ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՏՅԱՆ
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին կից ատյանը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1553-Ն որոշմամբ: Ատյանի աշխատակարգի օրինակելի ձեւը հաստատվել է ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 47 նիստի թիվ 46 արձանագրային որոշմամբ:
Ատյանը ՀՀ սփյուռքի նախարարին կից խորհրդակցական մարմին է: Ատյանը բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ կարող է ընդունել խորհրդակցական բնույթի որոշումներ: Ատյանը իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ամիսը մեկ անգամ:
Սփյուռքի նախարարության ատյանն ունի առանձնահատկություն, այն իր կազմում ընդգրկում է հեղինակավոր եւ ճանաչված հայաստանցի անհատներից բացի, նաեւ սփյուռքահայերի, մի հանգամանք, որը հնարավորություն է ընձեռում աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հայերի խնդիրներն ու հոգսերը համատեղ քննարկել եւ լուծումներ գտնել:
Հայաստանում մշտապես չբնակվող ատյանի անդամ սփյուռքահայերը մասնակցում են ատյանի նիստերին հեռակա կարգով` քննարկվող հարցերի վերաբերյալ համացանցի միջոցով ուղարկելով իրենց առաջարկություններն ու դիտողությունները:
Ատյանի նպատակն է օժանդակել նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների ընդունման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին, ինչպես նաեւ մշակել եւ ներկայացնել նախարարության կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ, նպաստել ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը եւ այդ գործընթացներում քաղաքացիական հասարակության, սփյուռքահայ անհատների եւ կազմակերպությունների մասնակցությանը:
Ատյանի գործունեության հետ կապված հարցերով կարող եք դիմել հետեւյալ հասցեով`
ք.Երեւան, Վազգեն Սարգսյան փ. 26/1,
զանգահարել (010) 58-56-01 (107) հեռախոսահամարով,
կամ գրել մեզ secretariat@mindiaspora.am էլ. հասցեով:




