Մեր մասին
Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման պետական քաղաքականության ամբողջական եւ արդյունավետ իրականացման, այդ բնագավառի պետական քաղաքականության մշակման, այն շարունակորեն կատարելագործելու, պետական մարմինների գործունեությունը համակարգելու նպատակով 2008թ. հոկտեմբերի 1-ից Հայասատանի Հանրապետության կառավարության կազմում սկսել է գործել սփյուռքի նախարարությունը: ՀՀ նախագահի հրամանագրով նախարար է նշանակվել Հրանուշ Հակոբյանը:
Քսանմեկերորդ դարում Հայկական պետականության եւ աշխարհասփյուռ հայության առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերները պահանջում են նոր որակ, ձեւ եւ բովանդակություն հաղորդել հայոց պետականության ամրապնդման եւ հայապահպանության գրավականին՝ Հայաստան-Սփյուռք գործակցությանը, հե նվելով առավելապես մարդկային, մշակութային եւ սոցիալական կապիտալի, հասարակական լիարժեք ինտեգրման եւ մրցունակության կռվանների վրա:
Հայաստան-Սփյուռք գործակցության հիմնական նպատակը պատմական Հայրենիքում հաստատված կամ արտերկրում բնակվող յուրաքանչյուր հայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու, արցախցու կամ սփյուռքահայի հիմնարար իրավունքների եւ ազատությունների, նրա օրինական շահերի պաշտպանությունն է՝ միջազգային իրավունքի շրջանակներում եւ հայ ազգային ինքնության որակների պահպանությունը՝ հայապահպանությունը:
Նախարարությունը մշակել եւ իրականացնում է Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, Հայաստանի, հայ ժողովրդի վարկանիշն ամրապնդող համահայկական նպատակային ծրագրեր, նպաստում համահայկական կրթական ծրագրերի իրականացմանը, Սփյուռքի հայկական դպրոցների հանրակրթական եւ մեկօրյա դպրոցների զարգացմանը, աջակցում է հայապահպան գործունեությանը, մշակութային ժառանգության պահպանմանը, պաշտպանմանը, զարգացմանը եւ տարածմանը, այլալեզու եւ այլադավան հայերի շրջանում հայկական ազգային ինքնության հաստատմանն ու արմատավորմանը՝ նրանց «հայադարձությանը», աջակցում աշխարհասփյուռ հայերի հայրենադարձությանը եւ սփյուռքի հայ երիտասարդների ուխտագնացությանը Հայաստան:
Նախարարությունն աջակցում է Հայաստանի Հանրապետության տնտեսական ծրագրերին Սփյուռքի ձեռներեցների մասնակցությանը, հայկական պետականության ամրապնդմանն ու համազգային խնդիրների լուծմանը սփյուռքահայերի արդյունավետ մասնակցության համար նպաստավոր քաղաքական, տնտեսական, մշակութային, իրավական եւ հոգեւոր միջավայրի ձեւավորմանը: Նախարարության կարեւորագույն խնդիրներից է նպաստել սփյուռքի չկազմակերպված հատվածի ինքնակազմակերպմանը, համահայկական մասնագիտական հանձնախմբերի, միավորումների ստեղծմանն ու գործունեությանը, սփյուռքահայերի երկքաղաքացիության ձեռքբերման պարզ եւ հստակ ընթացակարգերի ձեւավորմանն ու կիրառմանը:
Սփյուռքի նախարարությունը ձեռնամուխ է եղել համահայկական միասնական տեղեկատվական դաշտի ձեւավորմանն ու զարգացմանը, Հայաստանի եւ Սփյուռքի քաղաքական, տնտեսական, մտավոր, գիտակրթական, հոգեւոր-մշակութային կարողությունների ու ջանքերի համախմբմանը՝ ուղղված պետությունների եւ միջազգային համայնքի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ԼՂՀ-ի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, նպաստում է հակահայկական քարոզչության եւ հայատյացության, հայոց պատմության կեղծարարների գործունեության կանխարգելմանը, բացահայտմանը եւ հակազդեցությանը: Սփյուռքի նախարարությունը ապաքաղաքական կառույց է, նրա դռները բաց են յուրաքանչուր սփյուռքահայի առջեւ, եւ այն իրավամբ դարձել է յուրաքանչյուր «սփյուռքահայի տուն»:




