ունեցած փայլուն մասնակցության  և հաղթանակի առիթով:

27.01.2017  |  Ելույթներ

Հունվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց բանակի օրվան նվիրված հանդիսավոր ցերեկույթ՝ հայրենադարձ ազատամարտիկների, սփյուռքահայ ներկա զինծառայողների, պետական պաշտոնյաների, Համահայկական կառույցների երևանյան գրասենյակների, ինչպես նաև սիրիահայերի աջակցության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: