Համաժողովներ

Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողով

 2014 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին Երևանում կայացավ «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովը: Համաժողովին մասնակցեց ավելի քան 1000 ներկայացուցիչ Սփյուռքից և Հայաստանից: Ընդլայնվել է մասնակցության աշխարհագրությունը՝ աշխարհի շուրջ 60 երկրների հայկական կազմակերպությունների ու կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները՝ 749 մասնակից, Արցախը ներկայացնում էր 20 մասնակիցներից բաղկացած պատվիրակությունը, Հայաստանի Հանրապետությունից համաժողովին մասնակցում էին 327 պետական, քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ ու լրագրողներ:


Սփյուռքից մեծ ներկայացուցչություն էին ապահովել Ռուսաստանը՝ 130, Սիրիան՝ 103, Լիբանանը՝ 75, ԱՄՆ-ը՝ 77, Վրաստանը՝ 45, Ֆրանսիան՝ 31, Իրանը՝ 31, Կանադան՝ 22 մասնակից:


Համաժողովին մասնակցելու նպատակով պատվիրակություններ էին եկել Հայաստան ամենահեռավոր երկրներից՝ Ավստրալիայից (15 մասնակից), Արգենտինայից (11 մասնակից), Չիլիից (3 մասնակից), Հարավաֆրիկյան Հանրապետությունից (1 մասնակից):


1-ին համազգային հավաքը տեղի է ունեցել 1999թ. սեպտեմբերին և կոչվել է Հայաստան-Սփյուռք 1-ին խորհրդաժողով, 2-րդը՝ 2002թ. մայիսին, 3-րդ համահայկական խորհրդաժողովը տեղի է ունեցել 2006թ. սեպտեմբերին: Առաջին երեք համաժողովները կազմակերպել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, իսկ  2011թ.ից սկսած այդ առաքելությունն իրականացնում է ՀՀ սփյուռքի նախարարությունը: 4-րդ համաժողովի բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ին Երևանի մարզահամերգային համալիրի հանդիսությունների դահլիճում, այն կրում էր «Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողով» անվանումը:

Համաժողովին մասնակցում էին 46 երկրներից ժամանած Սփյուռքի 151 կազմակերպությունների 550 ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Համաժողովը բաղկացած էր լիագումար երեք և թեմատիկ չորս նիստերից: Համաժողովի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը, Հայ Կաթողիկե եկեղեցու Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ն, Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահ վերապատվելի Հովել Միքայելյանը, Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ:


Լիագումար առաջին նիստում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:


Ողջույնի խոսքով հանդես եկավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:


Համաժողովի մասնակիցներին իր օրհնությունն ու  պատգամը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:


Իր օրհնության խոսքը համաժողովի մասնակիցներին հղեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը:


«Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը մօտ թուականին Թուրքիոյ Սահմանադրական Դատարանին մօտ դատ պիտի բանայ պահանջելով իր պատմական կեդրոնի Սիսի Կաթողիկոսարանի վերադարձը իր իրաւատիրոջ՝ հայ եկեղեցւոյ ու հայ ժողովուրդին», -հայտարարեց նա։. «Այն պարագային, երբ մեր դատը մերժուի Թուրքիոյ Սահմանադրական Դատարանին կողմէ, ինչ որ հաւանական է, զայն անմիջապէս պիտի ներկայացնենք Մարդկային Իրաւանց Եւրոպական Դատարանին»։


Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք Կաթողիկոս Ներսես Պետրոս ԺԹ-ն ևս իր օրհնության խոսքում կարևորեց Հայոց ցեղասպանության ճանաչման և հայոց պահանջատիրության խնդիրը:


Ելույթ ունեցավ Հայ Ավետարանական Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ, Վերապատվելի դոկտոր Հովել Միքայելյանը:


Ելույթներով հանդես եկան նաև ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը, ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանը, Հայաստանում ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը, ԱՀՀ Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Արմինա Դարբինյանը, ՀՀԿ և ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը, ՀՕՄ Կենտրոնական վարչության ատենապետուհի Վիգի Մարաշլյանը, Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեննեթ Հաչիկյանը, Հայ ոսկերիչների ընկերակցության նախագահ Գագիկ Գևորկյանը, ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը:


Համաժողովի երկրորդ լիագումար նիստում չորս հիմնական թեմատիկ ուղղությունների վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը («Հայաստան-Սփյուռք գործակցության արդի առաջնահերթությունները և ապագային միտված խնդիրները»), ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը («Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման մասին»), Սիրիահայերի հետ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը («Հայաստանի Հանրապետությունում ապաստանած սիրիահայերի հիմնախնդիրների մասին») և Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ, «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը Հայկական մամուլի դերը համաշխարհայնացվող աշխարհում»):


Համաժողովի հիմնական աշխատանքներն ընթացան «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում՝ որի նախասրահում կազմակերպվել էր սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք:


Համաժողովի աշխատանքներն ընթացան հետևյալ չորս հիմնական ուղղություններով.

  1. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործընթացը,
  2. Սիրիահայ համայնքի հիմնախնդիրները,
  3. Հայաստան-Սփյուռք գործակցության ներկա հիմնախնդիրներն ու հեռանկարները,
  4. Լրագրողների համահայկական յոթերորդ համաժողով:

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանք­­նե­­րի վերացման գործընթացը» թեմատիկ նիստն իր հերթին ընթացավ հետևյալ ուղղություններով՝


ա/ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը միջազգային հանրության կողմից

բ/ Մշակութային ցեղասպանության հիմնահարցերը

գ/ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների իրավական հիմնախնդիրները

դ/ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ձեռնարկների և միջոցառումների մասին

Վերջում տեղի ունեցավ քննարկում արվեցին առաջարկություններ :

«Սիրիահայ համայնքի հիմնախնդիրները» թեմատիկ նիստն ընթացավ հետևյալ ուղղություններով՝

ա)  Սիրիայի հայ համայնքի ներկա մարտահրավերները

բ)   Սիրիահայերի ինտեգրման գործընթացը Հայաստանի Հանրապետությունում

գ) Արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի հիմնախնդիրների լուծման ուղիները


Քննարկվեցին Սիրիայի հայ համայնքի ներկա մարտահրավերները և հիմնախնդիրների լուծման ուղիները:


Այնուհետ տեղի ունեցավ քննարկում և մտքերի փոխանակություն:

 

«Հայրենիք-Սփյուռք գործակցության ներկա հիմնախնդիրներն ու հեռանկարները» թեմատիկ նիստում քննարկվեցին համահայկական տարբեր կառույցների խնդիրներն առաջիկա անելիքները հետևյալ ուղղություններով՝


ա/ Տարածաշրջանային առանձնահատկությունների հաշվառմամբ համայնքների     հետ աշխատանքների իրականացումը

բ) Համահայկական կառույցների ավանդական կառուցակարգերն ու նրանց գործունեությունը

գ) Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման կառուցակարգերն ու ծրագրերը

դ) Համահայկական մասնագիտական ընկերակցությունների ձևավորման և գործունեության ընթացքը


Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի շրջանակներում մեկնարկեց Լրագրողների համահայկական յոթերորդ համաժողովը, որն ընթացավ հետևյալ ուղղություններով՝

ա) Հայոց ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության գործընթացի լուսաբանումը մամուլում

բ) Հայոց լեզվի իմացության և պահպանության հիմնախնդիրները

գ) Քարոզչություն, հակաքարոզչություն, տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրներ

դ) Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման միտումները և հեռանկարները

Լրագրողների համահայկական յոթերորդ համաժողովը բացեց Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

Համաժողովի մասնակից լրագրողները փոխանակեցին իրենց փորձը, որոշեցին առավել սերտորեն համագործակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումների լուսաբանման աշխատանքներ կատարելու ուղղությամբ:


Թեմատիկ նիստերի ավարտից անմիջապես հետո Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի մասնակիցները հյուրընկալվեցին ՀՀ  Ազգային ժողովում և հանդիպեցին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ ԱԺ պատգամավորներ: 


Սեպտեմբերի 20 

Սեպտեմբերի 20-ին Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովը շարունակեց իր աշխատանքները չորս թեմատիկ նիստերով:


Համաժողովի թեմատիկ նիստերի ամփոփումից հետո համաժողովի բոլոր նիստերի մասնակիցների համար ելույթ ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գերատեսչության ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Հայաստանի Նախագահի ղեկավարությամբ մեր դիվանագիտությունը շարունակում է ներկայացնել և պաշտպանել մեր երկրի, ժողովրդի շահերը միջազգային ասպարեզում։ Այն, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել շուրջ 160 պետությունների հետ, մոտ ինը տասնյակ միջազգային կազմակերպությունների անդամ է, ստորագրել է շուրջ 1800 միջազգային պայմանագիր և համաձայնագիր, խոսուն ցուցանիշ է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում և արտերկրում վեց տասնյակից ավելի մեր ներկայացուցչություններում աշխատող հայ դիվանագետների ծավալուն աշխատանքի: Այս ամենը դժվար կլիներ իրականացնել, եթե մեր կողքին չունենայինք աշխարհասփյուռ հայությանը»:


Սեպտեմբերի 20-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք համահայկական 5-րդ համաժողովի վերջին լիագումար նիստը, որին մասնակցում էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:


Հանրապետության նախագահն իր խոսքում նշեց. «2015թ. մենք ազգովի ոգեկոչելու ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այն վերստին հաստատելու է հայրենազրկված հայ ժողովրդի՝ ապրելու և արարելու, հարատևելու կամքն ու վճռականությունը, փաստելու է մեր միասնականության, ազգային իղձերի իրականացման մեր հետևողականությունը: 2015 թվականը քաղաքական լուրջ նախաձեռնությունների և ձեռքբերումների տարի պետք է դառնա Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության համար»:

 

Առանձնապես կարևորելով մայրենի լեզվի դերը Սփյուռքում հայապահպանության գործում Հանրապետության Նախագահը շեշտեց. «Մայրենի լեզվի իմացությունը, դրա սերունդներին փոխանցումը մեր ազգային գերխնդիրն է: Հետևաբար, այստեղ հավաքված բոլորիս կարևոր պարտականությունն է, օգտագործելով բոլոր կառուցակարգերը, մեթոդներն ու ձևերը, երիտասարդությանը դարձնել հայախոս, մայրենիի նկատմամբ ակնածանք և սեր դաստիարակելով: Հայապահպանության գլխավոր կռվաններն են՝ հայոց լեզուն, հայ ընտանիքը և իրական հայրենիքը ճանաչելը»:


ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին, արձանագրեց, որ ՀՀ Նախագահի գլխավորած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական, համահայկական հանձնաժողովի և 50-ից ավելի տարածաշրջանային հանձնախմբերի ստեղծումը նոր որակ հաղորդեց Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում պետականորեն մշակված և իրագործված Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացմանն ուղղված գործընթացներին:


Այնուհետև ներկայացվեցին համաժողովի նիստերի արդյունքները:


ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ներկայացրեց «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործընթացը» թեմատիկ նիստի արդյունքները՝ արձանագրելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը և հետևանքների վերացումը այսուհետ ևս մնալու է մեր քաղաքական պայքարի օրակարգում և համազգային դատի վերջնական լուծմանը հասնելու ենք հայության բոլոր հատվածների միասնական ջանքերով:


Բերիո Հայոց թեմի մամուլի քարտուղար, Սիրիայի Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական համայնքների ընդհանուր խոսնակ Ժիրայր Րեիսյանը ներկայացրեց «Սիրիահայ համայնքի հիմնախնդիրները» թեմատիկ նիստի արդյունքները՝ արձանագրելով, որ աշխարհի տարբեր անկյուններում առկա հակամարտությունները վտանգում են նաև հայ ժողովրդի զավակներին և լուրջ մարտահրավեր են Հայաստանի Հանրապետության համար:


Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ, «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր (Լիբանան) Շահան Գանտահարյանը ներկայացրեց Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի արդյունքները՝ արձանագրելով, որ ելնելով համազգային առաջնահերթություններից և ներկա մարտահրավերներից, այսուհետ առավել հետևողական և ծրագրավորված աշխատանքներ պետք է իրականացնեն Հայաստանի, Ղարաբաղյան հիմնախնդրի  վերաբերյալ միջազգային հանրության իրազեկվածության աստիճանի բարձրացման ուղղությամբ, հստակ քայլեր ձեռնարկեն թուրք-ադրբեջանական կեղծարար, ապատեղեկատվական քարոզչամեքենայի դեմ և իրենց ուժերը համախմբեն նաև օտարալեզու զանգվածային լրատվամիջոցներում հայկական հիմնախնդիրներն արծարծելու, Հայ դատի լուծմանը նպաստելու համար:


Հայաստան-Սփյուռք 5-րդ համահայկական համաժողովի մասին ամփոփիչ ելույթով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:


ՀՀ սփյուռքի նախարարը համաժողովում հնչած հարցադրումները բաժանեց երկու մասի՝ գործակցության զարգացնել եղած կառուցակարգերը և ստեղծել նոր կառուցակարգեր:


Հրանուշ Հակոբյանը շեշտեց նաև, որ կատարվել են ախարարության 5-ամյակին Հանրապետության Նախագահի կողմից տրված բոլոր հարձրարարությունները: Մասնավորապես հաջողվել է կապ հաստատել Սփյուռքի բոլոր համահայկական և հոգևոր կառույցների հետ:


ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց Հանրապետության Նախագահին Համահայկական կառույց ստեղծելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու համար:


Իր խոսքն ուղղելով Հանրապետության Նախագահին՝ նախարարը նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը ձեռնամուխ է եղել նաև համահայկական հեռուստաընկերության ստեղծման աշխատանքներին:


ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրեց նաև համաժողովի ընթացքում բազմիցս հնչած՝ ՀՀ ԱԺ-ում Սփյուռքի ներկայացուցիչների խումբ ստեղծելու առաջարկությունը:


Իր խոսքի ավարտին ՀՀ սփյուռքի նախարարն ընդգծեց. «Մենք ուժեղ ենք միասին և միասնաբար ենք կերտելու մեր պատմությունն ու ապագան` հանուն անկախ ու հաղթանակած Արցախի և կազմակերպված Սփյուռքի»:


Համաժողովի ավարտին Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանն ընթերցեց Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի կողմից ընդունած հայտարարությունը:


Այնուհետև Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցները այցելեցին ՀՀ պաշտպանության նախարարություն և հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, բարձրաստիճան զինվորականներ, նախարարության աշխատակիցներ:


Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի օրը, համաժողովի մասնակիցներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և «Եռաբլուր» զինվորական պանթեոն:


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համաժողովի մասնակիցները մասնակցեցին Սուրբ Պատարագին: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան պատերազմի հերոսներին:


Երեկոյան համաժողովի մասնակիցները Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցեցին ՀՀ Նախագահի` Անկախության օրվան նվիրված ընդունելությանը և տոնական համերգին:

Կցված նկարներ`

  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  

Կցված նյութեր`

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Փետրվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28

ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԵՅԼԵՐՅԱՆԻՆ


Բա´րև, հրա´շք փոքրիկ,

Սիրով ու ջերմությամբ եմ շնորհավորում քեզ «Բոլորից լավը» հաղորդմանը քո ունեցած փայլուն մասնակցության  և հաղթանակի առիթով:

27.01.2017  |  Ելույթներ

Հունվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց բանակի օրվան նվիրված հանդիսավոր ցերեկույթ՝ հայրենադարձ ազատամարտիկների, սփյուռքահայ ներկա զինծառայողների, պետական պաշտոնյաների, Համահայկական կառույցների երևանյան գրասենյակների, ինչպես նաև սիրիահայերի աջակցության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: