Համաժողովներ

Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողով

Սեպտեմբերի 19-ին Երևանի մարզահամերգային համալիրի հանդիսությունների դահլիճում իր աշխատանքները սկսեց Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովը:

 

Հանդիսավոր նիստին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա-ն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ն, Հայ ավետարանական եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ վերապատվելի դոկտոր Մկրտիչ Մելքոնյանը, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանը, ՀՀԿ և ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը:

 

Համաժողովին մասնակցում էին 46 երկրներից ժամանած Սփյուռքի 151 կազմակերպությունների 550 ղեկավարներ և ներկայացուցիչներ:

 

Հանդիսավոր նիստում բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Ողջունելով և շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, Հայաստանի Հանրապետության Նախագահը համաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց Հայրենիք-Սփյուռք գործակցությանն առնչվող այն հիմնախնդիրների վրա, որոնք կենսական են Հայրենիքի և Սփյուռքի հզորացման, ազգային միասնության, Ցեղասպանության ճանաչման, հայապահպանության համար:

Ընդգծելով Սփյուռքի դերը Հայրենիքի զարգացման գործում` ՀՀ Նախագահը նշեց նաև, որ «Սփյուռքը նաև մեր ցավն է», իսկ «ամենաազդեցիկ միջոցը Սփյուռքի ուծացման դեմ պայքարում` Հայաստանի հզորացումն է», «Սփյուռքն ու Հայաստանը պետք է դառնան միմյանց շարունակություն», «Միայն վերածնված Հայրենիքի հզորացմամբ կարելի կլինի դիմագրավել գլոբալացումից բխող ուծացման վտանգին, ինքնության կորստին»: ՀՀ Նախագահը շեշտեց նաև, որ «Ազգի իղձերն ու Հայաստանի ճակատագիրը միացնում են հայ ժողովրդին: …. վաղվա Հայաստանը պետք է տեսնել ավելի հզոր ու բարեշեն, հայ ժողովուրդը` կուռ ու միասնական»:

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եզրափակեց իր ուղերձը «համաժողովին արդյունավետ աշխատանք և առարկայական արդյունքներ» մաղթելով:

 

Այնուհետև համաժողովին իր օրհնության խոսքն ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն` նշելով` «ժողովուրդներն ապրում և գոյատևում են իրենց Հայրենիքով, իսկ Հայրենիքը` իր զավակներով»: Անդրադառնալով համազգային նշանակության խնդիրներին` Հայաստանի հզորացում, Արցախի ճանաչում ու բարօրություն և Ցեղասպանության ճանաչում` Ամենայն Հայոց Կաթողիկոսը շեշտեց «Պահանջատիրությունը մեր ժողովրդի հոգու պարտքն է մեր նախնյաց հիշատակի և Աստծո առջև»:

 

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա-ն կոչ արեց ներկաներին գործնական քննարկումերի և «առաջնորդվել ապագայի տեսիլքով», քանզի տասնամյակներ շարունակ «անկախության ոգին ճառագայթող, անկախության բաղձանքով երազեցինք ու ապրեցինք, իսկ այսօր միայն անցյալին նայելու և հպարտանալու օր չէ »:

 

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա-ն նշեց, որ ազգի միասնականությունը վկայելու առումով կենսական են համազգային խնդիրների քննարկումները, իսկ որպես ուղեցույց նշեց «Հայրենիք-Սփյուռք գործակցությունը»` որպես ազգի համար առաջնահերթ կարևորության խնդիր, որի հարցում անհրաժեշտ է իրապաշտ մոտեցմամբ փաստել ազգի ողջ կարողությունը: Եթե «Հայաստան-Սփյուռք գործակցությունը համահայկական տեսլականով չի գունավորված, այն իրատեսական չէ: Անհրաժեշտ են համահայկական մոտեցումներ, դուրս գալ «Մենք» և «Դուք»-ի գիտակցությունից և անցնել հավաքական «Մենք»-ի գիտակցմանը»,- շեշտեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա-ն:

 

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա-ն անդրադարձավ նաև Հայաստանը մեծապես ջլատող արտագաղթի երևույթին, նշելով, որ դարեր ի վեր օտարների բաղձանքն է Հայաստանը տեսնել առանց հայերի, ուստի անհրաժեշտ է «առաջն առնել» այս երևույթի, բարելավել ժողովրդի կենցաղային պայմանները, մշակել և իրականացնել բարեփոխումների հստակ ծրագրեր:

 

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա-ն առանձնակի անդրադարձավ Ցեղասպանության ճանաչմանը և 100-րդ տարելիցին, նշելով Հայաստանի դերը` պետական մոտեցմամբ ու ոճով:

 

Այնուհետև համաժողովի մասնակիցներին ողջունեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ն, Հայ ավետարանական եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ վերապատվելի դոկտոր Մկրտիչ Մելքոնյանը:

 

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ներկաներին խոստացավ «անզգուշության աստիճանի բաց ու անկեղծ» լինել: Անդրադառնալով Հանրապետությունում հասարակության բևեռացվածությանը` բանախոսը շեշտադրեց, որ այս հանգամանքը կարող է ատելություն առաջացնել հենց Հայրենիքի նկատմամբ, քանի որ իշխանությունները հնարավորություն չեն տալիս հասարակ քաղաքացուն հպարտանալու իր Հայրենիքով: Նա մտահոգություն հայտնեց, որ երկրի առկա ընկերային վիճակը, կոռումպացվածությունը և մյուս բացասական երևույթները կարող են մեր մեջ սպանել Հայրենասիրությունը և կոչ արեց կատարել համակարգային արմատական փոփոխություններ:

Համաժողովի հանդիսավոր բացմանը հաջորդեց լիագումար նիստը` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ:

 

«Հայոց պատմության հոլովույթներում և հասարակական գիտակցության մեջ մայիս ամիսը խորհրդանշում է հայ ժողովրդի հաղթանակների ամիս, իսկ սեպտեմբերը` հայոց պետականաստեղծման, պետականակերտման ամիս»,- այսպիսի բնորոշմամբ սկսեց իր` «Հայաստան-Սփյուռք գործակցության պետական քաղաքականության հիմնախնդիրները» թեմայով զեկույցը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

 

Անդրադառնալով անկախության 20 տարիների ընթացքում ձեռք բերված հաջողություններին` նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց,- «Մենք պայքարում ենք համաշխարհային, տարածաշրջանային, ինչպես նաև ներքին մարտահրավերների լուծման համար: Ժողովրդի սոցիալական բարելավումը, տնտեսության առողջացումը, կոռուպցիայի վերացումը, արտագաղթի կանխումը, ժողովրդավարական ինստիտուտների ամրացումը, Սփյուռքում ուծացման և հայապահպանության խնդիրները հրամայաբար պահանջում են մեր ուժերի համախմբում»:

 

Նախարարը ներկայացրեց նաև ներկա ժամանակաշրջանի նոր փուլի Հայրենիք-Սփյուռք գործակցության քաղաքականության հիմնական ձևակերպումները` «Հայաստանը բոլոր հայերի Հայրենիքն է», «Հայ է այն անձը, ով իրեն հայ է զգում», «Աջակցել հայ մարդու ինտեգրմանը այն հասարակությանը, որտեղ ապրում է, և շարունակել իր ինքնությանը հավատարիմ մնալ», «Սփյուռքահայը Հայրենիքում պետք է շահ ստանա, դրամ վաստակի», «Գործակցություն` ըստ տարածաշրջանների», «Երկքաղաքացիության ինստիտուտի ներդրում, օրենդրության կատարելագործում», «Ճանաչել, վստահել և գործակցել» սկզբունքով կազմակերպել Սփյուռքի հետ աշխատանքը, «Աջակցել հայապահպանությանը և Սփյուռքի ուծացման դեմ պայքարին», որի կիզակետում հայ երիտասարդությունն է, որպես ազգային ինքնության շարունակության ապահովման հիմնասյուն և վահան, «Նպաստել նոր ձևավորվող համայնքների ինքնակազմակերպմանը», «Սփյուռքում հայ ներուժի համախմբումը և դրա օգտագործումը Հայաստանի զարգացման համար», «Հայրենադարձության խթանում», «Համահայկական առաջնահերթությունների ձևակերպումը»: Վերջին խնդրի շուրջ Նախարար Հ.Հակոբյանն առանձնակի շեշտադրեց` Հայաստանի Հանրապետության զորացում, անվտանգության ապահովում, ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորում, Հայոց Ցեղասպանության ճանաչում, դատապարտում և հետևանքների վերացում, Սփյուռքում հայապահպանության հզորացում և պայքար ուծացման դեմ, Հայ եկեղեցու շուրջ համախմբում:

 

Այնուհետև անդրադառնալով ՀՀ սփյուռքի նախարարության եռամյա գործունեությանը նախարարն իր խոսքն ավարտեց,- «Մեր նախարարությունը սփյուռքահայի տունն է, ուր յուրաքանչյուր սփյուռքահայ կարող է դիմել իրեն անհանգստացնող խնդիրներով»:

 

Լիագումար նիստում «Հայաստան-Սփյուռք գործակցության համակարգային զարգացումների ներկա հրամայականները» թեմայով զեկույցը կարդաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Գագիկ Հարությունյանը:

 

«Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ներկա փուլը» թեման ներկայացրեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

 

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ներկայացրեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը:

Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովի ընթացակարգով լիագումար նիստին և ՀՀ Նախագահի ընդունելությանը հաջորդեցին թեմատիկ նիստերը:

 

Համաժողովի մասնակիցները կամավորության ու նախընտրության սկզբունքով բաժանվեցին չորս` լեզվի և կրթության հիմնախնդիրներ, երիտասարդության հիմնախնդիրներ, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` տարածաշրջանային հանձնախմբերի գործունեության մասին, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման կառուցակարգերի մասին, թեմատիկ խմբերի:

 

Թեմատիկ նիստերն ընթանում էին բուռն քննարկումներով, համարձակ առաջարկություններով:

Սեպտեմբերի 20-ին, համաժողովի լիագումար նիստում թեմատիկ նիստերի աշխատանքների ամփոփումն էր:

 

Լեզվի և կրթության հիմնախնդիրների մասին զեկուցեցին Ազգային կոնտրոնական վարչության ատենադպիր, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչ Տիգրան Ճինպաշյանը և Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայտոստեանը:

 

Վերջիններս համաժողովի ուշադրությանը ներկայացրեցին թեմատիկ նիստի ընթացքում մշակված առաջարկությունները.

 

1.Հայ ինքնության զարգացում և մշակում երիտասարդ սերնդի համար,

 

2.Անհրաժեշտ է, որպեսզի նույնացվեն ավանդական և նորաստեղծ Սփյուռքի կրթական ծրագրերն ու համակարգը,

 

3.Հայագիտության բնագավառի մասնագետների պատրաստում,

 

4.Պատրաստվող դասագրքերին զուգընթաց պատրաստվեն նաև դրանցով դասավանդելու մեթոդիկան,

 

5.Կարևոր է քրիստոնեական դաստիարակությունը,

 

6.Ուսումնական ծրագրերում անպայմանորեն ներառել և դասավանդել Հայ Դատի և հայ ժողովրդի պատմությունը,

 

7.Հայաստանի Հանրապետությունը պետք է բարոյական, նյութական և ֆինանսական օգնություն հատկացնի Սփյուռքում գործող հայագիտական ամբիոններին

 

8.Սփյուռքի դպրոցները վտանգված են, անհրաժեշտ է նոր դպրոցներ բացել դեսպանատներին և եկեղեցիներին կից: «Հայաստան» հիմնադրամը պետք է կանոնաբար օգնություն և օժանդակություն ցուցաբերի հայ դպրոցին,

 

9.Կրթությունը միայն դպրոց չէ, կրթություն ասելով պետք է հասկանալ նաև ընտանիք, միջավայր, եկեղեցի, կազմակերպություններ, մամուլ, հեռուստատեսություն և ռադիո,

 

10.Ունենալ համահայկական թերթ տարբեր լեզուներով, թե էլեկտրոնային և թե տպագիր տարբերակով:

 

Հայոց լեզուն հայ ինքնության դրսևորման հիմնական կռվանն է, առանց որի հնարավոր չէ պատկերացնել ոչ գրականություն, ոչ մշակույթ, ոչ արվեստ: Ուստի պարոն Ճինպաշյանն առանձնակի շեշտադրեց հայոց լեզվի երկու ճյուղերին վերաբերող հարցերը: Այսպես.

 

1.հայոց լեզվի օտարացման դեմ պայքարը պետք է լինի միասնական

2.պատրաստել լեզվի ուսուցման հեշտացված մեթոդներ,

3.պետք է վերականգնվի մեսրոպյան ուղղագրությունը և մշակվի միատեսակ ուղղագրական համակարգ,

4.մանկապատանեկան գրականությունը պետք է տարածվի մայրենի լեզվի երկու ճյուղերով հավասարապես:

Երիտասարդության հիմնախնդիրները ներկայացրեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության փոխատենապետ, Լիբանանի խորհրդարանի անդամ Սեպուհ Կալփակեանը: Նշելով ու շեշտադրելով այն փաստը, որ Սփյուռքի տարբեր համայնքներում խնդիրները տարբեր են և անհրաժեշտ է խնդիրները մշակելիս հաշվի առնել այս տարբերությունները` նա արձանագրեց թեմատիկ նիստի ընթացքում հնչած առաջարկները.

  1. Աշխուժացնել ՀՀ սփյուռքի նախարարության և համայնքների միջև կապը փոխայցելություններով,
  2. Սփյուռքի երիտասարդների մեջ սերմանել պետական մտածողություն
  3. Երիտասարդների ուսման համար և Հայրենիք վերադարձող երիտասարների համար սահմանել հատուկ արտոնություններ
  4. առնվազն 2 տարին մեկ անգամ գումարել երիտասարդների համահայկական համաժողովներ
  5. համախմբել կառույցները, ստեղծել համահայկական էլեկտրոնային ցանց, հոգաբարձուների խորհուրդ
  6. ուսուցիչների վերապատրաստում,
  7. օգտագործել այլ երկրների փորձը, ստեղծել համակարգչային ծրագրեր
  8. պարբերաբար համայնքների օրեր կազմակերպել Հայաստանում,
  9. խառնամուսնությունների դեպքում աշխատանք տանել օտարազգի ամուսնու հետ և դրականորեն տրամադրել հայի նկատմամբ, այսպես ասած` հայացնել,

10.  հիմնել սփյուռքի հարցերն ուսումնասիրող կենտրոն

11.  Բարձրացնել հայաստանյան հեռուստաընկերությունների լեզվական և մշակութային մակարդակը

12.  Սկսել երկպալատ պառլամենտ ստեղծելու քննարկումները

 

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` տարածաշրջանային հանձնախմբերի գործունեությունների տեսլականը ներկայացրեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուԿիրո Մանոյանը: Նա  մտահոգություն հայտնեց, որ Սփյուռքում չկա պատմաբանների նոր սերունդ:

 

1.Պետք է մշակվի, ձևավորվի և ստեղծվի կենտրոն, որի միջոցով Ցեղասպանագետները, օսմանագետները և պատմաբանները, իրավագետները անմիջապես կանցնեն աշխատանքի: Այդ կառույցի դերը պետք է ստանձնեն ՀՀԳԱԱ-ն և ԵՊՀ-ն, ֆինանսական միջոցները պետք է տրամադրվեն թե Հայաստանյան և թե Սփյուռքի աղբյուրներից, այս ամենի նպատակն է պատրաստել բարձրագույն մասնագետներ:

 

2.Թե Սփյուռքում և թե Հայրենիքում դպրոցական, երիտասարդական և ուսանողության շրջաններին անհրաժեշտ է ծանոթացնել Հայոց Ցեղասպանության և Հայ Դատի խնդիրներին` քննարկումների և դասավանդումների ժամանակակից մեթոդներով, մոտեցումներով և միջոցներով: Մեր Կորուստը, ողբը պետք է վերածել Հաղթանակի, կյանքի թեմայի:

 

3. Ցեղասպանագետների պատրաստման անհրաժեշտություն:

 

4.Ժամանակն է Հայոց Ցեղասպանության հարցից անցնել հատուցման հարցի բարձրացմանը:

Անհրաժեշտ է Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների կարևոր նպատակներից մեկը դարձնել հատուցման հարցը և միջազգային հանրությանն իրազեկել հատուցման հարցի վերաբերյալ:

 Հատուցումը բաժանվում է հիմնականում երեք մասի`

 

ա. համազգային, հողային, տարածքային խնդիրներ և մարդկային զանգվածային կորուստներ բ.եկեղեցապատկան կամ ազգապատկան հողերի հարցեր

 

 գ.անհատական կալվածքների և ունեցվածքի խնդիրներ:

Պետք է օգտագործվեն միջազգային, տարածաշրջանային և տեղական դատարանները եկեղեցապատկան կամ անհատական կալվածքների հատուցման համար:

 

5. Համատեղել համայն հայության տեղեկատվական-քարողչության հնարավորությունները Ցեղասպանությունը ճանաչելու հարցում:

 

6.Շրջիկ ցուցահանդեսներ կազմակերպել հայ համայնքներում:

 

7.Աշխատանք տանել Արևմտյան Հայաստանում ապրող ծպտյալ հայերի հետ, այդ շրջանում հեռուստատեսություն և ռադիո հիմնելով, նպատակ ունենալով նրանց հայադարձել:

 

Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման կառուցակարգերի շուրջ առաջ քաշված խնդիրները ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման կառուցակարգերի շուրջ առաջ քաշված խնդիրները ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

 

-Մշակել Հայաստան-Սփյուռք նոր կառուցակարգեր:

-Ստեղծել ազգային կառույց` Ֆրանսիայում գործող CCAF-ի օրինակով:

- Նախապես ստեղծել համայնքային կառույցներ`,

-Ապա տոկոսային հարաբերակցությամբ ստեղծել համազգային մարմինը կամ խորհուրդը:

-Ստեղծել հայերի միջազգային խորհուրդ, որը կղեկավարվի ՀՀ-ի կողմից:

-Սփյուռքում համայնքային գործերը համակարգի մեկ կառույց` Ռումինիայի հայոց միության օրինակով:

-Ստեղծել համահայկական կառույց` Երկպալատ խորհրդարանի կամ Ազգային ժողովի թևով:

-Ստեղծել համազգային կառույց` ժողովրդավարական սկզբունքներով և համամասնական կարգով:

-Մշակել Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների հայեցակարգի նախագիծ:

-Ուսումնասիրել, ամփոփել և օգտագործել Կ.Պոլսում 1860-ական թվականներին ստեղծված «Ազգային Սահմանադրությունը» ազգային կառույցի ստեղծման և գործունեության համար:

-Համահայկական կառույցի ստեղծմանը պատրաստ չեն Սփյուռքի մի շարք կառույցներ, ինչպես նաև Հայաստանը: Սակայն կառույցը կարող է թռիչքային դեր ունենալ Հայաստանի զարգացման համար:

-Սկզբում անհրաժեշտ է հասկանալ Սփյուռքի կարիքները, ապա ջանալ դարանք լուծել:

- Մշակել և տարբեր լեզուներով հրատարակել ՀՀ հարկային, մաքսային, բանկային և այլ բնագավառներն ընդգրկող իրավական ակտերի գրքույկ, որն ամբողջական տեղեկատվություն կներկայացնի և կօժանդակի սփյուռքահայերին:

- Նպաստել հայաստանցի արվեստագետների համերգները համայնքներում` Սփյուռքի համար նպաստավոր պայմաններով կազմակերպելուն: Հաճախ հայաստանցի արվեստագետների համերգները Սփյուռքի հայ համայնքներում կազմակերպվում են համայնքների համար ոչ ձեռնտու պայմաններով:

-Սփյուռքի հայ համայնքներում կազմակերպել հայ արվեստագետների բարեգործական հյուրախաղեր:

-Նպաստել համայնքներում հայապահպանությանը, մասնավորապես ուսուցիչներ ուղարկելով:

-Հայեցի դաստիարակության խնդիրները լուծելու նպատակով արևմտահայերենով տպագրել և համայնքներին տրամադրել հայոց լեզվի, հայ ժողովրդի պատմության, Հայ Եկեղեցու պատմության, աշխարհագրության արևմտահայերեն դասագրքեր:

-Մշակել Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք տեղեկատվության փոխանակման նոր և առավել օպերատիվ մեխանիզմներ:

-Մշակել և կիրառել Սփյուռքի հայ համայնքների, կազմակերպությունների, անհատների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության հավաքման մեխանիզմներ և ստեղծել շտեմարան:

-Սփյուռքի հայաշատ համայնքներում, բացի նախարարի խորհրդականից, սահմանել նաև նախարարի տեղակալի պաշտոն:

-Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործընթացում ներգրավել նաև գիտնականների, որոնց հետազոտությունները հաշվի առնելով մշակել գործակցության նոր մեխանիզմներ:

-ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպված համաժողովներին հրավիրել և բոլոր ծրագրերում ընդգրկել գիտնականների, ուշադրություն դարձնել հատկապես գիտական հաստատությունների գործունեությանը:

-Օգտագործել Սփյուռքի մասնագետների ներուժը:

-Փորձել Սփյուռքի չներկայացված մասը ներկայացնել:

-Առաջարկում է հայ անկախ բոլոր ֆիլմարտադրողներին մասնակցել «Համահայկական անկախ ֆիլմերի փառատոնին»:

-ՀՀ սփյուռքի նախարարությունը Սփյուռքի հայ համայնքների հետ աշխատի ավելի համակարգված (օր.` 1 տարում-1 համայնք սկզբունքով), այլ ոչ թե միաժամանակ աշխատել տարբեր համայնքների հետ:

-Հայաստան-Սփյուռք գործակցությունը կազմակերպել ապակենտրոնացված սկզբունքով` Հայաստանը կատարի իր անելիքը, Սփյուռքը` իրենը:

Կազմակերպել փոքր գործնական համաժողովներ և քննարկումներ:

-Բարելավել ՀՀ օրենսդրական դաշտը, նպաստել կոռուպցիայի նվազմանը:

-Հայաստանը պետք է վստահություն ներշնչի Սփյուռքին, Սփյուռքը պետք է վստահի Հայաստանին:

-Նկատի ունենալով Սփյուռքից որոշ թվով հայերի ներգաղթը դեպի Հայրենիք`պայմաններ ստեղծել, որ այս ընթացքը շարունակական լինի ու նաև նպաստավոր պայմաններ ստեղծել հայ գործարարների ներդրումների համար:

-Շարունակել ներդրումները Հայաստանում և աշխուժացնել հիմնադրամների համար գումարների հայթայթման աշխատանքները:

-ՀՀ Ազգային ժողովում որդեգրել «Մեկ ժողովուրդ` մեկ խորհրդարան» բանաձևը:

-Ստեղծել հատուկ օրգան` իմի բերելով Սփյուքի տեսակետները և դրանցից լավագույններն օգտագործել ՀՀ բարգավաճման համար:

Ստեղծել համահայկական ֆորում` Եվրոխորհրդարանի օրինակով:

-Ստեղծել կառույցներից ընտրված կառույց` հաարակական,  տնտեսական և քաղաքական` ՀՀ-ին բարոյապես և նյութապես օգնելու համար:

-Ստեղծել պայմաններ ՀՀ-ից արտագաղթը կասեցնելու և ներգաղթը ավելացնելու համար:

-Դրացի կամ ոչ դրացի երկրների հետ հարաբերություն ունենալը ինքնանպատակ չէ, այլ իր չափով և ծավալով պիտի բծախնդրորեն ծրագրվի` ազգային շահերի դիտանկյունից վնասները նվազագույնի և օգուտը առավելագույնի հասցնելու համար, իսկ Թուրքիայի հետ հարաբերվելու լավագույն միջոցը չհարաբերվելն է:

-Հայաստանն իր բացառիկ գիտական և մասնագիտական ներուժով, բարձր մակարդակ ունեցող արտադրությամբ կարող է միջազգային շուկաներում մրցակցության մտնել և մասնավորապես սփյուռքյան մասնագիտական ներուժը զորակոչի հրավիրելով արդյունաբերության զարգացած օրինակը լինի:

-Պետք է ուշադիր լինել, որ Հայաստանից արժեքավոր սարքավորումները կամ տնտեսության ու արդյունաբերության բնագավառում կարևորություն ունեցող մեքենաները անձնական շահերով արտասահմանում վաճառքի չհանվեն, եթե նման բան դեռևս կատարվում է:

-Հետևել հեռուստատեսությամբ հեռարձակվող ֆիլմերի, հաղորդումների բովանդակությանը:

-Հայաստան-Սփյուռք գործակցությունը կազմակերպել տարածաշրջանային առանձնահատկությունները հաշվի առնելով:

-Հայ ժողովրդի կարևորագույն խնդիրը Հայոց պետականության հզորացումն ու բարգավաճումն է:

-Իրականացնել ծրագրեր ակումբային ձևաչափով տարբեր բնագավառներում:

-լեզվի և համազգային կրթական համակարգի ստեղծում (միասնական ուղղագրություն).

-լրատվության և քարոզչական միասնական դաշտի ստեղծում,

-ազգային մշակույթի, ժառանգության պահպանման և զարգացման ազգային ծրագրի իրականացում,

-իրավական համակարգի կատարելագործում, որը կապահովի յուրաքանչյուր հայի`անկախ բնակության վայրից և քաղաքացիությունից,

-հայկական կապիտալի համախմբում, տրանսկոնտինենտալ սկզբունքով տնտեսական ծրագրերի իրականացում.

-Իրականացնել ներդրումային ծրագրեր Հայաստանում, ոչ թե միայն բարեգործական:

-Սփյուռքի և Հայաստանի կապը դարձնել ավելի ինտերակտիվ  համախմբելու համար համայն հայության ներուժը (մասնագիտական, տնտեսական և այլն) և ներդնելու այն ՀՀ զարգացման համար:

-Հիմնել Հայաստան-Սփյուռք, Սփյուռք- Սփյուռք հորիզոնական կապեր և գործակցություն:

-Հայաստանում ակտիվացնել պայքարն աղանդների դեմ:


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

-Հայեցի դաստիարակության խնդիրները լուծելու նպատակով անհրաժեշտ է հավելյալ ուշադրություն դարձնել արևմտահայերեն որակյալ դասագրքերի պատրաստման աշխատանքին  (հայոց պատմության և կրոնի) և զարգացնել համակարգչային համապատասխան ծրագրեր:

-Նպաստել արևմտահայերենի պահպանության գործին: Կարելի է ստեղծել կայքէջ (արևմտահայերեն և արևելահայերեն), արբանյակային հեռարձակում, դասագրքեր, ուսուցիչների վերապատրաստման սեմինարներ և այլն:

-Ստեղծել նպաստավոր պայմաններ սփյուռքահայ ուսանողների ուսումնառության համար ՀՀ բուհերում, հատկացնել նպատակային տեղեր հայագիտության և բանասիրության մասնագիտություններով պետական պատվերի շրջանակներում:

-Հայաստանում և Սփյուռքում ծրագրել և որդեգրել բարոյական արժեքների միատեսակ ուսուցում, որի նպատակն է գալիք ժամանակների համար պատրաստել հայն ու հայ քաղաքացին:

-Զարկ տալ քրիստոնեական դաստիարակության գործին և քաջալերել հայ եկեղեցու ավանդույթների պահպանումը:

-ԱՊՀ երկրներում արագացնել հայկական վարժարաններ հաստատելու գործընթացը:


ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ


-Ավելի հաճախակի կազմակերպել Համահայկական մարզական խաղերը և այլ երիտասարդական հավաքներ:

-Եթե ՀՀ սփյուռքի նախարարությունը համակարգված աշխատի այլ պետություններում ՀՀ դեսպանությունների և համայնքային ու համահայկական մարզական միությունների հետ, ապա Համահայկական խաղերին կմասնակցեն մարզիկներ 50 շրջաններից:

-Գնահատելի են ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած հավաքներն ու համաժողովները, ուստի անհրաժեշտ է կազմակերպել ուսանողական հավաքներ:

-Ստեղծել հայկական սոցիալական ցանց (Facebook-ի և Youtube-ի համակարգերում) և տեղադրել ՀՀ սփյուռքի նախարարության կայքէջի վրա` երիտասարդության շփումն ակտիվացնելու համար:

-Ստեղծել և զարգացնել երիտասարդությանը ավելի հետաքրքրող գրականություն: Խմբագրել նոր թերթեր, ստեղծել կայքէջեր, արբանյակով հեռարձակվող հաղորդումներ, ֆիլմեր և այլն:

-Հայաստան, Արցախ, Ցեղասպանություն, Պահանջատիրություն, Միացյալ Հայաստան, Մեկ ազգ, Մեկ Հայրենիք գաղափարների և կարգախոսների շուրջ հայ երիտասարդության մոտ մշակել համանման ազգային մոտեցումներ:

-Հայեցի դաստիարակությունն ու դրա ունեցած դերակատարությունը դարձնել միությունների աշխատանքի սևեռակետ, որպեսզի Հայրենիքի գաղափարը, Հայոց Ցեղասպանությունը և հայ ժողովրդի պահանջատիրության հասկացողությունները անջնջելի կերպով դրոշմվեն ներկա սերունդների գիտակցության մեջ:

-Գնահատելի են նախարարության կազմակերպած ոսկերիչների, իրավաբանների, բժիշկների սեմինարներն ու համաժողովները, կարելի է ընդլայնել դրանց աշխատանքային ծիրը` կազմակերպելով նաև ցուցահանդեսներ և գործնական  հանդիպումներ:

-Հայության հզորացման գաղափարը տեսնել`

ա)հայության բոլոր հատվածների միացման մեջ,

բ)հայության պատմական և հողային բոլոր իրավունքների ձեռքբերման մեջ:

-Աջակցել նորաստեղծ համայնքների կազմակերպման գործընթացին` հատկապես ուշադրություն դարձնելով ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրներին:

-Սփյուռքի բոլոր համայնքների մասնակցությամբ կազմակերպել տոհմիկ բարքերի փառատոններ, որոնք ուղղված կլինեն հայկական խոհանոցի, պարարվեստի, թատերական արվեստի, երգարվեստի, ազգային տարազների, ձեռարվեստի պահպանությանը:

-Հայաստանի, Արցախի  և  Սփյուռքի իրավիճակների անվտանգության հարցերը հավասարապես համարել ազգային առաջնահերթ խնդիրներ: Մշակել հատուկ ռազմավարություն այն համայնքների վերաբերյալ, որոնք համաշխարհային կամ տարածաշրջանային զարգացումների հետևանքով հայտնվել են ծանր կացության մեջ, օրինակ` Իրաք, Սիրիա, Եգիպտոս:

-ՀՀ սփյուռքի նախարարությունում ունենալ Սփյուռքի ներկայացուցիչներից բաղկացած խորհրդատվական մարմին, որը պարբերական հանդիպումների ընթացքում կքննարկի համայնքների հարցերը, դժվարություններն ու առաջարկները, կապահովի նրանց կարիքները:

- Պարբերաբար և հատկապես Սփյուռքին հուզող հարցերի քննարկումների համար Հայաստանի և Արցախի խորհրդարանների նիստերին հրավիրել Սփյուռքի շրջանների ներկայացուցիչների:

-Ստեղծել Սփյուռք-Հայրենիք համակարգը պարփակող հատուկ խորհրդարան, որտեղ կքննարկվեն համազգային նշանակության հարցեր: Այդ խորհրդարանին մասնակցող սփյուռքյան ներկայացուցիչներն ընտրվեն Սփյուռքում բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից:

-Կիրարկել Սփյուռք-Հայաստան  քաղաքական, մշակութային, տնտեսական ավելի ուժեղ երկկողմանի հարաբերություններ:

-Արցախի միջազգային ճանաչման հարցը դարձնել հայության բոլոր հատվածների սևեռակետ:

-Սփյուռքի տնտեսական, քաղաքական, գիտական և հաղորդակցական բոլոր հնարավորություններն ի սպաս դնել Հայաստանի զարգացման և հզորացման գործին:

-Երիտասարդական ծրագրերը իրականացնել ավելի շատ մասնակիցներով և տարբեր ոլորտներում:

-Երիտասարդների շրջանում ուծացումը կանխելու նպատակով  անհրաժեշտ է ուսումնասիրել տարբեր երկրներում բնակվող հայ երիտասարդների մտածելակերպը և գործել համապատասխան: Չի կարելի մեկ գիրք տպագրել բոլորի համար:

-Երիտասարդները հեռանում են Հայ Եկեղեցուց անկիրթ հոգևորականների պատճառով: Անհրաժեշտ է  նախ կրթել հոգևորական դասը, որը կկրթի երիտասարդներին:

-Քարոզչության ակտիվացման նպատակով պատրաստել և տարածել մեծ թվով բարձրորակ քարոզչական ֆիլմեր:

-Իրականացնել համայնքների քույրացման ծրագրեր:

-Իրականացնել այն քաղաքների քույրացում, որոնց քաղաքապետները կամ փոխքաղաքապետները հայ են: Դա կնպաստի գործակցության հետագա զարգացմանը:


ՏՆՏԵՍԱԿԱՆ

 

Խնդրում է նախարարի միջամտությունը ՀՀ արդյունաբերության նախարարին` միջազգային շուկային համապատասխան շուկա ստեղծելու համար:

Սա բարձրացված հարցերի և արված առաջարկությունների ոչ ամփոփ նկարագրությունն է:

Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովի թեմատիկ նիստերում արված առաջարկությունները և կատարված աշխատանքներն ամփոփելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն առաջարկեց բարձրաձայնել համաժողովի մասնակիցների կողմից ընդունված Հայտարարությունը:

 

Այնուհետև, մամուլի ասուլիսով իր աշխատանքներն  ավարտեց Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովը: 

 

Բանախոսներն էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀԿ և ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը, Վիեննայի Մխիթարյան Միաբանության աբբահայր Հ. Պողոս Ծ. Գոճանյանը, Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյան` Թեհրանի հայոց թեմի առաջնորդ, Տ. Ռաֆայել արք. Մինասյանը` Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի թեմի առաջնորդ, Նաթան Եպիսկոպոս Հովհաննիսյան` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչության տնօրեն, Տիգրան Ճինպաշյանը` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչ, Ազգային կենտրոնական վարչության ատենադպիր, Վազգեն Յակուբյանը` ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչական ժողովի անդամ, Մկրտիչ Մելքոնյանը` Հայ ավետարանական եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ, Մայք Խարապյանը`ՌԱԿ-ի կենտրոնական  վարչության ատենապետ և Սեպուհ Կալփակյան` ՍԴՀԿ-ի կենտրոնական վարչության անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր:

 

Մասնակիցները բարձր գնահատելով համաժողովի արդյունքները` իրենց շնորհակալական խոսքն ուղղեցին ինչպես ՀՀ Նախագահին, այնպես էլ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, այսքան կարճ ժամանակահատվածում այդքան ահռելի ու դժվարին աշխատանք կատարելու և մեկ անգամ ևս Սփյուռքը միավորելու փորձ կատարելու համար:

 

Բանախոսները պատասխանեցին լրագրողների հարցերին:

Կցված նկարներ`

  
  
  
  
  
  
  
  
  

Կցված նյութեր`

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Հոկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31

ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ, գերաշնո՛րհ տեր Վազգեն Միրզախանյան,

թբիլիսահայ համայնքի թանկագի՛ն հայրենակիցներ,

հարգելի՛ հյուրեր,

18.10.2017  |  Ելույթներ

Հարգարժան ներկաներ,   


Ուղիղ մեկ ամիս առաջ Հայաստանի մայրաքաղաքում էին հավաքվել 71 երկրներից ժամանած հայորդիներ՝ քննարկելու ազգի, պետության առջև ծառացած մարտահրավերներ, իսկ այսօր Եվրոպայի մայրաքաղաքում գումարվել է Եվրոպահայերի 4-րդ համագումարը: