Նախարարության ծրագրեր
Բարեփոխումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության կազմում 2008թ. հոկտեմբերի 1-ից գործում է ՀՀ սփյուռքի նախարարությունը: Այն Հայաստանի Հանրապետության նախագահի ընդհանուր ղեկավարությամբ մշակում եւ իրականացնում է Հայաստանի եւ Սփյուռքի հետ կապերի ամրապնդման, հասարակական կառույցների հետ գործակցության զարգացման, հայապահպանության, Սփյուռքի ներուժի հայտնաբերման, հայրենադարձության ծրագրերի մշակման եւ նախարարության իրավաuությանը վերապահված այլ բնագավառներում Հայաuտանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով սփյուռքի նախարար է նշանակվել ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը:
Նախարարությունը, մասնավորապես, մշակում եւ իրականացնում է Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, Հայաստանի, հայ ժողովրդի վարկանիշն ամրապնդող համահայկական նպատակային ծրագրեր:
Նախարարությունը նպաստելու է համահայկական կրթական ծրագրերի իրականացմանը, Սփյուռքի հայկական դպրոցների հանրակրթական եւ միօրյա դպրոցների զարգացմանը, աջակցելու է հայապահպան գործունեությանը, մշակութային ժառանգության պահպանմանը, պաշտպանմանը, զարգացմանը եւ տարածմանը, այլալեզու եւ այլադավան հայերի շրջանում հայկական ազգային ինքնության հաստատմանն ու արմատավորմանը՝ նրանց «Հայադարձությանը», աջակցելու է աշխարհասփյուռ հայերի հայրենադարձությանը եւ սփյուռքի հայ երիտասարդների ուխտագնացությանը Հայաստան:
Նախարարությունն աջակցելու է Հայաստանի Հանրապետության տնտեսական ծրագրերին Սփյուռքի ձեռներեցների մասնակցությանը, հայկական պետականության ամրապնդմանն ու համազգային խնդիրների լուծմանը սփյուռքահայերի արդյունավետ մասնակցության համար նպաստավոր քաղաքական, տնտեսական, մշակութային, իրավական եւ հոգեւոր միջավայրի ձեւավորմանը:
Նախարարությունը նպաստելու է Սփյուռքի չկազմակերպված հատվածի ինքնակազմակերպմանը, համահայկական մասնագիտական հանձնախմբերի, միավորումների ստեղծմանն ու գործունեությանը, սփյուռքահայերի երկքաղաքացիության ձեռք բերման պարզ եւ հստակ ընթացակարգերի ձեւավորմանը եւ կիրարկմանը:
Սփյուռքի նախարարությունը նպաստելու է համահայկական միասնական տեղեկատվական դաշտի ձեւավորմանն ու զարգացմանը, Հայաստանի եւ սփյուռքի քաղաքական, տնտեսական, մտավոր, գիտակրթական, հոգեւոր-մշակութային կարողությունների ու ջանքերի համախմբմանը՝ ուղղված պետությունների եւ միջազգային համայնքի կողմից հայոց ցեղասպանության ճանաչմանը, ԼՂՀ-ի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, նպաստելու է հակահայկական քարոզչության եւ հայատյացության, հայոց պատմության կեղծարարների գործունեության կանխարգելմանը, բացահայտմանը եւ հակազդեցությանը:
Հանրապետության Նախագահի նախաձեռնած բարեփոխումների շրջանակներում մշակվում է Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգը: Հայաստան-Սփյուռք գործակցությանը համահայկական տարողություն հաղորդելու, համազգային, համամարդկային խնդիրները համատեղ քննարկելու եւ սկզբունքներ որոշելու, ազգային պետական առաջնահերթությունները ճշտելու, պետական մարմինների գործունեությանը անհրաժեշտ ուղղություն տալու եւ դրանց միջեւ համագործակցության ապահովելու նպատակով ստեղծվելու է «Ազգային խորհուրդ` Հանրապետության Նախագահի ղեկավարությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ 3 ԾՐԱԳՐԵՐԸ
1. «ԱՐԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳԻՐ
Ծրագրի նպատակն է աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-Հայրենիքը, նրա տեսարժան վայրերը, բնակվելով ընտանիքներում մոտիկից ծանոթանալ հայ ընտանիքի սովորույթներին, ավանդույթներին, իր հասակակիցներին, նպաստել սփյուռքահայ երիտասարդության մոտ ազգային ինքնության ամրապնդմանը, արմատներին կառչելուն, ազգային գիտակցությունը հզորացներուն, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային միասնությանը, նպաստել երիտասարդության հայադարձությանը:
2. «ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի կազմակերպում, որը կիրականացվի ընդլայնված ձևաչափով`ամբողջ տարվա ընթացքում: Կընդգրկվեն ստեղծագործական գրեթե բոլոր միությունները, ընթացքում կկազմակերպվեն մասնագետների վերապատրաստում, ինչպես նաև մասնագիտական լրագրողների, թատերական գործիչների, գրողների, նկարիչների համահայկական համաժողովներ և ընկերակցության ստեղծման, և ցանցի համար:
3. ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐՈՒԺԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Համահայկական մասնագիտական համաժողովների կազմակերպման արդյունքում Հայաստան-Սփյուռք կապերի մերձեցում, Սփյուռք-Սփյուռք կապերի հաստատում, ընկերակցությունների ստեղծում, համայնքների կազմակերպում` ըստ մասնագիտությունների:
Այդ նպատակով 2010 թվականի ընթացքում կազմակերպվելու են նաև`
«Արևմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում» համաժողով, համահայկական միասնական դասագրքերի ստեղծման աշխատանքները:
Բանկիրների և ֆինանսիստների համահայկական համաժողով,
Հայաստանի բուհերի շրջանավարտների հավաք,
«Հայ ինքնության որակների պահպանումը խառն ամուսնություններում» գիտաժողով:




