Համաժողովներ

«Հայկական ինքնության խնդիրները 21-րդ դարում» խորագրով գիտաժողով

Մարտի 13-ին Երևանի պետական համալսարանում մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի և Բեյրութի Հայկազյան համալսարանի սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Հայկական ինքնության խնդիրները 21-րդ դարում» խորագրով գիտաժողովը:

 

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա իր ելույթում կարևորեց հայ ինքնության պահպանման հետ կապված խնդիրները: Նախարարը նշեց, որ հայության երկու երրորդը աշխարհասփյուռ է և, բնականաբար, այլ երկրներում հայ ինքնությունը որոշակի փոփոխությունների է ենթարկվում: Մյուս կողմից տեղի է ունենում հայադարձության  գործընթաց: Տիկին Հակոբյանը խոսեց կրոնափոխ և ծպտյալ հայերի ինքնության խնդիրների վերաբերյալ քննարկումների շարք սկսելու անհրաժեշտության մասին: ՀՀ սփյուռքի նախարարը մասնավորապես նշեց, որ հայ ինքնության գլխավոր հենասյուներն են մայրենին, հայ ընտանիքը, հավատքը և մշակույթը: Եվ վերջապես, հայ ինքնության խնդիրները ազգային անվտանգության խնդիրներ են: Նախարարը մեջբերեց Գարեգին Նժդեհի խոսքերը. «Զենքից ու զորքից առավել ոգին է կարևոր»: Տիկին Հակոբյանը նշեց, որ հայության համար ժամանակի հրամայական է՝ մրցունակ ազգ լինել բնակության երկրում: Հայ երիտասարդը հայ մնալու համար պետք է օրինակներ ունենա, ճանաչի ազգի մեծերին, հպարտանա նրանցով: Ժամանակն է, որ դրսում մեր ժողովուրդը դառնա հայաստանակենտրոն, որպեսզի միասին զորացնենք մեր պետությունը:

 

Ելույթ ունեցան նաև ԵՊՀ ռեկտոր,  ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը: Հեռակապով ներկաներին ողջունեց Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Վեր. Փոլ Հայտոսթյանը: Ողջունելով հյուրերին՝ նա նշեց, որ այս գիտաժողովը կազմակերպելու գաղափարը ծնվեց  Հայաստան-Սփյուռք գործակցության շրջանակներում Սփյուռքի նախարարության, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի և Հայկազյան համալսարանի նախաձեռնությամբ Բեյրութում 2011թ. սեպտեմբերի 2-9-ը կազմակերպված «Հայաստան-Սփյուռք գործակցություն, երեկ, այսօր, վաղը» խորագրով գիտաժողովում: Այսօր ձևավորվում է Հայաստանի և Սփյուռքի գիտական ներուժի դրսևորման, համատեղ ծրագրեր իրականացնելու ավանդույթ:

 

«Ինքնության առեղծվածը. հայ և օտար սփյուռքային ինքնություններու տարբերակներ» զեկուցումով հանդես եկավ «Diaspora» պարբերաթերթի հիմնադիր խմբագիր, պրոֆեսոր Խաչիկ Թեոլեոլյանը (ԱՄՆ): Զեկուցողը մասնավորապես նշեց, որ գոյություն ունի ինքնության կազմավորման երեք եզր` տարբերություն, նույնություն և հիշողություն, և կանգ առավ դրանց առանձնահատկությունների և օրինաչափությունների վրա, նա նշեց, որ  հայ ինքնության հիմքում ընկած է հիշողությունը, ի տարբերություն որոշ ժողովուրդների, որոնց նոր ինքնության հիմքում ուրացումն ու մոռացություննն է:

 

Լիբանանահայ մտավորական, արևմտահայերենի դասագրքերի հեղինակ Արմենակ Եղիայանը ներկայացրեց «Արևմտահայերենի անցած հարյուրամյակը և անոր մարտահրավերները իբրև ինքնության միջոց» զեկուցումը, արևմտահայերենի առջև ծառացած հիմնախնդիրները:

 

«Ցեղասպանության հարյուրամյա հիշողությունը իբրև հայկական ինքնությունների ձևավորիչ (ընդհանրություններ և առանձնահատկություններ)» զեկուցումով հանդես եկավ պատմական գիտ. դոկտոր, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հարություն Մարությանը:

 

Գիտաժողովի առաջին օրն ամփոփվեց քաղաքական գիտությունների դոկտոր, Սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանի «Հայ ազգանունները իբրև ինքնության խորհրդանշան և անոնց աղավաղումը» զեկուցումով:

Կցված նկարներ`

  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Հուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: